ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ

(0 votes)

Ուշադիր եղե՛ք Ձեր առողջության նկատմամբ, ​ ԼՕՌ հիվանդությունները <<ականջի ետև>> մի՛ գցեք։

Ժամանակակից աշխարհում բոլոր ասպարեզներում, առավել ևս բժշկության մեջ ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են, և վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Որքան ավելի ընդգրկուն լինի բժշկի որակավորումը, այնքան ավելի վստահելի կլինի նրա կատարած աշխատանքի արդյունքը:

Քիթ-կոկորդ-ականջաբանությունը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջարկված ուղղություններից մեկը: Մասնագետների հավաստմամբ՝ մեր տարածաշրջանում բժշկության քիթ-կոկորդ- ականջաբանության ճյուղում ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը:

Մեր զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ- ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, որ հանրության շրջանում ճանաչված է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին  այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ:  Այս ամենը լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի  վերաբերվել յուրովի՝ պատրաստ լինելով հանուն նրա առողջության սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը:

Պարոն Թորոսյանն աշխատում է​ «Նաիրի» և «Դիլիջան» բժշկական կենտրոններում,​ բժշկական կենտրոններ, որտեղ​ անընդմեջ​ արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք կրում են​ շարունակական բնույթ, և​ բժիշկներն​ պարբերաբար անցնում են​ վերապատրաստվումներ, ոչ միայն իրենց​ նեղ մասնագիտացման մեջ, այլ​ նաև բժշկության այլ ոլորտներում։

-Բժիշկ, խոսենք հարքթային խոռոչների բորբոքային խնդիրներից. մանրամասնեք, խնդրեմ, դրանք։

 -Հարքթային խոռոչները հիմնականում բորբոքվում են հարբուխային հիվանդություններից հետո, և  առաջացման պատճառները մեծամասամբ շնչառության, օդի հոսքի խանգարումներն են: Տարբեր են դրանց առաջացման պատճառները, օրինակ՝ միջնապատի ծռվածություն, խեցիների այտուց կամ մի շարք այլ խոչընդոտներ, որոնց առկայության պարագայում քթի խոռոչներում լցված պարունակությունը դժվարությամբ է դուրս գալիս և լցվում է հարակից խոռոչներ։ Ավելի հաճախ հանդիպող դեպքերը հայմորյան խոռոչների բորբոքումն է, սակայն կան զույգ խոռոչներ,  համենայնդեպս, վերջին շրջանում մեծ տարածում ունեցող հարբուխներից հետո հաճախ բոլոր զույգ խոռոչները բորբոքվում են, բնականաբար, գործընթաց է սկսվում նաև այդ խոռոչներում (հետին էթմոիդալ խորշիկներ, հայմորյան և ճակատային  ծոցեր)։ Լինում են դեպքեր, երբ բորբոքումը լիարժեք չլավանալու դեպքում կամ քթի պարունակությունը լիարժեք դուրս չգալու պատճառով, կամ որոշ դեպքերում հայմորյան խոռոչների ատամնածին բորբոքային կամ վարակային խնդիրների ժամանակ առաջանում են կիստաներ, որոնք  հիմնականում լինում են պարզ պարկեր՝ լցված հեղուկ զանգվածով, որոնք առանձնապես վտանգավոր չեն, ուղղակի որոշակի չափերի կամ դինամիկայի մեծացման դեպքում խորհուրդ է տրվում հեռացնել դրանք ։ Իրականում, իհարկե, կան քթի հարակից խոռոչների մի շարք այլ հիվանդություններ, որոնք ավելի մտահոգիչ են, օրինակ՝ այդպիսին են տարբեր գոյացությունները, որոնք կարող են առաջանալ քթում և քթի հարակից խոռոչներում, ինչպես նաև ցանկացած այլ տեղում։

-Պոլիպոզ ռինիտ, ի՞նչ հիվանդություն է այն և ինչպե՞ս է արտահայտվում։

 - Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա:

 Հայմորյան ծոցի  (հայմորիտ) և ծակոտկեն լաբիրինթի (էթմոիդիտ) բորբոքման ժամանակ լորձաթաղանթն այտուցվում է, լցվում ծոցերը և բնական բացվածքներով դուրս գալիս քթի խոռոչ: Բորբոքային գործընթացի մեղմացումից հետո լորձաթաղանթը վերադառնում է նախկին նորմալ վիճակին,՝ բացի այն հատվածներից, որոնք դուրս են եկել քթի խոռոչ: Փաստորեն, պոլիպի հիմնական մասը գտնվում է ծոցերում, ոտիկը՝ ծոցերը և քթի խոռոչը միացնող խողովակներում, իսկ գլխավոր մասը՝ քթի խոռոչում: Պոլիպոզ ռինիտը քթի լորձաթաղանթի գերաճն է, որը  հիմնականում ունի վարակային ալերգիկ ծագում։ Դա բնորոշ է այն բուժառուներին, ովքեր ալերգիայի հանդեպ հակվածություն ունեն, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Այդ ժամանակ լորձաթաղանթը սկսում է արագ գերաճել, առաջանում են լորձաթաղանթի պոլիպներ քթի և հարակից խոռոչների մեջ: Իհարկե, նախնական փուլում սկսում են դեղորայքով կանգնեցնել կամ կրճատել դրանց աճը, իսկ եթե դեղորայքային բուժումն  արդյունք չի տալիս, դիմում են վիրահատական միջամտության։ Հեռացնելուց հետո էլ բուժառուներին խորհուրդ է տրվում հետագայում գտնվել բժշկի հսկողության տակ, որպեսզի կրկին  պոլիպների գերաճ տեղի չունենա։

- Ի՞նչ խնդիրների հետևանք է քթի չորությունը։

-Քթի չորության պատճառները տարբեր են, օրինակ՝ չորություն կարող է առաջանալ մեխանիկական պատճառով՝ քթի ծռվածություն, լորձաթաղանթի չորություն, որոնք  կարող են լինել վիրահատության հետևանք: Մյուս պատճառը դարձյալ մեխանիկական է. քթի խեցիների հեռացումից հետո առաջանում է դատարկ քթի ախտանիշ, տարածությունը մեծ լինելու հետևանքով այնտեղ հավաքվում են կեղևներ: Քթի չորության պատճառ կարող է լինել արտրոֆիկ ռինիտը, որը կարող է առաջանալ ոչ վիրահատությունից հետո, ուղղակի կարող է տեղի ունենալ լորձաթաղանթի չորացում։ Հետագա բուժումը պետք է տարվի առկա ախտահարման աստիճանին համապատասխան ։

-Այժմ էլ կոկորդի նորագոյացություններից խոսենք։

-Կոկորդի նորագոյացություններն ավելի հաճախ զգացնել են տալիս այն դեպքում, երբ հիվանդի  մոտ ի հայտ է գալիս ձայնի կորուստ կամ ձայնի խռպոտություն, որոնց էլ  հիմնականում  անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Ավելի հաճախ հանդիպող են երգեհոնային հանգույցների դեպքերը, որոնք  հիմնականում իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ:  Կոկորդի նորագոյացությամբ հիվանդացության դեպքերը մեծամասամբ  հանդիպում են երգիչների, թարգմանիչների, ուսուցիչների, դասախոսների մոտ, այսինքն՝ մարդիկ, որոնք աշխատանքի բերումով բավականին շատ են օգտագործում իրենց ձայնալարերը։ Բուժառուները, որոնք զգում են, որ իրենց մոտ կա ձայնի կորուստ, թեկուզև հարբուխից հետո, պետք է իմանան, որ առանց բուժման իրենց ձայնը 7-10 օրվա ընթացքում, որպես կանոն, վերականգնվում է, իսկ եթե չի վերականգնվում, ապա դա արդեն խոսում է առկա խնդրի մասին, և պետք է անհապաղ դիմել բժշկի, քանզի չի բացառվում, որ զարգանում է այլ ախտաբանական խնդիր: Անհրաժեշտ  է անցնել հետազոտություն՝ հասկանալու, թե ինչ խնդիր է զարգանում՝ զերծ մնալու համար հետագա բարդություններից։ Որպես ժամանակակից հետազոտման միջոց, լարինգոսկոպիայի միջոցով հնարավոր է բացահայտել կոկորդում առկա գոյացությունները, եթե կան խնդիրներ, որոնք հայտնաբերվում են հետազոտման արդյունքում:  Հետագայում պետք է ենթարկվել ավելի մանրակրկիտ հետազոտման: Իսկ փափուկ հյուսվածքների համար մեզ օգնության են գալիս սոնոգրաֆիկ և ՄՌՏ հետազոտությունները: Եթե գոյացությունն հայտնաբերվում է, և գիտենք դրա ձևն  ու տեղակայումը, պատկերին ավելի մանրակրկիտ ծանոթանալու  և համակցված, հստակ չափերի և անոթավորման հստակ պատկեր ունենալու համար մեզ օգնության է հասնում

կոնտրաստավորմամբ համակցված ՄՌՏ հետազոտությունը։  

-Ֆարինգիտը և դրա տեսակները։

-Ֆարինգիտը ըմպանի պատի բորբոքումն է։ Այն հիմնականում դասակարգվում է երկու տեսակի՝ սուր և քրոնիկ։ Սուր ֆարինգիտն ուղեկցվում է սուր ցավով, ջերմության բարձրացմամբ, ըմպանի հետին պատի լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, հնարավոր է վերքերի առաջացում, իսկ քրոնիկ ֆարինգիտը՝ երբ  կան ինչ-որ քրոնիկ խնդիրներ, որոնց կարող է նպաստել  միջավայրը՝ կլիմայական պայմաններ, փոշի, քիմիկատներ, չոր օդ, առողջական այլ խնդիրներ, օրինակ՝ քթի միջնապատի ծռվածություն, որի ժամանակ  դժվար շնչառության հետևանքով օդը քթով անցնելու, խոնավեցնելու, տաքացնելու փոխարեն անցնում է կոկորդով՝ առաջացնելով կոկորդի պատի բորբոքում։

-Նշիկները հեռացնելուց հետո  հետագայում  կա՞, արդյոք, հետվիրահատական բարդությունների  առնչվելու հավանականություն, թե՞ առանձնապես՝ ոչ։

- Այսօր առկա են նշիկների վիրահատման տարբեր մեթոդներ: Որոշ դեպքերում դեռ կիրառվում է վաղուց  հայտնի տոնզիլլոտոմիան, երբ ուղղակի հատվում է նշիկի մի մասը՝ հաշվի առնելով, որ նշիկը բուժառուին խանգարում էր զուտ չափերով։ Լինում են նաև դեպքեր, երբ նշիկն հեռացվում է բավականին խորանիստ, մինչև կապսուլան, ու հիմնականում այդ դեպքերում կապսուլայի՝ դեղապատիճի վրայից նշիկի լիմֆատիկ հյուսվածքները  հնարավոր է որոշակի գերաճ ունենան և տարիների ընթացքում հիվանդանալուց հետո սկսեն նորից մեծանալ։ Կա նաև նշիկների հեռացման այլ մեթոդ՝ տոնզիլլէկտոմիա, երբ  նշիկը հեռացվում է կապսուլայի հետ միասին,  որպեսզի նորից գերաճ չլինի։ Սա բժշկի համար ավելի հարմար մեթոդ է, քանի որ արյունահոսության վտանգը ավելի փոքր է լինում, իսկ բուժառուի համար՝ ավելի քիչ ցավոտ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սխալ է նշիկների ամբողջական հեռացման ընտրությունը թողնել միայն բուժառուին, հստակ դեպքերում բժիշկը պետք է կայացնի հստակ որոշում՝ բուժման արդյունավետ ելքի նկատառումով՝ ելնելով նշիկների առկա վիճակից։ Քրոնիկ նշաբորբերը սրտի արատների, հոդաբորբերի առաջացման պոտենցիալ պատճառ են, և եթե նշիկները պահպանելը նման վտանգներ է պարունակում, ապա, բնականաբար, խնդրի լուծումը դրանք  հեռացնելն է՝ հետագայում նմանատիպ հիվանդությունների  չբախվելու համար։

-Ի՞նչ է բնածին հարականջային խուղակը։

-Բնածին հարականջային խուղակը իրենից ներկայացնում է կետ կամ անցք, որը  բացվում է հիմնականում ականջախեցու վրա կամ դրա շրջակայքում և ձգվում  իր անցուղու ճանապարհը մինչև ոսկոր կամ աճառ։ Դրանք ի սկզբանե առաջանում են այն պաճառագիտությամբ, երբ սաղմնային կյանքում պտղի ձևավորման ժամանակ մաշկային բջիջը մնում է ավելի ներս հատվածում, այսինքն՝ ոսկրային բջջին կպած ձևավորվում է արտաքին հատվածը, բայց մաշկային բջիջը մնում է ավելի խորը, իսկ մաշկն ունի իր յուրահատկությունները, ներգրավված է  մազ, քրտինք գործառույթներում և թեփոտվում է, որպեսզի նոր մաշկ առաջանա, և այդ պարունակությունը պետք է ինչ-որ ճանապարհով դուրս գա։ Եթե բուժառուին դա անհանգստություն է պատճառում, իհարկե, պետք է հեռացվի։ Ընդ որում, հեռացվում է մինչև ոսկոր կամ աճառ, որտեղ տեղակայված է խուղակը։ Խորհուրդ է տրվում հեռացումն իրականացնել ընդհանուր անզգայացման պայմաններում:

-Ականջների աղմուկը, հատկապես տարեցների շրջանում, մեծ տարածում ունի:  Որո՞նք են դրա տեսակներն ու առաջացման պատճառները։

-Երբ սաղմնային կյանքում ձևավորվում է ականջը, ձևավորվող լսողական նյարդին զուգահեռ ձևավորվում է անոթը, որն անցնում է հենց նյարդի վրայով, և անոթի միջով անցնող արյունն առաջացնում է որոշակի ալիքաձև աղմուկ։ Քանի որ այս աղմուկը միշտ լսելի է լինում դեռևս սաղմնային կյանքից, մեր ուղեղն այդ ընթացքում ֆիլտրում է, այսպես ասած, մաքրում է աղմուկը, և մենք սկսում ենք այն չլսել, որը լինում է որպես բացարձակ լռություն։ Ինչ- ինչ պատճառներով՝ նյարդի վնասման, անոթների սնուցման խանգարման, շաքարային դիաբետի, բարձր ճնշման, արյան խտության դեպքերում խանգարվում է այն անոթով արյան հոսքը, որն ացնում է նյարդի կողքով, ու մենք սկսում ենք լսել այդ աշխատանքը, որովհետև այդ դեպքում անոթի միապաղաղ, ստանդարտ աշխատանքի ձևը փոփոխվում է, մենք սկսում ենք լսել նոր աշխատանքի աղմուկ, որը մեր ուղեղը տարբերակում է որպես նոր ձայն։ Սովորական ականջներում աղմուկ չունեցող մարդը կարող է այդ ձայնը լսել ականջին ինչ-որ բաժակ կամ խխունջ մոտեցնելով՝ այդպես լսելու ալիքների ձայնը, որն իրականում անոթի աշխատանքի ձայնն է, որ մենք ընկալում ենք որպես ինչ-որ նոր ձայն։ Նման երևույթներ ի հայտ գալու դեպքում հիվանդը պետք է լուրջ վերաբերվի խնդրին, ինչպես ասում են՝ ականջի հետև չգցի: Միայն ժամանակին բժշկի դիմելը, անհրաժեշտ բուժում ստանալը  հնարավորություն կտան խուսափել հետագա բարդություններից, որոնք, ի դեպ,  կարող են  լինել լսողական նյարդի վնասվելու սկզբնական փուլը։

-Մեր ընթերցողները ԼՕՌ հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ ու գիտելիքներ   ստացան: Սակայն մասնագիտական խոսքից  զատ, մարդիկ  կարևորություն են տալիս բժշկի  խորհուրդ-հորդորներին: Արդ, Ձեր  ուղերձը  մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին:

-Առաջին հերթին՝ առողջություն: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Եվ դա այն պարզ պատճառով, որ հիվանդության բարդացման դեպքում, երբ հիվանդությունն արդեն իր սև գործն արել է, էլ ավելի բարդանում է այն հաղթահարելը, դժվարությունները բազմապատկվում են, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում ինչ-որ բան փոխել: Ավելի պատկերավոր ասենք՝ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան այն բուժելը (ընդ որում, մի շարք առումներով՝ ֆինանսական, ժամանակային, հոգեբանական...): Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց:

Չմոռանանք՝ կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը և պահպանենք առողջությունը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր