Նարինե Բեգլարյան Featured

(0 votes)

Ով սիրում է իր մասնագիտությունը,  ընկճվելու իրավունք չունի                                                                                                                            

Վերջին տարիներին էնդոկրին հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Մեր բժիշկների ջանքերի շնորհիվ էնդոկրինոլոգիան, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, Հայաստանում զարգացում է ապրել` զգալիորեն մոտենալով միջազգային մակարդակի:

Մեր զրուցակիցն է «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնի էդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը: Երիտասարդ բժշկուհու համար բժշկի մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն, հանգստություն ու ժպիտ պարգևելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է, ինչն ի սկզբանե եղել է բժշկուհու հավատամքը: Բարեհամբույր և հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ցուցաբերող բժշկուհի, որը ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև նաև բուժառուների նկատմամբ իր հոգածու վերաբերմունքով իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:

 -Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում  նախադիաբետը, ինչպիսի՞ն է լինում նախադիաբետային վիճակը:

-Նախադիաբետային վիճակն այն է, երբ արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշները գտնվում են առողջ նորմայի և ՇԴ-ին բնորոշ ցուցանիշների միջակայքում, երբ դեռ թվերը չեն հասնում շաքարային դիաբետի ախտորոշման սանդղակին, մինչդեռ նախադիաբետը արդեն պրոգրեսիվող ձևով կարող է անցնել  շաքարային դիաբետի։ Իրականում նախադիաբետի վարումը շատ չի տարբերվում դիաբետի վարումից, այսինքն՝ այս փուլում հիվանդները հիմնականում արդեն ունեն ճարպակալում, և, որպես ճարպակալման բուժում, արդեն պետք է անցնել դիոտեթերապիայի:  Իհարկե, դրան զուգակցված՝ նշանակել նաև «Մետֆորմին» դեղամիջոցը։ Եթե ճարպակալման աստիճանը  բարձր է, օգնության է գալիս նաև «Օզեմպիկ» դեղամիջոցը, որն այսօր ամբողջ աշխարհում մեծ կիրառություն ունի և նշանակվում է ոչ միայն նախադիաբետ ունեցող,  այլև ուղղակի առանց դիաբետի ճարպակալած հիվանդներին։

Նախադիաբետը բավական տարածված ախտաբանական վիճակ է, որը կարող է զուգակցվել մի շարք այլ խանգարումներով։ Այս խնդրի առկայության դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել, այլապես այն կարող է հեշտությամբ վերածվել երկրորդ տիպի շաքարային դիաբետի, որը վերահսկել ավելի դժվար է։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու սկսել պայքարել դրա դեմ։ Նախադիաբետը կարող է շատ արագ պրոգրեսիվող ձևով անցնել դիաբետի, դառնալ դիաբետ, այսինքն՝ նախադիաբետ-դիաբետ տարբերակումը իրականում զուտ թվային տարբերակում է, գլոբալ գործընթացն արդեն սկսված է, իսկ շաքարային դիաբետի զարգացումը իրականում սկսում է շատ ավելի վաղ, քան գլիկեմիայի թվերի տատանումը, մոտավորապես արդեն երբ առկա է ճարպակալում։ Շաքարային դիաբետի հայտնաբերումից 10-15 տարի առաջ արդեն իսկ սկսվում է ինսուլինի ռեզիդենտությունը՝ բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ, կոպիտ ասած, բթանում է, և կարող ենք ասել, որ հիվանդը ռիսկային գոտում է գտնվում, և կարող է հետագայում զարգանալ շաքարային դիաբետ։ Այսինքն՝ այս անցումները բավականին սահուն են, և բուժումը, ինչպես նշել էի նախկինում, պետք է սկսել ճարպակալման բուժումից, որպեսզի կանխենք դիաբետի զարգացումը։

-Որոնք են դիաբետի տեսակները,  կտարբերակե՞ք։

-Դիաբետի մի քանի տեսակներ կան. բայց ամենից հաճախ հանդիպում են շաքարային դիաբետի 1-ին և 2-րդ տիպերը։ Տիպ 1 շաքարային դիաբետը հիմնականում զարգանում է երեխաների և դեռահասների մոտ և պայմանավորված է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրության և արյան մեջ նրա բացարձակ քանակի նվազումով։ Տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում ինսուլինի արտադրությունը որոշակի պահպանված է, իսկ հիպերգլիկեմիան պայմանավորված է օրգանիզմում ինսուլինի պահանջի ավելացման հետ, և որպես կանոն, հաճախ զուգակցվում է ճարպակալումով կամ ավելցուկային քաշով։ Մեր պրակտիկայում ավելի շատ հանդիպում է երկրորդ տիպի դիաբետը։ Պատճառագիտությունը հիմնականում ժառանգականության գործոնն է, նստակյաց կյանքը և ճարպակալումը։

-Ի՞նչ է գեստացիոն շաքարային դիաբետը:

- Ունենք այսպիսի հասկացություն․ գեստացիոն շաքարային դիաբետ։ Այն հղիների դիաբետն է։ Գեստացիոն շաքարային դիաբետը կարծես նախադիաբետն է հղիների մոտ։  Եթե ոչ հղիների մոտ նախադիաբետի ախտորոշման համար պետք է ունենանք գլիկեմիայի ցուցանիշ 6,4մմ/լ  և դրանից բարձր, ապա հղիների մոտ 5, 1մմ/լ-ից  սկսած համարվում է գեստացիոն դիաբետ։ Հղիների 10-20 տոկոսի մոտ առկա է գեստացիոն դիաբետ։ Գեստացիոն դիաբետի բուժումը առաջին հերթին, բնականաբար,  դիետոթերապիան է և ֆիզիկական ակտիվությունը, սակայն եթե այս միջոցառումների արդյունքում առավոտյան գլիկեմիայի ցուցանիշը շարունակում է մնալ 5,5 մմ/լ- ից,  իսկ ուտելուց 1 ժամ հետո 7,5 մմ/լ -ից բարձր, հղիներին արդեն նշանակում ենք ինսունիլոթերապիա։ Իհարկե, արտասահմանյան որոշ երկրներում գեստացիոն դիաբետի դեպքում կիրառվում է նաև դեղորայքային բուժում, բայց, իհարկե, ավելի անվտանգ է ինսուլինոթերապիան, ուստի մենք ընտրում ենք պտղի համար առավել փորձարկված և անվտանգ  մոտեցման տարբերակը․ այն է ՝ ինսուլինոթերապիան։ Մեր երկրում գեստացիոն դիաբետը բուժվում է միայն ինսուլինով, հակադիաբետիկ հաբեր չեն կիրառվում։

-Դիաբետիկ ոտնաթաթ։  Ի՞նչ խնդիր է այն:

-Դիաբետիկ ոտնաթաթ հասկացությանն անդրադառնալիս առաջին հերթին պետք է խոսենք  դիաբետիկ պոլինեյրոպաթիայի մասին։ Այն ծայրամասային նյարդաթելերի ախտահարումն է: Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդությունն է, որն առաջացնում է տարատեսակ ախտանիշներ։ Շաքարային դիաբետի առկայությունը, հատկապես չկոմպենսացված և երկարատև, ախտահարում է նյարդերը, մասնավորապես նյարդերի պաշտպանիչ շերտը՝ միելինային թաղանթը, ինչն էլ բերում է մի շարք ախտանիշների՝  վերջույթներում սառնության, թմրածության, ծակծկոցի զգացողություն, ցավի, երբեմն գիշերը  ոտքերում այրոցի զգացումի, երևույթներ, որոնք դիաբետիկներին շատ բնորոշ են։ Նեյրոպաթիայի հետևանքով հիվանդները կարող են ժամանակի ընթացքում կորցնել նաև զգայնությունը՝ ջերմության զգացողությունը, սկսում են չզգալ տաքությունն ու սառնությունը։ Բացի այդ, դիաբետիկների մոտ ի հայտ են գալիս անոթային խնդիրներ՝ ստորին վերջույթների մանր և խոշոր անոթների ախտահարում, պատերի հաստացում, լուսացքի նեղացում, ինչը բերում է արյան հոսքի խանգարմանը։ Այդ՝ հիմնականում նյարդային ախտահարումների և մանր անոթների ախտահարման հետևանքով ժամանակի ընթացքում, իհարկե, ոչ բոլորի մոտ, կարող է առաջանալ  դիաբետիկ ոտնաթաթ հասկացողությունը, որը տարանջատվում  է մի քանի տեսակի։ Սկսում են զարգանալ տրոֆիկական խոցեր դիաբետիկ ոտնաթաթի վրա, այսինքն՝ վերքեր, որոնք ասեպտիկ են, այսինքն՝ միկրոբներ չեն պարունակում, որոնք սկզբում կարող են լինել մակերեսային, հետո ժամանակի ընթացքում կարող են խորանալ։ Եթե դրան գումարվեն խոշոր անոթների ախտահարումները, ապա ժամանակի ընթացքում կարող են ախտահարվել ոսկորները։ Այս դեպքում աստիճանաբար կարող են հեռացվել ստորին վերջույթի մատները, ոտնաթաթը, ոտքը, այսինքն՝ սա կոմպլեքս մեխանիզմներով պայմանավորված գործընթաց է։ Որպեսզի դիաբետիկը խուսափի ցանկացած բարդությունից,  ամենակարևորը շաքարի մակարդակը նորմայի մեջ պահելն է։ Այդ դեպքում մենք կխուսափենք թե՛ անոթային, և թե՛ նյարդային բարդություններից, և այս բոլոր ահռելի բարդությունները հիվանդների մոտ չեն զարգանա։ Բացի գլիկեմիան նորմալ ցուցանիշների մեջ պահելը, կարևոր են մի շարք համալիր դեղորայքային միջոցներ կիրառելը ուղղված ծայրամասային նյարդաթելերի պաշտպանությանը։ Սակայն ամենակարևորը շաքարի մակարդակը նորմայի մեջ պահելն է, այդ դեպքում կարելի է ասել, որ դիաբետիկների մոտ բարդությունների ռիսկը կլինի այնքան, որքան որ ոչ դիաբետիկների մոտ։ Այսինքն՝ ռիսկը զգալիորեն  քչանում է, ինչը հաստատում են բազմաթիվ հետազոտությունները։

-Ինչի՞ կարող է  հանգեցնել մագնեզիումի դեֆիցիտը:

-Մագնեզիումի դեֆիցիտը դժվար է ախտորոշել, քանի որ շիճուկային արյան մեջ մագնեզիումի մակարդակը չի արտացոլում նրա ներբջջային պարունակությունը։ Այդ  պատճառով  էլ  շատ  դժվար  է  հասկանալ՝  արդյո՞ք հիվանդի օրգանիզմն ունի մագնեզիումի կարիք։
Մագնեզիումի դեֆիցիտ սովորաբար ունենում են զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների բնակիչները, և շատերն այդ մասին գաղափար չունեն։ Այնինչ, պետք է նկատի ունենալ, որ մագնեզիումի բավարար քանակության պակասը մեր օրգանիզմում կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Մագնեզիումը մակրոտարր է, որը մեր օրգանիզմում պետք է լինի ճիշտ մակարդակի վրա, քանզի չկա նյութափոխանակային որևէ գործընթաց, որտեղ չմասնակցի մագնեզիումը։ Մասնավորապես, մասնակցում է նյարդերի հաղորդականության գործընթացին, և օրգանիզմում դրա դեֆիցիտից մի շարք խնդիրներ են առաջանում՝ նյարդային լարվածություն, վերջույթներում ծակծկոցի զգացում, մկանային ձգվածություն, անքնություն, առիթմիաներ, խեղդոցի զգացողություն, երբեմն հոգնածության զգացում։ Ցավոք սրտի, մեր երկրում դեռևս չունենք այդպիսի մեծածավալ հետազոտություն, որը կարտացոլի մագնեզիումի դեֆիցիտի չափը։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ Հյուսիսային Ամերիկայում տղամարդկանց 70 տոկոսն ունի մագնեզիումի դեֆիցիտ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մագնեզիումի  դեֆիցիտը երակային հետազոտմամբ չի արտահայտվում։ Իրականում մագնեզիումի ռեալ պարունակությունը ներբջջային տարածքում է, այսինքն՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դեֆիցիտը չի պարզվի, և մեր պրակտիկայում, կոնկրետ իմ բուժառուները, ուղեկցող խնդիրների բուժմոտեցմանն համատեղ ստանում են նաև մագնեզիում։ Այսինքն՝ ինչպես գրագետ էնդոկրինոլոգի ուշադրությունը օրգանիզմում սևեռված է կալցիումի պարունակությանը, այդպես էլ պետք է սևեռված լինի նաև մագնեզիումի պարունակությանը։ Չնայելով հետազոտությունների արդյունքներին՝ մագնեզիումի դեֆիցիտը բոլոր բուժառուներին լրացվում է։

-Խոսենք, խնդրեմ,  նաև ցինկի դեֆիցիտի  մասին:

-Ցինկը մարդու օրգանիզմին նույնպես անհրաժեշտ միկրոտարրերից է: Չնայած օրգանիզմի համար ցինկի կարիքին, այն է՝ օրական մոտ 12-15 մգ, այս հանքանյութը չափազանց անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, առանց որոնց անհնար է բջիջների կենսագործունեությունը: Ցինկի դեֆիցիտի ժամանակ նկատվում է մազաթափություն, տեսողական վատացում, նաև իմունիտետի իջեցում։

-Մազաթափությունը և դրա տեսակները:

-Կա դիֆուզ  և օջախային մազաթափություն։ Մազաթափությունն առաջանում է մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների հետևանքով: Մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից, վիտամինների և միկրոտարրերի պակասից, կարող է նաև այլ ներքին հիվանդությունների հետևանք հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց և բուժելուց հետո մազաթափությունը կարող է դադարել և մազերի աճը վերականգնվել:  Օջախային մազաթափությունն աուտոիմուն հիվանդություն է, դրանով ավելի շատ զբաղվում են մաշկաբանները։ Իմունային համակարգը մազարմատի նկատմամբ հակամարմիններ է առաջացնում, և քայքայելով մազարմատը՝  մազերը սկսում են օջախներով թափվել։ Օջախային մազաթափությունը, քանի որ իմունային բնույթ է կրում, ուղղակի հաճախ կարող է զուգակցվել այլ աուտիմոն խնդիրների հետ, մասնավորապես՝ վահանաձև գեղձի աուտոիմուն թիրեոիդիտի հետ:

Դրա համար շատ հաճախ մաշկաբանները օջախային մազաթափության պարագայում խորհուրդ են  տալիս  խորդակցել նաև էնդոկրինոլոգի հետ։

Երբ օրգաիզմում առկա է արական հորմոնի ավելցուկ, դիտվում է ավելի շատ գագաթային մազաթափություն, որն ուղեկցվում է նաև մազերի յուղոտությամբ։  Այդ դեպքում անպայման կանանց մոտ հետազոտվում են արական հորմոնները, մասնավորապես՝ մակերիկամները, ձվարանները: Շատ հաճախ մազաթափության պատճառը կարող է լինել սթրեսային։ Սթրեսն ակտիվացնում է մակերիկամները, իսկ այնտեղ կա արական հորմոն  արտադրող շերտ։ Մազաթափությունը  կարող է լինել նաև դիֆուզ, երբ երևույթն ընդգրկում է ամբողջ մազային մակերեսը։ Այդ ժամանակ ավելի շատ փնտրում ենք կամ այլ էնդոկրին խնդիր, օրինակ վահանաձև գեղձի թերֆունկցիա'  հիպոթիրեոզ,  կամ ավելի հաճախ մեր պրակտիկայում դիտվում է վիտամին միկրոտարրերի դեֆիցիտ։ Վիտամին D-ի դեֆիցիտը, կալցիումի, ցինկի դեֆիցիտը նույնպես կարող են բերել մազաթափության։ Այսինքն՝ երբ բուժառուները  դիմում են նման գանգատով, բնականաբար, նախ բացառում ենք բոլոր այս վերը նշված դեֆիցիտային վիճակները, հորմոնալ դիսբալանսը, և ապա միայն վերջնական եզրակացություն ենք գալիս։ Իհարկե, որոշ դեպքերում պատճառագիտությունը պարզելը, միևնույնն է,  դժվար է լինում, կարող է անգամ անձնական հիգիենայի միջոցների, օրինակ՝ շամպունի փոփոխությունը նույնպես բերել մազաթափության։ Եվ, իհարկե, մազաթափության կարող են բերել նաև մաշկային որոշ խնդիրները, ինչպես, օրինակ, գլխի սնկային խնդիրները։ Այսինքն՝ մազաթափության խնդրով զուգահեռ պետք է զբաղվեն մաշկաբաններն ու էնդոկրինոլոգները։

-Լյարդի ճարպակալում։

-Լյարդի ճարպակալումը հիմնականում մետաբոլիկ խնդիր է, այսինքն, երբ բուժառուն ունի ուղղակի ճարպակալում, այդ դեպքում լյարդը նույնպես ենթարկվում է ճարպային վերափոխման։ Դա էլ իր հերթին բերում է լյարդի չափերի մեծացման, սոնոգրաֆիկ պատկերում պարզ են դառնում լյարդի ճարպային կուտակումները, ինչպես նաև լյարդի ֆերմենտների բարձրացման միտումը։ Այսօր անգամ լյարդաբանները այս վիճակի դեպքում լյարդը պաշտպանող  դեղորայքային բուժում չեն նշանակում, քանզի գերակա խնդիրը մետաբոլիկ համախտանիշն է, բուժման ընթացակարգում բուժառուի քաշի,  ինչպես նաև սննդակարգի և ֆիզիկական ակտիվության կարգավորումը:

-Կխոսե՞ք  «Մետֆորմին» կոչվող դեղամիջոցի մասին:

-«Մետֆորմին»-ը  դեղամիջոց է, որն հաճախ նշանակվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման նպատակով: Այն նվազեցնում է արյան շաքարի (գլյուկոզի) մակարդակը` բարելավելով հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Մասնավորապես, «Մետֆորմին»-ը բարձրացնում է լյարդի, մկանների, ճարպերի և այլ հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Այս դեղամիջոցի արդյունավետության մասին վերջերս հրաշքներ են գրանցվում: «Մետֆորմին»-ի գործածությունը կարող է բերել նաև լյարդի ճարպակալման բարելավմանը, դրա չափերի  փոքրացմանը։ Այս դեղամիջոցի կիրառությունը էականորեն նպաստում է նաև մարմնի քաշի կայունացմանը կամ չափավոր կորստին: Դիաբետիկների մոտ դրականորեն  նպաստում է ազդում սիրտանոթային բարդությունների կանխմանը, երբեմն խոսվում է նաև նրա հակաուռուցքային ազդեցության մասին։

-Որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ և ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր սեփական ձեռքերում է,  որ սիրի իր եսը, լինի բարյացկամ, կամեցող: Կցանկանամ, որ  մարդիկ լինեն ավելի համբերատար, սիրեն իրար և իրենց շրջապատող աշխարհը: Ընթացքում  կարող են լինել հիասթափության պահեր, բայց երբեք չպետք է ընկճվել և դոփել տեղում, լճանալ: Ով սիրում է իր մասնագիտությունը,  ընկճվելու իրավունք չունի: Նա պիտի շարունակի իր գործունեությունը՝  հավատարիմ մնալով ինքն իրեն, իր մարդկային ու մասնագիտական սկզբունքներին,  Հիպոկրատին տված իր երդմանը: 

Ցանկանում եմ նաև, որ մարդիկ, սիրելով իրենց, սնվեն առողջ, ապրեն առողջ, մշտապես հետևեն իրենց քաշին։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր