Այս սեզոնին առավել բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները
Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Գորիսի բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով զբաղվում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների համալիր բուժմամբ: Ծառայության տեխնիկական հագեցվածությունը եւ երիտասարդ բժշկուհու փորձառությունը թույլ են տալիս ժամանակակից մոտեցումների կիրառմամբ իրականացնել քիչ տրավմատիկ ու արդյունավետ բուժումներ: Բժշկուհին իր բնագավառում եւ ընդհանրապես կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:
-Պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան համակարգերի հետ:
-Ճիշտ եք. քիթը, կոկորդն ու ականջը խիստ փոխկապակցված են միմյանց հետ, ու սովորաբար մի հատվածի պաթոլոգիան պրոցեսի մեջ է ընդգրկում նաեւ հարակից օրգանները: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաեւ բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձեւով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու, երբ հիվանդը դիմում է մեզ որեւէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաեւ համակցված բուժում: Սակայն յուրաքանչյուր հատվածի ախտաբանական վիճակն ունի իրեն բնորոշ կլինիկական դրսեւորումներ, հետեւաբար, դժվար չէ նախնական պատկերացում կազմել, թե որտեղ է գտնվում խնդիրը:
-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։
-Այս սեզոնին առավել բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները՝ հիմնականում լողավազաններ այցելելուց հետո:
-Ինչո՞վ է պայմանավորված երկար քթարտադրությունն ապաքինումից հետո, եւ ինչպե՞ս կանխել այն:
-Քթարտադրությունն ունի մի շարք պատճառներ՝ ալերգիկ ու ոչ ալերգիկ ռինիտներ, մեխանիկական եւ քիմիական գրգռիչներ, օտար մարմին, հետվիրահատական շրջան եւ այլն: Ապաքինումից հետո շարունակվող քթահոսությունը կարող է խոսել ոչ լիարժեք ապաքինման մասին: Նման դեպքերում պետք է շտկել բուժման պլանը:
-Ո՞ր ալերգիկ հիվանդություններն ավելի մեծ տարածում ունեն:
-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները ներկայումս մեծ տարածում ունեն: Ալերգիկ հիվանդությունների մեջ գերակշիռ մասն են կազմում ալերգիկ ռինիտները, հատկապես՝ սեզոնայնություն ունեցողները, որոնք սրվում են բույսերի ծաղկման շրջանում:
-Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության խանգարումները:
-Քթային շնչառությունը շատ կարեւոր է մարդու համար, քանի որ, բացի շնչառական դերակատարումից, ունի նաեւ այլ կարեւոր ֆունկցիաներ, դրանք են՝ հոտառական, պաշտպանական, օդը տաքացնող, ռեզոնատոր: Շնչառության խանգարումը կարող է հանգեցնել վերը նշված ֆունկցիաների խանգարման, ինչպես նաեւ կարող է առաջացնել ֆարինգիտ, քնի խանգարում, գլխացավեր, սրտի շրջանում՝ ծակոցներ եւ այլն: Քնի խանգարման հետեւանքով կարող է առաջանալ մշտական հոգնածության զգացողություն:
-Խոսենք ադենոիդների, ֆարինգիտի, սինուսիտի, պապիլոմաների եւ հեմանգիոմաների, հաճախակի քթային արյունահոսությունների մասին:
-Ադենոիդները կազմում եմ ըմպանի լիմֆոէպիթելային օղի մի մասը: Իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածք: Աճը նկատվում է 2-2,5 տարեկանից մինչեւ 10 տարեկան հասակը: Երեխաների մոտ նկատվում է դժվարաշնչություն, հազ՝ գիշերները, խռմփոց, ռնգախոսություն, ուտելիս դժվարություն, կծվածքի խանգարում եւ այլն: Բուժումը սկսում են դեղորայքից, ֆիզիոթերապիայից, անարդյունավետության դեպքում կատարվում է վիրահատություն:
Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է: Որպես կանոն, այլ պաթոլոգիայի հետեւանք է: Գանգատների մեջ գերակշռում են ցավը, կոկորդում չորության զգացումը, չոր հազը, օտար մարմնի զգացումը եւ այլն: Բուժումն ուղղված է սուր վիճակի վերացմանը:
Սինուսիտը հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունն է: Տարբերում ենք 4 հարքթային խոռոչ՝ վերին ծնոտային՝ (հայմորյան), ճակատային՝ (ֆրոնտալ), էթմոիդալ (էթմոիդալ), հիմային (սֆենոիդալ): Սինուսիտներն ունեն սուր եւ քրոնիկ ընթացք: Դեմքի եւ գլխի տարբեր հատվածներում առաջացնում են ցավեր, քթահոսություն, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն: Չբուժելու դեպքում կարող են զարգացնել ներգանգային բարդություններ: Հետեւաբար, ժամանակին ճիշտ ախտորոշումն ու բուժումը շատ կարեւոր են: Բուժումն իրականացնում ենք դեղորայքային եղանակով, անարդյունավետության դեպքում կատարում ենք վիրահատություն:
Պապիլոմաներն իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ՝ պայմանավորված օրգանիզմում պապիլոմավիրուսի առկայությամբ:
Հեմանգիոմաները անոթների հիպերպլազիայով պայմանավորած բարորակ նորագոյացություններ են: Կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Առաջանում են կրած վիրուսային հիվանդությունից հետո, վատ էկոլոգիական պայմաններում բնակվելուց, հղի կանանց մոտ՝ որոշ խմբի դեղորայք ընդունելուց հետո: Այս հիվանդության հետ մեկտեղ ուզում եմ խոսել քթըմպանի յուվենիլ անգիոֆիբրոմայի մասին: Հանդիպում է բացառապես տղաների մոտ՝ սեռահասունացման շրջանում: Նորագոյացությունը հյուսվածքաբանորեն բարորակ է, սակայն ըստ աճի նման է չարորակ նորագոյացության: Առաջին եւ հիմնական կլինիկական դրսեւորումը լինում է քթային արյունահոսությունը: Հետեւաբար, հաճախակի կրկնվող քթային արյունահոսության ժամանակ պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, այցելի բժշկի: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել ու ստանալ համապատասխան բուժօգնություն