ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

(4 votes)

Կատարելության հասնելու համար չպետք է վախենալ դիմել առավելագույնին

Գաղտնիք չէ, որ պլաստիկ վիրաբուժությունը բժշկության մեծ պահանջարկ վայելող ոլորտներից է: Մարմնի և դեմքի բնածին, ձեռքբերովի ցանկացած թերություն և արատ ենթակա է շտկման, եթե խոսքը վերաբերում է պլաստիկային: Ելնելով ազգային դիմագծերից և գենետիկ առանձնահատկություններից` կան մի շարք պլաստիկ վիրաբուժական ծառայություններ, որոնք առավել տարածված են հենց հայերի շրջանում:

Էսթետիկ բժշկության շնորհիվ բնության թերացումը կամ գեների դրսևորումներն այևս «ճակատագիր» չեն։ Գիտության հնարավորություններից օգտվելով՝ այսօր իրենց «ճակատագիրը» շատերն են շտկում։

Պլաստիկ վիրաբուժությունն օգնում է մարդուն գեղեցկանալ և ձերբազատվել հոգեբանական բարդույթ առաջացնող արտաքին թերություններից:

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավականին բարձր մակարդակ ունի և շատ ակտիվ զարգանում է:  Հայ մասնագետների արվեստի զգացողությունը նկատում են նաև դրսում, և դա նպաստում է էսթետիկ բժշկական տուրիզմի զարգացմանը մեր երկրում։

 Մեր զրուցակիցն է <<Հերացի>> թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ:

-Պարո՛ն Ամիրբեկյան, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

-Դեռ մանուկ հասակում մարդկանց օգնելու ցանկություն առաջացավ ինձ մոտ` իրենց առողջական խնդիրների լուծման գործում, և հենց այդ իսկ պատճառով էլ ընտրեցի բժշկի մասնագիտությունը, իսկ պլաստիկ վիրաբույժի, միկրովիրաբույժի մասնագիտությունն ընտրեցի արդեն ուսանողական տարիներին, երբ ավելի հոգեհարազատ դարձավ մարդկանց էսթետիկական աջակցություն ցուցաբերելու բնագավառը: 

-Ըստ  Ձեզ,  նորաձևությունից ելնելո՞վ են մարդիկ ավելի շատ ձգտում էսթետիկ փոփոխությունների:

-Եթե տարիներ առաջ մարդիկ պլաստիկ վիրաբույժին դիմելը գաղտնի էին պահում, ապա մեր օրերում արդեն շատ հանգիստ դիմում են նրա օգնությանը, և, բնական է, ավելացել է դիմողների թիվը: Ժամանակին հիմնականում կանայք էին դիմում, իսկ այսօր՝ արդեն նաև տղամարդիկ: Հայաստանում ավելի շատ դիմում են քթի դեֆորմացիայի շտկման, ինչպես նաև կրծքի չափերի փոփոխության համար: Մեր օրերում քթի շնչառական խանգարումների, հիմնականում ալերգիկ հիպերտոֆիկ ախտանիշի դեպքում լազերային եղանակով խեցիները հանվում են: Ընդ որում, միջամտությունը կատարվում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ,  և այն տևում է մոտ 20-30 րոպե: Հիվանդը հենց վիրահատության ընթացքում արդեն սկսում է ավելի լավ շնչել:

-Իսկ հետագայում հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:

-Հետվիրահատական բարդություններ շատ քիչ են լինում այս դեպքում, քանի որ չի լինում արնահոսություն: Հետվիրահատական շրջանում պացինտները ստանում են դեղորայքային բուժում՝ կաթիլների տեսքով: Լազերային միջամտությունը կարելի է կիրառել նույնիսկ միջնապատի փոքր թեքվածությունների դեպքում, իսկ մեծ թեքվածությունների դեպքում արդեն պետք է դիմել վիրաբուժական միջամտության: Երբեմն դիմում են տարիքային փոփոխությամբ պայմանավորված կոպերի կախվածության դեպքում՝ դեմքի ձգման համար կամ էլ՝ հղիությունից հետո որովայնի առաջնային պատի կախվածության ժամանակ: Բավականին շատ են դիմում նաև բազուկների, ազդրերի պլաստիկայի խնդրով: Մարդկանց մոտ քաշի կորստից հետո բազուկերի միջին մակերեսի մաշկի կախվածություն է առաջանում, և այդ դեպքում կատարվում են լիֆտինգներ: Մինչ այդ նախօրոք պացիենտի հետ քննարկվում է, թե նա ինչ արդյունք է ակնկալում, և մենք պատկերացնում ենք մեր հետագա քայլերի ընթացքը: Պետք է միշտ գիտակցել, որ լիպոսակցիայի միջոցով չեն կարող նիհարել, լիպոսակցիան հիմնականում մարմնի կոնտուրային պլաստիկա է, այսինքն` ինչ-որ հատվածի դեֆեկտը շտկման դեպքում է հնարավոր մարմինն ավելի գեղեցիկ դարձնելը:

-Բժիշկ, տեղյակ ենք, որ գոյություն ունի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիա,  համագործակցո՞ւմ եք այդ կազմակերպության հետ:

-Այո, սերտ համագործակցում ենք ասոցիացիայի հետ, ինչպես նաև արտերկրներում մասնակցում վերապատրաստումների, կոնֆերանսների: Եթե բժիշկը չմասնակցի կոնֆերանսների, չվերցնի դրսի փորձը, կլճանա, տեղում կդոփի, իսկ բժշկությունը, բոլորս էլ գիտենք, շատ արագ է զարգանում,  ու մենք պետք է նրան համընթաց քայլենք: Օրեցօր նոր տեխնոլոգիաներ են զարգանում, նոր սարքավորումներ են արտադրվում, բայց մեր երկիրը, ցավոք, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություններ չունի: Իսկ ընդհանրապես մեր երկրում բժշկությունը մատչելի է, և մեզ դիմում են Ռուսաստանի Դաշնությունից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ ռուսները: Ունենք պացիենտներ Գերմանիայից, Հոլանդիայից, այլ երկրներից: Մեզ դիմում են նաև մեզ մոտ նախկինում վիրահատված պացիենտների ծանոթները, բարեկամները:

-Ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ տեխնիկան օգնում է լավ բժշկին:

-Տեխնիկան օգնում է բժշկին, բայց, օրինակ, ռենոպլաստիկայում` քթի վիրահատության դեպքում թե՛ մեզ մոտ, թե՛ արտերկրներում օգտագործվում են նույն գործիքները: Իսկ լազերային վիրաբուժության և լազերային  լիպոսակցիայի համար նախատեսված տեխնիկան այսօր բավականին թանկ է, և, քանի որ Հայաստանում շուկան համեմատաբար փոքր է, այդ որակի տեխնիկան ձեռք բերելու դեպքում ծախսերը փոխհատուցելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու: Մինչև դա կատարվում է,  արդեն տեխնիկան շատ հնացած է լինում, և առաջանում է նորը ձեռք բերելու անհրաժեշտություն:

-Ձեր կլինիկա շա՞տ դիմողներ կան:

-Չնայած այսօր մեր երկրում բավականին շատացել են պլաստիկ վիրաբույժները, սակայն մեր կլինիկա դիմողները շատ են, ինչը պայմանավորված է թե՛ մեր որակյալ աշխատանքով, թե՛ մեզ մոտ գործող զեղչային ճկուն համակարգով:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ հրաժարվում եք վիրահատությունից՝ զգալով, որ դրա կարիքը չկա, բայց պացիենտը ստիպում է գնալ այդ քայլին:

-Այո, լինում են դեպքեր, երբ կունսուլտացիայի ժամանակ հասկանում ենք, որ վիրահատությունից հետո կարող են հետագա խնդիրներ առաջանալ և զգուշացնում ենք այդ մասին: Կան նույնիսկ մարդիկ, ովքեր վիրահատության գերազանց արդյունքից հետո էլ, միևնույն է,  դժգոհ են ինչ-որ բանից: Իհարկե, նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին  տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյունքը, որը գործնականում  կարող ենք ստանալ: Եթե զգում ենք, որ, այսպես ասած, բարդ մարդիկ են, գերադասում ենք  չվիրահատել նրանց, որ հետագայում խնդիրներ չունենանք: Հրաժարման պատճառը պացիենտի պահանջների և բժիշկների առաջարկների անհամապատասխանությունն է:

-Պարո՛ն Ամիրբեկյան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել` որպես վերջաբան:

- Սիրեք ձեզ: Դուք եք որպես նկարիչ նկարում ձեր ճակատագիրը: Ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Երբեք չպետք է վախենալ կատարելության հասնելու համար դիմել առավելագույնին: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր