ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

(0 votes)

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է

Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ վնասվածքաբանությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:

44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո բժիշկները, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անձնազոհ աշխատանք են կատարել իրենց ոլորտում՝ անգամ վտանգելով իրենց կյանքը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Որքան էլ գայթակղիչ լինի ճերմակ խալաթը, բժշկի աշխատանքը անչափ պարտավորեցնող եւ դժվարին է, ու, ըստ մեր զրուցակցի, բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն եւ բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ունի բժշկի հետ շփու­մը։

-Պարո՛ն Գալստյան, կխնդրեի մի փոքր խոսեք պատերազմի ընթացքում իրականացրած Ձեր  աշխատանքի մասին:  

-Պատերազմի սկզբնական շրջանում, երբ Քելբաջարի ուղղությամբ ընթացան թեժ մարտեր, եւ հակառակորդը գրավեց մեր որոշ դիրքեր, ես գտնվում էի Վարդենիսի կայազորային հոսպիտալում՝ վիրաբուժական թիմի կազմում: Ինքնին պարզ է, որ այդ թեժ մարտերի հետեւանքով  ունեցանք մեծաթիվ վիրավորներ, իսկ դա պահանջում էր բավականին ծանրաբեռնված,  լարված աշխատանք:  Ընդ որում, ոչ թե հրազենային, այլ ավելի շատ բեկորային վիրավորումներ էին, իսկ դրանք, ինչպես գիտեք, ծանր, բարդ դեպքեր են եւ  հաճախ փուլային բուժօգնություն, այսինքն՝ մի քանի, երբեմն նաեւ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են պահանջում:

Երբ արդեն հակառակորդի հարձակման ուղղությունը փոխվեց դեպի ավելի հարավ, վիրավորների հոսքը մեզ մոտ նվազեց, եւ ես վերադարձա իմ հիմնական աշխատանքի վայր՝ «Արթմեդ» բժշկական կենտրոն: Սկզբում վիրավորներին տեղավորում էին զինվորական հոսպիտալում, պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հաստատություններում, սակայն հետագայում քաղաքացիական հիվանդանոցների ներգրավման անհրաժեշտություն առաջացավ: Եվ մեր կենտրոնում նույնպես կատարեցինք բազմաթիվ վիրահատական միջամտություններ: Ի դեպ, ես ութ տարի աշխատել եմ  կենտրոնական հոսպիտալում, պատերազմական իրավիճակում վիրաբուժական ծառայության կազմակերպման եւ մատուցման առումով ունեմ մեծ փորձ, բայց երբեւէ չէի մտածում, որ այդ փորձն ինձ պետք կգա:

Կարող եմ ասել, որ ե՛ւ Վարդենիսի հոսպիտալում, ե՛ւ մեզ մոտ՝ «Արթմեդ» բժշկական կենտրոնում, աշխատանքները բավականին լավ էին կազմակերպված, վիրաբուժական միջամտությունները շատ բարձր մակարդակով էին իրականացվում։ Իհարկե, հաշվի առնելով մեր հնարավորությունները եւ ռեսուրսները:

-Ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ընտրության հարցում ուղղորդողներ եղե՞լ են, ձեր արմատներում կան արդյո՞ք բժիշկներ:

-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ բժշկի աշխատանքը բարդ է, դժվարին, բավականին մեծ է պատասխանատվությունը։ Չպետք է մոռանալ, որ, դիմելով բժշկին, հիվանդը դրանով իսկ վստահում է նրան, ուստի պարտավոր ես հնարավորինս արդարացնել այդ վստահությունը: Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ապա մանկական, դպրոցական տարիներին երբեւէ չեմ մտածել բժիշկ դառնալու մասին, ավելին՝ շատ երեխաների նման խուսափում էի բժիշկներից: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ընտրեցի հենց այդ մասնագիտությունը:

Այո, ծնողներս աշխատում են այդ ոլորտում, հայրս բավականին ճանաչված անձնավորություն է բժշկական աշխարհում, երկար տարիներ աշխատել է որպես պրակտիկ բժիշկ ու նաեւ բժշկական համալսարանում բավականին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Նա իմ կյանքում եղել է մեծ ուսուցիչներիցս մեկը, որոշակիորեն ազդել մասնագիտության ընտրության հարցում:

-Իսկ ինչո՞ւ հենց  վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտացումն ընտրեցիք:

-Կոնկրետ նեղ մասնագիտացում ընտրելու ժամանակ ես միշտ մտածել եմ, որ չեմ կարող ընտրել թերապեւտիկ ուղղություն, քանի որ ինձ հրապուրում էր վիրաբուժությունը: Վնասվածքաբանի մասնագիտությունն էլ ընտրվեց նույնպես որոշակի հանգամանքներից ելնելով: Ես դեռ ուսանողական տարիներին մի քանի անգամ մասնակցեցի վնասվածքաբանական վիրահատական միջամտությունների, ու դա մասնագիտության ընտրության հարցում հանդիսացավ կանխորոշիչ հանգամանք: Արդեն այսօր, ելնելով տարիների իմ փորձից, կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Գուցե ոմանք ինձ սնահավատ կանվանեն, սակայն չեմ կարող չասել, որ, ընդհանուր առմամբ, ես իմ կյանքում մեծ դեր եմ տալիս դիպվածների, հանգամանքների առկայությանը, որովհետեւ իմ կյանքի, իմ անձնական փորձը ցույց է տվել, որ դրանք որոշիչ նշանակություն ունեն ոչ միայն իմ, այլեւ շատ-շատերի կյանքում:

-Դուք նաեւ դասավանդում եք բժշկական համալսարանում, ուստի ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:

-Ընդհանրապես բժշկագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ զարգացում, նոր տեղեկատվություն, նոր մոտեցումներ, ու, եթե բժիշկը նույնիսկ մեկ օր չի զբաղվում իր մասնագիտությամբ, ինքնակրթությամբ, ապա որեւէ լուրջ հաջողության չի կարող հասնել: Իմ կարծիքով, մեծ նշանակություն ունեն նաեւ շրջապատը, հոգատար մարդկանց առկայությունը, որոնք կարող են սկզբնական շրջանում նպաստել բժշկի, մասնագետի կայացմանը: Նրանք իմ ուսուցիչներն են, որոնք նաեւ ինձ հնարավորություն են տվել աշխատել ինքնուրույն, զարգանալ, ինչը առանցքային նշանակություն ունի  բժշկի կայացման գործընթացում:

Դասավանդում եմ բժշկական համալսարանում, ու կարելի է ասել, որ ես էլ եմ արդեն այդ երիտասարդների ուսուցչի դերը ստանձնել եւ խնդիր լինելու դեպքում միջամտում եմ, խորհուրդ տալիս, բայց ամեն կերպ փորձում եմ նրանց ինքնուրույն աշխատելու, զարգանալու հնարավորություն տալ, քանի որ առանց ինքնուրույն աշխատանքի արդյունքից հաճույք չես ստանա, առաջընթաց չի արձանագրվի, ձգտում չի լինի: Ի վերջո, նրանք պետք է մոտիվացված լինեն:

Իսկ բժշկագիտությունն ընդհանուր առմամբ մեր երկրում վատ վիճակում չէ, զարգանում է: Իհարկե, ցանկալի է, որ ավելի մեծ ծավալի ռեսուրսներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանանք օգտակար լինել, բուժել, բարելավել նրանց կյանքի որակը:  

Ընդհանրապես վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է, եւ, համեմատած իմ ուսանողական տարիների հետ, կա բավականին լուրջ առաջընթաց: Եթե 30-40 տարի առաջ կարեւորվում էին մարդու գիտելիքներն ու ձեռքերի աշխատանքը, ունակությունները, ապա այսօր դինամիկ զարգացող աշխարհում միայն դրանք բավարար չեն լավ արդյունքներ, առաջընթաց արձանագրելու համար, անհրաժեշտ են նաեւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք, ի դեպ, բավականին թանկ արժեն, իսկ մեզ մոտ առկա է միջոցների սղություն: Բայց, իմ կարծիքով, մեր երկրի առողջապահության ոլորտում առկա են նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս քայլել աշխարհին համահունչ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր