Ամեն օր այս շենք մտնելիս լրացուցիչ էներգիա եմ ստանում
Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 տոկոսն ընկալվում է տեսողությամբ, որի շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երեւույթները, ընկալում՝ սեփական մարմինը: Մարդու աչքերն իրականում ավելի բարդ ու զարմանալի են, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Տեսողության ամբողջական կամ մասնակի կորուստը զգալիորեն վատթարեցնում է մարդու կյանքի որակը, ուստի, բնական է, անչափ կարեւորվում է ակնաբույժի դերը առողջապահական համակարգում: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա բազմափորձ, հմուտ ակնաբույժ է եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ շատ երեխաների է վերադարձրել լավ տեսնելու, լիարժեք կյանքով ապրելու երջանկությունը:
-Ի՞նչ ակնային խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում:
-Հաճախ դիմում են օպտիկական շեղումներով՝ կարճատեսություն, հեռատեսություն, դրանց հետեւանքներով, ինչպես նաեւ աստիգմատիկ խնդիրներով: Այսօր, ցավոք, երեխաները չարաշահում են ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելը, դպրոցում չեն հետեւում ճիշտ տեսողական լուսային կանոններին, ճառագայթումը, արտանետումներն են շատացել, եւ այս ամենի արդյունքում տեսողական պաթոլոգիայի համար պարարտ պայմաններ են ստեղծվում: Ու հաճախ լինում են դեպքեր, երբ ծնողներն ակնոց չեն կրում, տեսողական խնդիր չունեն, սակայն ընտանիքի երկու-երեք երեխաները խնդիր են ունենում: Ի վերջո, կա դպրոցական կարճատեսություն հասկացողությունը:
-Կմանրամասնե՞ք:
-Օրինակ, երեխաները հաճախ ֆիզիկապես շատ քիչ են ծանրաբեռնվում, ոչ ճիշտ կեցվածք են ընդունում՝ դեմքով իջնելով դեպի գիրքը, տետրը, որը բերում է ոչ միայն ողնաշարի դեֆորմացիաների, այլեւ երկրորդային օպտիկական արհեստական շեղումների, կեղծ կարճատեսության, աչքի լարվածության… Եվ այդ ամենն ի վերջո հանգեցնում է կարճատեսության: Ծնողներին միշտ խորհուրդ ենք տալիս երեխաների համար պայմաններ ստեղծել, որպեսզի զարգանա նրանց ֆիզիկական ակտիվությունը, կարողանան շարժվել, իրենց բաժին ֆիզիկական էներգիան կորցնեն, նյութափոխանակությունը ճիշտ ընթանա, օրվա ընթացքում տեսահորիզոն ունենան: Երեխան պետք է ե՛ւ աշխույժ լինի, ե՛ւ ունենա տեսահորիզոն, որպեսզի աչքը՝ որպես օպտիկական համակարգ, կարողանա գործել, այսինքն՝ ամենամոտ եւ շատ հեռու գտնվող իրերը, առարկաները տեսնելու բնության տված ունակությունը կարողանա անընդհատ աշխատեցնել, որպեսզի այն չծուլանա, հետ չզարգանա:
Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ վաղաժամ ծնված երեխաների ակնաբուժական խնդիրները, որոնք շատ վաղ ախտորոշվում են, եւ ձգտում ենք ժամանակին կանխարգելել հնարավոր վերահաս տեսողական շեղումները:
Մյուս խնդիրը ոսպնյակի բնածին եւ ձեռքբերովի պղտորումներն են ու աչքի բորբոքային հիվանդությունները, որոնք կարող են զուգորդվել համակարգային հիվանդությունների հետ (օրինակ, հոդերի բորբոքումներ, պարբերական հիվանդություններ եւ այլն): Դրանք կրկնվող են, յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, եւ այդ խնդիրների լուծման նպատակով համագործակցում ենք նաեւ համապատասխան մասնագետների հետ:
-Կանխարգելիչ բուժումն ի՞նչ մակարդակի վրա է:
-Ծնողների դիմելիությունը, անկախ նրանց սոցիալական վիճակից, բավականին բարձր է: Եթե տեղամասային բժիշկը չի կողմնորոշվում ախտորոշման հարցում, պացիենտին ուղեգրում է կենտրոնացված խոշոր կլինիկաներ: Բայց ամենամեծ պատասխանատվությունը մեր՝ մանկական ակնաբուժական կենտրոնի ծառայությանն է, որտեղ բուժվում են ցանկացած փոքրիկ ռեֆրակցիոն շեղումներից մինչեւ տարբեր օրգանական ակնային շեղումներ, բնածին գլաուկոմա, ձեռքբերովի գլաուկոմա եւ այլ հիվանդություն ունեցողները: Ու շատ հազվադեպ է պատահում, որ ուշացած են դիմում, ընդ որում, երեխաներն էլ են աչալուրջ այդ հարցում: Մենք բարեգործական ծրագրերով հասնում ենք նույնիսկ մինչեւ ծայրամասային գյուղեր, կամ այնտեղի մասնագետների, բնակչության համար կազմակերպվում են կոնսուլտացիաներ: Այնպես որ՝ բավականին քիչ են հիվանդության բարձիթողի վիճակում դիմողները, երբեմն պարզապես վախից չեն բերում: Չպետք է մոռանալ, որ աշխարհն է փոխվել, մարդկանց կենցաղը, եւ երեխայի հիվանդությունն էլ (սկսած նրա բեղմնավորումից մինչեւ ծնվելը, մեծանալը) ընտանիքի, ընտանեկան պայմանների, նյարդային, հոգեբանական վիճակի հայելային արտացոլումն է: Կան ծնողներ, որ երեխային պարտադրում են ինչ-որ ծավալի աշխատանք կատարելուց հետո միայն դուրս գալ տնից, ինչի պատճառով երեխան հայտնվում է սթրեսային վիճակում, դիմադրողականությունն ընկնում է, տարբեր նեւրոլոգիական դրսեւորումներ է սկսում ձեռք բերել: Ուստի ծնողներին խորհուրդ ենք տալիս պահանջկոտ լինել երեխաների նկատմամբ, սակայն նրանց չզրկել իրենց ամենամեծ թանկ բանից՝ մանկությունից:
-Ի՞նչ եք առաջարկում՝ ակնո՞ց կրել, թե ոսպնյակ:
-Առաջին հերթին՝ ակնոցային կորեկցիա, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում՝ կոնտակտային կորեկցիա: Ընդ որում, վերջինիս համար շատ խիստ ցուցումներ կան:
-Աչքի հիգիենայի մասին ի՞նչ կասեք:
-Առաջին հերթին պետք է օգտվել ընդհանուր հիգիենայի կանոններից. աչքը մաքուր պահել, չտրորել, որովհետեւ դա կարող է ինֆեկցիա առաջացնել: Պետք է հետեւել միջավայրի, անձնական մաքրությանը, աշխատել գերազանցապես քթով շնչել, ճիշտ լուսավորվածություն, ժամանակին ու հանգիստ քուն ապահովել: Չպետք է հեռուստացույցի, բջջային հեռախոսի, ընդհանրապես որեւէ լուսավոր էկրան լինի մութ տարածության մեջ:
-Մանկական կուրություն գոյություն ունի՞:
-Անվերադարձ կուրություն լինում է, եթե կա լուրջ խնդիր, եթե տեսողական նյարդի բորբոքման բուժումը հապաղում են կազմակերպել, եթե ունեն տեսողական նյարդի գանգուղեղային տրավմաներ:
-Ըստ Ձեզ, ո՞րն է առողջության բանաձեւը:
-Առողջության բանաձեւը ձգտելն է ճիշտ, առողջ կենսակերպի, նաեւ բարձր տրամադրությունն է, բնության տվածը գնահատելը, պահպանելը: Ինչպես Թումանյանն է ասում. «Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թե` ո՜վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից»։
-Կնոջ համար դժվար չէ՞ համատեղել աշխատանքը ընտանիքի հետ:
-Առայժմ ստացվում է, քանի որ գիտեմ՝ տանը ինձ սպասում են, ու ձգտում եմ, որ դա շարունակական լինի:
-Ո՞րն է Ձեր մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իմ գործին մոտենում եմ ոչ թե զուտ որպես մասնագիտություն, այլ սիրում եմ այն: Ամեն օր (եւ այդպես՝ երեսուն տարուց ավելի) նորովի եմ մտնում շենք, եւ այն լրացուցիչ էներգիան, որ ստացել եմ քսանհինգ տարեկանում, հիմա էլ ստանում եմ:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հանրությանը:
-Քանի որ երեխաների հետ եմ աշխատում, նրանց մաղթում եմ առողջ, պայծառ հայացք, գեղեցիկ, ժպտացող, փայլուն աչքեր: Իսկ դրա համար պիտի աշխատեն ե՛ւ բժիշկները, ե՛ւ ծնողները: