Աշոտ Սեյրանի Սիրունյան

(0 votes)

 

Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը

Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են համարվում ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրվանից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում եւ ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից: Եվ հենց մանկաբարձագինեկոլոգիական հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը <<Շենգավիթ>> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ: Նշենք, որ նա արդեն երկար տարիներ  զբաղվում է իր սիրած աշխատանքով, ինչը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլ նաեւ՝ ապրելակերպ:

-Պարո՛ն Սիրունյան, մի փոքր խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին:

-Ասեմ, որ արմատներով բժիշկների ընտանիքից եմ, բժիշկներ են նաեւ եղբայրս, քույրս եւ իմ բարեկամներից շատերը: Այնպես որ՝ իմ բժիշկ դառնալը, կարծես թե, ծրագրավորված էր: Ուզում եմ նշել, որ ես վիրաբույժ եմ, եւ իմ հիմնական աշխատանքը վիրահատական միջամտություններ իրականացնելն է, բայց, քանի որ մասնագիտությամբ նաեւ մանկաբարձ եմ, ապա, բնականաբար, զբաղվում եմ նաեւ մանկաբարձությամբ:

Տարին մի քանի անգամ պարտադիր մասնակցում եմ վերապատրաստումների, որոնցից կառանձնացնեմ 2000 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Օրանժ կոմսության Սենտ-Ջոզեֆ հոսպիտալում «Էնդոսկոպիկ եւ հեշտոցային վիրաբուժություն գինեկոլոգիայում»  թեմայով եւ 2005 թվականին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի Կորնելյան համալսարանում <<Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա>> թեմայով սեմինարները:

Անդամակցում եմ Հայաստանի եւ Կանադայի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաեւ ամերիկյան գինեկոլոգ-լապարոսկոպիստների ու  ուրոգինեկոլոգիական միջազգային ասոցիացիաներին:

- Ձեր բաժանմունքը հագեցա՞ծ է ժամանակակից սարքավորումներով:

-Մենք ունենք այնպիսի սարքավորում, որը Հայաստանում առաջինն է: Ես նկատի ունեմ 3D լապարոսկոպիկ սարքավորումը, որը ֆանտաստիկ հնարավորություններ է տալիս վիրաբույժին: Ես ինքս հիացած եմ այդ սարքով եւ ամեն օր շտապում եմ աշխատանքի, որպեսզի կարողանամ աշխատել դրանով:

-Բժի՛շկ, անպտղության խնդիրը տղամարդկա՞նց, թե՞ կանանց  մոտ է ավելի շատ հանդիպում:

- Քանի որ ինձ հիմնականում դիմում են կանայք, կարելի է եզրակացնել, որ անպտղությունը մեծ մասամբ հանդիպում է հենց նրանց մոտ: Բայց, ամեն դեպքում, պարտադիր միաժամանակ կատարվում է զույգերի հետազոտություն, նաեւ կոնսուլտացիա ենք անցկացնում: Եվ հետազոտությունները նույնպես փաստում են, որ այդ խնդիրը տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ է ի հայտ գալիս:  

-Գինեկոլոգին այցելելու կուլտուրան Հայաստանում զարգացե՞լ է:

- Ավելորդ չեմ համարում միանգամից նշել, որ հղիանալուց առաջ անչափ կարեւոր է բժշկին այցելելը, քանի որ մինչեւ հղիանալը պետք է հասկանալ՝ ինչ խնդիրներ կան ապագա մոր մոտ:

Իսկ ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Ընդ որում, դիմողների թիվն էլ զգալիորեն ավելացել է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես երիտասարդները շատ են օգտվում ինտերնետ պորտալից՝ փորձելով ավելի տեղեկացված լինել: Իսկ դա մեր աշխատանքը ե՛ւ հեշտացրել է, ե՛ւ, ավելի շատ, դժվարացրել: Պացիենտը գալիս է արդեն տեղեկացված, պատրաստված, ինտերնետ պորտալով փորձում է հասկանալ իր խնդրի լրջությունը: Բայց, ցավոք, շատ քչերն են կարդում այն, ինչը զուտ մասնագիտական է: Փաստորեն, նման մարդիկ արդեն ընդունած են լինում ուրիշների մտքերը, մտահղացումները, եւ շատ դժվար է լինում նրանց հետ աշխատելը, ինչ-որ բան հասկացնելը: Նրանք, այսպես ասենք, շատ կարդացած են, բայց նրանց իմացած տեղեկատվությունը, մեղմ ասած, ոչ ստույգ է: Իհարկե, կան նաեւ ճիշտ տեղեկացված հիվանդներ էլ, որոնց հետ մեր աշխատանքն ավելի հեշտանում է:                                                                                                                 

Ուրախությամբ նշեմ, որ մեր բժշկական կենտրոնում լիարժեք հարմարավետ պայմաններ են ստեղծվել հղիների եւ ծննդկանների համար. Ծնարանները հագեցած են ամենաժամանակակից սարքավորումներով, հիվանդասենյակները հարմարավետ են, գեղեցիկ կահավորված: Մեզ մոտ կա ամենաժամանակակից չափանիշներին համապատասխանող 9 վիրասրահ, որտեղ իրականացվում են բազմապրոֆիլ՝ մանկաբարձագինեկոլոգիական, օրթոպեդիկ, ինչպես նաեւ սրտի վիրահատություններ:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի Հայաստանի գինեկոլոգիան:

-Ես շատ եմ ցանկանում, որ մեր մասնագիտական բնագավառում ավելի շատ տղամարդիկ լինեն, սակայն, ցավոք, բավականին պակասել է երիտասարդ տղամարդ մանկաբարձ-գինեկոլոգների թիվը: Մեզ մոտ հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են գալիս, իսկ մեր մասնագիտությունը ինքնին շատ ծանր է ու բարդ. գիշերվա եւ ցերեկվա տարբերություն, տոն օրեր չկան մեզ համար, անընդհատ գերլարված աշխատում ենք, կարող ենք օրերով մնալ հիվանդանոցում: Եվ դա, իհարկե, կնոջ համար բավականին ծանր աշխատանք է: Ասեմ, որ մեզ մոտ գալիս են շատ զարգացած, կրթված, ձգտում ունեցող, պրպտող երիտասարդներ, ցանկանում են սովորել, արարել, եւ մենք բոլոր հարցերում մշտապես նրանց կողքին ենք: Ուրախությամբ պետք է հավելեմ, որ մենք դարձել ենք <<Օլիմպոս>> ֆիրմայի  թրեյնինգ կենտրոն եւ այնտեղ մեր փորձն ենք փոխանցելու: Մի խոսքով՝ մեր երկիրն այս ասպարեզում վստահ քայլերով առաջ է ընթանում:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ախտորոշվել է անպտղություն. ընդունել ու համակերպվե՞լ այդ դաժան վճռի հետ, թե՞ չհուսահատվել ու ելքեր որոնել:

-Միանշանակ՝ պայքարել մինչեւ վերջ: Ընդհանրապես կյանքում ու հատկապես անպտղության հարցում չարժե հուսահատվել: Այս խնդիրը լուծելի է, ու այսօր բժշկական տեխնոլոգիաները, բուժման մեթոդները, դեղորայքը բավականին զարգացած են ու մեծ հնարավորություններ են ընձեռում բժշկին՝ բազմաթիվ ելքեր գտնելու ու տվյալ զույգին երեխա պարգեւելու համար: Պետք է անընդհատ ձգտել, չհուսահատվել: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը։ Մեր նոր կառավարությունից էլ նորություններ ենք ակնկալում. հեղափոխությունից հետո սպասելիքները շատ են, բայց բոլորս էլ նաեւ լավ գիտակցում ենք, որ այդ ամենի համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, եւ պետք չէ շուտափույթ փոփոխությունների ակնկալիքով ապրել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր