«Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա»
Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում և ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից:
Հայաստանում անպտղության ցուցանիշը օր օրի ավելի մտահոգիչ է դառնում։ Այն գերակա հիմնախնդիր է` սոցիալական ու բժշկական առումներով: Բայց ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունն արդեն վաղուց կարողացել է անպտղությանը ոչ ասել՝ շնորհիվ ինչպես բժշկագիտության առաջընթացի, այնպես էլ` այս ոլորտի իսկապես նվիրյալ ու անձնուրաց բժիշկների:
Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ: Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլև առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Բժշկուհին հիմնականում զբաղվում է ծննդօգնությամբ և հղիության վարումով, և երկար տարիների աշխատանքային փորձ ունենալով` նրա պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ իր մոտ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ բերել իրենց փոքրիկին: ժամանակին ընտրելով բժշկի մասնագիտությունը` բժշկուհին մասնագիտական պատվով էլ շարունակում է կատարել իր աշխատանքը: Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն դիմած յուրաքանչյուր ամուսնական զույգի կողքին և ամեն վայրկյան հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Նա ապրում է իր բուժառուների հոգսերով, ում համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը: Արմինե Մխիթարյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու մեծագույն և այնքան բաղձալի բերկրանքը:
-Բժշկուհի, ի՞նչ է էնդոմետրիումի հիպերպլազիան։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։
-Էնդոմետրիումի հիպերպլազիան լինում է հորմոնալ փոփոխությունների դեպքում, կարող է հանդիպել թե՛ երիտասարդ տարիքում և թե՛ մեծ տարիքային շեմում, և հնարավոր է կրի նաև չարորակ բնույթ: Էնդոմետրիումի հիպերպլազիան (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով: Արգանդում կա լորձաթաղանթ, ֆունկցիոն շերտ, որը դաշտանի արյան հետ դուրս է գալիս։ Տարբերակվում է պրոֆերացիա և սեկրեցիա, այսինքն՝ լորձաթաղանթը հաստանում է հորմոնալ ազդեցության տակ, երբ այդ հորմոնալ համակարգը խախտվում է, սկսում է լորձաթաղանթի գերաճ։ Երբ մենք գործողություն ենք կատարում բուժիչ կամ դիագնոզիչ քերուկ ենք վերցնում` լինի գա հիստերոսկոպայի միջոցով, թե` ուղղակի գործիքային, երբ հեռացվում է լորձաթաղանթը, որպեսզի արյունահոսությունը կանգ առնի, լորձաթաղանթը ուղարկվում է հետազոտման` հասկանալու համար գոյացությունը բարորակ է, թե` չարորակ: Եվ, հուրախություն մեզ, 80-90 տոկոս դեպքերում բարորակ է լինում հիպերպլազիան, որն էլ ենթակա է բուժման: Նախ պետք է գերաճած լորձաթաղանթը հեռացնել, և եթե հորմոնալ բնույթ է կրում, բուժում նշանակել, իսկ բացասական պատասխանի դեպքում որպես ցուցում կատարվում է վիրահատական միջամտություն։ Կախված կնոջ տարիքից` մեր կողմից մշակվում է բուժման ընթացակարգը։ Կարող է նույնիսկ արգանդի հեռացման կարիք լինել։ Կա նաև ուղղակի լորձաթաղանթի հեռացում: Իսկ եթե կինը երիտասարդ է, հետագա պլաններից կախված՝ նշանակվում է հորմոնալ բուժում։
-Արգանդի կպումները՝ սինեխիաները, ի՞նչ խնդրի հետևանք են:
-Այն պաթոլոգիա է, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, որը կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է: Առաջանում է այն ժամանակ, երբ արգանդի խոռոչում բժշկական միջամտություններ են իրականցվում, երբ հնարավոր է լորձաթաղանթից շատ վերցվի, այդ տեղում առաջանում են կպումային պրոցեսներ։ Դա էլ վիրահատական միջամտությամբ կարողանում ենք վերացնել։ Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։
-Պոլիպներ: Կմանրամասնե՞ք:
-Պոլիպները` նույն հիպերպլազիան, պատճառագիտություն ունեն. դրանք էլ մեծ մասամբ բարորակ են լինում, բայց բնականաբար խանգարում են հղիության զարգացմանը` նայած իրենց տեղակայումից: Պոլիպների դեպքում միմիայն ցուցված է վիրահատական միջամտություն, այն լորձաթաղանթի գոյացություն է։ Հեռացվում է հիստալոգիայից հետո, և թելադրվում է մեր հետագա բուժմոտեցումը։
-Արհեստական ընդհատումներ։ Հաճա՞խ են այսօր դիմում:
-Ես կտրականապես հրաժարվում եմ արհեստական ընդհատումներ կատարել, միայն ընդհատում ենք խիստ բժշկական ցուցումների դեպքում։ Ես շատ հավատքով մարդ եմ, ինձ համար մեծ նշանակություն ունի, եթե Աստծո կամոք հղիություն է գրանցվել, և խանգարող խոչընդոտ չկա հղիության համար, ապա այդ երեխան պետք է լույս աշխարհ գա:
-Բժշկուհի, խոսենք արգանդի միոմայի մասին:
-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է մկանային հյուսվածքից: Արգանդի միոման կարող է լինել մեծ չափերի, և հաճախ միայն այդ դեպքում է կինը դիմում մասնագետին։ Կլինիկական դրսևորումները հաճախ պայմանավորված են լինում միոմայի տեղակայմամբ, չափերով։ Դրանք, պարզ անհարմարավետությունից զատ, կարող են ցավային համախտանիշի, արյունահոսությունների և այլ բարդությունների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ կանանց ժամանակ առ ժամանակ դիմել գինեկոլոգին, համապատասխան հետազոտությունների ենթարկվել, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խնդիրները, կանխարգելվեն հնարավոր բարդությունները կամ բուժվեն։
Արգանդի հեռացումը բազմաթիվ պատճագիտություն ունի, կատարվում է խիստ ցուցումների դեպքում, երբ այլընտրանք չկա, պետք է հեռացնել արգանդը, որպեսզի փրկենք կնոջ կյանքը։ Կան պաթոլոգիաներ, որոնց դեպքում ցուցված է, օրինակ, առատ արյունահոսությունները, մեծ միոմաների դեպքում, երբ արդեն տարիքային այդ օրգանը իր գործառույթը չի կարող կատարել, այդ դեպքում ամբողջական հեռացվում է։ Կարող է լինել արգանդի պարանոցի պաթոլոգիա. ուղղակի բուժող բժիշկը հապճեպություն չպետք է դրսևորի, որոշակի հետազոտություններ կատարելուց հետո նոր տա ճշգրիտ և գրագետ բուժմոտեցում։
- Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։
-Վիժումները կարող է առաջանալ սեռավարակների, էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, օրինակ` վահանաձև գեղձի հիպոթիրեոզի պատճառով, ժառանգական նախատրամադրվածության, արյան մակարդելիության գերակա խնդրի առկայության դեպքում, ինչպես նաև պատճառ կարող են հանդիսանալ զույգերի գենետիկ անհամատեղելիությունը։
-Ըստ Ձեր աշխատանքային փորձի` գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Ըստ իս` արգանդի միոմաները, նախկինում այսքան մեծ տոկոս չէին կազմում։ Միոման մկանային շերտի գերաճ է, գոյացություն է, որը զարգանում է` հորմոնալ ֆոնի փոփոխություններով պայմանավորված: Նայած, թե այն ինչ տեղակայում ունի, ըստ այդմ ձեռք է բերում իր անվանումը։ Օրինակ, եթե ավելի արտաքին շերտին մոտ է տեղակայված, ստացել է սուպսերոզ անվանումը, եթե անմիջապես արգանդի մեջ է տեղակայում գտել, նիտրամուռալ է, եթե լորձաթաղանթին մոտ է, ապա այն սուպմուկոզ է: Շատ վտանգավոր են լորձաթաղանթի մոտ գերաճած միոմաները, որոնք ավելի շատ են արյունահոսության պատճառ հանդիսանում և իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:
-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում։
-Մեծ մասամբ կպումային պրոցեսից է զարգանում, երբ պտղաձուն ձևավորվում է և, այսպես ասած, ճանապարհի անանցանելիության պատճառով չի հասնում արգանդ։ Կարող է նաև զարգանալ ինֆեկցիաների, նախկինում տարած վիրահատությունների, էնդոմետրիոզի դեպքում, իրականում պատճառագիտությունը բավականին բազմազան է։
-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՝ կոչում։
-Կարծում եմ, որ երկուստեք պետք է լինի, տարանջատել չեմ կարող։ Ես դեռ 12-13 տարեկան էի, որ որոշումս արդեն կայացրել էի, որ պետք է զբաղվեմ բժշկությամբ: Ըստ իս` ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է բժշկի աշխատանքը, և ի վերուստ ինձ տրված է եղել միանշանակ այդ առաքելությունը, իսկ կոչումը ձեռք ես բերում աշխատանքային տարիների թողած եզրագծով։ Իմ արմատներում չեն եղել բժիշկներ: Իսկ իմ երեխաների դեպքում` աղջիկս է ընտրել բժշկությունը, իրականում ես իրեն ուղղորդել եմ մասնագիտացման մեջ, բայց ոչ գինեկոլոգիա: Այսօր արդեն ուսանում է 6-րդ կուրսում: Իմ նեղ մասնագիտացման տարիներին ունեցել եմ բավականին շատ ուսուցիչներ, կնշեմ Վարդան Վլադիմիրի Ռափյանի, Արմեն Հրաչի Գրիգորյանի, Դավիթ Պողոսի Իգնոյանի անունները, որոնց ներուժը իմ նեղ մասնագիտացման մեջ անուրանալի է: Ես միշտ սիրում եմ շարունակական կրթությունը. մասնակցում եմ կոնֆերանսների, առցանց վերապատրաստման դասընթացների, մեկնում եմ նաև արտերկիր, մասնակցում վերապատրաստման դասընթացների, աշխատում եմ զերծ չմնալ նորությունների զարկերակից։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Բավականին բանիմաց երիտասարդ կադրեր ունենք: Իրականում եթե ընտրած մասնագիտությունը չսիրես, հավատացեք, լավ մասնագետ չես դառնա։ Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էին, հիմա` ինտերնետային դարում, ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
-Որքանո՞վ է հայ կինը ուշադիր իր առողջության նկատմամբ։
-Նախկիում պատկերն այլ է, ըստ հայկական մտածելակերպի` մինչև դանակը ոսկորին չէր հասնում, չէին դիմում բժշկի: Բայց այսօր հակառակ պատկերն է, սկսել են հետևել իրենց առողջությանը, որն ինձ համար ուրախալի փաստ է:
-Ո՞վ կամ ի՞նչն է ձեր ոգեչնչման աղբյուրը։
-Ես սիրում եմ բարին արարել, բարեգործ լինել, օգտակար լինել ինձ շրջապատող մարդկանց, իմ ուժերի շրջանակներում աջակցել, իսկ եթե իմ ուժերից վեր է, խորհրդով օգնել։ Աստված ինձ շնորհել է բնավորության այս գծով` հնարավորինս լավը արարել, գրեթե ոչ ոքից չեմ նեղանում, քանի որ մտածում եմ, որ հաստատ դիմացինը այդ պահին հոգեկան գերլարված վիճակում է եղել, որ այդպես է արտահայտվել, պետք է իր կողքին լինել, և ոչ թե նեղսրտել։ Իրոք հարգենք միմյանց, չվիրավորենք, սիրենք, ոչ թե ձևական խոսքեր շռայլենք։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Կցանկանամ, որ բոլոր կանայք զգան մայրանալու բերկրանքը, ունենան շատ բալիկներ, չէ՞ որ մեր ազգաբնակչության գենոֆոնդն այս պահին բավականին ցածր մակարդակի վրա է։ Մեր ազգը պետք է շատանա, մենք` բժիշկներս էլ, պատրաստակամ ենք աջակցել և ցանկացած առողջական խնդրի դեպքում լինել ամուսնական զույգերի կողքին։ Առողջ, արժանի ապագա սերունդ է մեզ պետք։
Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը