Եթե հավատացիք, որ բուժվելու եք, ուրեմն՝ կբուժվեք. ուռուցքաբան
Տարիներ շարունակ միայն այս բառը՝ քաղցկեղ, վախ է առաջացրել և այսօր էլ շարունակում է սարսափեցնել շատ-շատերի՝ չնայած այն բանին, որ բժշկությունը երբեք տեղում չի դոփում, բժիշկներն օրըստօրե կատարելագործվում են, տեխնիկական սարքավորումները թարմանում են բավականին հաճախ, և, որ ամենակարևորն է՝ ուռուցքաբանները վստահեցնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ՛: Այս է պնդում նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը, որի հետ շփումն այնքան թեթև ու հաճելի է, որ նույնիսկ ամենածանր հիվանդների մեջ է հույս արթնանում առ այն, որ իրենք անպատճառ կապաքինվեն:
Երկար տարիների փորձ ունեցող բժշկուհին իր անմիջականության, բարության, հիվանդների հետ գրագետ շփման միջոցով արդեն որքան ժամանակ է՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ հույս է ներշնչում իր պացիենտներին և իր կենարար ժպիտով ապրեցնում նրանց՝ վառ պահելով ապագայի նկատմամբ ունեցած հավատի ճրագը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը:
-Բժշկուհի, միանգամից տամ բոլորին թերևս ամենից շատ հետաքրքրող հարցը՝ քաղցկեղը դատավճի՞ռ է:
-Քաղցկեղը մեր օրերում դատավճիռ չէ, որովհետև կան բուժման բազմաթիվ նոր եղանակներ, որոնք կիրառելիս հասնում ենք որոշակի արդյունքի: Բնականաբար, առաջին քայլը, որ պետք է բոլորն իմանան, այն է, որ որևէ ախտանիշ նկատելիս պետք է անմիջապես դիմել բժշկի, չսպասել՝ խորանա, որովհետև երբ հիվանդությունը առաջին կամ երկրորդ փուլում է հայտնաբերվում, բուժելը բավականին հեշտ է, քան երբ գալիս են երրորդ կամ տարածված փուլերում:
-Քաղցկեղն այնպիսի հիվանդություն է, որի ախտանիշները հեշտությամբ կարելի է շփոթել մեկ այլ հիվանդության հետ: Խնդրում եմ, կնշե՞ք, թե որոնք են խիստ սպեցիֆիկ ախտանշանները, որոնց առկայության դեպքում, թեկուզ և հետագայում չհաստատվի քաղցկեղ, բայց մարդը գոնե ավելի զգոնանա և դիմի բժշկի:
-Ներքին օրգանների հետ կապված միգուցե մի քիչ դժվար է, որ հիվանդն ինքը կողմնորոշվի, չնայած երբ գոյացությունները մի քիչ մեծանում են, հիվանդության ախտանիշները սկսում են ի հայտ գալ, և հիվանդը, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ զգում է իր օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է արտաքինին, օրինակ՝ որևէ ուռուցքային գոյացություն նկատելու դեպքում, կամ հարվածի հետևանքով, երբ առաջանում է որևէ գոյացություն և արդեն երկար ժամանակ է՝ չի անցնում, պետք է դիմել բժշկի, կամ երբ կրծքագեղձում ինչ-որ գոյացություն է շոշափվում, որը ցավոտ չէ, պետք է դիմել բժշկի:
-Դա միայն կրծքի՞ դեպքում, թե՞ առհասարակ:
-Կրծքագեղձի դեպքում: Սովորաբար ուռուցքը ցավոտ չի լինում, բայց կան հատվածներ, երբ այն նյարդերին մոտ է լինում, բնականաբար, ցավ է առաջացնում, կարմրածություն կարող է լինել, պտուկի ներքաշում… Ինչ վերաբերում է այլ օրգանների, մի քիչ դժվար է հասկանալ՝ ինչ խնդիր ունես, մանավանդ թոքերի դեպքում, որովհետև դա այնպիսի տեղակայումներ է ունենում, որ անգամ արյունախխում կարող է չառաջացնել:
-Գլխուղեղի դեպքում ի՞նչ նշաններ են լինում:
-Կարող են լինել գլխապտույտներ, գլխացավեր, կարող է շլություն առաջանալ, ինչ-որ սիմպտոմներ, որոնք կարող են լինել նաև ինսուլտի ժամանակ, բայց, ամեն դեպքում, դա արդեն պատճառ է, որ հիվանդը դիմի բժշկի: Եթե պարբերաբար գլխապտույտներ են լինում, որոնք ոչ մի կերպ չեն անցնում, դրանք կարող են կապված լինել ուղեղի որևէ հիվանդության հետ, և դա արդեն նշանակում է, որ պետք է բժշկի դիմել, թեկուզ՝ թերապևտի, որ ուղղություն տա:
-Իսկ վերջնական ախտորոշումը միայն վիուալիզացիայի՞ միջոցով է լինում:
-Բնականաբար՝ ոչ: Եթե կասկածը հաստատվեց, արվում է ԿՏ կամ ՄՌՏ հետազոտություն, եթե որևէ բան հայտնաբերվեց, պետք է արվի բիոպսիա: Մինչև հյուսվածքաբանորեն հաստատված ուռուցքային հիվանդության պատասխան չունենանք, երբեք չենք կարող պնդել ուռուցքային հիվանդության առկայության մասին: ՄՌՏ-ն կարող է ցույց տալ, որ ուռուցքային գոյացություն կա, բայց հյուսվածքը կարող է ուռուցքային չլինել:
-Չարորակ ու բարորակ՝ այդ տարբերակումների համար նաև, այո՞:
-Այո, իհարկե, օրինակ՝ կան դեպքեր, երբ նույնիսկ մի քանի անգամ է բիոպսիա պահանջվում, որպեսզի հաստատվի, որ դա իսկապես չարորակ ուռուցքային գոյացություն է:
-Քաղցկեղի ո՞ր տեսակներն են մեզանում ամենից տարածված:
-Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքերի քաղցկեղը, կանանց մոտ կրծքագեղձի և կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը, այնուհետև՝ ստամոքսաղիքային տրակտի, լիմֆատիկ համակարգի, փափուկ հյուսվածքների և այլն:
-Ճի՞շտ է այն պնդումը, որ սթրեսը կարող է հանգեցնել սոմատիկ հիվանդության:
-Այո, սթրեսը կարող է դառնալ թաքնված խնդրի արտահայտման պատճար: Խոսքն առօրյա թեթև սթրեսային իրավիճակների մասին չէ:
-Բժշկուհի՛, Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:
-Հիմա չեմ աշխատում՝ արդեն մի քանի տարի: Ժամանակին աշխատել եմ: Շատ դժվար է աշխատել երեխաների հետ, մանավանդ երբ գիտես, որ կարող է՝ չկարողանաս իրենց օգնել…
-Ամեն օր շփվում եք ծանր հիվանդների հետ. ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել այդ դժվարությունները:
-Երևի իմ ներքին հոգեբանն է ինձ օգնում, բժիշկը պետք է կարողանա ինքն իր մեջ մշակել որոշակի պատնեշ բացասական էմոցիաների նկատմամբ:
-Իսկ երեխաների մոտ հիմնականում ի՞նչ հիվանդություններ են լինում:
-Հիմնականում բնածին հիվանդություններ են լինում, այսինքն՝ հղիության ժամանակ ինչ-որ բան ճիշտ չէ գնացել, չի արտահայտվել և սկսում է 4-5 տարեկանից արտահայտվել, չնայած կարող է և հենց նորածնային տարիքում արտահայտվել: Կամ դարձյալ սթրեսը կարող է լինել հիվանդության առաջացման պատճառ, որովհետև երեխաներն էլ են սթրեսի ենթարվում: Օրինակ՝ ունեցել ենք դեպք, որ ծնողի կարոտից երեխայի մոտ հիվանդություն է առաջացել:
-Տիկին Ասլանյան, քաղցկեղի դեպքում առկա՞ է ժառանգական գործոնը:
- Կան քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք կարող են փոխանցվել ծնողից երեխային, օրինակ՝ կրծքագեղձի կամ կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը կամ աղիքների քաղցկեղը:
-Իսկ կա՞ն ոչ քաղցկեղային հիվանդություններ, որոնք պատշաճ չբուժելու կամ ժամանակին չբուժելու դեպքում դառնան քաղցկեղ:
-Կան որոշակի հիվանդություններ, որոնք վերածվում են քաղցկեղի, օրինակ՝ արգանդի պարանոցի դեպքում, հիվանդը կարող է ունենալ արգանդի պարանոցի էրոզիա, որին կարող է միանալ որևէ ինֆեկցիա, և այդ էրոզիան խորանա, չբուժելու դեպքում վերածվի քաղցկեղի, այս պատճառով գոնե վեց ամիսը մեկ յուրաքանչյուր ծննդաբերած կին, նաև՝ չծննդաբերած, սակայն սեռական կյանքով ապրող կին պետք է գնա գինեկոլոգի մոտ՝ զննման նպատակով:
-Եթե ճիշտ հասկացա՝ քաղցկեղը լինում է բնածին և ձեռքբերովի:
-Այո:
-Բացի հիվանդություններից, որ կարող են առաջանալ, որևէ այլ պատճառով, օրինակ՝ հարված և այլն, հնարավո՞ր է քաղցկեղ առաջանալ:
-Իհարկե, ոսկրային համակարգի հիվանդությունները, փափուկ հյուսվածքների գոյացությունները կարող են հարվածի հետևանքով լինել, նաև պարտադիր չէ, որ հարվածի հետևանքով լինի, սակայն, հնարավոր է, որ հարվածը պատճառ լինի, որ հիվանդությունն արթնանա:
-Բժշկուհի, խոսենք Ձեր պացիենտների մասին. ճի՞շտ է, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ բնավորությամբ փոխվում են:
-Բնականաբար, բուժումներն իրենց վրա ազդում են, բնավորությունը փոխվում է, ավելի նյարդային են դառնում, ինքնամփոփ, իհարկե, դա կախված է նաև մարդու տեսակից: Օրինակ՝ կան մարդիկ, որ գալիս են, գիտակցաբար իրենց բուժումները ստանում են և շատ առողջ գնում տուն: Կան մարդիկ, որոնք չեն հավատում բուժման բարենպաստ ելքին, ընկճվում են, դառնում ինքնամփոփ, այս տեսակի մարդկանց հետ շատ դժվար է աշխատել:
-Այսինքն՝ ներքին տրամադրվածությունն այդքան մեծ նշանակությու՞ն ունի:
-Ես միշտ ասում եմ հիվանդներին՝ առաջին հերթին դու՛ք եք ձեզ օգնելու, եթե դուք մտածեցիք, որ չեք բուժվելու, ուրեմն՝ չեք բուժվի, եթե հավատացիք, որ բուժվելու եք, ուրեմն՝ կբուժվեք:
-Իսկ կա՞ն դեպքեր, երբ պացիենտները չեն հասկանում, թե ինչի համար են եկել, կարծում են, թե սովորական բուժում է:
-Սովորաբար, երբ այս դուռը բացվում է, մինչև հիվանդի ներս մտնելը հարազատներն ասում են՝ ոչ մի բան չգիտի: Ես ասում եմ՝ գիտեմ, որ ինքը ոչ մի բան չգիտի, բայց հիվնդների մի մասը շատ էլ լավ իմանում է ամեն ինչ, ուղղակի խնայում են հարազատներին կան չեն ուզում հավատալ:
Կան մարդիկ, որ իրոք չեն հասկանում՝ ինչ է իրենց հետ կատարվում, և նման մարդկանց հետ մեզ ավելի հեշտ է աշխատել: Բայց կան նաև մարդիկ, որ բազմաթիվ հարցեր են տալիս, համացանցում փորփրում են, տեղեկություններ գտնում, այնքան հարցեր ուղղում, որ արդեն քեզ խանգարում են, որովհետև երբեմն նաև սխալ բաներ են կարդում:
-Տիկին Ասլանյան, ու՞մ մոտ է առաջանում կարցերոֆոբիա:
-Ես միշտ հիվանդներին ասում եմ՝ մենք երբեք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կարող է պատահել, սրանից ոչ մեկն ապահովագրված չէ, կարող է լիովին առողջ մարդու մոտ հայտնաբերվել այսպիսի հիվանդություն: Ավելի հաճախ այս հիվանդության նկատմամբ վախ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր կամ շատ լավ են տեղեկացված հիվանդության մասին, կամ հակառակը՝ շատ թերի գիտելիքներ ունեն:
-Բժշկուհի՛, աշխատանքում ամենաբարդն ի՞նչն է Ձեզ համար:
-Աշխատանքն ամեն ինչով է բարդ, դու պետք է ճիշտ հետազոտես հիվանդին, նրա ուղեկցող հիվանդություններն իմանաս, որ հանկարծ սխալ դեղորայք չնշանակես, չվնասես դրանով մյուս օրգան համակարգերին, երբ մի արտառոց բան նկատեցիր, պիտի անպայման ուղղորդես հետազոտման համապատասխան մասնագետի մոտ…
Հիվանդների հետ շփումը, բնականաբար, դժվար է, որովհետև իրենց մեծ մասը չի հասկանում՝ ինչ է իրենց հետ կատարվում, որովհետև երբ բուժման կողմնակի բարդություններն ի հայտ են գալիս, պացիենտը կարող է հիասթափվել կամ կարող է քեզ չլսել, ինչ-որ մի բան ուտել, որը կգրգռի ստամոքս-աղիքային տրակտը, և բացասական էֆեկտները կխորանան… Բժշկության մեջ չկա մի ոլորտ, որն ուշադրություն չպահանջի, դու անընդհատ պետք է ինքնազարգացմամբ զբաղվես, անընդհատ կարդաս, ուշադիր լինես յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ:
-Իսկ Ձեր կենտրոնում համապատասխան բոլոր բժիշկներն աշխատու՞մ են, համագործակցու՞մ եք:
-Մեզ մոտ հիմնականում բոլոր մասնագետներն էլ աշխատում են՝ վիրաբույժներ, սրտաբան, անոթաբան, նյարդաբան… Երբ որևէ խնդիր է լինում, հիվանդին չենք ուղարկում ուրիշ հիվանդանոց, համարյա բոլոր մասնագետներն էլ մեզ մոտ կան, հոգեբան էլ ունենք:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Խորհուրդ կտամ գոնե տարին երկու անգամ հետազոտվել: Խնդիր առաջանալու դեպթում պետք չէ հիասթափվել, վախենալ, մտածել, թե դա լուծվող խնդիր չէ, ուղղակի պետք է ժամանակին դիմել համապատասխան մասնագետի: Մարդ պետք է իր օրգանիզմի նկատմամբ ուշադիր լինի: