Մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ
Ուռուցքներն ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, եւ դրանց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո: Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար` մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, oրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա եւ այլն:
Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձեւերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում:
Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները:
ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում: Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է:
Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաթերապիա), հորմոնային եւ իմունաբանական եղանակներով:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուռուցքաբան-քիմիաթերապեւտ ԱՆՆԱ ԱՎԻՆՅԱՆԸ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում ուռուցքաբանության ոլորտում:
-Բժշկուհի´, ի՞նչ դինամիկա է գրանցվում այսօր ուռուցքաբանության մեջ, ավելի շատ ո՞ր օրգան-համակարգերն են ներգրավված ուռուցքային պրոցեսների մեջ:
-Ուռուցքաբանությունն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև, Հայաստանում ամենաարդիական մասնագիտություններից մեկն է բժշկության մեջ: Ցավոք պետք է նշեմ, որ վերջին տարիներին մարդկանց ավելի զգալի զանգվածի մոտ է հայտնաբերվում ուռուցքային հիվանդությունները: Հիվանդություն, որը իր տարածվածության առումով զբաղեցնում է երկրորդ տեղը սիրտ-անոթային հիվանդություններից հետո, չնայած, Ամերիկայի Միացյալ Նահանգներում միտում կա, որ այն կարող է դառնալ առաջինը: Եթե խոսենք սոլիդ ուռուցքների մասին , ապա ՀՀ-ում ամենահաճախակի հանդիպողներից են` Թոքի, Կրծքագեղձի և Հաստ աղու ուռուցքնրը:
-Ձեր կարծիքով` այսօր քաղցկեղը դատավճի՞ռ է համարվում:
Պետք է նշեմ, որ ուռուցքաբանության ոլորտը շատ մեծ քայլերով առաջ է շարժվում և տիրապետելով ժամանակակից բուժման մեթոդներին, ուղեցույցներին և իհարկե պարբերաբար վերապատրաստումները արտերկրում մեզ թույլ են տալիս հասնել հիանալի արդյունքների: Վստահաբար կարող եմ ասել,որ քաղցկեղը դատավճիռ չէ, իհարկե եթե պացիենտը ժամանակին է դիմում բժշկական օգնության, ոչ թե ժողովրդական լեզվով ասած “դանակը ոսկորին հասնելուց անց”:
- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Իմ կյանքում բավականին շատ ուսուցիչներ են եղել որոնցից ես գիտելիքներ և խորհուրդներ եմ ստացել և ինչու չէ ստանում եմ և դեռ կստանամ…. Ընտանիքումս շատ են մասնագիտությամբ բժիշկները և բոլորն էլ պրոֆեսիոնալներ են իրենց գործում, կարծում եմ նրանց դերը ամենամեծն է եղել : Բայց իհարկե ամենամեծ տպավությունս եղել էր Պրոֆ. Մաշմայերից, որի հետ ծանոթացել էի Գերմանիայում, վերապատրաստումներից մեկի ժամանակ, որը բացի մեծ գիտելիքներից և փորձից, ուներ շատ յուրահատուկ վերաբերմունք թե իր պացիենտների թե իր բժշկական անձնակազմի նկատմամբ:
- Ո՞ր օրգան-համակարգներն են առաջին տեղում ուռուցքային պրոցեսների ներգրավվածության առումով:
Դա կախված է թե որ երկրի մասին է խոսքը, քանի որ ամեն տեղ տարբեր է: Եթե համեմատենք Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը, ապա կտեսնենք որ , ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում մաշկի քաղցկեղը և բոլորին հայտնի մելանոման, որը որ մաշկի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ձևն է, իսկ Հայաստանի Հանրապետությունում ամենահաճախը հանդիպում են տղամարդկանց մոտ`թոքի իսկ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի տեսակները:
-Բժշկուհի´, մասնագիտական ասոցիացիաների անդա՞մ եք:
Անդամակից եմ` European Society of Medical Oncology(ESMO), American Society of Clinical Oncology(ASCO), European Association of Dermato Oncology(EADO), German Society of Hematology and Oncology (GSHO), European Association for Cancer Research (EACR) :Անդամակցությունները մեզ օգնում են որպեսզի տեղյակ լինենք սպասվող կոնֆերանսների, վերապատրաստումների և նորագույն ձեռքբերումների մասին և աշխատենք Ամերիկյան և Եվրոպական ամենանոր ուղեցույցներով:
-Իրականում, որքան գիտենք, Հայաստանում ոչ բոլորին է հասու քաղցկեղի դեմ բուժում ստանալը:
-Այո, ցավոք…
Կարծում եմ այդ խնդրին ևս լուծում կտրվի մոտակա ժամանակաշրջանում:
-Բժշկուհի´, խոսենք պացիենտ-բժիշկ հարաբերությունների մասին: Ի՞նչ մակարդակի վրա է այն:
Իմանալով սեփական ախտորոշումը , շարունակել զուսպ և հավասարակշռված մնալ, չտրվել հուզմունքին, հավատացեք դա հեշտ չէ: Ճիշտ, պացիենտին մատչելի լեզվով բացատրելուց և բժիշկ-պացիենտ, ինչու չէ նաև հոգեբան, ահա այս շարունակական թիմային աշխատանքը բերում է հիանալի արդյունքների:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ բոլորին քաջ առողջություն և կցանկանաի որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց`սեփական մարմնի նկատմամբ, ցավոք մեր ազգին բնորոշ է անհանգստանալ և ուշադիր լինել բոլոր կողքին գտնվողների նկատմամբ, բացառությամբ իրեք իրենց: Հաճախակի հետազոտվեք ,չէ որ այսօր Հայաստանում առկա են ամենանորագույն սարքավորումները և համապատասխան մասնագետներ, որոնց միջոցով հիվանդության բացթողման հավանականությունը հավասարեցվում է մինիմումի:
Ինչպես կասեր հայտնի խոսնակ և բիզնեսմեն Զիմ Ռոն
“Հոգ տարեք Ձեր մարմնի մասին, դա միակ վայրն է որտեղ կարող եք ապրել”:
_Take care of Your body. It’s the only place you have to live.
(Jim Rohn)