Լուսինե Աղաբաբյան

(0 votes)

Ճարպակալում կամ նախադիաբետի շրջան

Բժիշկները նշում են, որ հավելյալ յուրաքանչյուր մեկ կիլոգրամը դիաբետի առաջանալու հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով: Եվ իսկապես՝ ճարպակալումը կարելի է համարել մերօրյա չարիքներից մեկը: Դրա պատճառները տարբեր են, սակայն հիմնական խնդիրն այն է, որ ճարպակալումը մեծապես ազդում է կյանքի որակի վրա՝ առաջացնելով սովորական անհարմարավետությունից ընդհուպ մինչև հիվանդություններ:

Իսկ այն մասին, թե ինչ կարող է լինել ճարպակալման հետևանքով, Bestgroup.am-ը զրուցել է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:

-Տիկին Աղաբաբյան, ի՞նչ է մետաբոլիկ համախտանիշը, և ի՞նչ դեր ունի ճարպակալումը:

-Մետաբոլիկ համախտանիշը մի քանի անվանում ունի, որոնցից մեկը «մահացու քառյակն» է՝ ճարպակալում, ինսուլինի քանակի ավելացում, որը հետագայում բերում է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշում, նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումներ: Այս չորս գործոնները միասին համարվում են մետաբոլիկ համախտանիշ։

Ըստ ԱՀԿ-ի՝ ինսուլինոռեզիստենտականություն ունեցողները կազմում են 50-60 մլն, աշխարհում սա, իհարկե, համարվում է նախադիաբետի փուլ, այսինքն՝ եթե այս փուլում չկանխվի, հաջորդ քայլին այն վերածվելու է դիաբետի:

Ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունը համարվում է ճարպակալման, 2-րդ տիպի դիաբետի, ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառներից մեկը։ Ինչպես և երկրորդ տիպի շաքարային դիաբետը և քովիդը, ճարպակալումը նույնպես համարվում է 21-րդ դարի պանդեմիա: Ի դեպ՝ ինչպես կյանքը ցույց տվեց՝ կորոնավիրուսն ավելի ծանր տարան երկրորդ տիպի դիաբետ ու ճարպակալում ունեցող մարդիկ:

Ապացուցվել է, որ այն կանայք, որոնք ունեն ճարպակալում, ավելի դժվար են հղիանում: Ճարպակալում ունեցող կանանց, աղջիկների մեծամասնության մոտ հայտնաբերվում է ձվարանների պոլիկիստոզ, այսինքն՝ առկա է ձվարանների ֆունկցիայի խանգարում, մազակալում և այլն։

Ճարպակալման հիմքում ինսուլինի ֆունկցիայի խախտումն է, ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունն է և քանակի ավելացումը, որը իր հերթին բերում է հիպերանդրոգենիայի, այսինքն՝ տղամարդու հորմոնի ավելացմանն օրգանիզմում, որն էլ խանգարում է ձվազատմանը և հետագայում՝ հղիանալուն:

Նմանատիպ մեխանիզմով նաև տղամարդկանց մոտ է խախտվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան: Ճարպակալում ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են դիմում պոտենցիայի խնդիրներով։

Ապացուցված է նաև, որ ճարպակալումը և փսիխիկայի խանգարումները բավականին հաճախ զուգահեռ են ընթանում. ճարպակալումով հիվանդների մոտ մոխրագույն զանգվածի մոտավորապես 11 տոկոսը տարեկան պակասում է, ուղեղի ծերացումն ավելի արագ է ընթանում …

Ապացուցված է նաև, որ ճարպակալումը ռիսկի գործոն է հանդիսանում ուռուցքային հիվանդությունների առաջացման մեջ։

-Այսքան բացասական կողմերով հանդերձ, սակայն, ճարպային հյուսվածքները նաև էներգիայի աղբյուր են, ճի՞շտ է:

-Համարվում է, որ ճարպային հյուսվածքները մեզ տալիս են էներգետիկ պաշար, բայց եթե ճարպային հյուսվածքը հավելյալ է լինում, սկսում է կուտակվել լյարդի մեջ, ենթաստամոքսային գեղձի մեջ։ Չմոռանանք, որ ճարպային հյուսվածքն ինքն էլ է համարվում էնդոկրին օրգան, որովհետև մոտավորապես 600 բիոակտիվ նյութ է սինթեզում հենց ինքը՝ ճարպը, դրա համար առանց գրագետ մասնագետի նիհարել չի կարելի, դա կարող է հանգեցնել նյութափոխանակության լուրջ խանգարումների՝ ընդհուպ մինչև անպտղություն:

-Ի՞նչն է մետաբոլիկ համախտանիշի պատճառը :

-Պատճառներից են և՛ ժառանգականությունը, և՛ արտաքին գործոնները, օրինակ՝ քրոնիկ սթրեսները, նստակյանց կյանք վարելը, անկանոն սնվելը, այսինքն՝ ոչ միայն գենետիկան է աշխատում, այլև՝ արտաքին գործոնները զուգահեռաբար:

Հիպերինսուլինեմիան՝ ինսուլինի հավելյալ քանակը, հանգեցնում է ինսուլինի որակի վատացման, գլյուկոզայի բարձրացման, այսինքն՝ դիաբետի, մյուս կողմից՝ հիպերտենզիայի, այսինքն՝ ճնշման բարձրացման, մյուս կողմից՝ աթերոսկլերոզի և նյութափոխանակութան բոլոր տեսակի խանգարումների, այսպիսով՝ սա այն «մահացու քառյակն» է, որի մասին ասում էինք՝ աթերոսկլերոզ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ճարպային նյութափոխանակության խանգարում և հիպերտենզիա՝ զարկերակային ճնշման բարձրացում:

Ճարպակալման պատճառներն են՝ ժառանգականություն, էնդոկրին հիվանդություններ, հորմոնալ խախտումներ, որոշակի դեղամիջոցների օգտագործում՝ հակաբեղմնավորիչներ, նեյրոլեպտիկներ, հակադեպրեսանտներ և այլն:

Բացի դրանից, ճարպակալումը ունի նաև հոգեբանական պատճառներ, որոնցից են ինքնագնահատականի իջեցումը,  արտաքին աշխարհից պաշտպանված լինելու ցանկությունը, ուշադրության պակասը և այլն։

-Ի՞նչ կցանկանաք հավելել:

Հավելեմ, որ դեռահաս տարիքում աղջիկները շատ հաճախ դիմում են մազակալման և  դաշտանային ցիկլի խանգարման պատճառներով, ինչի հիմքում, ինչպես ասվեց, հավելյալ քաշն է և ինսուլինի հանդեպ զգայունության իջեցումը: Մենք շատ հաճախ խորհուրդ ենք տալիս ընդամենը քաշի նվազեցում, բալանսավորված սննդակարգ, որի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, և վերականգնվում ձվարանների ֆունկցիան, այսինքն՝ առանց հավելյալ հորմոնալ պրեպարատների  հնարավորություն ենք ունենում օգնել։

Ուզում եմ նշել նաև, որ շատ են գովազդում «նիհարեցնող» միջոցներ, որոնք իրենցից հիմնականում ԲԱՀ են ներկայացնում՝ չունենալով որևէ ապացուցողական բազա և կարող են նաև վտանգավոր լինել։

Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան հետագայում բուժել։ Դիմեք մասնագետի, ստացեք համապատասխան խորհուրդներ և ապրեք ԱՌՈՂՋ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր