ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ

(0 votes)

Գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն

 Բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ հետաքրքիր: Դա առավել ցայտուն զգացվում է, երբ մարդկանց լիարժեք տեսողություն պարգեւելու, կյանքը լիաթոք վայելելու շնորհակալ գործն ես անում` քո բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացնելով ակնաբուժական մի շարք բարդագույն վիրահատություններ: Այս ամենը վերաբերում է  Ս․Վ.․Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԻ, ով  նաեւ հաճելի կին է ու, ինչպես պարզվեց, հետաքրքիր զրուցակից:

-Երկար տարիներ գլաուկոման համարվում էր ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ անխուսափելիորեն բերում էր կուրության: Գիտության զարգացման եւ բանիմաց բժիշկների շնորհիվ այսօր պահպանվում են առկա տեսողական ֆունկցիաները եւ կանխարգելվում հնարավոր բարդությունները: Տիկի՛ն Ոսկանյան, ինչպե՞ս կբնութագրեք գլաուկոմա հիվանդությունը:

-Գլաուկոման առաջացնում է տեսողական ֆունկցիաների անվերադարձ կորուստ: Հաճախ ուղեկցվում է երկու աչքի ախտահարումով: Ռիսկի գործոններ են տարիքը (հիմնականում 60-ից բարձր տարիքային խումբը), ժառանգականությունը, կարճատեսությունը, շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, գլյուկոկորտիկոիդային նյութափոխանակության խանգարումները, վաղ տարիքային հեռատեսությունը, անատոմիական առանձնահատկությունները (ակնագնդի փոքր չափերը, հեռատեսությունը, առաջային խցիկի նեղ անկյունը, ծանծաղ առաջային խցիկը, խոշոր ոսպնյակը եւ այլն), աչքի տարած վնասվածքները եւ բորբոքային հիվանդությունները (ուվեիտ), միգրենը, համակարգային գիշերային հիպոտենզիան, ծայրամասային վազոսպազմը (Ռեյնոյի համախտանիշ), ստերոիդների երկարատեւ օգտագործումը եւ այլն:

-Գլաուկոման, ըստ ծագման, քանի՞ տեսակի է լինում:

-Գլաուկոման, ըստ ծագման, լինում է առաջնային, երկրորդային եւ բնածին: Բնածին գլաուկոման երեխաների մոտ զարգանում է ծնված օրվանից մինչեւ 35 տարեկանի շեմը, ինֆանտիլ գլաուկոմա, երբ 3-4 տարեկանից հետո երեխայի մոտ զարգանում է հիվանդությունը, եւ յուվենիլ` երիտասարդական, որը զարգանում է մինչեւ 35 տարեկանը: Ավելի շատ պացիենտներին, երեւի թե, կհետաքրքրեն առաջնային եւ  երկրորդային գլաուկոման, ընդհանրապես սովորական գլաուկոման, որը զարգանում է 50 տարեկանից հետո եւ համարվում է առաջնային: Կհետաքրքրի նաեւ առաջնային գլաուկոման, որը զարգանում է աչքում առանց որեւէ այլ ներակնային հիվանդության առկայության: Այսինքն՝ զարգանում է ինքն իրեն, քանի որ մարդն ունի այդ գենը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման համար, որի ժամանակ տեսողական նյարդը սկսում է սպեցիֆիկ փոխվել, վնասվել: Երկրորդային համարվում է այն գլաուկոման, որը զարգանում է աչքում որպես այլ ներակնային հիվանդության, ասենք, չբուժված կատարակտայի, շաքարային դիաբետի հետեւանք: Երբ ոչ թե ընդհանուր, այլ շաքարային դիաբետը թերի է բուժված, բուժումը լիրաժեք չէ, աչքում զարգանում են տարբեր խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել գլաուկոմայի: Օրինակ, ներակնային ուռուցքները, բորբոքումները: Եթե առաջնային գլաուկոման բուժելու համար արդի բժշկության մեջ բազմաթիվ մոտեցումներ ունենք, ապա երկրորդային գլաուկոմայի բարդությունն այն է, որ պետք է բուժվի նաեւ բուն հիվանդությունը, որպեսզի հիմնական պատճառը չզարգանա:

Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչեւ նպատակային ճնշման մակարդակ ու եղած տեսողությունը հնարավորինս պահպանելուն: Դրանք են՝ դեղորայքային, լազերային եւ վիրահատական: Լազերային բուժման տեսակներից լազերային իրիդէկտոմիայի դեպքում ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձեւավորվում է փոքր անցք: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն եւ նեղանկյուն գլաուկոմաների դեպքում:

Իսկ լազերային տրաբեկուլոպլաստիկայի ժամանակ տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով՝ լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:

Եվ վերջապես, դիոդլազերային ցիկլոկոագուլյացիայի ժամանակ լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա եւ առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրաովում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:

Վիրահատությունները բազմազան են, ուղղված են արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն:

-Բժշկուհի՛, եթե աչքի մեկը բնածին գլաուկոմայով է տառապում, հավանականությունը մե՞ծ է, որ մյուս աչքն էլ կկրի այդ հիվանդությունը:

-Բնածին գլաուկոմայի տեսակները տարբեր են: Կան դեպքեր, երբ ախտահարվում է միայն մեկ աչքը, եւ, եթե բժիշկը հետազոտելիս հայտնաբերում է հենց այդ տեսակը, պացիենտին զգուշացնում է, որ երկրորդ աչքը վտանգված չէ: Բայց կա բնածին գլաուկոմայի տեսակ, երբ երկու աչքը միաժամանակ են ախտահարվում, ու նման դեպքերում մի աչքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո պացիենտին զգուշացնում ենք, որ մյուս աչքում էլ շուտով գլաուկոմա կլինի, քանի որ կան նախանշաններ, օրինակ, տարբեր փոփոխություններ աչքի կառուցվածքում: Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ 14 տարեկանի մոտ է հայտնաբերվում զարգացած գլաուկոմա, քանի որ կարող է տեսողությունը նորմայում լինել, եւ չնկատվի, որ աչքում կան փոփոխություններ, որոնք կբերեն գլաուկոմայի զարգացման:

-Բժշկուհի՛, ինչո՞ւ է հիվանդությունը ստացել «գող» անվանումը:

-Ընդհանրապես չարորակ հիվանդություններին բնորոշ «կոմա» անվանումը եկել է հնուց, քանի որ այդ հիվանդությունը աննկատ զարգանում էր եւ խլում տեսողությունը:  «Տեսողության գող» ասվածը վերջերս է զարգացում ապրել, քանի որ կան գլաուկոմայի բացանկյուն տեսակներ, երբ առանց որեւէ նախանշանների, 100 տոկոսանոց տեսողություն պահպանելով՝ խլում են տեսադաշտից բավականին մեծ ծավալ, ազդում տեսողական նյարդի վրա, եւ մարդը չի նկատում, որ տեսողոթյունը վնասվում է: Ցավի ժամանակ աչքը տրորում է, ցավն անցնում է, կամ աչքի խավարումը կարող է առավոտյան լինել, երեկոյան՝ ոչ, այսպես ասած, գնում-գալիս է տեսողությունը: Եվ «տեսողության գող» անվանումը ստացավ այն բանից հետո, երբ մարդը  աստիճանաբար կորցնում է տեսողությունը՝ չզգալով դա, քանի որ այդ պահին անհանգստանալու պատճառ, նշան չկա: Բայց որեւէ փուլում հիվանդը ստիպված է լինում դիմել բժշկի օգնությանը:

-Գլաուկոմայի բուժման ոսկե միջինը Դուք ո՞րն եք համարում:

-Կատարյալ, լիարժեք եւ վերջնական բուժում հնարավոր է իրականացնել վիրաբուժական միջամտության միջոցով: Այն դեպքերում, երբ տեսողական նյարդը մեծ վնասվածք է ստացել, ինձ համար ոսկե միջինը միմիայն վիրահատական միջամտությունն է, իսկ եթե նյարդը դեռ պահպանված է, ապա կարող ենք դիմել դեղորայքային բուժման: Ավելի վաղ փուլում առավել արդյունավետ է շունտավորումը:

-Գլաուկոմայի դեպքում մե՞ծ է կրկնակի վիրահատության հավանականությունը:

-Մեծ չէ, բայց լինում են դեպքեր, որ պետք է կատարվի երկրորդ, երրորդ վիրահատական միջամտությունը: Առաջնային գլաուկոմայի դեպքում մեկ վիրահատությունը բավականին արդյունավետ է: Ընդհանրապես վիրահատությունը պետք է կատարվի այն դեպքում, երբ մարդը տարիներ շարունակ դեղորայքային բուժում է ստանում, երբ վնասվում է լորձաթաղանթը, որի վրա հետագայում պետք է աշխատես:

-Ակնային վիրահատությունների համար պետության կողմից աջակցություն կա՞:

-Այո՛, սոցիալապես անապահով խավի, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների գլաուկոմայի վիրահատությունները Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով: Բացառություն են կազմում ամենաժամանակակից մեթոդներով արվող վիրահատությունները:

-Հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:  

-Մենք բոլորս ցանկանում ենք խուսափել մեծ վիրահատություններից, քանի որ երկար տեւող վիրատահական միջամտության դեպքում կլինեն հետվիրահատական բարդություններ: Իսկ մինիմալ ինվազիվ վիրահատությունների դեպքում բարդությունների աստիճանը իջեցված է 0,01 տոկոսի, գրեթե չկա:

-Աչքի վիրահատություների դեպքում նշվում է, որ պետք է աչքի ճնշումը լինի նորմայում, կմանրամասնե՞ք:

-Բարձր ճնշմամբ կատարվող վիրահատությունների դեպքում մենք լինում ենք ռիսկի գոտում, բայց դա չի նշանակում, որ բարձր ճնշում ունեցող աչքը չի կարելի վիրահատել: Եթե կան ուղեկցող ակնային վիրահատություններ, այդ դեպքում պետք է կարգավորել ճնշումը, ապա նոր միայն իրականացնել վիրահատությունը:

Ընդհանրապես գլաուկոմայի վիրահատություն կատարվում է եղած տեսողությունը պահպանելու համար: Լինում են դեպքեր, երբ տեսանյարդը ընկճված է, ոչ թե վնասված, եւ այն վիրահատությունից հետո առողջանում է: Բայց ամեն մեկին յուրովի մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել, որովհետեւ մեկի մոտ կարող է արդյունքը բավարար լինել, մյուսի մոտ`ոչ: Տարիքի հետ բոլորն էլ նյարդաթել կորցնում են, անկախ նրանից՝ տեսողությունը 100 տոկոսանոց է, թե՝ ոչ, կան աշխույժ եւ թույլ նյարդաթելեր:

-Գլաուկոմայի բուժման համար կա՞ն գիտական արդի մոտեցումներ:

-Իհարկե կան վիրահատական միջամտությունների ավելի արագ եւ արդյունավետ նորարարական մոտեցումներ: Սովորական շուտավորմամբ բացվում է արտահոսքը, կան տարբեր շուտավորման ձեւեր, որոնք ուղղում են վնասված հատվածները, կան նաեւ դեղապատ շունտեր, որոնց օգնությամբ դեղն է ազդեցություն գործում: Բոլորն էլ գիտեն, որ գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն, գլաուկոման կատարակտայի հետ զուգորդվելու դեպքում էլ ավելի լավ արդյունքներ է տալիս միջամտությունից հետո: Մարդիկ 100 տոկոսանոց տեսողությամբ ցանկանում են լազերային կորեկցիայի դիմել, բայց լավ կլինի, որ այդպես հանգիստ դիմեն նաեւ մինիմալ ինվազիվ ակնային վիրահատության:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք տարել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր