Մելինե Թումասյան

(0 votes)

«Կցանկանամ, որ մեր հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը»

Վերջին տարիներին էնդոկրին հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Էնդոկրինոլոգիան բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, այն մշտապես կատարելագործվում է, ստեղծվում և բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: Ոլորտի նեղ մասնագետները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանը` բավականին հաճելի զրուցակից, անչափ ուշադիր ու հոգատար բժիշկ` թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ շփվելու յուրահատուկ մոտեցմամբ մասնագետ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի: Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն ուժ ու եռանդ են հաղորդում  բժշկուհուն, իսկ մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է իր պացիենտների վստահությունը։ Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր բուժմոտեցումներ: 

-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

- Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել  են բավականին արդիական և մտահոգիչ։ Ինչպես վահանաձև գեղձի հիվանդությունները, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Մեկ այլ լուրջ և տարածված հիվանդություն է ճարպակալումը, որի տարածվածությունը կրկնապատկվել է: Եվ այս հիվանդացութունների մակարդակի աճը նկատվում է օր օրի։

Իրականում, որևէ էնդոկրին հիվանդություն առանձնացնել չենք կարող, քանզի այսօր էնդոկրին խնդիրները մեծ վերելք են ապրում։ Ցավոք սրտի, հիմնականում էնդոկրին հիվանդությունները քրոնիկ են համարվում։

- Ի՞նչ գործառույթներ են իրականացնում հարվահանաձևի գեղձի հորմոնները։

-Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն, որն օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը: Կալցիումն էլ իր հերթին կարևոր է մեր նյարդերի, մկանների և ոսկրերի նորմալ գործունեությունն ապահովելու համար: Հարվահանաձև գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները առաջանում են տարբեր պատճառներով, բուն օրգանների պաթոլոգիայի կամ երկրորդային ձևերով, որն էլ իր հերթին առաջացնում է լրջագույն հետեւանքներ` ոսկրային համակարգի հետ կապված։ Այդ իսկ պատճառով այսօր ավելի շատ զգոն ու հետևողական ենք գործիքային և լաբորատոր հետազոտությունների տեսանկյունից։

-Իսկ մակերիկամի հորմոնները։ Կմանրամասնե՞ք:

-Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, որոնք ունեն կեղևային շերտ, որն արտադրում է ստերոիդ հորմոններ և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին և նորադրենալին: Այդ իսկ պատճառով էլ  մեծ դեր ունեն արյան ճնշման կարգավորման, նյութափոխանակության և սթրեսին օրգանիզմի պատասխանելու հարցում։

Հիպոթալամուս, հիպոփիզ, մակերիկամներ, դրանք խոշոր էնդոկրին համակարգ են` սերտ փոխկապակցված։ Այս համակարգի դիսբալանսը բերում է մի շարք խնդիրների՝ ճարպակալման և քաշի դժվար իջեցման,  զարկերակային ճնշման կրիտիկ բարձրացման և ուղիղ կապ ունի սեռական համակարգը կարգավորող հորմոնների հետ: 

Նախկինում մակերիկամների խնդիրները շատ հազվադեպ էին հանդիպում, իսկ հիմա, ցավոք,  գրեթե 3-4-ի մոտ հայտնաբերվում է մակերիկամների ֆունկցիոնալ գործունեության խանգարում

-1-ին տիպի շաքարային դիաբետի մասին կխոսե՞ք։

- 1-ին տիպի շաքարային դիաբետը առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայման արդյունքում: Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է նաև զարգանալ չափահասների մոտ: Այն ժառանգականորեն նախատրամադրվածություն ունի: Այստեղ բարդություններն ավելի շատ հոգեբանական  են, որով պետք է զբաղվել և հոգեբանորեն տրամադրել գրագետ բուժման, բացատրել, որ այն ինսուլինոկախյալ է: Ճիշտ է, այն արտերկրում համարվում է ապրելակերպ` ռեժիմով սնվելու, հացային միավորների հաշվարկի առումով, բայց մեր երկրում դեռ չի ձևավորվել այդ մտածելակերպը։ Եթե բուժառուն ցանկանում է իր շաքարի մակարդակը լինի կոմպենսացված, նա պետք է  պարտադիր կատարի բժշկի ցուցումները: Այս դեպքում իրականում 50 տոկոսն է բժշկի աշխատանքը, մնացածը հիվանդը պետք է վերահսկի։

-Իսկ 2-րդ  տիպի շաքարային դիաբետը ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս։

-Այս շաքարային դիաբետը ի հայտ է գալիս բազմակի ախտանշաններով: Սկզբնական շրջանում հնարավոր է ընդհանրապես ախտանիշներ չնկատվեն: Մեզ այս դեպքերում օգնության է գալիս առաջնային օղակը` պոլիկլինիկաները, որտեղ հանձնվում է գլյուկոզայի անալիզ` պարզելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։  Եղել են դեպքեր, երբ գլյուկոզայի ցուցանիշը եղել է մինչև 30, բայց միակ ախտանիշը եղել է բերանի չորությունը, այլ ախտանիշ չի նկատվել։ Բայց հիմնական ախտանիշները` բերանի չորություն, գիշերամիզություն, հաճախամիզություն, շատախմություն, վերջույթներում թմրածության, ծակծկոցի զգացում, քաշի անկում, սրանք առաջնային ախտանիշներ են համարվում։

-Գեստացիոն շաքարային դիաբետ։ Ո՞ր դեպքում է ի հայտ գալիս:

- Գեստացիոն շաքարային դիաբետը ի հայտ է գալիս հղիության ժամանակ։ Այն կարող է լինել անցողիկ բնույթի` հետծննդաբերական շրջանում հնարավոր է գլիկեմայի ցուցանիշների լրիվ նորմալացում: Գեստացիոն շաքարային դիաբետի ժամանակ մենք կրկնակի խնդրի առջև ենք կանգնում` մոր և պտղի հետ կապված, և մեր հիմնական պայքարն ուղղված է երկու կյանքերի համար: Երբ հղիների մոտ ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա: Շաքարային դիաբետի ժամանակ ցուցված է ինսուլինոթերապիա, այն դեպքերում, երբ արդյունքի չենք հասնում դիետոթերապիայով և ֆիզիկական որոշակի ակտիվություն ցուցաբերելով:

-Վահանաձև գեղձի քաղցկեղ, ինչպե՞ս հասկանալ, որ քաղցկեղը զարգանում է։

-Հիվանդը երբեք չի կարող հասկանալ, որ իր մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է զարգանում։ Այն հիմնականում ախտանշաններ չի ունենում և ի հայտ է գալիս վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով, որը վերջնական ախտորոշման մեթոդ չէ, և եթե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ որևէ կասկածելի հանգույց է նկարագրվում, այդ դեպքում կատարվում է բարակ ասեղային բիոպսիա և արյան քննություն` վերջնական ախտորոշում դնելու համար: Խոշոր հանգույցների պարագայում կարող են ի հայտ գալ կոկորդում դիսկոմֆորտի նշաններ՝ խեղդոց, հազ, ձայնի փոփոխություն: Վահանաձև գեղձի քաղցկեղները պատահաբար ախորոշվող պաթոլոգիաներ են։  Ցավոք, քաղցկեղի զարգացման դեպքում հստակ ազդակ չկա։

- Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Սերնդափոխության առումով, ըստ իս, դրական տեղաշարժ կա: Այսօր արդեն կանխարգելիչ նպատակով դիմում են հետազոտությունների, և հուրախություն մեզ, այն ավանդական մոտեցումը վերանում է աստիճանաբար, երբ դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Այդ իսկ պատճառով ավելի վաղ են հայտնաբերվում հիվանդությունները՝ վաղ հետազոտությունների պայմաններում։ Իրականում նաև դիմում են մտավախություն ունենալով գենետիկորեն հիվանդության փոխանցումը հերքելու համար: 

Բայց ամեն դեպքում մարզերում դիմելիության մշակույթը իրականում խնդրահարույց է: 

-Բժշկուհի, ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

-Կարծում եմ, որ Բժշկական համալսարանում ուսանելու տարիներից սկսած չունեմ այնպիսի դասախոս, ով իր գիտելիքները անվերապահորեն փոխանցած չլինի ինձ։ Իսկ նեղ մասնագիտացման մեջ` միանշանակ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բոլոր էնդոկրինոլոգ բժիշկների ներդրումը` Ելենա Աղաջանովայի գլխավորությամբ: Անկեղծ ասած, այնտեղ, բոլորից, ինչ-որ բան սովորել եմ:

Կար նաև իմ ինքնակրթման ջիղը` զարգանալու, ետ չմնալու առողջության նորարարությունների զարկերակից։

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։

-Մայրս ավարտել է Բժշկական համալսարանի դեղագործական բաժինը, բայց ցավոք, այժմ  չի աշխատում իր մասնագիտությամբ։ Ինձ բժշկության հանդեպ սերը սերմանել և ուղղորդել է մայրիկս։

- Որպես մեր զրույցի  վերջաբան` խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Ցանկությունս այն է, որ մեր հասարակության համար բժշկությունը հասանելի լինի լիովին, առհասարակ մենք էլ իրենց հանգիստ ուղղորդենք անհրաժեշտ հետազոտություններին, ինչը մեզ հետագայում կօգնի գրագետ բուժման կազմակերպման համար։ Ցավոք սրտի, այսօր ունենք սահմանափակումներ` ֆինանսական առումով։

Իսկ որպես հորդորս ասեմ, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող, սիրող և զիջող լինեն: Հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը, ժամանակին դիմեն բժշկի խուսափելու հետագա բարդություններից: Ես հավատում եմ, որ միաբանության մեջ է հաղթանակը, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` ամուր պահենք մեր երկիրը։

Իսկ մասնագիտական խորհուրդս մեր հասարակությունը այն է, որ հրաժարվեն վնասակար սովորություններից, կտրականապես բացառեն ծխելը, հետևեն իրենց մարմնի քաշին և առկա գանգատների դեպքում անպայման դիմեն բժշկի` վաղ ժամկետներում բացահայտելու համար առկա խնդիրները։ Իսկ մեր սիրելի կանայք առաջնահերթ մտածեն իրենց մասին, ոչ թե, ինչպես ընդունված է մեր հայ կանանց մեջ, առաջին տեղում դասել  երեխաներին, ամուսնուն, նոր վերջում` իրենց։ Սխալ մոտեցում է։ Իրականում, եթե տան հիմնասյունը` կինը, առողջ է, ապա ընտանիքն էլ կլինի լիրակար երջանիկ և առողջ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր