Ցավոք, ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ հոմեոպաթիան ամեն անհատի համար ընկալելի չէ

Հոմեոպաթիան միջազգայնորեն ճանաչված բուժման այլընտրանքային մոտեցում է, որն օգնում է վերականգնել մարմնի ներդաշնակությունը և ակտիվացնել հիվանդությունների դեմ պայքարելու  օրգանիզմի  ներքին  ռեսուրսները:

Հոմեոպաթիան առաջնորդվում է ամբողջական մոտեցմամբ, որի շնորհիվ այն ազդում է ոչ միայն օրգանի կամ համակարգի, այլ ամբողջ օրգանիզմի, այդ թվում` նաև հոգեկան համակարգի վրա: Այսինքն` բուժում է ոչ թե առանձին հիվանդությունը, այլ՝ մարդուն։

Բուժման այս մեթոդը կիրառողներն առաջին հերթին համոզված են, որ մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը, պարզապես հարկավոր է ակտիվացնել անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմը՝ օգտագործելով բույսերն ու բնական նյութերը: Որոշ լավատես հոմեոպաթներ կանխատեսել են, որ 21-րդ դարում այս մեթոդը կարող է դառնալ թերապևտիկ բուժման հիմնական ուղղություն, չնայած որ իր ողջ պատմության ընթացքում այն երբեմն իսպառ մոռացության է մատնվել, երբեմն էլ՝ ապրել վերելքի ժամանակաշրջան: Ցանկացած ոք, խորապես ծանոթանալով հոմեոպաթիային, չի կարող հակադրվել բժշկության այդ ճյուղին:

Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, «Ֆենիքս Մեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-հոմեոպաթ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Ընտրելով բժշկի մասնագիտությունը՝ բժշկուհին իր կենսակերպով ու աշխատաոճով փաստեց, որ հոգնությունն ու դժվարությունները հաղթահարելի են, եթե հավատարիմ ես Հիպոկրատի երդմանը: Աշխատանքում մասնագիտության հանդեպ սերն ու փորձառությունը ներդաշնակվել են նրա մարդկային արժանիքների հետ: Ինչպես նրա բուժառուներն են վկայում, բժշկուհին անսահման
բարություն ու լավատեսությունն է սփռում իր շուրջը: Լինելով համարձակ և գիտակ մասնագետ` միևնույն ժամանակ բժշկուհին պահպանում է հայ կնոջը բնորոշ նուրբ ու փխրուն հատկությունները:

-Բժշկուհի, հոմեոպաթիան դասական բժշկությանը այլընտրա՞նք է, թե` լրացում։                   

-Այսօր, հուրախություն մեզ, տենդենցը գնում է նրան, որ ավելի շատ խոսում ենք ինտեգրատիվ բժշկության մասին, այսինքն` մենք փորձում ենք մարդու օրգանիզմի առողջացմանը գնալ բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքս  դրա ջատագովն եմ, երբ դասական բժշկությանը, հնարավոր և անհրաժեշտության դեպքում, զուգորդվում է հոմեոպաթիայով, որն  այլընտրանքային բժշկության լավագույն տեսակն է։                         

-Արդյո՞ք հոմեպաթիկ դեղամիջոցներն ունեն ցուցումներ և հակացուցումներ։

-Նոր դեղորայքային միջոցների ցուցումների և հակացուցումների լայն սպեկտր է գրանցվում, և համարձակ կարող եմ ասել, որ հոմեոպաթիայի դեպքում չկան հակացուցումներ։ Եթե փորձված հոմեոպաթ է, ապա նա կգտնի` ինչ դեղամիջոցներով և ինչպես օգնել բուժառուին։ Այստեղ կարևոր է ինչպես դոզան, այնպես էլ  դեղամիջոցների ճիշտ նշանակումները։ Այո, վստահորեն կարող եմ ասել, որ հոմեոպաթիկ դեղամիջոցների կիրառելիությունը հակացուցումներ չունի։                                             

-Հոմեոպաթիկ դեղամիջոցներն ունե՞ն պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ։                            

-Այո, դրանք համարվում են պոտենցավորված, այսինքն` նյութը, որից պատրաստվում է դեղամիջոցը, լավ նոսրացվում է և բազմակի  պոտենցավորվում։ Պոտենցավորել՝ նկատի ունենք պինդ նյութի դեպքում տրորումը, իսկ հեղուկ նյութերի դեպքում՝ թափահարումը, մի քիչ էլ մեթաֆիզիկորեն ասած` նյութի «հոգին ենք  հանում» այդ պահին, քանզի մենք գործ ունենք նյութի ատոմական, մոլեկուլային կառուցվածքի հետ, և այդ նյութի ֆիզիկական ուժը վերածվում է թրթիռի, և արդեն գործ ունենք էներգետիկ թրթիռ-վիբրացիա հասկացության հետ, ոչ թե միայն նյութական արժեքի։                                                                                                                                         

-Արդի բժշկության մեջ մեծ տարածում ունի՞ հոմեոպաթիան։                                                                                                    

-Եվրոպական բժշկության մեջ, ինչպես այս մեթոդի սկզբնավորման ծննդավայրում՝ Գերմանիայում, այնպես էլ Անգլիայում, ինչպես նաև  Հնդկաստանում, այո, բավականին մեծ տարածում ունի։ Անգամ մի դեպք պատմեմ, որն ինձ համար շատ հաճելի էր, երբ իմ բուժառուն, երբ տեղափոխվեց Բելգիա` բնակություն հաստատելու, և այնտեղ լույս աշխարհ բերեց իր բալիկին, նա մեր հետագա զրույցի ընթացքում նշեց, որ Շվեյցարիայի, Բելգիայի կլինիկաներում ցանկացած մանկաբույժ նաև հոմեոպաթ է։ Այդ աստիճան ընդգրկված է հոմեոպաթիան պաշտոնական բժշկության մեջ։ Նույն պատկերը նաև Ֆրանսիայում է։ Անգամ մեծ Բրիտանիայի թագավորական  պալատի բժիշկը հոմեոպաթ է, և թագավորական ընտանիքը այդ ֆոնդը ղեկավարում է և սատարում հոմեոպաթիայի պահպանմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների սուֆիստական ընկերությունները նույնպես փորձում են այդ ուղղությունը զարգացնել։                                                       

-Բժշկուհի տեղյակ  ենք, որ Դուք Հայաստանի միակ գինեկոլոգ-հոմեոպաթն  եք։

-Այո, իրավացի եք, որպես գինեկոլոգ, որը զբաղվում է հոմեոպաթիայով, ցավով կնշեմ, որ ես միակն եմ, քանզի կցանկանամ, որ այս ոլորտը զարգացնողներ շատ լինեն, բոլորը տիրապետեն և կիրառեն հոմեոպաթիայի բուժմոտեցումները։                       

-Բժշկուհի, ցավոք, հասարակության մեջ հոմեոպաթիայի հանդեպ վստահությունը քիչ է, ի՞նչ կասեք  այդ առումով։

-Այո, ցավոք, ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ հոմեոպաթիան ամեն անհատի համար ընկալելի չէ, և մենք էլ` նեղ մասնագետներս չենք էլ դնում այդ նպատակը: Ինչպես իմ փառահեղ ուսուցիչներն էին ասել, մի ձգտեք բոլորին համոզել կամ ապացուցել` ինչ է իրենից ներկայացնում հոմեոպաթիան։ Իրականում այն անձը, որը հասնում է այն գիտակցությանը, որ պետք է գնահատի իր օրգանիզմը, նա չի նայում միջին վիճակագրական տվյալներին, և ընտրում է անհատական, կոնկրետ իր համար բժշկության տեսակ։  Ճիշտ եք, իրականում լայն տարածում չունի, և ոչ բոլորի կողմից է այն ընկալելի որպես բժշկության ուղղվածություն։ Մենք պետք է իրականում աշխատենք տարբեր մակարդակների վրա, եթե բուժառուն կրում է քրոնիկ հիվանդություն, ունի ցածր «կենսուժ», մենք աշխատանք ենք տանում նրա ներքին օրգանների հետ. օրգանոտրոպ դեղամիջոցներ ենք նշանակում` լյարդին, երիկամներին <<օգնող>> միջոցներ: Պաշտոնական բժշկության մեջ էլ ընդունված է պալիատիվ մեթոդը, այսինքն` մեղմել մարդու տառապանքը, երբ դու չես կարող հիվանդությունը օրգանիզմից ամբողջովին հեռացնել, ամոքել։ Այդ իսկ պատճառով մեր ոլորտում էլ, երբ բուժառուն դիմում է ուշացած դեպքերում կամ ծերունական տարիքում, կամ այնպիսի հիվանդություն ունի, որն անհնար է բուժել, այդ դեպքերում մենք օգնում ենք, որ ընթացքը մեղմանա և գանգատները թեթևանան։ Այն ընտանիքները, ովքեր առնչվել են հոմեոպաթ բժշկի հետ, որտեղ տեսել են հոմեոպաթիայի հրաշք արդյունքները, իրենք շարունակում են մնալ հավատարիմ բուժառուներ։

-Բժշկուհի, մի գրառման մեջ նկատեցի, որ հոմեոպաթիայի սկզբունք է «Նմանը բուժում է նմանին» արտահայտությունը։

-Դա նույն վիբրացիան է, որը նշեցի վերևում, այդ սկզբունքի մեջ է մտնում «կենսուժը», որը փորձում է լինել մաքսիմալ ներդաշնակ։ Իսկ եթե այդ մաքսիմալ ներդաշնակության ճանապարհին առկա են խոչընդոտներ, օրգանիզմը դրսևորում է գանգատներ` փռշտոց, հազ, լուծ և մի շարք այլ սիմպտոմներ։ Նույն բնության մեջ գոյություն ունեն բույսեր և նյութեր, որոնք առողջ մարդը եթե կիրառում է, առաջանում է գերզգայունություն: Ամենապարզ օրինակը. դա մեր առօրյա կիրառության մեջ մտած սոխի հանդեպ մեր գերզգայունություն է. արցունքահոսություն, շնչառական ուղիների գրգռվածություն և այլն, և եթե կոնկրետ բուժառուն մեզ դիմում է ալերգիկ բնույթի նման սիմպտոմներով, սոխի դեղամիջոցը պետք է նշանակել, որից հետո իր մոտից գանգատները կանցնեն։ Եվ  հիմա, փառք Աստծո, շատ մարդիկ գիտակից են, որ գոյություն ունի աշխարհ, որը մեր 5 զգայարաններով չէ, որ կարելի է ընկալել, կա նաև, այսպես ասած, ավելի նուրբ աշխարհ։ Միջնադարից առաջ և դրանից տարիներ հետո եղել են մարդիկ, որոնք ունեցել են գերզգայունություն։ Մեր հնագույն բժշկության մեջ նույնպես կիրառելի է եղել բնաբուժությունը, այսինքն` կիրառվել է այն ամենը, ինչը եղել է իրենց շրջապատում, հարյուրամյակներ առաջ սինթետիկ դեղամիջոցներ չեն եղել։ Եվ այդ գիտելիքն էլ կիրառելով և փորձարկելով` արդեն դրվում են նորագույն հոմեոպաթիայի հիմունքները։ Այսինքն` զրոյից չի կառուցվել հոմեոպաթիան, այն հիմնվել է հին բուսաբուժության և բնաբուժության հիմքի վրա: Եվ այդ ձևը, որով  առավելագույնը նոսրացնելով և թափահարելով պոտենցավորելը և առողջ մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելով դուրս է բերվում, թե ինչ էներգիաներ, ինչ ռեակցիաներ են ի վիճակի առաջացնել կոնկրետ այդ նյութերը։
Հոմեոպաթիայի ոսկե դարում շատերի փորձարկումների շնորհիվ մեթոդը ավելի լայն տարածում ձեռք բերեց, և մինչ օրս, փորձարկումներ անելով, ավելի է բարձրանում այդ դեղամիջոցների արդյունավետությունը։

-Բժշկուհի, ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցինք հոմեոպաթիայի ոլորտը, տեղյակ ենք, որ նաև բժիշկ- գինեկոլոգ եք։

-Կյանքը բերեց դրան, քանզի անքննելի են մարդու ճակատագրի ճանապարհները։ Ուղղակի հանգամանքների բերումով հանդիպեցի հոմեոպաթ-բժշկի հետ, և այդ ոլորտը շատ հետաքրքրեց ինձ։ Ես շարունակում եմ մնալ բժիշկ-գինեկոլոգ, բայց հնարավորությունների շրջանակը բավականին մեծանում է, երբ իմ բուժմանը զուգակցվում է հոմեոպաթիան։ Իրականում իմ կյանքի տարբեր էտապներում ինձ ուսանել է լավագույն բժիշկների բանակ, նախ` մեր հայ հոմեոպաթները, ինչպես նաև հնդիկ, ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի բժիշկներ, որոնցից ես անսահման շնորհակալ եմ և երախտապարտ,  և իրենցից ուսանածը համադրելով իմ փորձառության եւ գիտելիքների հետ, այսօր մեծ սիրով օգնում եմ  ինձ դիմած բուժառուներին։

-Հոմեոպաթիայի բուժմոտեցումները եր՞բ ներդրվեցին Հայաստանում։

-Մենք այս ոլորտում ունեցանք լուրջ ձեռքբերում, երբ հոմեոպաթիայի բուժման մեթոդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո հայ բարերարների շնորհիվ ներթափանցեց Հայաստան, որպես օգնություն սթրեսի մեջ գտնվող, պատերազմող հայ ժողովրդին, և հիմնադրվեց հոմեոպաթիայի դպրոցը։ Սփյուռքը Հայաստանի հայերին այդ հոգեկան ծանր վիճակից հանելու համար նախաձեռնեց հոմեոպաթիայի դպրոցի ստեղծումը։ Ինչպես ուսուցիչներս էին նշում, Հայաստանը պարարտ հող էր հոմեոպաթիայի կիրառելիության համար, եւ իրենք շատ գոհ էին գրանցված արդյունքներից։ Նաև Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով հետաքրքիր կամուրջ էր. Հնդկաստանից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից պատվիրակությունները մինչ օրս համախմբվում են մեր երկրում գիտաժողովների շրջանակներում։ Մենք շարունակում ենք համագործակցել, և մինչ օրս ասոցիացիայի նախագահ Մարիամ Աշիկի Ղարաբաղցյանի և գերմանացի ուսուցիչ Սաբինա Ցիմերվանի ջանքերով գիտաժողովները շարունակական բնույթ են կրում, և լիահույս եմ, որ այդ հունով էլ կշարունակվի, քանզի կովիդը ցույց տվեց, որ հոմեոպաթիան շատ արդյունավետ բուժմոտեցման տարբերակ է։ Հոմեոպաթներն ահռելի ներդրում ունեցան այդ պահին, և Առողջության համաշխարհային կազմակերպությունը նշեց, որ ալտերնատիվ բժշկությունը պետք է շարունակի իր գործառույթներն իրականացնել, քանզի խոսակցություններ էին շրջանառվում, որ պետք է այդ ոլորտը այլևս չգործի: Բայց, հուրախություն մեզ, այն դեռ օր օրի զարգացում է ապրում, և կարծում եմ, որ մարդու ազատության ճիշտ դրսևորումն է, թե ինքն ինչ բուժմեթոդով է ցանկանում իր առողջությունը վերականգնել, և չի կարելի մարդուն զրկել իրեն ընձեռված այդ հնարավորությունից։

-Ընդունված ավանդույթ է, որը երեխաները ընտրում են իրենց ծնողների ուղին։ Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։

-Նախ նշեմ, որ  ինքս մեր տոհմի առաջին բժիշկն եմ եղել, հետո քույրս, եղբայրս… Իմ երեխաների դեպքում, անկեղծ կլինեմ, շատ կցանկանայի, որ նրանք նախընտրեին բժշկության դժվարին, բայց միաժամանակ հետաքրքիր աշխարհը, հատկապես հոմեոպաթիայի ոլորտի իմ փորձը ես փոխանցեի իմ երեխաներին, բայց նրանք ընտրեցին իրենց ուղին: Իհարկե, ես ամեն անհրաժեշտ պարագայում իմ տան անդամներին սիրով բացատրում եմ հոմեոպաթիայի դեղամիջոցների հրաշք ազդեցության մասին, հատկապես հարսիկիս՝ Սոնա Փափազյանին, ով ատամնաբույժ է և երեք երեխաների մայր:

Իրականում ես անընդմեջ փորձում եմ ինձ շրջապատող մարդկանց համար բացահայտել այս դեղամիջոցների դրական ազդեցությունը, որն, ըստ իս, ձեռքբերված հարստություն է, որը պետք է փոխանցել մեզանից հետո եկող սերնդին։ Չգիտեմ, միգուցե թոռնիկներս ընտրեն իմ ուղին. ապագան ցույց կտա։

-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Քաշմիրի Շաիվիզմի միջազգային որակավորմամբ յոգայի մարզիչ եք: Կմանրամասնե՞ք:

-Այո, յոգայի մարզիչ եմ, ուղղակի ժամանակի սղության պատճառով յոգայի պարապմունքները տեղափոխվեցին առցանց հարթակ, որտեղ ես մեծ սիրով աշխատում եմ և հիմնականում իմ ծննդավայր Գավառի բուժառուների հետ, որտեղ էլ ամռան ամիսներին՝ շաբաթ և կիրակի օրերին հանդիպում ենք և անցկացնում առողջարար յոգայի դասեր, մեթոդ, որը բերում է մտքի խաղաղություն, ֆիզիկական առողջության վերականգնում, որի կարիքը տարիքի հետ ավելի է զգացվում: Իրականում յոգան լայն ճյուղ է և ընդգրկուն, որի օգնությամբ հոդերը կսկսեն ավելի ուշ ծերանալ, էներգիան կավելանա, լիմֆատիկ ուղիներում հոսքը կկարգավորվի, իսկ ներքին օրգանների որոշ խնդիրների դեպքում միտված տարվում են կոնկրետ  ասաններ: Պետք է ինտեգրվել այս ամենի մեջ, մարդուն տանել առողջության, այսպես ասած «առ ողջություն», և միայն քիմիական դեղամիջոցներով ճիշտ չէ բուժօգնություն ցուցաբերել, քանզի ամեն մարդ յուրահատուկ է, պետք է յուրահատուկ բուժմոտեցում ցուցաբերել։ Կա միջին ստատիստիկ մարդ, կա գիտական բժշկություն, կան փորձարկումներ, բայց ամեն ոք իր խնդիրներն ունի, անձնական և հոգեկան զարգացումը, գենետիկ ծանրաբեռնվածությունը, ի վերջո տրավմաները, և այս բոլորի հետ համակցված պետք է հաշվի նստել և կարողանալ անհատապես օգնել, այս դեպքում հոմեոպաթիայից ավելի լավ միջոց ես չգիտեմ։

-Իսկ  որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հանրությանը, մեր ընթերցողներին:

-Առաջանահերթ կցանկանամ, և ինչու չէ, մեր երիտասարդներին կոչ կանեմ, որ շատ երեխաներ ունենան, քանի որ մեր ազգի համար այսօր շատ կարևոր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի խնդիր կա: Մենք ունենք Աստվածատուր բացառիկ գենետիկ հատիկ, որն պետք է ծլարծակի, արարի և շատանա։ Եղեք առողջ, ինքներդ ձեր հանդեպ ներդաշնակ:

Last modified on Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024 09:34

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր