Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամ
- Հասցե: ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 7
- Կայք: www,abmdr.am
- Հեռ․: +374-10-20 83 11, +374-10- 20 83 12 Ֆաքս՝ +37411-20 83 12, +374-10-20 93 12
<Մենք այնքան քիչ ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ կորցնել եւս մեկին…..>
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թ. հունիսին` ելնելով լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման խիստ անհրաժեշտությունից: Այն գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն:
Հիմնադրամի պատվավոր նախագահը Հայաստանի նախկին առաջին տիկին Բելա Քոչարյանն է իսկ հիմնադրամի նախագահը` մասնագիտությամբ բիոքիմիկոս Ֆրիդա Ջորդանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը` բժիշկ Սեւակ Ավագյանն է:
2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց ռեեստրի լաբորատորիան: Այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Սա հյուսվածքային տիպավորման լաբորատորիա է, ուր որոշվում են մարդկային անտիգենները: Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի շնորհիվ էլ 2006թ լաբորատորիային տրվեց հավատարմագիր Եվրոպական իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) կողմից: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաեւ հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի(WMDA) լիիրավ անդամ:
Ինչումն է կայանում Ռեեստրի անհրաժեշտությունը
Քանի որ հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք, ուստի հայ հիվանդների համար պրակտիկորեն հնարավոր չէ աշխարհում ներկայումս գործող ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ: Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով: Հետեւաբար, խիստ անհրաժեշտ էր եւ կարեւոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար դոնորների ռեեստր ստեղծելը եւ լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը փրկելը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նպատակն է հայ և օտարերկրացի հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելը եւ փոխպատվաստման առավել արդյունավետություն ապահովելը լեյկեմիայով ու արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
ՈԴՀՌ-ի նպատակն է նաեւ կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանակներում եւ ստեղծել ռեեստրի համահայկական ցանց: Որքան ավելի շատ լինի ցանցում գրանցված դոնորների թիվը, այնքան կմեծանա համապատասխանություն գտնելու հավանականությունը:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 200 դոնորից մեկ համապատասխանություն գտնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 10 000 դոնոր:
ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ՀԱՎԱՄՔԱՆ ԵՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը էապես հեշտացնում է հայ հիվանդների փոխպատվաստման գործընթացը: Մինչ, հիմնադրամում ցողունային բջիջների հավաքման կենտրոնի ստեղծումը, փոխպատվաստումներ իրականցնելու համար դոնորը պարտադրաբար պիտի ճամփորդեր այլ երկրներ, որտեղից հավաքագրված բջիջները ուղարկվում էին փոխպատվաստումը իրականացնող կենտրոն:
Իսկ ցողունային բջիջների հավաքումը հենց Երեւանում կազմակերպելու դեպքում անհամեմատ կնվազեն փոխպատվաստման ծախսերը, ինչն առաջին հերթին կօգնի հայ հիվանդներին:
Այսօր այդ նպատակն այլևս իրականություն է, որին ՈԴՀՌ-ը հասել է տարիների աշխատանքի եւ ռեեստրի բարեկամների ու հովանավորների օգնության արդյունքում: Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնն իր գործունեությամբ կնպաստի արյան ծանր հիվանդություններով տառապողների արդյունավետ բուժմանը, հայ եւ այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:
2010թ.-ի hունիսի 16-ին, առաջին անգամ Հայաստանում եւ տարածաշրջանում, ՙՈսկրածուծի դոնորների հայկական ռեեստր՚ բարեգործական հիմնադրամում իրականացվել է արյան ցողունային բջիջների հավաքում կամավոր դոնորից:
ՌԵԵՍՏՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
Տրանսպլանտոլոգիայի զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը հյուսվածքային համատեղելիության որոշումն է, որը պայմանավորված է իմուն համակարգում HLA անտիգենների գոյությամբ: Այլ կերպ ասած` դոնորը եւ ռեցիպիենտը համատեղելի են, եթե նման են իրենց HLA անտիգենային կառուցվածքով: Գեների համակարգը, որը կոդավորում է HLA անտիգենները, կոչվում է մեծ հյուսվածքային համատեղելիության կոմպլեքս (major histocompatibility complex): Ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը մեծ հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ:
Փաստեր
. 2000թ. դեկտեմբերի 28-ին Երեւանում բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիան:
. 2001թ. հունվարի 8-ից սկսվել է դոնորների կամավորագրումը: Հայաստանի Հանրապետության նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը հանդիսանում է ռեեստրի առաջին դոնորը:
. 2001թ. Ռեեստրը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:
. 2001 թ. փետրվարի 17-ին Լոս Անջելեսի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցին կից բացվեց ռեեստրի ամերիկյան մասնաճյուղը, ուր կատարվում է ԱՄՆ քաղաքացի մեր հայրենակիցների կամավորագրումը:
. 2002 թ. հունվարի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց յուրաքանչյուր տարվա այդ օրը նշել որպես` Դոնորի օր:
. 2004թ. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը անդամակցում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպությանը:
. 2009 թ․ Հայաստանում ՈԴՀՌ -ում բացվել է ցողունային բջիջների հավաքման եւ պահպանման կենտրոնը.
. Հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
. Ռեեստրն անցել է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) լիցենզավորման.
. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իրենց հայրապետական օրհնանքներն են հղել ռեեստրի ծրագրերին` պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել դրանց:
. Մինչ օրս ռեեստրում դոնորագրվել են ավելի քան 28.000 կամավորներ:
. Դոնորագրումներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում եւ Ղարաբաղում, այլ նաեւ աշխարհի տարբեր հայաշատ վայրերում ` Միացյալ Նահանգներ, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Կիպրոս, Բուլղարիա, Շվեցարիա, Անգլիա եւ այլն:
. Մինչ օրս հայտնաբերված համատեղելիությունների հիման վրա կատարվել է 30 փոխպատվաստում:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր
բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ` Դոկտոր Բելլա Քոչարյան
Հայաստանի առաջին տիկին
Հիմնադրամի խորհրդի նախագահ` Դոկտոր Ֆրիդա Ջորդանը
Գործադիր տնօրեն` Դոկտոր Սեւակ Ավագյան
Հիմնադրման տարի 1999թ.