Վարյա Մոսոյան

(0 votes)

Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել. Էնդոսկոպիստ

«Արմենիա» բժշկական կենտրոնում գործում է ստամոքս-աղիքային համակարգի էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող, նորագույն տեսաէնդոսկոպիկ համակարգով զինված եւ լավ մասնագետներով օժտված բաժանմունք։ Բաժանմունքում կատարվում են  ո՛չ միայն ախտորոշման նպատակով ստամոքսի, աղիների, լեղուղիների հետազոտություններ, այլ նաև իրականացվում են էնդոսկոպիկ վիրահատություններ։ Սա համարվում է Հանրապետության առաջատար էնդոսկոպիկ ծառայություններ մատուցող բաժանմունքներից մեկը, որը հագեցած է ճապոնական «Olympus» ֆիրմայի ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ տարեկան կատարվում են ավելի քան  3,000 հետազոտություններ։ Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ և բուժքույրեր։ Կատարվող միջամտությունների ցանկով բանժանմունքն ամենամեծն է Հայաստանում, այն գործում է շուրջօրյա եւ հասանելի  է բոլոր հիվանդներին։ Բաժանմունքում է աշխատում նաեւ բանիմաց, համբերատար ու հոգատար բժիշկ էնդոսկոպիստ  Վարյա Մոսոյանը, ով  մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ հատկապես ինչ խնդիրներով են դիմում իրենց, որ ստամոքսաղիքային հիվանդություններն են առավել տարածված եւ խորտուրդ տվեց, թե ինչպես առողջ ապրելակերպ վարել։

Նշենք, որ հետազոտության ժամանակ էնդոսկոպիստը սարքի օգնությամբ անցկացնում է աղիների, ստամոքսի, կերակրափողի հետազոտություններ։  Այս գործընթացը հնարավորություն է տալիս ստուգել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։ Էնդոսկոպիկ բառը եկել է հունարենից՝ "Endon" - ներսում եւ "skopeo" – նայել բառերից:

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց էնդոսկոպիստի մասնագիտությունը։

- Մասնագիտության ընտրության հարցում եղել է միայն ներքին մղում։ Ես չեմ կարող ասել, թե ի՞նչը դրդեց գնալ այս ուղղությամբ, ի վերուստ այսպես ստացվեց։

- Հատկապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։

- Գիտեք, որ մենք հետազոտում ենք ստամոքս-աղիքային պաթոլոգիաները՝ ստամոքսի խոցերը, արյունահոսությունները, վարիկոզ լայնացած երակները լյարդի, կերակրափողի պաթոլոգիաների ժամանակ։ Պետք է ցավով նշեմ, որ այժմ մեծ տոկոս են կազմում ստամոքս-աղիքային տրակտի ուռուցքային գոյացությունները։ Մեզ, իհարկե, դիմում են տարբեր խնդիրներով, սակայն վերջերս ավելացել է ծանր հիվանդությունները, քանի որ չափազանց ուշ են դիմում բժիշկի։  Հիմնականում հենց  բարձիթողի վիճակում են գալիս մեզ մոտ։ Տեղեկացնեմ նաեւ, որ մեզ մոտ հետազոտությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր և ինտրատրախեալ անզգայացման տակ։ Կատարում ենք վիդեոգաստրոսկոպիա- կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի տեսազննություն Helikobacter pylori-ի որոշմամբ և բիոպսիայով, ինչպես նաեւ վիդեոկոլոնոսկոպիա- հաստ աղու տեսազննություն, ռեկտոսկոպիա-ուղիղ աղու տեսազննություն։ Բացի ախտորոշիչ հետազոտություններից կատարվում են նաև փոքր ինվազիվ վիրահատություններ. ստամոքսաաղիքային տրակտի արյունահոսության դադարեցում, կերակրափողի,ստամոքսի,աղիների լորձաթաղանթի պոլիպների էնդոսկոպիկ հեռացում, կերակրափողի և ստամոքսի վարիկոզ լայնացած երակների բուժում (լիգավորում,սկելռոթերապիա): Կատարում ենք կերակրափողի ստրիկտուրաների բուժում` բալոնային դիլատացիա,ստենտավորում: Պետք է նշեմ, որ արվում է լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում` ռետրոգրատխոլանգիոպանկրեատոգրաֆիա (ЭРПХГ) և պապիլոսֆիկտերոտոմիա (ЭПСТ), որի ընթացքում կատարվում է լիտեկստրացիա, լիտոտրիպսիա և լեղուղիների անցանելիության վերականգնում տարբեր պաթոլիգաների ժամանակ ստենտավորում, ինչպես նաեւ օտար մարմինների հեռացում ստամոքսից, կերակրափողից, գաստրոստոմայի ձևավորում կլման ակտի խանգարումների դեպքում: Արվում է ճարպակալման էնդոսկոպիկ բուժում` ինտրագաստրալ բալոնի տեղադրման միջոցով քաշի ոչ վիրաբուժական կորեկցիայի համար:

- Նկատելի է, որ աղիքային առողջական խնդիրները մեր հասարակությունում փոքր ինչ ավելացել են։ Ի՞նչն է, ձեր կարծիքով, դրա պատճառը։

- Երեւի ճիշտ կլինի ասելը, որ նստակյաց կյանքը, վատորակ սնունդը, օդի աղտոտվածությունը եւ այլ պատճառներն իրար հետ միասին են նպաստում աղիքային առողջական խնդիրների ավելացմանը։ Սրանք հիմնականում պսիխիոմատոզ հիվանդություններն են՝ գաստրիտը, աղիքային ֆունկցիոնալ հիվանդությունները։ Այս հիվանդությունների դեպքում  լինում է ֆունկցիոնալ փոփոխություններ, որից հետո, իհարկե, օրգանական փոփոխություններ էլ է տեղի ունենում։ Այժմ բավականին ավելացել է փորկապություններով դիմող հիվանդների քանակը, ամեն երկրորդ հիվանդը գալիս է փորկապության գանգատներով՝ անկախ տարիքից,  սեռից, աշխատանքային բնույթից։ Սկզբում պարզում ենք փորկապությունների պատճառները, իսկ դրանք բազմազան են՝ կարող են լինել ուռուցքները, աղիքի լուրջ հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, որոնք առաջացնում են լուծ կամ փորկապություն։

- Գաղտնիք չէ, որ մարդիկ նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել՝ ձեթ են խմում եւ այլն։ Դուք ի՞նչ խուրհուրդ կտաք։

- Խորհուրդ չեմ տա ոչ մի բան անել, մինչեւ չդիմեն բժիշկի։ Հաճախ գալիս են հիվանդներ, որ ինքնաբուժությամբ են զբաղվել։ Պետք չէ, քանի որ լինում է, որ նրանց մոտ հայտնաբերվում է շատ ավելի լուրջ պաթոլոգիաներ, ավելի լուրջ խնդիրներ, իսկ ինքնաբուժությունն այս պարագայում անթույլատրելի է։  Օդի մեջ ասված խոսք չէ, որ առաջին իսկ գանգատների դեպքում, անպայման պետք է դիմել բժիշկի։ Մասնագետն արդեն կհասկանա, թե ինչպես օգնել տվյալ հիվանդին, տվյալ գանգատների դեպքում։

- Ինչպե՞ս սնվել, որպեսզի աղիքային կամ ստամոքսային առողջական խնդիրների հետ առնչություն չունենալ։

- Պետք է շատ հեղուկներ խմել՝ ջուր, կաթնաթթվային ուտելիքներ օգտագործել։ Ծխեցրած ուտելիքներից անհրաժեշտ է հրաժարվել, փոխարենը օգտագործեք բանջարեղենային թարմ պատրաստած սնունդ։ Ժամանակակից զարգացվածության վատ տենդենցների հետ մեկտեղ կան նաեւ դրական տեղաշարժեր՝ մարդիկ զբաղվում են սպորտով՝ լողավազան են գնում, մարզվում են, քայլում են, ֆիզիկական վարժանքներ են անում, շատ են շարժվում, իսկ դա նպաստում է առողջ լինելուն։

- Ինչպե՞ս մարդիկ հասկանան, որ պետք է դիմեն հենց էնդոսկոպիստին։

- Գանգատները շատ տարբեր են ու շատ գունագեղ։ Հիվանդները հիմնականում գանգատվում են վքնածություններից, գղտոցներից, երբեմն այրոցներից, երբեմն գիշերն արթնանում են սուր ցավերից, սա արդեն լուրջ հիվանդությունների դեպքում։  Օրինակ, ասում են, բժիշկ ջան, մի փոքր հաց ենք ուտում, ու ուռում եք։ Դա արդեն պետք է հուշի, որ ժամանակն է բժիշկի դիմելու։

Լինում է գանգատվում են բերանի հոտից կամ քնած ժամանակ ջուր է լցվում բերանի մեջ։ Պետք չէ հետաձգել, անպայման դիմեք բժիշկի, մանավանդ, որ մեր ծառայությունը հասանելի է շուրջօրյա, իսկ բժիշկ-էնդոսկոպիստները մեծ փորձ ունեն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի բուժօգնության գործում։

- Շա՞տ են Ձեր հիվանդները։

- Բավականին։ 

Ես կցանկանայի, որ մարդիկ ապրեն ավելի դրական էմոցիաներով, հավատան բարուն ու լավին, ավելի լուսավոր պատկերացնեն ապագան, սթրեսներից հեռու մնան եւ այդ ամենը կնպաստի, որ առողջ լինեն։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր