Սուսաննա Մանուկյան

(0 votes)

Ռևմատոլոգիան զբաղվում է շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ

Իմունոբորբոքային ռևմատիկ հիվանդությունների արդիական խնդիրները ժամանակակից բժշկության մեջ պայմանավորված են բարձր տարածվածությամբ, վաղ ախտորոշման դժվարությամբ, հաշմանդամության ձևավորմամբ և ապրելիության ցածր կանխատեսմամբ։ Վաղաժամ մահացելիության բարձր ռիսկին նպաստում են ծանր իմունոլոգիական ախտահարումները, ինչպես նաև բազմազան կոմորբիդ (համակցված) վիճակների զարգացումը։ Վերջիններից են անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը, զարկերակային հիպերտենզիան, թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները, մետաբոլիկ համախտանիշը և այլն։ Այս ամենը ռևմատոլոգիան դարձնում է բացառիկ։ Ըստ վիճակագրության պաշտոնական տվյալների ռևմատոլոգիական հիվանդություններից առավել բարձր տարածվածություն ունի Օստեոարթրիտը /հին անվանումը օստեոարթրոզ/, որը հանդիպում է երկրագնդի ողջ բնակչության 15 տոկոսի մոտ, իրենից ներկայացնելով ծանր սոցիալական խնդիր։ Սակայն ռևմատոլոգիայի «այցեքարտ»-ն է համարվում Ռևմատոիդ արթրիտը՝ առավել հաճախ ծանր ընթացքով, հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որի տարածվածությունը կազմում է մոտ 2% աշխարհում։ Եվ հենց այս ախտաբանության համար էլ սկսվեցին մշակվել նոր դեղամիջոցներ, որոնք կոչվում են բիոլոգիական /կենսաբանական/ դեղամիջոցներ՝ բիոլոգիական ագենտներ /կամ գենա-ինժեներային բիոլոգիական դեղամիջոցները/։ Քանի որ 21-րդ դարը աչքի է ընկնում երկարակեցությամբ զարգացած երկրներում, բժշկության մեջ հաճախ հարց է ծագում, ինչպես ապրել առանց ցավի, առանց հաշմանդամության։ Մեծահասակ և տարեց անձանց շրջանում կյանքի որակի զգալի անկման, աշխատունակության, սոցիալ ակտիվության նվազման և հաշմանդամության ձևավորումը, հաճախ պայմանավորված է լինում ռևմատոլոգիան հիվանդություններով։

  Ի՞նչ առաջընթաց են ապրել վերջին տարիներին ռևմատոլոգիական հիվանդությունները, ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում և արդյո՞ք կյանքի դատավճիռ են հանդիսանում, ինչպես տարիներ առաջ: Այս և նման այլ հարցերի է անդրադառնում ժամանակակից բուժական մեթոդներին տիրապետող, ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներքին հիվանդությունների բաժնի բժիշկ-ռևմատոլոգ Սուսաննա Մանուկյանը։ Բժշկուհի, ով իր հարուստ կենսագրությամբ և երկար տարիների աշխատանքային գործունեությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը։ Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում, և, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, նա անչափ սիրում է հայրենի երկիրը։  

-Բժշկուհի, որո՞նք են ամենատարածված ռևմատոլոգիական հիվանդությունները:

-Ռևմատիկ հիվանդություններից են առաջին հերթին հոդերի և ողնաշարի բորբոքային հիվանդությունները, Համակարգային /աուտոիմուն/ շարակցական հյուսվածքի հիվանդությունները, հենաշարժողական համակարգի գրեթե բոլոր բաղադրիչների ախտահարումները։ Դրանց են պատկանում հետևյալ հիվանդությունները՝ Ռևմատոիդ արթրիտ, Համակարգային կարմիր գայլախտ, Համակարգային սկլերոդերմիա, Դերմատո/պոլիմիոզիտ, Սպոնդիլոարթրոպաթիաները, Պոդագրիկ /հոդատապային/ արթրիտ, Պսորիատիկ արթրիտ, Օստեոարթրիտ, Օստեոպորոզ և այլն։  Պետք է նաև նշել, որ հոդերի ախտահարումը և աուտոիմուն խանգարումները հաճախ զարգանում են որպես առաջնային դրսևորում այնպիսի պաթոլոգիաների ժամանակ, ինչպիսիք են էնդոկրին հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, թոքերի ախտահարումները, ստամոքս-աղիքային համակարգի, կարդիովասկուլյար և շատ այլ ախտահարումներ։ Ներկայումս շատերին հայտնի «ռևմատիզմ» տերմինը, որը ներդրվել է ֆրանսիացի բժիշկ Գիյոմ դե Բայույի  կողմից դեռևս 16-րդ դարում բնութագրելու հոդերի ախտահարումը, ներկայումս ավելի շատ պատմական անվանում է, քան բժշկական տերմին։ Եվ միայն նախորդ դարի քառասունական թվականներին ամերիկացի բժիշկ Գ. Հոլլանդերը «ռևմատոլոգիա» անվանումը տվեց բժշկության այն բնագավառին, որը զբաղվում է ավելի քան 200 հիվանդություններով և համախտանիշներով։ Վերջին տարիներին ռևմատոլոգիայում տեղի են ունեցել գլոբալ փոփոխություններ։ Եթե նախկինում ռևմատոլոգիական հիվանդությունները դիտվում էին որպես ինֆեկցիոն ծագման հիվանդություններ, ապա այսօր մենք խոսում ենք լիովին նոր գիտության մասին, նոր թերապևտիկ մասնագիտության՝ լայնածավալ գործունեության դաշտով, որտեղ առավելագույն ուշադրություն է դարձվում քրոնիկական բորբոքային պրոցեսին և հատկապես առաջացման պաթոգենետիկ (ախտածնական) մեխանիզմներին։

-Ո՞ր ախտանիշները կարող են հուշել ռևմատոլոգիական խնդրի առկայության մասին։

-Շատ կարևոր է սեփական անձն ու առողջությունը խնայելը։ Շատ հաճախ հիվանդները բժշկի են դիմում այն ժամանակ, երբ հիվանդությունը լինում է բավականին ակտիվ և առկա են լինում արդեն բարդություններ։ Քանզի այս հիվանդությունների մեծ մասը բորբոքային բնույթի են, ուղեկցվում են ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացմամբ, ինքնազգացողության անկմամբ, քաշի կորստով, որոնց դեպքում դիմում են բժշկի։ Նշված գանգատները հաճախ ունենում են ավելի քան մեկ տարվա վաղեմություն։ Այդ մասին տեղեկանում ենք հիվանդի հետ զրուցելով։ Շատ կարևոր է, որ հիվանդը ցանկացած գանգատի մասին պարտադիր տեղյակ պահի բժշկին, որպեսզի ճշգրիտ հավաքվի հիվանդության պատմությունը, և անհրաժեշտության պարագայում տրվի ճշգրիտ ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ։ Շատ բժիշկների շրջանում առկա է թյուր կարծիք, որ ռևմատիկ հիվանդությունները ընթանում են միայն հոդային ցավային համախտանիշով։ Պետք է նշել, որ որպես առաջին նշան կարող է հանդես գալ նաև մազաթափությունը, աչքերի բորբոքումը, մաշկի ցանավորումը, բայց ոչ միայն հոդացավ։ Հոդացավը, այսպես ասած, կարող է մնալ ամենավերջին ախտանիշը։ Այդ իսկ պատճառով հիմնվել, որ ռևմատիկ հիվանդությունը կրում է միայն հոդացավի բնույթ, բնավ սխալ մոտեցում է։ Պետք է լինել բավականին զգոն, եթե հիվանդը դիմում է ակնաբույժի ցավային համախտանիշով, անհրաժեշտություն կա մտածելու նաև ռևմատիկ ախտահարման մասին։ Օրինակ՝ Բեխչետի հիվանդությունը, որը իրենից ներկայացնում գենետիկ ծանրագույն ախտահարում, ուղեկցվում է աչքի բորբոքմամբ, բերանի խոռոչի և սեռական օրգանների շրջանում խոցերի ձևավորմամբ, ոչ հաճախ հոդերի բորբոքումով, անոթների և նյարդային համակարգի ախտահարմամբ։

-Ռևմատիկ հիվանդությունների բուժման ի՞նչ առանձնահատկություններ կնշեք։

-Բուժման ընթացքում կարևոր նշանակություն ունի վաղ, ժամանակին սկսված ակտիվ թերապիան, որը հիմնականում ուղղված է հասնելու կայուն ռեմիսիայի։   Դա հնարավոր է հիվանդության վաղ շրջանում, երբ բորբոքային պրոցեսը գերակշռում է, և դեռ չեն զարգացել կառուցվածքային, անդառնալի փոփոխություններ։  Բուժման ճիշտ ընտրված մարտավարությունը այդ փուլում, ոչ հազվադեպ բիոլոգիական դեղամիջոցների կիրառումը կարող են բերել շատ լավ արդյունքների։  Օրինակ՝  ցավոք, մինչ օրս Ռևմատոիդ արթրիտը չունի վերջնական բուժում։  Սակայն  բուժման նոր մեթոդների շնորհիվ բացվել են նոր հնարավորություններ նվազեցնելու հաշմանդամության զարգացման ռիսկը, առաջ են քաշվել նոր հնարավորություններ օգնելու առավել մեծ թվով հիվանդների, որոնց պարագայում մի քանի տարի առաջ դեռ բացակայում էին բուժման արդյունավետ ճանապարհներ։ Եվ այս մոտեցումները արդիական են նաև այլ համակարգային հիվանդությունների վերաբերյալ։

-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ երիտասարդների մոտ։

​-Այդ հիվանդություններից են Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդություն), իրենից ներկայացնելով  ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն, որի դեպքում առաջանում է հոդերի սերտաճում և շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ (անկիլոզ): Անշարժացնող սպոնդիլոարթրիտ հիվանդությունը հենաշարժական համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Առավելապես ախտահարվում է ողնաշարը (միջողնային հոդերը): Հիվանդության ընթացքում բորբոքային գործընթացը հոդային հյուսվածքների հետ միասին ախտահարում է նաև ջլերը, կապանները, հոդերի ձուսպաթաղանթները, ոսկրային հյուսվածքները: Հիվանդության բուժման գլխավոր նպատակն է ողնաշարի մկանների շարժունակության բարելավումը, հոդերում կաշկանդվածության նվազեցում, շարժողական ակտիվության բարձրացում:

Որպես կանոն հիվանդությունն առաջանում է երիտասարդ տղամարդկանց մոտ։ Անչափ կարևոր է ուշադրություն դարձնել հիվանդության արդեն առաջին նախանշաններին, որպեսզի հնարավոր լինի ժամանակին սկսել բուժումը և կանխարգելել բարդացումների առաջացումը: Հիվանդության վաղ ախտանիշները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, դա մշտական բնույթի ցավերն են ողնաշարի գոտկային հատվածում, գոտկատեղից դեպի նստատեղ և ոտքեր ճառագայթող ցավեր, որոնք ուժեղանում են վաղ առավոտյան, կաշկանդվածություն, դժվարաշարժություն, ցավեր գարշապարի հատվածում, ցավեր և այտուցվածություն առավելապես ծնկան, սրունք-թաթային հոդերի շրջանում: Ուզում են շեշտել, որ ռևմատիկ շատ պաթոլոգիաներն են զարգանում երիտասարդների մոտ։

Մեծ խումբ են կազմում նաև վասկուլիտները /անոթաբորբեր/, որոնց ժամանակ առաջնային ախտանիշներից կարող են հանդիսանալ  քաշի անկում /մինչև 20կգ մեկ ամսում/, երկարատև ջերմություն, ցավեր, թմրածություն վերջույթներում, երիկամների, թոքերի ախտահարում, թրոմբոզներ, զարերակային հիպերտեզիա։ Պետք է նշել, որը վասկուլիտների մի շարք տեսակները ևս ախտահարում են երիտասարդ տարիքի մարդկանց։

Ծանրագույն պաթոլոգիաների շարքին է դասվում Համակարգային կարմիր գայլախտը։ Հիվանդությունն իր «գայլախտ» անվանումը ստացել է բնորոշ նշանի շնորհիվ՝ քթի վրա և այտերին թիթեռնիկաձև ցան, որը, ինչպես համարվում էր միջնադարում, հիշեցնում է գայլի կծածի հետք։ Օրգանիզմը սկսում է չճանանչել սեփական բջիջները, որի ժամանակ զարգանում են հակամարմիններ և սկսվում է ախտահարման մեջ ընդգրկել բոլոր օրգան համակարգերը՝ մաշկ, մազեր, աչք, բերան, քիթ, սիրտ, թոքեր, լյարդ։ Ծանրագույն պաթոլոգիա է, որը թարգմանաբար կոչվում է <<երիտասարդ գեղեցիկ կանանց>> հիվանդություն։ Իհարկե կարող են հիվանդանալ նաև տղամարդիկ, բայց հիմնակում երիտասարդ կանանց մոտ է ի հայտ գալիս։ Արտահայտվում է թուլությամբ, քաշի անկմամբ, ջերմության բարձրացումով, կարող է զարգանալ ներքին օրգանների ախտահարում /երիկամներ, սիրտ և այլն/, մաշկի ցանավորումամբ, ֆոտոզգայունություն, տենդ, նիհարում։ Հիվանդության պատճառները լիարժեք բացահայտված չեն, սակայն հիվանդության ախտանիշների և բարդությունների բուժման մեթոդները կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Գայլախտով մարդկանց մեծ մասը կարող է կառավարել հիվանդությունը և ապահովել կյանքի որակ՝ հետևելով բուժմանը և անցնելով առողջ ապրելակերպի: Պետք է խոստովանել, որ այդ դեղամիջոցները, որոնք տալիս են լավագույն արդյունք, բավականին թանկ են և պացիենտի, և մեր պետության համար, ցավոք բացակայում են որևէ պետական ձրագրեր։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

 -Նշեմ, որ Ազգային առողջության ինստիտուտի ամբիոնում դոցենտ եմ։ Եվ, մենք, ինստիտուտի հետ համատեղ կատարում ենք բավականին ծավալուն աշխատանք, որպեսզի ապահովենք երիտասարդ կադրերի գրագետ որակավորումը։

Կանխարգելիչ բուժման մեջ բավականին մեծ է առաջնային օղակի՝ պոլիկլինկաների դերը։ Եթե առաջնային օղակի բժիշկները կարողանան ճիշտ ախտորոշել և պացինետին ուղղորդել համապատասխան նեղ մասնագետների մոտ, դա արդեն իսկ խոստումնալից սկիզբ է հիվանդությունների գրագետ բուժման համար։ 21-րդ դարը լինելով նորարարությունների և առաջընթացի դար մեծ հնարավորություններ է բացում նաև ռևմատոլոգների առջև։ Ցանկությունս շատ մեծ է, որ Ռևմատոլոգիան Հայաստանում ևս ետ չի մնա, և միշտ կքայլի համահունչ միջազգային ստանդարտներին։ 

Խնդրանքս մեկն է՝ մեր բոլոր նեղ մասնագետներին․ դա լինի մաշկաբան, ուռոլոգ, սրտաբան, թե՝ անոթաբան։ Բոլորն էլ առնչվում են ռևմատիկ հիվանդություններով տառապող հիվանդների հետ։ Խնդրում եմ լինել շատ զգոն, ավելին հարցաքննել, որպեսզի հավաքվի հիվանդության ճշգրիտ պատմություն։

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը և հորդորը մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ յուրաքանչյուր բժիշկ ինքնակրթվի, հակառակ դեպքում, կդոփի տեղում՝ կլճանա։ Կհորդորեմ մեր հասարակությանր չզբաղվել ինքնաբուժությամբ, չստանալ դեղատնային և հարևան-բարեկամի կողմից նշանակված դեղամիջոցներ։ Շատ հաճախ դեղատան աշխատողները բժշկական կրթություն չունենալով, իրենց իրավունք են վերապահում մեր կողմից նշանակված դեղերը փոփոխել։ Հուսամ, որ մի օր, ամեն ոք և ամեն ինչ իրենց տեղում կլինեն։

Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, մեր երկիր՝ խաղաղություն։ Ես լավատես եմ, որ ապագայում կունենանք զարգացած երկիր, որակյալ բժշկություն, եւ մեր երկրում զարգացում կապրի բժշկական ապահովագրությունը։ Կցանկանամ, որ մեր հասարակությունը <<չվախենա>> հիվանդանալուց, առաջին իսկ գանգատի դեպքում կարողանա դիմել բժշկի։ Առողջ եղեք, սիրեք ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց։

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր