Արմինե Խռոյան

(0 votes)

Էնդոկրին համակարգը մեր օրգանիզմի խմբավարն է. Արմինե Խռոյան

Յոդի պակաս կա. այս կամ այն խնդիրն ունենալու դեպքում մարդիկ միմյանց կամ իրենք իրենց հաճախ են նման կերպ «ախտորոշում»: Եվ իսկապես՝ էնդոկրին համակարգի հիվանդությունները մեծ տարածում ունեն ինչպես ամբողջ աշխարհում, անպես էլ՝ մեր երկրում:

Այդպիսի խնդիրների լուծմամբ է զբաղվում «Vitromed» բժշկական կենտրոնի, «Մուրացան» պոլիկլինիկայի և «Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի» էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Արմինե Խռոյանը:

Շփվելով փորձառու բժշկուհու հետ՝ միանգամից վստահություն է առաջանում առ այն, որ նրան դիմող ցանկացած հիվանդ կհայտնվի ապահով և հուսալի ձեռքերում, քանի որ յուրաքանչյուր պացիենտի առողջանալու գրավականը գրագետ և պարտաճանաչ բժիշկն է, իսկ երբ այս հատկանիշները զուգակցվում են նաև իսկապես սրտացավ ու հոգատար վերաբերմունքի հետ, ապա շուտափույթ ապաքինումն ուղղակի «դատավճիռ» է:

Մեր ընթերցողները, բնականաբար, արդեն կռահեցին, որ http://bestgroup.am/ կայքի  չափազանց հաճելի զրուցակիցը Արմինե Խռոյանն է:

-Բժշկուհի՛, որքան գիտեմ՝ էնդոկրինոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ու ամենաբուռն զարգացող ճյուղերից է…

-Էնդոկրինոլոգիան վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում՝ կապված ախտորոշիչ մեթոդների հետ. հիմա ախտորոշումն ավելի է լավացել, հետևաբար՝ ոչ թե հիվանդություններն են շատացել, այլ ուղղակի ախորոշումն է զարգացել, այդ պատճառով էնդոկրին հիվանդությունների թիվը տարեցտարի աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: 10-15 տարի առաջ էնդոկրինոլոգիան «մութ անտառ» էր, հիմա ավելի շատ բացահայտումներ կան, ես համարում են էնդոկրինոլոգիան ամենազարգացող գիտություններից մեկը բժշկության մեջ:

Էնդոկրին համակարգը մեր օրգանիզմի խմբավարն է. կարգավորում է բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաները: Էնդոկրին համակարգի կողմից արտադրվող հորմոններրն ունեն մեծ դեր մեր օրգանիզմի համար:

-Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ էնդոկրին համակարգի հիվանդություններից, և ի՞նչ խնդիրների պատճառով են առաջանում էնդոկրին համակարգի խանգարումները:

-Էնդոկրին հիվանդությունների ժամանակ կարող են լինել տարբեր խնդիրներ ՝ կապված բոլոր օրգանների հետ: Որպես օրինակ՝ վերցնենք շաքարային դիաբետը: Այս դեպքում շաքարի մակարդակն է բարձր արյան մեջ, բայց շաքարի բարձր մակարդակի հետևանքները կարող են առաջացնել բազմաթիվ խնդիրներ՝ սուր բարդություններ, ինչպիսիք են կոմաները՝ հիպերգլիկեմիկ, կետոացեդոտիկ, հիպոգլիկեմիկ, լակտացիդոտիկ, և խրոնիկ բարդություններ՝ կապված երիկամների, աչքերի, նյարդերի, անոթների հետ: Այսինքն՝ շաքարային դիաբետի բարդություններից տարբեր խնդիրեր կարող են առաջանալ:

-Դուք թվարկեցիք շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները, սակայն քանի որ մեզանում մեծ տարածում ունեն նաև վահանաձև գեղձի հիվանդությունները, նշեք, խնդրեմ, նաև դրանց առնչվող պաթոլոգիաները:

-Վահանաձև գեղձի հորմոնները դարձյալ մեծ դեր են խաղում մեր օրգանիզմում: Սկսած ներարգանդային կյանքից՝ ապահովում են պտղի նյարդային համակարգի զարգացումը, կմախքի ձևավորումը, ծնվելուց հետո՝ արդեն երեխաների աճը, զարգացումը՝ և՛ մտավոր, և՛ ֆիզիկական, նաև մեծ դեր են խաղում սեռահասունացման շրջանում՝ դաշտանային ցիկլ և այլն: Դրանց դերը մեծ է նաև սիրտ-անոթային, աղեստամոքսային, ռեպրոդուկտիվ համակարգերի մեջ, մի խոսքով՝ կարգավորում են բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաները:

Որպես օրինակ՝ վերցնենք հիպոթիրեոզը, որի ժամանակ կարող են առաջանալ մի շարք խնդիրներ: Այսպիսի տերմին կա՝ հիպոթիրեոզի դիմակ: Դա նշանակում է, որ հիպոթիրեոզի տակ կարող են թաքնված լինել տարբեր խնդիրներ՝ սիրտ-անոթային, գինեկոլոգիական, մաշկային, աղեստամոքսային, նյարդային, հեմատոլոգիական … Օրինակ՝ անեմիայի դեպքում պացիենտները կդիմեն արյունաբանի, որովհետև արյան տոկոսը ցածր է, հեմոգլոբինը, երկաթը ցածր են, սակայն հիմքում կարող է թաքնված լինել զուտ վահանաձև գեղձի խնդիրը, և հետևաբար՝ այդ հիվանդները կարող են մնալ չախտորոշված, այսինքն՝ սիմպտոմատիկ բուժում անցկացվի, կարգավորվի հեմոգլոբինը, և բուժումից երկու-երեք ամիս անց դարձյալ նույն խնդիրը կրկնվի: Կամ՝ պացիենտի մոտ կարող է լինել լեղաքարային հիվանդություն՝ հիպոթիրեոզի ժամանակ, նա դիմի վիրաբույժի, լեղապարկը հեռացնեն, սակայն հիվանդությունը մնա չատորոշված: Ինչու՞ է առաջանում լեղաքարային հիվանդություն, որովհետև հիպոթիրեոզի ժամանակ մի կողմից լեղուղիների դիսկինեզիա է առաջանում՝ շարժունակության խանգարում, մյուս կողմից էլ՝ դիսլիպիդեմիա, լիպիդային պրոֆիլի խանգարում, որոնք բերում են խոլեստերինային քարերի առաջացման, մյուս կողմից էլ՝ լեղու արտահոսքը դանդաղեցված է. լավ պայման է, որպեսզի առաջանան քարեր լեղապարկում:

-Այդ դեպքում լեղարպարկը նու՞յնպես հեռացնում են:

-Ամեն դեպքում, եթե լեղապարկում քար կա, հեռացնում են, բայց պետք է բուժել՝ իմանալով՝ խնդիրը որտեղի՛ց է առաջացել, որպեսզի հետագայում խուսափեն այլ բարդություններից: Ես թվարկեցի բազմաթիվ դիմակներ, օրինակ՝ մաշկային դիմակը. մարդը կարող է ունենալ մաշկի չորություն, մազաթափություն, եղունգների կոտրտվածություն կամ մաշկի վրա ցանավորում և այլն: Այդ դեպքերում նա կդիմի մաշկաբանի: Կամ՝ մաշկն ունենում է դեղին երանգավորում, մտածում են՝ դեղնուկ է, բայց այստեղ հիպերկարոտինեմիայի հետևանք է: Մեկ այլ դեպքում հնարավոր է՝ լինի ռեպրոդուկտիվ դիմակ, այսինքն՝ այդ խնդիրները կարող են հանգեցնել անգամ անպտղության:

-Փաստորեն, կապված լինելով բոլոր օրգան-համակարգերի հետ, էնդոկրին համակարգի խնդիրները լայն բուժում են պահանջում: Արդյոք Հայաստանում այսօր կա՞ միտում, որ այլ ոլորտների բժիշկները որևէ խնդրի դեպքում պացիենտին ուղղորդեն էնդոկրինոլոգի մոտ, առկա՞ է համագործակցված աշխատանք այլ մասնագետների հետ:

-Վերջին տարիներին բժիշկների միջև կապը, խմբային ախտորոշման հետ կապված, շատ ավելի սերտ է, բժիշկներից գրեթե բոլոը տեղեկացված են, թե ինչ խնդիրներից կարող է առաջանալ տվյալ ախտանիշը, և, հետևաբար, անպայման ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ, այսինքն՝ մենք համատեղ աշխատում ենք, ինչը շատ ողջունելի է և շատ է հեշտացնում թե՛ մեր գործը, թե՛ իրենցը, և թե՛ պացիենտի համար է շատ ավելի լավ. շուտ ախտորում ենք, շուտ բուժում:

-Մարդը կարո՞ղ է ունենալ վահանաձև գեղձի խնդիր, բայց չիմանալ դրա մասին, քանի որ այն իրեն չի խանգարում: Պատահաբար ախտորոշվելու դեպքում ի՞նչ է պետք անել:

-Միանշանակ: Շատ հաճախ հենց այդպես էլ կա: Մարդիկ հարմարվում են իրենց վիճակին՝ մշտապես բութ գլխացավեր, թուլություն, շուտ հոգնածություն, էներգիայի դեֆիցիտ, տրամադրության անկում… Ժամանակի ընթացքում հարմարվում են այդ երևույթներին և մտածում, որ դա իրենց համար նորմալ է, սակայն կան որոշակի ախտանիշներ, որոնց դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի: Այդ ախտանիշներն են անբացատրելի գլխացավերը, մաշկի չորությունը, մազաթափությունը, շուտ հոգնելը, երբ առավոտյան արթնանում են արդեն հոգնած, ցիկլի խանգարումները, քաշի անբացատրելի ավելացումը կամ անկումը… Բժշկի չդիմելու դեպքում կարող են առաջանալ խնդիրներ տարբեր օրգան- համակարգերի կողմից՝ սիրտ-անոթային, աղեստամոքսային և այլն:

-Բժշկուհի՛, էնդոկրին համակարգի խնդիրները բնածի՞ն են, թե՞ ձեռքբերովի:

-Էնդոկրին համակարգի հիվանդությունները կարող են լինել և՛ բնածին, և՛ ձեռքբերովի: Նույն հիպոթիրեոզը կարող է լինել և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, այսինքն՝ կյանքի ընթացքում առաջանալ տարբեր խնդիրներից: Հիպոթիրեոզի ամենահաճախ հանդիպող պատճառն աուտոիմուն թիրեոիդիտն է: Նման խնդիր հիմնականում ծագում է սթրեսներից, վիրուսներից, ինֆեկցիաներից հետո, բայց այստեղ պարտադիր է HLA նախատրամադրվածությունը: Եթե այն կա, արդեն տրիգգերները՝ հրահրիչ գործոննները, ինչպիսիք են սթրեսները, վիրուսները, ինֆեկցիաները, ինչու չէ՝ նաև սնունդը, բերում են իմուն համակարգի պատասխանի խեղաթյուրման, և առաջանում է այդ հիվանդությունը, որի վերջնական փուլը հիպոթիրեոզն է, այսինքն՝ դրանք բերում են վահանաձև գեղձի քայքայման ու հիպոթիրեոզի առաջացման:

Էնդոկրին համակարգի շատ մեծ և արդիական խնդիրներ են նաև հիրսուտիզմը, ձվարանների պոլիկիստոզ ախտահարումը… Հիրսուտիզմը նշանակում է մազակալում: Աղջիկները դիմում են տարբեր կոսմետոլոգիական միջամտությունների՝ մազահեռացման, բայց էֆեկտիվությունը ցածր է, որովհետև ունեն հորմոնալ խանգարումներ: Առաջին հերթին պետք է կարգավորեն հորմոնները, հետագայում նոր դիմեն մազահեռացման  մեխանիկական միջոցների: Կամ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որի  հիմքում ընկած են դարձյալ հիպերանդրոգենեմիան, ավելորդ քաշը և իհարկե՝ ժառանգական նախատրամադրվածությունը: Այդ բոլորը բերում է նրան, որ ձվարաններում փոքր ֆոլիկուլները մնում են, ատրեզիայի են ենթարկվում, ձվազատում տեղի չի ունենում, և անօվուլյատոր ցիկլը բերում է անպտղության՝ դրանից բխող մյուս հետևանքներով:

-Քանի որ բազմաթիվ խնդիրներ նշեցիք՝ կապված վերարտադրողական համակարգի հետ, կարո՞ղ ենք պնդել, որ կանայք ավելի շատ են դիմում էնդոկրինոլոգի:

-Անշուշտ, կան վիճակագրական տվյալներ, որ կանայք շատ ավելի հաճախ են հիվանդանում էնդոկրին հիվանդություններով, քան տղամարդիկ: Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում 7-ից 10-15 անգամ ավելի հաճախ կանայք են դիմում, քան տղամարդիկ: Դիաբետի դեպքում հստակ ստատիստիկա չունենք, սակայն դարձյալ գերակշռում են կանայք: Էնդոկրին ցանկացած պաթոլոգիա կանանց մոտ շատ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Դա կապված է այն բանի հետ, որ կանայք կյանքի ընթացքում ավելի հաճախ են ենթարկվում հորմոնալ տեղաշարժերի՝ դաշտանային ցիկլ, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան, դաշտանադադար և այլն:

-Բժշկուհի՛, ի՞նչ կցանկանաք հավելել:

-Կհավելեմ այն, որ պացիենտները հաճախ անցնեն սքրինինգային հետազոտություններ: Պոլիկլինիկաներում հիմա կոնկրետ դիաբետի հետ կապված ունենք սքրինինգային ծրագրեր: Ովքեր ռիսկի խմբում են՝ տարին մեկ, ովքեր ոչ՝ երեք տարին մեկ՝ 40-42 տարեկանից հետո, կարող են գալ և անցնել այդ հետազոտությունը, ինչպես նաև՝ որոշել շաքարի մակարդակը: Այդ ամբողջը կատարվում է անվճար, թող այդ հետազոտություններն անցնեն, որպեսզի վաղ հայտնաբերեն խնդիրները՝ հետագայում բարդություններից խուսափելու համար: Պոլիկլինիկաներում կարող են անցնել ուլտրաձայնային հետազոտություն, արյան մեջ շաքարի որոշում, ստուգել վահանաձև գեղձի ֆունկցիան, քանի որ Հայաստանում այդ խնդիրները շատ տարածված են:

-Իսկ ովքե՞ր են ռիսկի խմբում:

-Նախ՝ ժառանգական նախատրամադրվածություն ունեցողները, երբ ընտանիքում կան դեպքեր, բացի այդ՝ ավել քաշ, զարկերակային ճնշում, նստակյաց աշխատանք ունեցողները…

-Բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ մեր ընթերցողներին, որ հետևեն իրենց առողջությանը, զգոն լինեն և առողջ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր