ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Featured

(0 votes)

Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի

Հայկական բժշկագիտությունն այս տարի տոնում է իր, հիրավի, արժանավոր հոբելյաններից մեկի` Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ​ 45-ամյակը։ Այն եղել և մնում է Հայաստանում ակնաբուժության բնագավառի կադրերի պատրաստման դարբնոցը։ ​ ​ Այսօր կենտրոնում կիրառվում են բուժման ամենաառաջավոր մեթոդները, և իրականացվում ​ են վիրաբուժական բարդ միջամտություններ։
Ժողովուրդը ամեն թանկ ու արժեքավոր երևույթի մասին ասում է. «Պահիր աչքիդ լույսի պես»։ Եվ իսկապես, մարդուն լույս պարգևող մալայանական ընտանիքը արժանի է ամենայն հարգանքի։ Ի սրտե շնորհավորում ենք այս հոբելյանի առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Համոզված ենք, որ​ երկրի առողջապահական համակարգում նրանք նվաճումներ կարձանագրեն, և դեռ երկար տարիներ բժշկագիտությունը կխոսի կենտրոնի թողած ձեռագրի, գիտական հարուստ ժառանգության մասին, կվերաիմաստավորվեն նրա թողած բժշկագիտական ավանդը, բարեգործությունները, հաճախ ինքնամոռացության հասնող գիտական խիզախումները:

Մեր  զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենտրոնի անմնացորդ և նվիրյալ զավակ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

-Պարոն Գրիգորյան, նախևառաջ ցանկանում ենք շնորհավորել ձեր կենտրոնի 45- ամյակը, մաղթում ամենայն բարիք և նորանոր  ձեռքբերումներ: Այս օրը հերթական առիթն է` հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժևորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

- Այո, իրականում ինձ համար մեծ պատիվ է լինել մալայանական ընտանիքի անդամ: Ասեմ, որ դեկտեմբերի 14-17-ին մեծ շուքով և պատվով տեղի ունեցավ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 45-ամյակին նվիրված հոբելյանական Ակնաբուժական միջազգային գիտաժողովը, որն անցավ բավականին բարձր մակարդակով: Միջոցառման ընթացքում բոլոր  զեկույցներում ներկայացվեցին այն գիտական նորարարությունները, որոնք իրականացվում են բաժանմունքներում։ Այդ զեկույցները շատ բովանդակալից էին և ծավալուն, քանզի դրանք ներկայացնում էին ոչ միայն բաժանմունքի բժիշկները, այլ նաև կլինիկական օրդինատորները։ Հոբելյանին ներկա էին  հյուրեր, որոնց ներկայացրեցինք մեր բաժանմունքները, մեր ցուցահանդեսը,  նաև մեր լսարանը:  Վերջին սերնդի մոտեցումներով վերանորոգվեց վիրահատական սրահը: Այն ունի գերհագեցած տեխնիկա: Հաջորդ օրը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտորը՝ Արմեն Մուրադյանը: Իսկ հաջորդ օրը  զեկույցներ ներկայացվեցին մեր մալայանական տանը. լավագույն զեկույցները ստացան մրցանակներ։ Միաժամանակ տեղի ունեցավ մի քանի գրքի շնորհանդես:

 Միջոցառումն ամփոփվեց մեր կենտրոնի տնօրեն պարոն Հովսեփ Միրոյանի փակման խոսքով: Ինքս էլ իմ զեկույցում շնորհակալություն հայտնեցի բոլորին` մինչ օրս մեր լի և գեղեցիկ անցած ուղու համար։

-Բժիշկ, ակնային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

- Ասեմ, որ 90 տոկոսով երիտասարդացում են ապրել  անոթային հիվանդությունները, և իհարկե գերակայող մասը շաքարային դիաբետն է։ Սրտանոթային հիվանդությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նաև աչքերի վրա։ Ինչպես գիտեք,  մենք բժշկի դիմում ենք արդեն ուշացած դեպքերում։ Ռետինոպաթիան  սարսափելի հիվանդություն է, և մենք բավականին հաճախ ենք առնչվում դրա հետ։ Չբժշկված ռետինոպաթիան  բերում է կուրության։ Բայց հուրախություն ինձ, մենք այսօր օժտված ենք բոլոր հնարավորություններով` եթե ոչ բուժելու կամ կանխելու, այլ որոշ չափով կանգնեցնելու հիվանդությունը` թույլ չտալով հիվանդների վերջնականապես  կուրացմանը։

-Այսօր կա՞ արդյոք կուրություն դեմ բուժում:

- Կա բուժելի և անբուժելի կուրություն։ Կատարակտն էլ է բուժելի կուրություն, որոշ ակնային հիվանդություններն էլ բուժելի կուրության շարքին են դասվում, բայց կան պրոցեսներ, օրինակ` ատրոֆիան, կամ վնասվածքներից հետո անվերադարձ հետևանքներ, դրանք անբուժելի կուրության շարքին են դասվում։ Կա նաև չոր աչքի համախտանիշ, որը կախված է  նաև շրջակա միջավայրի, օդի ախտոտվածությունից և այլ հանգամանքներից։ Դրա համար այսօր կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս ապրել առանց այդ տհաճ զգացողության։ Իրականում այդ դեղամիջոցները իրենցից վտանգ չեն ներկայացնում, չունեն վատ էֆեկտներ, ուղղակի թույլ են տալիս ապրել ավելի հանգիստ և ապահով։ Եվ, ցավոք, մի թեմա է ինձ համար այսօր արդիական. ներկա սերունդը կախվածություն ունի համարգիչներից և հեռախոսներից։ Այդ դեպքում աչքը քիչ է թարթվում, ուստի այդ համախտանիշը բավականին զարգացում է ապրել։ Դրա համար մենք միշտ հարցնում ենք պացինետին, թե ինչ աշխատանք է կատարում, և ըստ դրա`նշանակում ենք կաթիլներ,  նաև աչքի  վարժություններ։

-Աչքի ճնշում. ինչի՞ կարող է հանգեցնել այն:

- Այն  գլաուկոմա կոչվող սարսափելի հիվանդություն է, տարբերակումներ այստեղ էլ կան` ճնշում, որը կախված է բորբոքային հիվանդություններից: Այն բուժելի է, սակայն  գլաուկոման շատ անգամ բերում է անբուժելի կուրության, և  կախված է բժշկի վաղաժամ դիմելուց: Բարեբախտաբար,  այսօր վերընթաց են ապրում գլաուկոմայի բուժումները։ Եթե նախկինում գոյություն ուներ միայն վիրաբուժական բուժում, ապա այսօր կան բուժման բազմաթիվ մեթոդներ, շունտավորումներ, որը բավականին կարճ տևողություն ունի` երկու րոպե։ Այսօր շունտերի տեսակները բազմազան են, որոնք բավականին հեշտացնում են բուժող բժշկի աշխատանքը։

Գործում է նաև պետպատվերը, որի  շրջանակներում բժշկական ապահովագրությունից օգտվում են զինվորական և ռազմական ծառայության աշխատակազմը, սոցփաթեթի շահառուները, հերթագրմամբ հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները, որոնց թիվը բավականին շատ  է։

-Ուվեիտ. ի՞նչ հիվանդություն է այն:

-Դա աչքի բորբոքային հիվանդություն է, ու ոչ թե արտաքին, այլ ներքին անոթաթաղանթի բորբոքումն է, որն ընթանում է երկու փուլով, որոնք իրարից անկախ են ընթանում, քանզի դրանց անոթավորուշնեըը տարբեր են, բայց շատ անգամ կցվում են, ունենում են ընդհանուր ընթացք։ Բավականին լուրջ հիվանդություններ են։ Բայց այսօր, շնորհիվ լաբորատոր քննությունների, մենք բավականին վաղ հայտնաբերում ենք ուվեիտների առաջացման պատճառագիտությունը։ Բայց 36 տոկոս դեպքերում պատճառը չի հայտնաբերվում։ Այսօր կան հետազոտման տարբեր մեթոդներ, որոնք  թույլ են տալիս մեզ դա հայտնաբերել և անցկացնել երկարատև բուժումներ։ Մեզ մոտ շատ են հանդիպում նաև վնասվածքներից առաջացած դեպքերը:

 -Ակնոց թե՞ լինզա, ո՞րն է ավելի արդյունավետ:

-Մեկը մյուսին բացարձակ չեն խանգարում, յուրաքանչյուրը կիրառվում է ըստ անհրաժեշտության։  Լինզայի հիգիենան պահպանելը դժվար է, տղամարդկանց դեպքում` ավելի:  Հաճախ  չեն օգտագործվում պաշտպանիչ ակնոցներ,  ինչպես նաև չունենք ակնոցներ` աշխատանքային պայմաններին համապատասխան. Պետք է հաճախ լվանալ աչքերը, կիրառել նյութեր համակարգչով աշխատելու ժամանակ։ Իրականում ինձ հուզում են այն հիվանդությունները, որոնք, բառիս բուն իմաստով, բուժում չունեն. դիաբետը, գլաուկոման, չնայած գլաուկոմայի բուժմոտեցման մեջ առաջխաղացման մեծ քայլեր կան։ Դիաբետի դեպքում ևս կան վիրահատական միջամտություն, լազերային բուժում, բայց դրա հետ մեկտեղ այն իր հետքը ամեն դեպքում թողնում է։ Բայց իրականում բժշկությունը մշտապես կանգնած է նորարարությունների զարկերակի վրա, ամեն ինչ արվում է մեր կողմից, որպեսզի մենք համընթաց քայլենք այդ նորամուծություններին։ Վերջապես առաջնահերթ ցանկությունս`  մենք այլևս պատերազմ չտեսնենք, ապրենք խաղաղ երկնքի տակ, թող քիչ հիվանդանան, և թող մենք բժիշներս մնանք անգործ:

-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:

- Իրականում  չկա հետազոտման այնպիսի ախտորոշման մեթոդ, որը կարող է ընդհանուր պատկերացում տալ աչքի վիճակի մասին։ Միայն մեկ մեթոդով հնարավոր չէ աչքի մասին ինֆորմացիա կազմել։  Պետք է իրականացվի առաջնային զննում, տեսողություն իր կորեկցիայով, աչքի ճնշում իր կորեկցիայով, ակնահատակի զննում և  ակնոցի դուրս գրում։ Այնուհետև գալիս է հետազոտական մեթոդների հերթը։

 Հիմա, երբ ինտերնետը մեծ զարգացում է ապրում, մարդիկ տեղեկանում են և ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:  

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում: Առաջին հերթին՝ առողջություն: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Եվ դա այն պարզ պատճառով, որ հիվանդության բարդացման դեպքում, երբ հիվանդությունն արդեն իր սև գործն արել է, էլ ավելի բարդանում է այն հաղթահարելը, դժվարությունները բազմապատկվում են, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում ինչ-որ բան փոխել: Ավելի պատկերավոր ասենք՝ հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան այն բուժելը (ընդ որում, մի շարք առումներով՝ ֆինանսական, ժամանակային, հոգեբանական...): Չմոռանանք՝ կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը և պահպանենք առողջությունը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր