Արմեն Վարժապետյան

(0 votes)

Պրակտիկ բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են: Եվ, չնայած դեպքերի մեծ մասում այդ հիվանդությամբ կարելի է ապրել, սակայն խաթարված նյութափոխանակությունը, անկայուն հոգեվիճակն ու մշտական հոգնածության զգացումը նկատելիորեն նվազեցնում են կյանքի որակը: Ինչպես ժամանակին ախտորոշել եւ բուժել վահանաձեւ գեղձի հիվանդությունները, եւ որքանով են դրանք վտանգավոր:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, էնդոկրին վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Վարժապետյանն է: Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման նոր մեթոդներ ու եղանակներ:

-Բժիշկ, մի փոքր ներկայացրեք Ձեր անցած ճանապարհը:

-Իմ սերը բժշկության նկատմամբ ձեւավորվել է դպրոցական տարիներից, եւ դա պատահական չէր. հայրս բժիշկ է, եւ այդ հանգամանքը որոշիչ է դարձել իմ մասնագիտության ընտրության հարցում: Դրան նպաստել են նաեւ հիվանդների հետ «միջնորդավորված» շփումները: Ինչ վերաբերում է կոնկրետ վիրաբուժության ոլորտին, ապա նման որոշում կայացրել եմ արդեն Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանելու տարիներին: Մինչ օրս շարունակում եմ զբաղվել ընդհանուր եւ որովայնային վիրաբուժությամբ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի եւ ընդհանրապես էնդոկրին համակարգի ախտահարումներով հիվանդությունների աճ նկատվեց, ես որոշեցի նեղ մասնագիտանալ նաեւ էնդոկրին վիրաբուժության ոլորտում: 2015թ.-ին որակավորվել եմ ՌԴ Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արեւմտյան ֆեդերալ էնդոկրին կենտրոնում, որից հետո` Ստրասբուրգի «IRCAD» ուսումնական կենռրոնում, այնուհետեւ պարբերաբար մասնակցել եմ ֆորումների, հանդիպումների, վերապատրաստումներ եմ անցել ՌԴ եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում, իսկ դա ինձ օգնել է իմ մոտեցման ձեւերը, ռազմավարությունը մշակելու, այն միջազգային չափանիշներին մոտեցնելու, ոլորտի զարգացմանը մասնակցելու հարցերում:

-Հայկական ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Եթե ասոցիացիան գործի միջազգային չափանիշներին համապատասխան, շատ ուրախալի կլինի: Այն, առաջին հերթին, տալիս է գիտելիքների մեծ բազա, դեպքերի քննարկումների արդյունքում հայտնաբերում ենք մեր թույլ տեղերը: Ասոցիացիան նաեւ մեզ օգնում է լինել պաշտպանված, վստահ, գործընկերների հետ փորձի փոխանակումն է ապահովում, մասնակցությունը գիտաժողովների, դասընթացների, ծանոթացնում է գիտության ձեռքբերումներին, նորարարություններին:Իսկ պրակտիկ բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել:

-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Ես դասավանդում եմ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ ուրախ եմ, որ կան ուսանողներ, որոնց շնորհիվ մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում կլինի: Նրանք նաեւ ակտիվորեն մասնակցում են տեղական եւ միջազգային հանդիպումների, պրպտող են, ձգտող:

- Ի՞նչ կասեք մեր հասարակության դիմելիության որակի մասին:

-Պացիենտները շատ տարբեր են, բայց բժիշկներս աշխատում ենք անհատական մոտեցում ցուցաբերել, նրանց խորհուրդներ ենք տալիս, որպեսզի վերջնական որոշումը ճիշտ կայացնեն: Սքրինինգային ծրագրերը բավականին օգնում են ժամանակին հիվանդության հայտնաբերման հարցում, ու, եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, ապա ակնհայտ է, որ հասարակությունն ավելի լուրջ է վերաբերվում իր առողջությանը:

Նախկինում շատ քչերն էին օգտվում ինտերնետից, իսկ այսօր իրավիճակը այլ է. ինտերնետը ողողված է, այդ թվում, նաեւ թերի կամ սխալ տեղեկատվությամբ, որը վերահսկելը գրեթե անհնար է: Իհարկե, վերջնական խոսքը կասի բժշիկը, սակայն հաճախ այդ  սխալ տեղեկատվությունը հիվանդին գցում է երկընտրանքի, կասկածների մեջ:

-Էնդոկրին խնդիրների բուժման ի՞նչ լուծումներ  է  առաջարկում  Ձեր  ղեկավարությամբ  գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը:

-Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքն իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի ու մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ եւ վիրահատական բուժում,  որը կատարվում է նորագույն եղանակների, սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը եւ կրճատել ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:

-Իսկ վահանաձեւ գեղձի հանգույցների ժամանակ   ո՞ր  դեպքերում  է  ցուցված  վիրահատություն:

-Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան (FNA) համարվում է ախտորոշման առավել կարեւոր մեթոդներից մեկը, եթե ոչ` ամենակարեւորը: Վահանաձեւ գեղձի բիոպսիան պատասխանում է ամենակարեւոր հարցին, որի առաջ կանգնում է բժիշկը հիվանդության ախտորոշման փուլում. արդյոք հայտնաբերված հանգույցը չարորա՞կ բնույթ ունի, թե՞ոչ: (Ցավով պետք է  նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է): Ախտորոշման փուլում առանց այս հարցի պատասխանի հիվանդության հետագա ճշգրիտ բուժման կազմակերպումը հնարավոր չէ:
Վահանաձեւ գեղձի բիոպսիայի արդյունքից հետո է միայն հնարավոր որոշել հետագա քայլերը` վիրահատություն, հսկողություն, նվազագույն ինվազիվ միջամտություն եւ այլն: Անհրաժեշտ է հաշվի առնել,  որ վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիան երբեք չի կարող փոխարինել բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիային: Այդ իսկ պատճառով համապատասխան չափի հանգույցի հայտնաբերման պարագայում միշտ հարկավոր է կատարել վահանաձեւ գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա: Բժիշկը, որը վահանաձեւ գեղձի հանգույցով հիվանդին բուժում է առանց բիոպսիայի արդյունքների, վտանգում է հիվանդի կյանքը, քանի որ բուժման մարտավարության սխալ ընտրությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների: Բազմաթիվ պացիենտներ համոզված են, որ վահանաձեւ գեղձի պունկցիայի նշանակման դեպքում դրան հաջորդելու է վիրահատական միջամտություն: Այդ համոզմունքը սխալ է:

Իսկ վահանաձեւ գեղձի բարորակ սիմպտոմատիկ հանգույցների բուժման նպատակով կիրառվում են նաեւ այլ (ալտերնատիվ) մեթոդներ` վահանաձեւ գեղձի հանգույցների էթանոլային սկլերոթերապիա  եւ ռադիոհաճախական աբլացիա:

 Բարորակ հանգույցների պարագայում վիրահատություններ ցուցված են հետեւյալ դեպքերում. նախ, երբ առկա է հարեւան օրգանի ճնշման երեւույթ, 2-րդը` պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով (վիրահատությունը որոշվում է էնդոկրինոլոգ, վիրաբույժ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի   առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքներն անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը) եւ 3-րդը`երբ հանգույցը հորմոնակտիվ է:

Վահանաձեւ գեղձի խնդիրներից են նաեւ հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Դրանք են՝ հիպոթիրեոզը եւ հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան թերի է լինում, այսինքն՝ այն արտադրում է T4 եւ T3 հորմոններն ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի պահանջն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:

-Կցանկանամ առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում ու կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն:

Ցանկանում եմ, որ մեր երկրում մարդիկ ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով, աշխատեն ու արարեն հանուն անձնական ու մարդկային բարեկեցության: Գաղտնիք չէ, որ առողջ, ազատ ու ստեղծարար միտքը մարմնի առողջության գրավականն է: Հորդորում եմ դրսեւորել խիզախություն  եւ կամք ՝ լինելու լավատես, ունենալու բարի մտքեր…

Եվ ցանկացած դեպքում հիշել, որ ձեր կողքին են ձեր լավագույն բարեկամները՝ նվիրյալ, խելացի ու առաջադեմ բժիշկները:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր