ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

(0 votes)

Այսօր անպտղությունը շատ է երիտասարդացել

Մայր դառնալը կնոջ ամենամեծ ուրախությունն է. չէ՞ որ դրանով իսկ շարունակվում է մարդկությունը, իսկ երեխան դառնում է ընտանիքի ամրության, զույգերի երջանկության հիմնական անկյունաքարը, առհավատչյան: Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր  փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան  շատ հարազատ մարդիկ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Բժիշկ, ում երկարատեւ ու անմնացորդ աշխատանքը, ավանդը բժշկագիտության զարգացման գործում մեծ է եւ  անգնահատելի: Հիվանդների վստահությունը, սերն ու հարգանքը բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականն են, եւ նա փոխադարձ սիրով, անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց: Բժիշկը նա է, ում խիղճը հիվանդի նկատմամբ երբեք չի քնում: Նա է բժիշկը, ով իր հիպոկրատյան երդման հավատարիմ տերն է ու ծառան: Նա է բժիշկը, ով իր հոգու ծալքերում մշտապես բերկրանք է ապրում, երբ իր ջանքերի շնորհիվ հիվանդն է ապաքինվում:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ են երիտասարդներն ավելի շատ ձգտում կեսարյան հատման:

-Որովհետեւ ժամանակակից երիտասարդները, այսպես ասեմ, չեն ուզում շատ չարչարվել, իսկ կեսարյան հատումը շատ ավելի հեշտ է, այն ընդամենը տասնհինգ-քսան րոպե է տեւում:

-Իսկ հետվիրահատական բարդությունների վտանգ չկա՞:

-Այսօրվա ժամանակակից պայմաններում ոչ մի տարբերություն չկա՝ ծննդաբերական ճանապարհո՞վ, թե կեսարյան հատմամբ է ծնվել երեխան: Բայց միանշանակ է, որ դա բնականը չէ:

-Բայց ասում են, որ կեսարյան հատման դեպքում կնոջ մեջքից անզգայացում կատարելը հետագայում մեջքի ցավի խնդիրներ է առաջացնում:

-Նման բան չկա, պարզապես ավելի շուտ զուգադիպում է այն վիճակը, երբ կինն արդեն որպես մայր անընդհատ երեխայի հետ է, ցանկացած ծանրություն նրա համար ծանրաբեռնվածություն է, եւ այդ ցավերը, կարծես թե, համընկնում են այն տեղի հետ, որտեղ սրսկում են արել: Եվ հենց դա էլ տպավորություն է ստեղծում, որ մեջքի ցավերը սրսկումից են առաջացել:

-Կցանկանայի մի փոքր մանրամասնեք միոմայի հետ կապված խնդիրները:

-Միոմայի առաջացման պատճառները պարզ չեն, կան հորմոնալ նորագոյացություններ, որոնցից կանայք շատ են տառապում, եւ դրանք մեր վիրաբուժական աշխատանքների հիմնական մասն են կազմում: Կան վիրահատություններ, որոնք պահպանողական են, այսինքն՝ արգանդը չենք հեռացնում, աշխատում ենք պահել մանավանդ երիտասարդ կանանց մոտ, եւ այդ առումով բավականին լավ արդյունքներ ունենք: Իհարկե, լինում են նաեւ  իրավիճակներ, օրինակ, այսօր, երբ ցանկանում էի պահպանողական մոտեցում դրսեւորել, սակայն այդ չորս-հինգ միոմաներից հիմնականը շատ մեծ էր, զբաղեցնում էր կենտրոնական դիրք, եւ մենք ստիպված դիմեցինք արգանդի հեռացման, որովհետեւ այն պահել հնարավոր չէր. այնտեղ հյուսվածք չէր մնացել, քայքայվել էր:

-Իսկ կիստաներն իրենցից ի՞նչ են ներկայացնում:

-Կիստաները շատ ավելի վտանգավոր գոյացություններ են, ու, եթե միոմաների իննսուն տոկոսից ավելին բարորակ գոյացություն է, ապա կիստան, կարելի է ասել, ատոմային ռումբ է, սովորական կիստան կարող է ինչ-որ ժամանակի ընթացքում վերածվել չարորակ գոյացության, որի տարածումը բավականին արագ է ընթանում, այն կարող է գրավել ամբողջ որովայնը: Այնպես որ, կիստան վտանգավոր գոյացություն է, եւ դրան չի կարելի մատների արանքով նայել: Ու, եթե, օրինակ, արյան մատակարարման հետ կապված խնդիր կա, անմիջապես պետք է սոնոգրաֆիա անել ու ընդհանրապես պետք է հաճախակի հետազոտվել եւ կիստայի հայտնաբերման դեպքում բժշկի հսկողության տակ լինել:

-Կիստան դեղորայքային բուժում ունի՞:

-Նայած ինչ կիստա է: Եթե այն սովորական կիստա է, որն առաջացել է ձվաբջիջի մեծացման պատճառով, կա՛մ ինքնիրեն է անցնում, կա՛մ հակաբեղմնավորիչ են նշանակում, ու դա վերանում է: Բայց, եթե դա էնդամետրոիդ կիստա է, բավականին մեծ չափերի, պետք է անպայման վիրաբուժական միջամտությամբ հեռացվի: Այնպիսի կիստաներ կան, որոնք կոչվում են դերմոիդ եւ մանկուց, այսպես ասած, ծրագրավորվում են, կյանքի ընթացքում զարգանում, մեջը մազեր,  ճարպ, երբեմն՝ ատամներ, ոսկորներ են լինում:

-Ընդհանրապես գինեկոլոգիական հիվանդությունները ժառանգական բնույթ կրո՞ւմ են:

-Միոմաները երբեմն լինում են ժառանգական, բայց հիմնականում՝ ոչ:

-Անպտղության տարիքային շեմը ո՞րը կարող ենք համարել:

-Այսօր անպտղությունը շատ է երիտասարդացել. 30-35 տարեկանների մոտ ձվարանային պաշարը մոտենում է զրոյի, ու չես հասկանում՝ ինչից, պարզ չէ: Այսինքն՝ երիտասարդ կինն արդեն 30 տարեկանում կարող է լինել անպտուղ զուտ այն պատճառով, որ նրա ձվարանային պաշարը զրոյացել է: Եվ կան կանայք, որոնք 41, 42 տարեկանում դեռ շատ առույգ են, առողջ, նրանց ձվարանները նորմալ վիճակում են, պաշարը լավ է, ոչ մի կողմնակի խնդիրներ չունեն: Բայց, իհարկե, արդեն 45 տարեկանից հետո շատ դժվար է ինչ-որ դրական արդյունքի հասնել:

-Նույնիսկ էկոյի՞ դեպքում:

-Այո: Ի՞նչ է անում էկոն: Էկոն ընտրություն է կատարում ձվարանների բջիջներից, ու, եթե նորմալ ձվաբջիջ չկա, չես կարող որեւէ բան ակնկալել:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի, Ձեր ոլորտի ապագայի մասին ընդհանրապես:

-Իհարկե, կան երիտասարդ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ժամանակը, ֆիզիկական էներգիան, ամբողջ օրը գտնվում են կլինիկայում, հերթապահում են, սովորում եւ  բավականին լուրջ բանի են հասնում արդեն որպես երկրորդ, երրորդ կուրսի ուսանողներ, որպես օրդինատորներ:

-Առողջապահության ոլորտում, ըստ Ձեզ, այսօր բացթողումներ կա՞ն:

-Միշտ էլ բացթողումներ, խնդիրներ եղել են, կան ու կլինեն, մանավանդ հաստատ աշխարհի առավել զարգացած երկրների թվին չենք պատկանում: Սակայն, ամեն դեպքում, հնարավորինս ամեն ինչ արվում է: Դեռ նախկին ղեկավարության օրոք սահմանամերձ բնակավայրերի մարդկանց անվճար բուժօգնություն էր ցուցաբերվում, օրինակ, քաղցկեղով հիվանդները պետական միջոցներով են բուժվում, ինչը շատ մեծ օգնություն է, որովհետեւ վիրահատական բուժումը, ճառագայթումը, դեղորայքը շատ թանկ են: Եվ լավ է, որ նույն քաղաքականությունը շարունակվում է:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Բոլոր մարդիկ, նույնիսկ կենդանիները ձգտում են ազատության, սակայն անընդհատ կախված ենք սոցիալական կամ այլ խնդիրներից: Խորհրդային տարիներին ինչ-որ մի շրջան լավ ենք ապրել: Ապրում էինք բարեկեցիկ, բայց իրավակարգը փոխվեց, որին հետեւեցին երկրաշարժը, պատերազմը: Այսինքն՝ ստեղծվեց բոլորովին նոր իրավիճակ: Կարծես թե մի պահ կյանքը կայունացավ, լուսավոր շրջան եղավ, բայց դրան ամիջապես հաջորդեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Կարծես թե նորից լույսի շող երեւաց, սակայն այս տարին սկսվեց կորոնավիրուսով, որն էլ իր պայմանները թելադրեց: Այդ ամենին էլ հաջորդեց պատերազմը, ու, կարծես թե, բոլորս կորցրել ենք ապրելու ուժը, սահմանափակել մեր գործողությունները. կարծես սահմանին ծառայություն իրականացնելիս լինենք: Հոկտեմբերին, ինչպես զարգացած եվրոպական երկրներում, այնպես էլ մեզ մոտ, սկսվեց համավարակի երկրորդ փուլը, ինչին կարող է հետեւել, ասենք, նոր տեսակի գրիպը կամ մեկ այլ  հիվանդություն: Կցանկանամ, որ այդ ամենը շուտ ավարտվի, նորից լույս երեւա, ու մենք ազատվենք այս դժվարություններից:


 

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր