Տիգրան Քոչարյան

(0 votes)

Շատ կարևոր է, որ վերականգնվի բժշկի հանդեպ եղած հարգանքը

http://bestgroup.am/  կայքի հարցազրույցը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քոչարյանի հետ։

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ և ինչո՞ւ ընտրեցիք հատկապես ռադիոլոգիան (ճառագայթաբանություն)։

- Մինչև տասնհինգ տարեկանն այլ մասնագիտությամբ էի տարված և չէի էլ մտածում բժիշկ դառնալու մասին։ Հետագայում իրադարձություններն այնպես զարգացան, որ որոշեցի ընդունվել Երևանի Բժշկական Ինստիտուտ։ Ընտրեցի ռադիոլոգիան, որովհետև շատ հեռանկարային էի համարում։ Այն ժամանակ ամբողջ հանրապետությունում ախտորոշիչ ընդամենը մեկ հաստատություն կար՝ «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնը։ Այն տարիներին չկային ախտորոշման այժմյան եղանակները, սոնոգրաֆիայի սարքավորում ունենալն արդեն իսկ լուրջ ձեռքբերում էր։ 1998թ-ին, երբ ավարտեցի օրդինատուրան և եկա այս բուժհաստատությունում աշխատելու, սոնոգրաֆիայի ընդամենը մեկ փոքր սարք կար, որը Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարներն էին թողել և որով հնարավոր չէր լուրջ ինֆորմացիա ստանալ։ Իսկ այսօր յուրաքանչյուր մեծ բուժկենտրոն ունի ճառագայթային ախտորոշման գերժամանակակից բազմաթիվ սարքավորումներ։

- Ձեր կարծիքով  ո՞րն է ավելի ճիշտ, նեղ մասնագիտացում ստանալը և միայն այդ ուղղությամբ զարգանալը, խորանալը, թե ավելի ընդհանրական մասնագիտացումը։

- Նեղ մասնագիտացումը աշխարհում վաղուց կիրառվող մեթոդ է։ Եթե որոշ ժամանակ առաջ մենք զարմանում կամ չէինք ընդունում այն, ապա այսօր նեղ մասնագիտացման մոտեցումը քիչ-քիչ արդարացնում է իրեն։ Ընդհանրական մասնագիտացման հարցում մենք դեռևս հաղթում ենք մեր արտասահմանյան գործընկերներին, քանի որ ունենք խորհրդային կրթության տված կլինիկական պատրաստվածությունն ու մտածելակերպը։ Բայց, նեղ մասնագիտացումն ավելի ճիշտ է։ Ժամանակակից բժշկությունն այնքան արագ է զարգանում՝ նոր տեխնոլոգիաներ, փորձարկումներ, գիտական հոդվածներ, լայն տեղեկատվական դաշտ, որ այդ ամենին տարբեր ուղղություններով հետևելն և բոլորին լիարժեք տիրապետելը պարզապես հնարավոր չէ։ Ավելի արդյունավետ է նեղ ուղղությամբ զարգանալը։ Ես ճառագայթաբանություն ընդլայնված մասնագիտությունից ընտրել եմ գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, որտեղ և փորձում եմ անել առավելագույնը։ Եթե նախկինում մեկ հղիի հետազոտման համար 5-ից 10-ը րոպե էր պահանջվում, գրանցում էինք պտղի սրտի աշխատանքը, չափումներ կատարում, արատներից բացառում էինք կոպիտ արատները, որոնք 10-15 տոկոս էին կազմում, ապա այսօր 30 րոպեն նույնիսկ չի բավականացնում։

Հիմա ամեն մի օրգանից տասնյակ շեղումներ, արատներ, պաթոլոգիաներ ենք հայտնաբերում։

- Շատացե՞լ են պտղի հետ կապված շեղումները։

- Այո, արատները շատացել են, դա փաստում են վիճակագրական տվյալները, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների շնորհիվ ավելի շատ ենք հայտնաբերում։ Այսօր հղիության տասներեքերորդ շաբաթում արդեն արատների մեծ մասը կարողանում ենք ախտորոշել։ Կանխատեսման պարագայում ռիսկի խմբեր ենք ստեղծում, որպեսզի երկրորդ, երրորդ եռամսյակներում այդ հղիներն ուշադրության կենտրոնում գտնվեն։

- Մի փոքր կմանրամասնե՞ք, թե սոնոգրաֆիայի միջոցով այսօր ինչ ինֆորմացիա է հնարավոր ստանալ պտղի մասին։

- Տասներեք շաբաթականում մենք նայում ենք պտղի վերջույթների ձևավորումը, որովայնը, միզապարկը, միզուղիները, երիկամները, ողնաշարի խնդիրները, ողնաշարի ճողվածքը, քիթիկի ոսկորների առկայությունը, օձիքային տարածության լայնացումը, սրտի արատներն ենք հայտնաբերում, կենտրոնական նյարդային համակարգի արատների զարգացումն ենք կանխատեսում, ընկերքի, պղտղաջրերի վիճակն ենք նայում, քրոմոսոմային շեղումների ռիսկայնությունն ենք գնահատում, դոպլերի տվյալներն ենք նայում, այն է՝ բալիկի պորտային ծորանը, սրտի աջ փորոքի հոսքերով հասկանում ենք՝ կա՞ արդյոք ռիսկայնություն, թե ոչ, արգանդային զարկերակների դոպլերն ենք գնահատում, որը վաղաժամ ծննդաբերության ռիսկը հասկանալու հնարավորություն է տալիս։

- Որևէ շեղում հայտնաբերելուց հետո ի՞նչ ցուցում կամ խորհուրդ եք տալիս հղիներին։

- Մենք կարող ենք հիմնվելով գրականության տվյալների վրա ասել, թե տվյալ խնդրով երեխան հետագայում ինչ շանսեր ունի, բայց դա մեր իրավասությունը չէ։ Որևէ խնդիր հայտնաբերելուց հետո մենք հղիին ուղղորդում ենք նեղ մասնագետի մոտ, որովհետև միայն նա կարող է ասել, թե ինչ ռիսկեր կարող են լինել բալիկի ծնվելուց հետո, ապրելու որքան հնարավորություն կա, այդ ամենը վիրահատությամբ կլինի, թե ոչ, վիրահատությունն ինչ բարդություն, ինչ փուլայնություն կունենա և այլն։ Սրտի արատի դեպքում ուղղորդում ենք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն՝ սրտաբանի մոտ, ուրոլոգիական, միզա-սեռական համակարգի խնդրի դեպքում՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, կրծքավանդակի, վերին որովայնի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» , խնդրի բնույթից ելնելով՝ ուղղորդում ենք մասնագիտացված բուժհաստատություն։

- Արդյո՞ք ճիշտ է ձևավորված այն կարծիքը, որ արտամարմնային բեղմնավորմամբ (ЭКО - Экстракорпоральное оплодотворение) հղիության պարագայում, հավանականությունը, որ պտուղը շեղումներ կունենա ավելի մեծ է, քան բնական ճանապարհով հղիության դեպքում։

- Հարցը այլ հարթակում է պետք դիտարկել։  Շատ կարևոր է հասկանալ, թե համեմատությունն ինչպես է կատարվում։ Արտամարմնային բեղմնավորման դիմող զույգերի մեծամասնությունն ավելի տարիքով են, որոնք արդեն խնդիրներ ունեն, քանի որ ինքնուրույն չեն կարող երեխա ունենալ։ Եթե նրանց համեմատենք նույն տարիքային խմբի հետ, ապա տարբերությունը շատ չէ։ Իսկ, եթե համեմատենք 20-25 տարեկան երիտասարդ, առողջ զույգերի հետ, իհարկե, ЭКО-ի արատների տոկոսն ավելի բարձր է։ Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ արտամարմնային բեղմնավորմամբ շատ հաճախ զույգ կամ եռյակ է ծնվում, իսկ այդ խումբը ևս ռիսկային է։

- Շատացե՞լ է կեսարյան հատումով ծննդաբերել ցանկացողների թիվը։  

- Այո, վերջին տարիներին կեսարյան հատումով ծննդաբերել ցանկացողների աճ է նկատվում, ինչը բացասական երևույթ է։ Եթե նախկինում կեսարյան հատումները 5-10 տոկոս էին կազմում, այսօր արդեն 30-40 է։ Ինչ խոսք, ցուցումները ևս շատացել են, դրանք են՝ արյան մակարդելիությունը, ավելորդ քաշը, որը բերում է երակների վարիկոզ լայնացման, ողնաշարի խնդիրների, թուլության։ Կտրուկ աճել է տեսողական խնդիրներ ունեցողների թիվը ինչը նաև համակարգիչներից և սմարտֆոններից անընդհատ օգտվելու հետևանք է։ Բացի ակնհայտ ցուցումներից կեսարյան հատման հիմնականում սուբյեկտիվ պատճառներներով են գնում, պարզապես չեն ցանկանում ավանդական ձևով ծննդաբերել։

- Իսկ ինչո՞ւ ցանկալի չէ կեսարյան հատումը։

- Նախևառաջ դա վիրահատություն է, իսկ յուրաքանչյուր վիրահատություն իր բարդություններն ունի՝ սպի, կար, անզգայացում, դեղերի բացասական ազդեցություն պտղի և մայրիկի վրա, հաջորդ հղիության ուշացում, քանի որ այն երեք տարուց շուտ չպետք է լինի։ Բացի դա, ձևավորվել է նոր արտարգանդային հղիության տեսակ՝ հղիություն կեսարյան սպիի մեջ, ինչը շատ վտանգավոր է և հիմնականում ավարտվում է արգանդի հեռացմամբ։ Երբ սպին լավ կպած չի լինում, պտղաձուն ամրանում է սպիի մեջ և սկսում է աճել վնասելով այլ օրգանները, մինչև անգամ վտանգելով կնոջ կյանքը։ Ցավոք, աշխարհում գրանցված բազմաթիվ մահվան դեպքեր կան։ Այդ առումով չափազանց կարևոր է, որ կեսարյան հատումով ծննդաբերած կանայք ցիկլի 7-ից 12 օրերի ուշացման պարագայում պարտադիր հետազոտվեն, որպեսզի համոզվեն պտղաձուն արգանդի մեջ է, թե իջել և ամրացել է սպիի մեջ։

- Վերջին երկու տարվա ընթացքում շատ է խոսվում կորոնավիրուսի և նրա բացասական հետևանքների մասին։ Ի՞նչ ազդեցություն է այն ունենում հիվանդացած հղիի և պտղի վրա։ Կա՞ն օրինակներ, որոնց հետ առընչվել եք։

- Իհարկե։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք թե լավ, թե վատ ավարտ են ունեցել։ Ինչ-որ չափով շատացել է թրոմբների առաջացումը։ Մեկ դեպք եղավ, երբ, ցավոք, ներարգանդային մահ գրանցվեց, պորտալարը թրոմբված էր։ Դժվար է, իհարկե, միանշանակ պնդել, որ դա Քովիդ-19-ի հետևանք էր, պարզապես այլ բացատրություն չկար։ Մեկ այլ հետաքրքիր դեպք եղավ, որը բարեբախտաբար լավ ավարտ ունեցավ։ Քովիդ-19-ով հիվանդացած հղիին 22-23 շաբաթականում հետազոտելիս բալիկի գլխուղեղի թաղանթներում մոտավորապես 4 սանտիմետրանոց թրոմբ հայտնաբերեցինք։ Հայաստանի մասնագետներով հավաքվեցինք, քննարկեցինք, տվյալները տարբեր երկրներ ուղարկեցինք, ի վերջո եկանք այն եզրահանգման, որ ոչինչ պետք չէ ձեռնարկել, պետք է պարզապես հետևել։ Մոտավորապես 6 շաբաթ հետո թրոմբը սկսեց փոքրանալ, իսկ 35-36 շաբաթականում, անմիջապես ծննդաբերությունից առաջ, ամբողջությամբ վերացավ։ Ծնվելուց հետո երեխան մանրակրկիտ հետազոտվեց և որևէ խնդիր չհայտնաբերվեց։ Այսօր նա գրեթե մեկ տարեկան է և առողջ է։

- Պարոն Քոչարյան, եզրափակելով մեր զրույցը, ի՞նչ կցանկանաք ավելացնել ոլորտի վերաբերյալ։

- Շատ կցանկանայի, որ վերականգնվեր բժիշկի հանդեպ նախկինում եղած հարգանքը։ Այն ինչ-որ չափով վերականգնվեց համաճարակի և պատերազմի ժամանակ, բայց հետո կրկին մոտեցումը փոխվեց։ Եթե հանկարծ հազարավոր կյանքեր փրկած բժշկի մոտ մեկ վատ ելքով դեպք է գրանցվում, սկսում են տարբեր հարթակներում շատ տգեղ, անհարգալից վերաբերմունք դրսևորել։ Իրականում նման վարվելաձևը շատ է խանգարում թե՛ լավ մասնագետներին, թե՛ նորեկներին և նպաստում է բժիշկների արտագաղթի։ Առանց այն էլ Հայաստանում շատ խնդիրներ կան կապված ցածր աշխատավարձերի, գիտական աշխատանքների, սարքավորումների սահմանափակման և շատ այլ գործոնների հետ, դրան էլ գումարած վերացել է այն հարգանքը, որը եղել է բժիշկների հանդեպ մեր ծնողների, պապերի ժամանակ։ Շատ շուտով դա կհանգեցնի նրան, որ մարդն այլևս չի ցանկանա բժիշկ դառնալ։ Ես բազմաթիվ բժիշկների ընտանիքներից երեխաներ գիտեմ, որոնք ավարտելով բժշկական համալսարանը՝ չեն ցանկանում աշխատել որպես բժիշկ։ 

Պետք է օրենք լինի, որով պաշտպանված կլինեն բժիշկ պացիենտ հարաբերությունները։ Վստահ եմ՝ ոչ մի բժիշկ իր հիվանդի վատը չի ցանկանում, այդ թվում՝ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով։ Բայց անգամ միտումնավոր անտարբերություն դրսևորելու պարագայում խնդիրը պետք է օրինական դաշտում լուծվի։ Խորհրդային տարիներին գոյություն ունեին բժշկական սխալ և բժշկական անփութություն հոդվածները։ Օրենքի առկայության պարագայում հստակ կսահմանվի, թե որ պահից է սկսվում բժշկական սխալը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր