Յուրի Մակարյան

(0 votes)

Թող ձեր սիրտը մշտապես բաբախի երջանիկ եւ առողջ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն։ <<Աստղիկ>> բժշկական կենտրոնն այսօր համարվում է Հայաստանի բժշկագիտության բոլոր ճյուղերի զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը, որտեղ երեխաների եւ մեծահասակների համար իրականացվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար եւ դիսպանսեր բժշկական օգնություն, գործում են բուժսպասարկման որակյալ բոլոր ծառայությունները: Իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում եւ մասնագիտացում են անցնում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, միջազգային մասնագիտական կոնգրեսներում: Կլինիկայի սրտաբանները եվրոպական մասնագիտական մի շարք ասոցիացիաների անդամներ են:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի  ընդհանուր, միջամտական սրտաբանության եւ առիթմիոլոգիայի բաժանմունքի միջամտական սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու ՅՈՒՐԻ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:

-Բժի՛շկ Մակարյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

-Ըստ էության, մեր սրտաբանական ծառայություն կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր առնչվում են սիրտ-անոթային խնդիրների հետ` փոքրիկներից մինչեւ մեծահասակներ, եւ, բնականաբար, մեր կենտրոնում հասանելի են բուժօգնության բոլոր շրջանակները: Մի խոսքով` չկա սրտին առնչվող որեւէ  խնդիր, որին չկարողանանք լուծում տալ: Հիվանդների ու անձնակազմի համար ստեղծված են հարմարավետ եւ Հայաստանում նախադեպը չունեցող պայմաններ, ու արհեստավարժ բժշկական խմբի, ադմինիստրատիվ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների ու պարբերաբար արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ բաժինն արժանացել է իր հիվանդների վստահությանը: Մեր կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, համալրված է բոլոր անհրաժեշտ նեղ մասնագիտացմամբ մասնագետներով, որոնք բազմիցս վերապատրաստումներ են անցնում: Եվ ես ինձ կարող եմ համարել հաջողակ ու բախտավոր անձանցից մեկը, որն աշխատում է շատ հմուտ եւ արհեստավարժ մասնագետների կողքին՝ բժշկուհի Զառա Կարտոյանի ղեկավարությամբ:

-Բժիշկ, ո՞ր սիրտ-անոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ցավով պետք է նշեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը ոչ միայն  երիտասարդացում է ապրել, այլեւ, կարծես թե, ագրեսիվացել է: Եթե նախկինում նշվում էր, որ կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում այս հիվանդությունը, ապա այսօր պատկերն այլ է: Թերեւս, նաեւ բարձր ճնշմամբ տառապողների դեպքերն են ավելի երիտասարդացել: Ազգաբնակչության կողմից դիմելիությունը եւս ավելացել է: Այսինքն` ավելի վաղ են հայտնաբերվում հիվանդությունները` չնայած կանխարգելիչ բուժում հասկացողությունը մեզ մոտ դեռեւս մի փոքր կաղում է, եւ կարծում եմ` դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր ազգաբնակչության մեջ ձեւավորվի բժշկին ավելի վաղ դիմելու կուլտուրան: Կարծում եմ` մեր երիտասարդությունն այսօր ավելի հեշտ եւ ավելի վստահ է դիմում բժշկի, բայց այդ հարցում մի թեթեւ թերանում է միջին տարիքի պացիենտը: Նշեմ նաեւ, որ այսօր ինտերնետ պորտալի ներգրավվածության դերը բժշկագիտության մեջ երկակի է, եւ պացիենտը չպետք է մոռանա, որ, եթե միայն ինտերնետով հնարավոր լիներ բուժվել, ոչ մեկը տասը տարի չէր սովորի, եւ այսօր բժիշկներ չէին լինի ընդհանրապես:

-Բժի՛շկ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Եթե խոսենք ընդհանուր սրտաբանությունից, ապա, իհարկե, իմ ուսուցիչը, որի շնորհիվ կատարել եմ իմ առաջին քայլերն այս ոլորտում, Մայրանուշ Դրամփյանն է` <<Արմենիա>> բժշկական  կենտրոնի ղեկավարը, ում ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ: Իսկ ինտերվենցիոն սրտաբանության բնագավառում ուսուցիչներս երկուսն են եղել` Նարինե  Գոջաբաշյանը եւ Միքայել Ադամյանը, մարդիկ, որոնցից ամեն պահ նոր բան կարող ես սովորել: Նարինե Գոջաբաշյանը, ում ղեկավարությամբ հիմա աշխատում եմ, ՀՀ-ում միջամտական սրտաբանության հիմնադիրներից է, եւ հպարտ եմ, որ կարող եմ ինձ համարել նրա աշակերտը: Իսկ գիտական ոլորտում ուսուցիչս Սվետլանա Գրիգորյանն է, ով եղել է իմ գիտական թեզի ղեկավարը եւ ում շնորհիվ հաջողությամբ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս:

-Բժի՛շկ, մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք: Ընդհանրապես ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ես վստահ եմ, որ ասոցիացիաները մեզ բավականին շատ գիտելիքներ, շփվելու  եւ փորձի փոխանակության հնարավորություն են տալիս, եւ մենք` բժիշկներս, պետք է ավելի ակտիվություն ցուցաբերենք ասոցիացիաներում: Դրանք նաեւ երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալիս անվճար մասնակցել եվրոպական կոնգրեսներին: Հայկական սրտաբանական ասոցիացիան ինձ հնարավորություն է տվել անդամակցել նաեւ եվրոպական ասոցիացիաներին, մասնակցել եմ կոնգրեսների եւ դրամաշնորհներ շահել: Ու այսօր էլ նոր գիտական թեզիսներ եւ հոդվածներ եմ ներկայացնում: Շատ եմ կարեւորում հատկապես մեր սրտաբանների ասոցիացիայի գործունեությունը եւ հույս ունեմ, որ այն ավելի թիրախային  կգործի մոտ ապագայում:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկագիտությունը:

-Անհամեստ թող չհնչի, բայց ես միշտ սրտաբանությունը տարանջատել եմ բժշկագիտության բոլոր մյուս ոլորտներից, որովհետեւ կարծում եմ, որ մեր ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ամենազարգացած, ամենաարագ քայլերով առաջ գնացող ոլորտներից է: Եվ,  բարեբախտաբար, մեր ավագ եւ միջին սերնդի մասնագետները բոլոր բժշկական կենտրոններում շատ բաց են ուսուցանելու, տարբեր պրակտիկ աշխատանքների համար: Ինչ վերաբերում է մեր կենտրոնին, ապա մենք շատ սիրում եւ հաճույքով ընդունում ենք երիտասարդ կադրերին, սովորեցնում ենք նրանց: Ու, եթե ընտրեն սրտաբանության ոլորտը, ապա, իմ կարծիքով, դա նրանց համար կլինի բժշկագիտության ամենահաճելի, գեղեցիկ ու, միեւնույն ժամանակ, ամենապատասխանատու ոլորտներից մեկը: Եվ կցանկանամ, որ շարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե գնան արտերկիր, քանի որ հարազատ երկրում իրենց հոգեպես ավելի բավարարված կզգան՝ գիտակցելով, որ իրենցից շատ բան է կախված: Ընդհանրապես սրտաբանությունը մեզ մոտ շատ քիչ է տարբերվում եվրոպական երկրների սրտաբանությունից՝ զիջելով միայն սարքավորումների եւ նորագույն տեխնոլոգիաների առումով:

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր ծանրաբեռնվածությունից:

-Բնականաբար տուժում է, բայց, բարեբախտաբար, շատ հասկացող եւ ըմբռնող կին ունեմ, ու նույնիսկ փոքրիկներս ըմբռնումով են մոտենում իմ աշխատանքային գրաֆիկին: Եվ ես երջանիկ մարդ եմ, որ օրվա ծանրաբեռնվածությունից հետո միշտ հաճույքով շտապում եմ տուն, ընտանիք, փորձում եմ այնպես անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ էլ աշխատանքը:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, ծնողներս, երկու ավագ քույրերս նույնպես բժիշկներ են, եւ կարծում եմ՝ ընտանեկան մթնոլորտը մասնագիտության ընտրության հարցում արդեն իսկ տրամադրող է եղել: Մեր աշխատանքը շատ պատասխանատու է, բայց նաեւ բավականին հաճելի կողմեր ունի, եւ պետք է սիրահարվես քո մասնագիտությանը, որ սիրով աշխատես: Երբ տրվում ես այդ մասնագիտությանը, իսկական նվիրյալ ես դառնում եւ այլ մասնագիտոթյունների մեջ քեզ չես պատկերացնում:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ բոլորին ասել, որ հիվանդության կանխարգելելը շատ ավելի դյուրին է, քան բուժումը, ուստի թող պացիենտներն ավելի վստահաբար դիմեն մեզ, որովհետեւ մենք՝ բժիշկներս, օրնիբուն ջանք չենք խնայում, որպեսզի որակյալ եւ նպատակային բուժօգնություն ցուցաբերենք մեր բոլոր պացիենտներին: Կցանկանամ, որպեսզի ավելի շատ վստահեն ու հարգեն բուժաշխատողներին: Մաղթանքս էլ մշտապես անփոփոխ է. առողջ ապրեք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, սիրեք եւ եղեք սիրված, թող ձեր սիրտը մշտապես բաբախի երջանիկ եւ առողջ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր