Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից
Վիտրեոռետինալ վիրաբուժությունը ժամանակակից ակնաբուժության ամենահեռանկարային ուղղություններից է։ Հենց այս ուղղությունն է թույլ տալիս լավացնել կամ ամբողջությամբ վերականգնել տեսողությունը այն դեպքում, երբ մինչև վերջերս նման միջամտությունը համարվում էր անհնար։
Մեր զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Ակնաբուժության ամբիոնի դասախոս, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքի ակնաբույժ Սիրանույշ Մատինյանը։ Բժշկուհին մշտապես դիմակայել է ժամանակների և գիտության մարտահրավերներին՝ շարունակաբար լրացրել ու հարստացրել իր գիտելիքներն ու մարդկային տեսակի ներուժը՝ հատուկ շեշտադրելով արդի բուժմոտեցումները` դրսևորելով պրոֆեսիոնալիզմը և բժիշկ-բուժառու լավագույն մոտեցումները:
Իսկ ակնաբուժության ոլորտում իրապես զարմացնում ու նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է անսահման բարի հոգու, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար: Իր բազմավաստակ գործելաոճով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, այս դեպքում` աչքեր` բարձրացնելով կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը…
-Բժշկուհի, կմանրամասնե՞ք, թե ակնային ինչ պաթոլոգիաներով է զբաղվում ձեր բաժանմունքը։
-Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքում զբաղվում եմ ակնահատակի բոլոր պաթոլոգիաների հետազոտմամբ եւ բուժմամբ` տարիքային մակուլյար կամ «դեղին բծի» դեգեներացիայի, որոնք, ցավոք, ամբողջ աշխարհում եւս մեծ տարածում ունեն եւ երկարակեցության հետ պայմանավորված` շատ արդիական է դարձել տարեցների մոտ, երբ նրանք կորցնում են իրենց տեսողությունը, ինչպես նաեւ աթերոսկլերոտիկ ախտահարումները, կատարակտը, այսինքն` օրգանիզմի ծերացումից բխող խնդիրները։ Ցավոք, հաճախացել են եւ մեծ թիվ են կազմում ցանցենու շերտազատման դեպքերը թե՛ երեխաների, թե՛ դեռահասների շրջանում, որը պատճառահետեւանք է բարդացած կարճատեսության, դիաբետիկ շերտազատումները, որն ինքնին բավականին ծանր պաթոլոգիա է, հիպերտոնիկ ագիոպաթիաները։ Մեր բաժանմունքում իրականացվում են ակնահատակի ամենաբարդ վիրահատությունները։ Վիտրեոռետինալ վիրահատություն նշանակվում է պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի, ապակենման մարմնի դեստրուկցիայի, հեմոֆթալմի (արյունազեղում ապակենման մարմնում), հետթրոմբոթիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի, էպիմակուլյար ֆիբրոզի, ապակենման մարմնի ախտահարումների (պղտորում, ոսպնյակի տեղախախտ), մակուլյար պատռվածքների, ցանցաթաղանթի շերտազատման և պատռվածքների, կատարակտաների բարդացած դեպքերում։ Այսինքն` իրականացվում են բարդագույն պաթոլոգիաների բուժում` բուժառուներին վերադարձնելով աչքի լույսը։ Այդ թվում նաև տարբեր հետվիրահատական, հետրավմատիկ, կամ այլ ծագման էնդոֆթալմիտների՝ թարախային բորբոքումների բուժմամբ:
-Բժշկուհի, ի՞նչ է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան, և ո՞ր դեպքում է այն իրականացվում։
-Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան պղտորված ոսպնյակի վիրահատական միջամտությամբ հեռացումն է ամենաժամանակակից մեթոդով՝ ուլտրաձայնի միջոցով։ Այսինքն` այն բուժառուների մոտ, ովքեր ունեն կատարակտի վիրահատության անհրաժեշտություն։ Եվ իհարկե ցանկալի է այն իրականացնել ոչ հասուն կատարակտի դեպքում, երբ կարող ենք գրանցել արդյունավետ ցուցանիշներ։
-Ի՞նչ ասել է արտիֆակիկ աչք։
-Արտիֆակիկ աչքը արհեստական ոսպնյակով աչքն է, այսինքն՝ այլ կերպ ասած կատարակտի վիրահատությունից հետո, երբ տեղադրվում է արհեստական ոսպնյակ, այդ աչքը կոչվում է արտիֆակիկ աչք։
- Իսկ ի՞նչ է ամետրոպիան։
-Ամետրոպիան ցանկացած ակնային շեղումն է նորմալ ռեֆրակցիայից՝ բեկման ուժից, այսինքն, երբ աչքը նորմայում հարմարվում է հստակ տեսողությանը տարբեր հեռավորությունների վրա։ Ամետրոպիաների դեպքում առաջանում է շեղում հստակ տեսնելու հնարավորությունից, եւ դա պայմանավորված է տարբեր պաթոլոգիաներով` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, որոնք էլ հենց առաջացնում են այդ շեղումները։
-Շաքարային դիաբետը աչքերի ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։
-Շաքարային դիաբետը, ցավոք, օր օրի լայն տարածում է գտնում եւ աննկարագրելի տեմպերով զարգացում ապրում` հետագայում դրանից բխող բարդություններով։ Թերեւս, ամենածանր բարդությունը ակնաբուժության մեջ դիաբետիկ ռեթինոպաթիան է, իսկ դրանից բխող բարդությունները ցանցենու շերտազատումն է, ապակենման մարմնի մեջ արյունազեղումները, նեովասկուլյար գլաուկոման, որոնք թերեւս դասվում են կուրություն բերող ամենամեծ խմբին։ Շաքարային դիաբետի դեպքում ակնագնդի ցանկացած հատված կարող է ախտահարվել` սկսած առաջնային հատվածից եղջերենու ախտահարումով` կատարակտով, ապակենման մարմնում արյունազեղումներով, ցանցենու շերտազատումով: Այսինքն` ամբողջ ակնագունդը շաքարային դիաբետի արդյունքում կարող է ենթարկվել լուրջ ախտահարման։
-Բժշկուհի, ո՞ր դեպքում է ցուցված վիտրեկտոմիան:
Վիտրեոռետինալ վիրաբուժության ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է վիտրէկտոմիան, որի ժամանակ ամբողջությամբ հեռացվում է ապակենման մարմինը և առկա պրոլիֆերատիվ մեմբրաները, արյունազեղումները, թարախային էքսուդատը։ Բացի դրանից, իրականացվում է սպիացած հյուսվածքների հեռացում ապակենման մարմնից կամ ցանցաթաղանթի մակերեսից։
Վիտրէկտոմիան՝ ապակենման մարմնի հեռացումը, առաջին անգամ կատարվել է մեր կենտրոնում 1985 թվականին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից։
Սկսած այդ թվականից մինչ այսօր մեր բժիշկները, պարբերաբար վերապատրաստվելով և կատարելագործվելով այս բնագավառում, հաջողությամբ կատարում են վիտրեոռետինալ վիրահատությունները: Վիրահատության մեթոդի ընտրությունը, ինչպես նաև վիրահատական միջամտության ծավալը որոշվում է՝ նախապես իրականացված հետազոտությունների, պաթոլոգիայի բարդության և բուժող բժշկի կարծիքի հիման վրա։
Վիտրեկտրոմիան կիրառելի է վերը նշված պաթոլոգիաների բուժման դեպքում, դիաբետիկ, հիպերտոնիկ ռեթինոպաթիայի, ապակենման մարմնի մեջ արյունազեղումների, ցանցենու շերտազատման դեպքերում, որը բացառապես շտկվում է վիտրեկտրոմիայի միջոցով, տարբեր տեսակի ապակենման մարմնի փոխարինիչների ժամանակավոր կիրառումով, որոնք թույլ են տալիս շտկել ցանցենու ճշգրիտ անատոմիական դիրքը եւ հնարավորինս վերականգնել կորցրած տեսողությունը։
-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է կուրությունը:
-Նայած թե ինչ աստիճանի կուրություն է, եթե աչքն ընդհանրապես կորցրել է լույս տեսնելու ունակությունը, ցավոք, այն բուժման ենթակա չէ։ Իհարկե արդի նորարական բուժմոտեցումների մեջ կիրառելի են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել որոշ չափով տեսողությունը: Մեր երկրում նման վիրահատություններ, ցավոք, առայժմ չեն իրականացվում, բայց հուսանք` մոտ ապագայում նման բուժառուների համար էլ մեր երկրում կունենանք հնարավորություն իրականացնել նման վիրահատություններ։
-Կոնտակտային լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:
-Իրականում ցանկացած կոնտակտային լինզա կրող անձ պետք է կրի նաեւ ակնոց, քանզի կան դեպքեր, երբ ուղղակի վերջինների կիրառումը չի թույլատրվում մի շարք բորբոքային հիվանդությունների դեպքում։ Երկուսն էլ բավականին մեծ կիրառություն ունեն, երկուսն էլ ունեն իրենց առավելությունները, բայց ինչ-որ տեղ նաեւ դա պայմանավորված է տվյալ անձի մասնագիտական գործունեությամբ եւ նախասիրություններով։ Թերեւս, երկուսն էլ առանձին խնամք են պահանջում։
-Իսկ մեր ժամանակներում աչքի ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։
-Գրեթե բոլոր ակնային հիվանդությունները երիտասարդացում են ապրել։ Եթե հիվանդություններ կային, որ կհանդիպեին ավելի մեծ տարիքում, այսօր երիտասարդացում են ապրել։ Իսկապես, երբ վերհիշում եմ որպես սկսնակ ակնաբույժ իմ երիտասարդ տարիները, կան հիվանդություններ, որ շատ հազվադեպ էին հանդիպում։ Իսկ այսօր բավականին մեծ թիվ են կազմում դրանք, իհարկե միանշանակ դա պայմանավորված է թե՛ էկոլոգիայի փոփոխություններով, թե՛ արդի գաջեթների, սմարտֆոնների լայն կիրառությամբ, թե՛ մաքուր օդ շնչելուն ավելի քիչ ժամանակ տրամադրելու հանգամանքով եւ մի շարք այլ պատճառներով, սխալ տեսողական հիգիենայով։
-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների` Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։
-Իհարկե փորձում ենք հետ չմնալ նորարարությունների զարկերակից, քանզի բժշկությունը այնպիսի արագությամբ է զարգանում, որ եթե հետ մնաս այդ ընթացքից, որպես մասնագետ կարող ես զիջել դիրքերդ եւ դոփել տեղում։ Ուստի, անպայման պետք է ժամանակ գտնել վերապատրաստումների համար, քանզի այն շատ կարեւոր է մասնագետի առաջխաղացման համար։ Նման վերապատրաստումները մեզ տալիս են փորձի փոխանակում արտերկրի կոլեգաների հետ, քանզի իրենց մոտ բավականին արագ է զարգանում բժշկությունը։
-Տեղյակ ենք, որ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա ակնաբուժությունը:
-Հուրախություն մեզ` այսօր ունենք բավականին խոստումնալից երիտասարդություն, որոնք բավականին զարգացած են, ձգտող, պրպտող, եւ լիահույս եմ, որ մեր ակնաբուժության ապագան հուսալի ձեռքերում է, հատկապես, որ այսօր իրենք ավելի մեծ հնարավորություն ունեն ինքակրթվելու, քան մեր ուսանելու տարիներին էին։ Անկեղծանալով կցանկանայի ասել, որ շատ սիրում եմ մեր ուսանողներին: Իհարկե, տարիների ընթացքում եղել են տարբեր տեսակի ուսանողներ, ինչու չէ, նաեւ միջին մակարդակի գիտելիքներով, բայց Բժշկական համալսարանի ներկա կրթական ծրագիրը բավականին հագեցած է, լեցուն եւ նաեւ պահանջկոտ։ Ուստի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանելը այդքան էլ դյուրին չէ, այսինքն` եթե պատրաստված չլինեն, չունենան համապատասխան գիտելիքներ, համառություն, համբերություն` առանց ընկճվելու առաջ գնալու, եւ պրպտող միտք, դժվար կլինի ուսանելը։ Բայց, փառք Աստծո, այսօրվա ուսանողների մեծ մասը մեր ապագա բժշկությունն ավելի են զարգացնելու։ Ես դրանում վստահ եմ։
- Ի՞նչն է Ձեզ համար ներշնչանքի աղբյուր։
-Ես ինձ լիրաժեք եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց, պետք է լուսավորել ոչ միայն մարդկանց աչքերը, այլեւ սիրտը եւ հոգին, մարդիկ պետք է լուսավոր լինեն իրենց էությամբ ամբողջովին։
-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։
-Հատկապես մեր երկրում, կարծում եմ, բժշկությունը առաքելություն է, բայց իհարկե ոչ բոլորին է ի վերուստ տրված կոչումով բժիշկը լինելը։
-Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
-Առաջնահերթ ցանկանում եմ, որ ապրենք խաղաղ երկնքի տակ, քանզի ապահով երկրում մարդիկ հոգեպես ավելի հանգիստ են, քանի որ բոլոր հիվանդությունների պատճառը մեր նյարդային համակարգի անհանգստությունն է, նաեւ ակնային հիվանդությունների դեպքում է կարեւոր հոգեվիճակը։ Կցանկանայի մեր հասարակությանը կուռ համբերություն, որպեսզի դիմակայի իրեն բախվող ցանկացած հիվանդությանը։ Ժամանակին բժշկի չդիմելու պատճառները բավականին խորն են, մենք լավ գիտակցում ենք, որ սոցիալական կարգավիճակը առաջին տեղում է` ուշացման դեպքերի առումով, ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի օգնությանը, երբեմն` ստիպված, բայց ցավոք սրտի, արդեն շատ ուշացած։ Շատ կցանկանայի, որ մեր երկիրը իր զարգացման մակարդակով երբեւէ չզիջեր եվրոպական առաջատար երկրներին, որտեղ հնարավոր է ամեն ինչը կազմակերպել ժամանակին եւ ամենաբարձր մակարդակով: Մասնագետների առումով մենք ընդհանրապես խնդիր չունենք, ամբողջ խնդիրը ուշ դիմելիության մեջ է։ Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից, հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության կանխարգելումը անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում, առանց տարակուսելու, իր մոտ ծագած խնդիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն, պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետևանքներ, որոնք կարող են ավերիչ լինել ոչ միայն մարմնապես, այլև` հոգեպես:
Առողջ եղեք։