Աշխատանքային գործունեության մեծագույն բերկրանքը անզավակ ընտանիքներին օգնելու հնարավորությունն է
Հոմեոպաթիա բուժման մեթոդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո հայ բարերարների շնորհիվ ներթափանցել է Հայաստան որպես օգնություն սթրեսի մեջ գտնվող, պատերազմող հայ ժողովրդին: Այն Հայաստանում ունի երեսուն տարուց ավելի պատմություն, բժշկության այլընտրանքային տարբերակ է, որը ենթադրում է չափազանց փոքր չափաբաժիններով այնպիսի դեղորայքի գործածություն, որի մեծ չափաբաժինը կարող է առողջ մարդու մոտ առաջացնել հիվանդության դեպքում ի հայտ եկող ախտանշաններ: Հոմեոպաթիան դասական բժշկության այլընտրանք է կամ լրացում եւ, որպես բժշկության ճյուղ, ունի իր սկզբունքները։ Այն ցուցված է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակումների եւ չունի հակացուցումներ: Բոլոր թերապեւտիկ հիվանդությունները հիմնականում ենթարկվում են հոմեոպաթիկ բուժման, սակայն շատ կարեւոր է հիվանդի «կենսուժը»: Այս մեթոդը բուժում է մարդուն՝ առաջնորդվելով ամբողջական մոտեցմամբ, որի շնորհիվ այն ազդում է ոչ միայն օրգանի կամ օրգան-համակարգի, այլեւ ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ նաեւ հոգեկան համակարգի վրա, այսինքն՝ բուժում է ոչ թե առանձին հիվանդությունը, այլ մարդուն։
Բուժման այս մեթոդը կիրառողներն առաջին հերթին համոզված են, որ մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել ցանկացած հիվանդություն, ու պարզապես հարկավոր է ակտիվացնել անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմը՝ օգտագործելով բնության մեջ տարածված բույսերն ու նյութերը: Որոշ լավատես հոմեոպաթներ կանխատեսել են, որ 21-րդ դարում այս մեթոդը կարող է դառնալ թերապեւտիկ բուժման հիմնական ուղղություն, չնայած որ իր ողջ պատմության մեջ այն երբեմն իսպառ մոռացության է մատնվել, երբեմն՝ ապրել վերելքի ժամանակաշրջան: Ցանկացած ոք, խորապես ծանոթանալով հոմեոպաթիային, չի կարող հակադրվել բժշկության այդ ճյուղին:
http://bestgroup.am/ զրուցակիցն է «Էլիտ-մեդ» կենտրոնի գինեկոլոգ-հոմեոպաթ, բժշկական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ:Ժպտադեմ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ ընդունակ է ավելի լավը դարձնել այն աշխատանքային միջավայրը, որտեղ ինքն է։ Բժշկուհին հիվանդներին չի տարբերում իր հարազատներից, սիրում է աշխատանքը, իսկ լավագույն ձեռբերումը համարում է հիվանդին բուժելը եւ, որ ամենակարեւորն է, անպտուղ զույգերին զավակ պարգեւելը:
-Տիկի՛ն Հակոբյան, խնդրում եմ ներկայացնել ընդհանրապես հոմեոպաթիան, ապա խոսել դասականի եւ ոչ դասականի մասին:
-Հոմեոպաթիան կենսակերպ է եւ փիլիսոփայություն, ուստի պետք է ձեռք բերել ամեն հիվանդի վստահությունն ու միասին աշխատելու պատրաստակամությունը, իսկ այդ ամբողջ գործընթացում անհրաժեշտ է, որ անպայման գերակշռի սերը: Երբեմն սուր բորբոքումները կարող են զարգանալ որպես վիրահատական բուժում պահանջող վիճակ, իսկ ժամանակին տրված հոմեոպաթիկ օգնությունը կարող է կանխել այն: Օրինակ, երեխաների թարախային անգինաները, ադենոիդները, աբսցեսի գնացող բորբոքումները եւ այլն: Հոմեոպաթիան անփոխարինելի է այն քրոնիկական հիվանդությունների դեպքում, երբ դասական բժշկությունը բավարար չափով չի օգնում, ու հիվանդը երկարատեւ բուժման հետեւանքով բախվում է դեղորայքի առաջացրած բարդությունների եւ անցանկալի կողմնակի ազդեցությունների: Հոմեոպաթիան առաջնորդվում է ամբողջական մոտեցմամբ, որի շնորհիվ այն ազդում է ոչ միայն օրգանի կամ օրգան-համակարգի, այլեւ ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաեւ՝ հոգեկան համակարգի վրա, այսինքն՝ բուժում է ոչ թե առանձին հիվանդությունը, այլ մարդուն՝ իր մտքերով, հույզերով։
Դասական հոմեոպաթիայի դեպքում մենք սովորաբար պացիենտին տալիս ենք մեկ պրեպարատ եւ սպասում դրա ազդեցությանը, բայց պրակտիկ աշխատանքի ընթացքում այլ խնդիրներ են ծագում, ինչը պայմանավորված է մեր կյանքի անհամար բարդություններով. սխալ սնունդ, անընդհատ սթրեսներ, ճառագայթում, դեղորայքային տարբեր բուժումներ, հակաբիոտիկների ընդունում եւ այլն: Այս ամենը հանգեցրել է նրան, որ առանձնացել է նաեւ ոչ դասական հոմեոպաթիայի ճյուղ, որի դեպքում սկսում ենք աշխատել արդեն մի քանի պրեպարատով: Ես որդեգրել եմ ֆրանսիացի հոմեոպաթ Վանիեի մեթոդը, որի էությունը հետեւյալն է. նախ վերցնում ենք մարդուն, ապա օրգան-համակարգը, որն այս պահին օգնության կարիք ունի: Այստեղ աշխատում ենք մի քանի մակարդակով: Առաջինը՝ մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության, բնավորության, նախասիրությունների, քնի, երազների եւ երազանքների ամբողջությունը: Երկրորդը՝ ամենաառաջնահերթ օգնության կարիք ունեցող օրգան-համակարգը, որին հոմեոպաթորեն մենք «մոտենում ենք», այսպես կոչված, «օրգանոտրոպ» դեղամիջոցով: Երրորդը՝ օգնում ենք օրգանիզմի առողջացմանը՝ ակտիվացնելով «դուրսբերման, մաքրման» հնարավորությունները, այսպես կոչված, «դրենաժային» միջոցներով՝ նպաստելով, օրինակ, միզային, քրտնարտադրության, խորխարտադրության ակտիվացմանը: Այսինքն՝ տալիս ենք պրեպարատ, որպեսզի մարդը քրտնի, մեզով դուրս գան տոքսինները, կարգավորվեն երիկամների աշխատանքը, շնչառությունը, բարելավվի լյարդի աշխատանքը: Դա էլ արդեն մյուս մակարդակն է:
-Համակցված մեթոդներ կա՞ն, որ Դուք կիրառում եք:
-Երեւի որքան հոմեոպաթ կա, այնքան էլ մեթոդ կա, որովհետեւ բոլորս էլ ունենք աշխատանքի մեր անձնական փորձը, մեզ հետաքրքրում են պացիենտի անցյալը, սթրեսները, նույնիսկ երազները, ու նույն հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ լրիվ տարբեր ձեւով ենք բուժում: Ես օգտվում եմ չինական եւ հնդկական Այուրվեդիկ բժշկության գիտելիքներից, օրինակ, կիրառում եմ պուլս-դիագնոստիկան կամ հաշվի եմ առնում մարդու «դոշաները»:
-Հանրությունը հիմնականում տեղեկացված չէ հոմեոպաթիայի մասին:
-Այո՛, ես համաձայն եմ Ձեզ հետ: Անգամ բժշկական ուսումնական հաստատություններում պատշաճ տեղեկատվություն չի տրվում բուժման այս մեթոդի մասին, նույնիսկ այս բառն անծանոթ է շատերին: Մենք, ցավոք, արդեն նախկինում, ունեինք մեկ տարվա օրդինատուրա, բայց… Ռուսաստանում, օրինակ, բժիշկները վերապատրաստվում են նաեւ հոմեոպաթիայի գծով եւ կիրառում այս մեթոդը:
-Երիտասարդ կադրերի մասին ի՞նչ կասեք:
-Շատ լավ, հավակնոտ, ընտիր սերունդ ունենք, որը ձգտում է առավելագույնին: Ու նաեւ անչափ կարեւոր է, որ մենք փակ չենք աշխարհի համար, եւ աշխարհն էլ մեզ համար չէ փակ: Ուր էլ գնում են մեր մասնագետները, հարգանքի են արժանանում, բժշկության բնագավառում կան նաեւ հայ նոբելյան մրցանակակիրներ:
-Վերապատրաստումներն ի՞նչ են տալիս մասնագետներին:
-Բազմաթիվ երկրներից՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից մասնագետներ են գալիս, սրտանց մեզ փոխանցում իրենց փորձը, տեղեկատվությունը: Ընդ որում, մեզ մոտ դա արվում է նույնիսկ ավելի լավ պայմաններով, քան ուրիշ երկրներում: Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում գնում ենք տարբեր երկրներ, մասնակցում տարբեր կոնֆերանսների, փորձ ենք ձեռք բերում: Բժշկագիտությունն անընդհատ զարգացող գիտություն է, եւ այդ շփումները մեզ օգնում են տեղեկանալ նորարարությունների, գերժամանակակից մեթոդների մասին: Բացի շփումները, մենք նաեւ կարդում ենք, հետեւում վերջին զարգացումներին, եւ շատ լավ արդյունքներ կան, օրինակ, քովիդի ու նրա բարդությունների բուժման բնագավառում:
-Գինեկոլոգիայում արդյունավե՞տ է հոմեոպաթիայի մեթոդը:
-Հոմեոպաթիան գինեկոլոգիայում հաջողություններ ունի, ես ինքս շատ գոհ եմ, աշխատում եմ բոլորովին այլ սկզբունքով: Օրինակ, հեշտոցը, սեռական ուղիները օրգանիզմի մաքրման միջոցներից են, եւ, ինչպես մարդը հարբուխ կամ ջերմություն է ունենում, քրտնում է, նույն ձեւով, եթե կնոջ մոտ կան խնդիրներ, նա ունենում է արտադրություններ: Ու հաճախ մենք նման դեպքերում մոմիկներ ենք նշանակել, փակել ենք այդ արտադրությունը, մինչդեռ պետք է այնպես անել, որ միջավայրը կարգավորվի, եւ այդ դեպքում արտադրությունն ինքնին կվերանա, ինֆեկցիան դուրս կգա օրգանիզմից: Իսկ եթե մենք անընդհատ փակում ենք դուրս գալու ճանապարհը, առաջանում են կպումներ, պոլիպներ, ներբջջային ինֆեկցիաներ: Գործընկերներս կհաստատեն, որ, օրինակ, կիստաները, պոլիպները, միոմաները հաճախ կրկնվելու հակում ունեն:
Սնկային հիվանդությունները, վիրուսները շատանում են, որովհետեւ հասարակ բակտերիալ երեւույթների դեմ մենք երբեմն ագրեսիվ, անհամաչափ հակաբիոտիկներ ենք նշանակում: Կան գիտական աշխատանքներ այն մասին, որ, ինչքան հաճախ է մարդը կյանքի բերումով ստանում հակաբորբոքիչ, հատկապես հակաբիոտիկ պրեպարատներ, այնքան նրա մոտ հետագայում շատանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այդ իսկ պատճառով, եթե կարողանանք առանց հակաբիոտիկի բուժել կնոջ բորբոքումները, հրաշալի կլինի: Նույնն է ցիկլի կարգավորման դեպքում: Ինձ բուժման համար օգնում է չինական բժշկության մոդելը, յոգան եւ այլն, որոնց շնորհիվ մենք համահունչ ենք լինում բնությանը: Կինը կարող է սխալ քնել, սխալ ռեժիմ, սննդակարգ վարել, ու նրա ցիկլերը լրիվ կխանգարվեն: Հետո նա ստիպված հորմոններ կստանա, որից հետո էլ նյութափոխանակությունը կխանգարվի, բարդություններ կունենա: Կլիմաքսի ժամանակ էլի շատ սահմանափակ էին մեր հնարավորությունները, քանի որ առաջարկվող հորմոնային բուժումն ուներ հակացուցումներ, եւ այդ տարիքում շատ հաճախ բարորակ նորագոյացությունները վերափոխվում են չարորակի… Վիժող կանանց շրջանում էլ հոմեոպաթիկ մեթոդի միջոցով կարողանում ենք ստանալ շատ լավ արդյունք, նույնն էլ՝ առաջնային անպտղությունների դեպքում, երբ մարդ չգիտի՝ էլ ուրիշ ինչ անի: Հոմեոպաթիան, ոչ բոլոր դեպքերում, բայց շատ ավելի անվտանգ ու արդյունավետ է, եւ հաճախ, զուգակցելով հոմեոպաթիկ բուժումը այլ մեթոդների հետ, շեշտակի ավելացվում է բուժման արդյունավետությունը:
-2019 թվականից մինչ օրս առցանց ձեւաչափով վարում եք յոգայի դասեր: Ի՞նչ կասեք այդ մասին:
-2018 թվականից հնդիկ ուսուցչի մոտ անցել եմ յոգայի ուսուցչի վերապատրաստման 200-ժամյա դասընթաց, իսկ 2019 թվականից մինչ օրս առցանց ձեւաչափով վարում եմ յոգայի դասեր: Անչափ կարեւորվում է մեդիտացիան, ներշնչանքը: Ցանկացած բժիշկ նաեւ բարեգործությամբ է զբաղվում, եւ ես էլ օնլայն անվճար դասընթացներ եմ վարում երեկոյան ժամերին, սիրով կսպասեմ ցանկացողներին միանալ մեր ֆեսբուքյան էջին https://www.facebook.com/2251153788429972/posts/2883254825219862/, ինչպես նաև zoom ծրագրով: Մեր ազգին հատուկ է նեգատիվ մտածելակերպը, եւ մեզ անհրաժեշտ է փոխել այն, կարողանալ պատասխանատվություն կրել սեփական կյանքի, սեփական սխալների համար եւ որդեգրել ինքնաբավ, լավատես ու ստեղծագործ վարվելակերպ: Մեդիտացիան օգնում է նաեւ սթրեսի հաղթահարմանը, մտքերի, խոսքի կուլտուրան կարգավորելուն: Օրինակ, կարեւոր է, թե ինչպես են սաստում երեխային, ինչպես են կառուցվում ամուսնական հարաբերությունները: Չպետք է մոռանալ, որ ժամանակները, պահանջները փոխվում են, եւ պետք է մտածել հոգեւոր աշխարհի, ընտանեկան մթնոլորտի, ճիշտ դաստիարակության մասին, երեխաներին փոխանցել նախնիների գենետիկ ցեղային հազարամյա օրհնությունը:
-Ի՞նչ կմաղթեք հանրությանը:
-Կցանկանամ, որ զանգվածային արտագաղթ չլինի, մնանք ու շենացնենք մեր երկիրը: Վերանայենք մեր մտածելակերպը, աշխարհից անընդհատ չպահանջենք, մեր հայրենիքում ինչ-որ բան անելու մասին մտածենք, համավարակից, պատերազմից, դրսից եկող ինտելեկտուալ շերտերում դաժան մարտահրավերներից պատվով, հաղթանակած դուրս գանք: Եկել ենք հազարամյակներից ու պատվով շարունակենք մեր ընթացքը: