Մելինե Թումասյան

(0 votes)

Մելինե Թումասյան. <<Վահանաձև  գեղձի հիվանդությունների դեպքում չկա հստակ պատճառագիտություն, ունենք նախատրամադրող գործոններ>>

Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում և  յուրաքանչյուրը՝ անկախ  տարիքից և սեռից,  կարող է այս կամ այն չափով առնչվել  գեղձի ախտահարման հետ: Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի նյութափոխանակության գլխավոր կարգավորիչն է։ Եվ պատահական չէ, որ թե՛ նշանները, թե՛  հիվանդությունները բավականին լայն սպեկտր ունեն, որն էլ լուրջ մարտահրավեր է էնդոկրինոլոգիայում, ու մեր նեղ մասնագետները բավական լուրջ ու հսկայական աշխատանք են կատարում՝ այս հիվանդությունների բուժումն արդյունավետ դարձնելու, համաշխարհային նորագույն մեթոդներն ու պրակտիկան այստեղ կիրառելու և այդպիսով այդ ոլորտը բարձր մակարդակի վրա պահելու համար:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանը, որը  մեզ հետ զրույցում անդրադարձավ գեղձի հետ կապված խնդիրների առաջացմահիմնական պատճառներին և դրանց հնարավոր կանխարգելմանը:

Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդկանց առողջություն  պարգևելու առաքելություն է, իսկ դա իր այդ մեջ լավագույնը դառնալու նախապայմաններից է: Բժշկուհին հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն և առաջնորդվում է այն հավատամքով, որ ամեն ոք մասնագիտական ոլորտ ոտք պետք է դնի հավատով, որ հենց ինքն է բարեփոխելու  այն  միջավայրը, որում իրականացնում է իր մասնագիտական առաքելությունը։

-Բժշկուհի Թումասյան, պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ դեր է կատարում վահանաձև գեղձն օրգանիզմում, և որո՞նք են վահանագեղձի հիվանդությունները, ի՞նչ ախտանշաններով  են դրանք արտահայտվում։

-Սկսեմ այն բանից, որ հանդիպում են նաև վահանաձև գեղձի այնպիսի հիվանդություններ, որոնք չեն ուղեկցվում վահանագեղձի հորմոնալ ֆունկցիայի խանգարումներով։ Քանի որ վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմում գրեթե բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը, ուստի դրանց խախտումը կարող է արտահայտվել կլինիկական տարբեր դրսևորումներով: Վահանաձև գեղձը մեր օրգանիզմում կարևորագույն դեր է կատարում, այն արտադրում է հորմոններ, որոնք բավականին մեծ նշանակություն ունեն գրեթե բոլոր օրգան-համակարգերի համար: Դրանց մեջ ընդգրկվում են ճարպային, ածխաջրատային խոլիսերինային համակարգերը, այլ խոսքով՝ չկա որևէ մեկ օրգան, որ առհասարակ այն շրջանցի, և այդ իսկ պատճառով բազմաթիվ գանգատներ կարող են լինել  վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանք, մինչդեռ  բուժառուներն         ի սկզբանե դա չեն  ըմբռնում: Սկզբնական շրջանում, ըստ գանգատների, նրանք կարող են դիմելով մի շարք նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, գաստրոէնդոկրինոլոգների, այսինքն՝ բոլոր օրգան- համակարգերի կողմից կարող ենք նկատել գանգատներ, և եթե խնդիրն արդեն իսկ լինում է էնդոկրինոլոգիական, մասնագետներն ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ։

-Առանձնացրեք, խնդրեմ, հիպոթիրիոզի և հիպերթիրիոզի արտահայտման ձևերը։

-Այսօր առավել տարածված խանգարումներից են համարվում հիպերֆունկցիան (հիպերթիրիոզը) և հիպոֆունկցիան (հիպոթիրիոզը)։ Հիպոթիրիոզ, այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա, որի դեպքում գեղձն արտադրում է նորմայից ցածր քանակի հորմոններ, ինչը բերում է տվյալ ախտանիշների առաջացմանը՝ մշտական հոգնածություն, քնկոտություն, ալարկոտություն, տրամադրության անկում, որոնց պատճառը բուժառուն էլ չի գիտակցում, քաշի ավելացում, մաշկի չորություն ու սառնություն, օրգանիզմում հեղուկի կուտակում, դաշտանային ցիկլի խանգարումներ, շարժումների և խոսքի դանդաղում, հոդացավեր, փխրուն եղունգներ ու բարակ մազեր, ցրտի հանդեպ անհանդուրժողականություն:

Շատ հաճախ, հատկապես մեծահասակների մոտ, ելնելով ուղեկցող քրոնիկական հիվանդություններից՝ կլինիկական դրսևորումները կարող են և տիպիկ չլինել։

Իսկ հիպերթիրիոզը վահանաձև գեղձի գերֆունկցիան է, և խոսքն այս դեպքում գեղձի՝ մեծ քանակով հորմոններ արտադրելու մասին է: Հիպերթիրեոիդիզմի ամենահաճախ հանդիպող պատճառը Գրեյվսի հիվանդությունն է (դիֆուզ տոքսիկ խպիպ) կամ գեղձում գերակտիվ հանգույցի առկայությունը: Հիպերթիերոզի ժամանակ գեղձն սկսում է ավելի շատ հորմոն արտադրել, քան օրգանիզմին անհրաժեշտ է, որի հետևանքով ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտամկանի կծկումների հաճախականության  արագացում, նյարդային լարվածություն, քաշի կորուստ առանց պատճառի, (այսինքն՝ սնվում են նորմալ, բայց նկատվում է քաշի կորուստ), թուլություն, հոգնածություն, ձեռքերի դող, մարմնի ներքին և արտաքին դող, նկատվում է մկանային հոգնածություն, մաշկի ու եղունգների փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, առատ քրտնարտադրություն: Ոչ հաճախ հանդիպող գանգատներից կարող է նկատվել նաև ջերմության բարձրացում։

-Հանգուցավոր խպիպ. ի՞նչ պաթոլոգիա է այն վահանաձև գեղձի համար։

-Ըստ ընդունված ժամանակակից տեսակետների՝ վահանաձև գեղձի հանգույցները դիտվում են որպես գեղձի հյուսվածքի այնպիսի հատվածներ, որոնք սոնոգրաֆիկ հետազոտությամբ առանձնանում են իրենց խտությամբ և գույնով վահանագեղձի հյուսվածքի այլ հատվածներից: Եթե վահանագեղձում շոշափվում է հստակ սահմաններով գոյացություն (ամրություն), ապա աներկբայորեն ենթադրվում է հանգույցի առկայություն: Հանգույցները չափազանց տարածված են: Չնայած այդ հանգույցների  շատ քիչ տոկոսն է  լինում քաղցկեղային,  այնուամենայնիվ,  շատ կարևոր է դրանց վաղ հայտնաբերումը: Երբ հանգույցները չափերով մեծ են լինում, առաջացնում են խեղդոցի զգացում, կոսմետիկ դեֆեկտ: Եթե չունենք հորմոնալ դիսբալանս, հանգուցավոր խպիպը, որպես այդպիսին (եթե մեծ չափերի հանգույցների մասին չէ խոսքը, այլ փոքր չափերի),  կարող է ընդհանրապես գանգատ չառաջացնել։ Այսինքն՝ բուժառուն կարող է տասնյակ տարիներ ունենալ փոքրիկ հանգույցներ, որոնք իրեն բացարձակ չխանգարեն, սակայն  չի նշանակում, որ դրանք վտանգ չեն ներկայացնում։ Հանգույցի տեղակայումը և չափը կապ չունի հանգույցի բարորակ կամ չարորակ լինելու հետ, իսկ խոշոր հանգույցների դեպքում արդեն արտաքնապես էլ նկատելի է, և հնարավոր է առաջանա սպազմ, հազ, խեղդոցի զգացում, նայած թե հանգույցը ինչն է ճնշում՝ նյարդ, անոթ, կերակրափող, թե շնչափող։

Կցանկանայի նշել, որ վահանաձև գեղձը ևս անմասն չի մնացել քովիդ վիրուսի ազդեցությունից:Այս վիրուսը, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունները, կարող է առաջացնել վահանաձև գեղձի բորբոքում հիվանդություն՝ ենթասուր թիրեոիդիտ: 

Այն մեր պրակտիկայում շատ հաճախ հանդիպող պաթոլոգիա է, ընդհանուր առմամբ, քովիդից հետո վահանաձև գեղձի ամենահաճախ հանդիպող խնդիրներից, երբ այն գանգատներով որոշակի նմանություն ունի դիֆուզ տոկսիկ խպիպին՝ ի հաշիվ հիպոթիրիոզի։ Այս դեպքում գեղձի հորմոնները մեծ քանակությամբ անցնում են արյան մեջ, զարգանում են վահանագեղձի տարածուն լիմֆոցիտային ինֆիլտրացիա, շարակցահյուսվածքային փոփոխություններ և ֆոլիկուլային բջիջների հետաճ, որի բուժումը լիովին տարբերվում է թունավոր խպիպի բուժման սխեմայից։ Որպես այդպիսին, այն գեղձի հիվանդություններից միակն է, որն անցողիկ է, քրոնիկ բնույթ չի կրում: Իհարկե, հետագայում, բուժումից հետո կրկնվելու հավանականությունը չի բացառվում, բայց, առհասարակ, այս հիվանդությունից հետո հիպոթիրիոզի առաջացման միտումը շատ ավելի մեծ է։

Վահանագեղձում լինում են հորմոնագոյացման փոփոխություններ, որոնց հետևանքով աուտոիմուն մեխանիզմներն առաջ են բերում գեղձի գերաճ։ Ախտանշանները զարգանում են դանդաղ։ Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ, որոնք տարիների ընթացքում վնասում են վահանաձև գեղձը՝ հանգեցնելով դրա գործառույթի խաթարման: Հիվանդն ունենում է ցավ, ջերմության բարձրացում, և դրսևորվում են բոլոր այն ախտանիշները, որոնք բնորոշ են գեղձի բորբոքմանը:

-Բժշկուհի, ինչպիսի՞ ազդեցություն ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները կնոջ ընդհանուր և վերարտադրողական առողջության վրա։ Վահանաձև գեղձի խնդիրը և հղիությունը. կմանրամասնե՞ք իրավիճակը։  

-Բնականաբար, վահանաձև գեղձի խնդիրները կանանց հորմոնալ ֆոնի վրա նույնպես կարող են ազդել, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները պտղի ներարգանդային հասունացման և զարգացման մեջ մեծ դեր ունեն, հետևաբար, գեղձի դերը հղիության ընթացքում բավականին մեծ է, և հենց պտղի կազմավորման առաջին եռամսյակում պտղի գլխուղեղի զարգացման ժամանակ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի, քանզի գործ ունենք երկու կյանքերի հետ: Նաև՝ որպեսզի զարգացումը նորմալ ընթանա, քանի որ լինում են դեպքեր, երբ բուժառուն ինքնակամ՝  բարեկամի, հարևանի հորդորով, առանց բժշկի ցուցումի, ընդհատում է հորմոնալ դեղորայքի ընդունումը, ինչի հետևանքով էլ կարող են լինել  վիժումներ, պտուղը կարող է չզարգացնալ կամ արատով երեխաներ ծնվեն։ 

 -Կուզենայի անդրադառնաք պունկցիոն բիոպսիայի նշանակությունը. Ի՞նչ կասեք հասարակության մեջ տարածում գտած այն  մտայնության մասին, թե բիոպսիան  նպաստում է քաղցկեղի տարածմանը, ավելին՝ և դեռ արագացնում է այն:

-Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը: Բիոպսիան միակ մեթոդն է` պարզելու համար հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը, թե տվյալ հանգույցը  իրենից վտանգ ներկայացնում է՞, թե՞ ոչ, թողնե՞լ  այն, թե՞ հեռացնել: Չէ՞ որ մենք սոնոգրաֆիկ հետազոտությամբ տեսնում ենք միայն նախնական պատկերը, որի ժամանակ հայտնաբերվում է չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային  փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխությունները, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրոմակրոկալցինատների առկայությունը։

Բիոպսիան կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղարկում բջջաբանական հետազոտության, որով պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը: Այո, հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, թե բիոպսիայի կիրառումը բացասաբար է անդրադառնում հանգույցի վրա՝ դարձնելով այն չարորակ գոյացություն: Նման բան չկա,  դա ապացուցված է ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ, մենք ամեն անգամ նշում ենք դա, փաստարկում,  որ դա միայն հայաստանյան փորձի վրա չէ հիմնված, այլ եվրոպական և ամերիկյան էնդոկրինոլոգիայի ասոցացիաներում կան ապացուցողական վիճակագրական տվյալներ, որոնք հաստատում են, որ  պունկցիոն բիոպսիայից հետո հանգույցի ո՛չ բնույթը, ո՛չ էլ չափսերը երբեք փոփոխության չեն ենթարկվում։  

-Ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատությունը։

-Վիրահատության ցուցում են համարվում հիմնականում չարորակ գոյացությունները և խոշոր հանգույցները, որոնք բարորակ են, բայց մեծ չափսերի հասնելով՝ անհանգստացնում են՝ ճնշելով նյարդ, անոթ, կերակարփող, շնչափող։ Մեր երկրում հիմնականում ընդունված է տոտալ՝ ամբողջական գեղձի հեռացումը՝ առանց որևէ հատված թողնելու: Հեռացումը կատարվում է լավագույն վիրաբույժի կողմից, կրկնվելու հավանականությունը շատ քիչ է, այն կարող է կրկնվել, երբ ինչ-որ ավշային հանգույց, այսինքն՝ հատված,  թողնված է լինում։ Բայց հինգ տարվա ընթացքում ի հայտ չգալու դեպքում կրկնվելու հավանականություն այլևս վերանում է։

-Մեր զրույցը մոտենում է ավարտին, և ցանկալի կլիներ, որպես ամփոփում, լսել Ձեր մաղթանքի խոսքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ ու բարեհոգի: Որ բժշկի դիմելու կուլտուրան մեզանում բարձր մակարդակ գրանցի։ Բուժման ճիշտ տակտիկան,  դրան զուգահեռ՝ հիվանդի ապաքինման և վերականգնման մակարդակի բարձրացումը կախված է Ճիշտ և գրագետ ախտորոշումից, և հենց այս առումով էլ, բնականաբար, տասնապատիկ մեծանում է մեր՝ բժիշկներիս ու առհասարակ բուժանձնակազմի  պատասխանատվությունը:

Շատ կուզենայի, որ մեր հասարակության առօրյայում հաստատուն տեղ ունենա առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը: Չմոռանանք, որ առողջ հասարակությունը պետության ամրության պատվար է: Չմոռանանք նաև, որ բոլոր հիվանդությունների հիմքում սթրեսն է, սխալ սննդակարգը: Իսկ ահա վահանաձև գեղձի դեպքում չկա հստակ պատճառագիտություն, ունենք նախատրամադրող գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, սխալ սննդակարգ, նվազ  ֆիզիկական ակտիվություն և սթրես։ Ամենակարևորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար ու բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, հաջողությունը մշտապես ընդառաջ կգա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր