ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆ

(1 Vote)

Չարորակ նորագոյացությունը չի նշանակում դատավճիռ

  Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է: Այն նշանակվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում, մետաստազների պրոֆիլակտիկայի, ուռուցքի՝ վիրահատության նախապատրաստման համար ձևափոխման նպատակներով, վիրահատական միջամտությունն արդյունավետ դարձնելու միտումով և այլն: Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք բուժման այս չափազանց ընդհանրական անվանում ստացած եղանակի մասին: Սակայն փորձը, քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժում ստացած մարդկանց պատմություններն ու ապրումները ցույց են տալիս, որ դեռևս բավարար տեղեկացված չենք այս երևույթի, դրա ընթացքի ու բարդությունների վերաբերյալ:
   «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2016թ. բացվեց քիմիաթերապիայի բաժանմունքը, որը ղեկավարում է Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինս մեղմել քիմիաթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը: Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ վիրահատությունը, քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժումը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը: Բաժանմունքում առկա է «Paxman cooling cap» կոչվող սարքավորումը, որը հեղուկ սառեցված սիլիկոնե գելի միջոցով սառեցնում է գլխի մազածածկ հատվածը քիմիաթերապիայի ընթացում և կանխում քիմիաթերապիայից առաջացող մազաթափությունը:

Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու,  Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆԸ:

Նրա հետ զրուցեցինք Հայաստանում քիմիաթերապիայի ներկա վիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին, որոնց շարքում առանձնացվում են քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորումը, ինչպես նաև քաղցկեղով հիվանդների տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումը: Այս քայլերը, ըստ մեր զրուցակցի, թույլ կտան Հայաստանում քիմիաթերապիան անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Բժշկուհու համար մասնագիտական հաջողություններ արձանագրելու կարևոր պայմանը նպատակադրվածությունն է, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բազում խոչընդոտներ և չերկնչող կամքով ընթանալ առաջ:    

-Տիկի՛ն Գյոքչյան, մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

- Ասեմ, որ միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և օրդինատուրան  ավարտել եմ գերազանցությամբ` ոսկե մեդալով և կարմիր դիպլոմներով: Աշխատանքային գործունությունս սկսել եմ համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատանքի անցնելով Մուրացանի անվան կլինիկայի տրավմատոլոգիայի բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Երկու տարի հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ որպես քիմիաթերապիայի և մանկական օնկոլոգիայի բաժանմունքի ավագ բժիշկ: 2016 թվականի ապրիլից ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքը: 2005թ.-ից միջազգային «MASCC», «ESMO»  ասոցիացիաների անդամ եմ, ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ: Համակարգել եմ քաղցկեղի կանխարգելման միջազգային  ծրագրեր: 43 գիտական հոդվածների հեղինակ  եմ: Ընտրեցի ուռուցքաբանի մասնագիտությունը, որովհետև այս ճյուղում միշտ պայքարելու տեղ կա, իսկ ես բնույթով պայքարող եմ, տվյալ դեպքում՝ մարդկանց կյանքի համար: Մեր հիվանդներին պետք է խոսքի ուժով բուժել, քանի որ հիվանդը գալիս է մեզ մոտ արդեն ընկճված, հուսահատված, ու հաճախ ես այս չարագույն հիվանդության մեջ առաջնահերթը համարում եմ ուժեղ սթրեսի գործոնը, որը կարող է հիվանդության զարգացման խթան դառնալ: Այդ իսկ պատճառով միշտ աշխատում եմ մոտիվացնել իմ հիվանդներին խոսքի ուժով, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ չարագույն հիվանդությունը:

- Քիմիաթերապևտիկ բուժման ի՞նչ տարբերակներ կան, որոնք չեն իրականացվում Ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքի հնարավորությունները լայն են, և գրեթե բոլոր տեսակի չարորակ ուռուցքներին ցուցված քիմիաթերապևտիկ բուժում կարողանում ենք ապահովել:

-Հիվանդության երիտասարդացում նկատվո՞ւմ է:

-Այո, երիտասարդացում է նկատվում: Ես չեմ կարող ասել, որ դա կրում է համատարած բնույթ, բայց նման դինամիկա կա: Այսօր կարող ենք 20 տարեկան երիտասարդների մոտ հայտնաբերել թոքի քացկեղ, որը շատ ցավալի երևույթ է: Դա շատ լուրջ ահազանգ է մեզ համար: Լայն տարածքում ունի կրծքի և թոքերի քաղցկեղը:  Բուժող բժիշկն անպայման պետք է հաշվի առնի պացիենտի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդների հարազատները փորձում են թաքցնել հիվանդից իր հիվանդության բարդության և մահացության աստիճանը, սակայն հիվանդը պետք է իմանա ճշմարտությունը, որպեզի գիտակցի և պատրաստ լինի հետագա քայլերին: Ես իմ հիվանդներին հետազոտելուց հետո նրանց մանրամասն ներկայացնում եմ իրենց հիվանդության մասին։ Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ մարդիկ, սոցիալական ծանր վիճակից ելնելով,  չեն կարողանում ժամանակին դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, որ սոցիալապես բավականին ապահով մարդիկ են դիմում մեզ իրենց հիվանդության վերջին ստադիայի ժամանակ, երբ արդեն անհնար է ինչ-որ բանով իրենց օգնելը:

-Հասցնո՞ւմ եք և աշխատել, և հետևել նորարություններին ու վերապատրաստվել։

- Աշխատում եմ երբեք բաց չթողել կարևորագույն ոչ մի գիտաժողով, ուշադիր հետևում եմ նորարարություններին, որովհետև կարծում եմ՝ միշտ էլ սովորելու և առաջ գնալու տեղ ունեմ: Իմ բոլոր պատվոգրերը վկայում են  միջազգային գիտաժողովներին իմ մասնակցության մասին: Ես չեմ սիրում դոփել տեղում, իսկ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է միշտ նորարարությունների հոսքի հետ քայլել, դրանով իսկ լրացնել գիտելիքների բազան և ներդնել այդ գիտելիքները Հայաստանում բժշկական որակը բարձրացնելու համար:

-Որքանո՞վ է կարևոր հիվանդի տրամադրվածությունը: Ինչո՞վ են պայմանավորված հիվանդի հոգեկան անհանգստությունները քիմիաթերապիայի ընթացքում։

-Շատ բան է կախված հիվանդի հոգեվիճակից և տրամադրվածությունից։  Ստանալով բացարձակ չտարբերվող բուժում՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են այն ընդունում։ Այստեղ սթրեսը և քիմիաթերապիայի մասին վատ լեգենդները կարող են լուրջ բարդություններ առաջացնել։ Վախը, մտահոգությունը նորմալ բան են, սակայն մենք փորձում ենք մարդկանց բացատրել, օգնել հաղթահարելու այդ վախը: Պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք` բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մարդու հոգեբանությունը հասկանալու գործոնը: Այնպես որ, սա շատ ծանր ոլորտ է, դրա համար ամբողջ աշխատակազմից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը առկա է մեզ մոտ: Մենք՝ ուռուցքաբաներս, այն մասնագետներն ենք, որոնք քայլում են հիվանդի հետ շատ նեղ արահետով և այդ արահետով պետք է կարողանանք շատ բաց ու լուսավոր աշխարհ դուրս գալ։ Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է հիվանդին միշտ հոգեբանական աջակցություն ցույց տանք: Հիվանդը պետք է իմանա իր հիվանդության լրջությունը։ Դա, իհարկե, պետք է անեն հոգեբանական ծառայությունները, ինչն ընդունված չէ Հայաստանում, ուստի փորձում ենք ինքներս անել։

-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:

 -Կցանկանամ, որ մարդիկ միշտ առողջ լինեն, ունենան բժշկին դիմելու կուլտուրա, որ մարդիկ ապրեն առանց սթրեսների, և կրճատվի հիվանդությունների քանակը: Եղեք առողջ ու երջանիկ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր