ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

(0 votes)

Առաջ նայենք, լավատես լինենք ու չլքենք հայրենիքը

Բժշկի պրոֆեսիոնալիզմի, գործին նվիրվածության, ինչպես նաեւ կնոջ վերատադրողական առողջության հետ կապված տարաբնույթ խնդիրներին քաջածանոթ լինելու շնորհիվ բազմաթիվ կանայք բուժվել են տարբեր խնդիրներից, մայրացել եւ լույս աշխարհ են բերել առողջ փոքրիկների: Սակայն, ցավոք, կնոջ համար ամեն ինչ չի սահմանափակվում միայն վերարտադրողական առողջությամբ, կյանքի ընթացքում նա տառապում է գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդություններից, եւ դրանց բուժումը դառնում է շատ հրատապ, երբեմն պահանջում վիրահատական միջամտություն: http://bestgroup.am/ զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար ԱՇՈՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, մարդ, ով, ընտրելով բժշկի մասնագիտությունը, պատվով է կատարում իր գործը: Կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը վստահ կանգնած է յուրաքանչյուր հիվանդի կողքին եւ, որ ամենակարեւորն է, ամեն մի վայրկյան պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար:

-Ո՞րն է թթվածնային քաղցը, ինչպե՞ս է այն արտահայտվում:

-Թթվածնային քաղցը (հիպօքսիան) թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում, ծննդաբերության ընթացքում, նաեւ ծնվելուց հետո՝ նորածնի մոտ: Հիպօքսիայի հիմնական պատճառներն են՝ ընկերք-արգանդային անբավարարությունը, մոր ծանր սոմատիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, հիպերտենզիան, հղիությունը բարդացնող տարբեր վիճակները՝ գերջրությունը, սակավաջրությունը, անհասությունը, ներարգանդային կյանքում աճի դանդաղումը, բազմապտուղ հղիությունները, մայրերին նշանակվող որոշակի դեղորայքը: Այն երկու տեսակի է (քրոնիկ ու սուր), կարող է ի հայտ գալ ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների, ե՛ւ նորածինների մոտ: Քրոնիկն սկսում է ներարգանդային կյանքում, կոչվում է նաեւ պերինատալ հիպօքսիա եւ զարգանում է հղիության ընթացքում: Սուր հիպօքսիան զարգանում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են որոշակի խնդիրներ: Այդ խնդիրներից են՝ տրավմատիկ ծանր ծննդաբերությունները, հատկապես, երբ գործիքային միջամտությունների կարիք է լինում՝ վակուում էքստրակցիա եւ աքցանադրում, պտղաշրջում, շտապ կեսարյան հատում, սրտի բաբախի տուժում, երկարատեւ ծննդաբերություն, պորտալարի արտանկում, պորտալարի ամուր փաթաթում պտղի պարանոցի կամ իրանի շուրջը, որը ծննդաբերության ընթացքում ավելի է սեղմում, կեղտոտ պտղաջրերի դեպքում ՝ մեկոնիալ կամ արյունային, ծննդաբերության ժամանակ նարկոտիկների օգտագործում (այսօր ընդհանուր անզգայացում քիչ են կատարում, բայց մոր վիճակից ելնելով՝ երբեմն կիրառվում է), մայրերի մոտ` հիպոտենզիաներ, երբ մոր մոտ զարգանում է ճնշման անկում, շոկային վիճակ: Նորածինը կարող է հիպօքսիա ունենալ նաեւ ծնվելուց հետո, որի պատճառ են թոքային խնդիրները՝ թոքաբորբը, շնչառական խանգարումները, սրտի բնածին արատները, սեպսիսը, վարակները, հաճախ կրկնվող ապնոէները, որոնք բնորոշ են անհաս նորածիններին:

Հիպօքսիայի ամենաբարդ հետեւանքը մանկական ուղեղային կաթվածն է, որը զարգանում է, եթե երեխան շատ ծանր ներարգանդային քրոնիկ հիպօքսիա կամ ծանր շնչահեղձուկով է ծնվել: Մանկական ուղեղային կաթվածն արտահայտվում է կայուն, երկարատեւ նյարդաբանական խանգարումներով, որոնց բնորոշ են անկառավարելի մկանային տոնուսը, շարժումները՝ առանց այլ ախտաբանության կամ հիվանդության:

-Ինչպե՞ս կանխարգելել հիպօքսիան:

-Դրա կանխարգելման համար կարեւոր է հղիության ճիշտ վարումը, հսկողությունը, որը հնարավորություն է տալիս հղիության ընթացքում վաղ հայտնաբերել ներարգանդային քրոնիկ եւ սուր հիպօքսիաները: Բայց կան դեպքեր, երբ հնարավոր չէ այն կանխարգելել, որովհետեւ մայրն այնպիսի հիվանդություններ ունի, որոնք քրոնիկ են: Նման դեպքերում պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որոնք ամենահամապատասխանն են պտղի համար:

-Հիմնականում երիտասարդ տարիքում ինչի՞ց է առաջանում արգանդի միոման:

-Արգանդի միոման կամ մկանուռուցքը բավական տարածված հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ էության, դա բարորակ գոյացություն է, որն օնկոլոգիական հիվանդությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ժամանակին արված ախտորոշումն ու ճիշտ բուժումը թույլ կտան ամբողջությամբ ազատվել ուռուցքից եւ վերականգնել հիվանդի առողջությունը:

Այսօր պարզ չեն այդ հիվանդության արմատները, միայն կարող եմ նշել, որ մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Այդ եզրակացությանն ենք հանգել մեր հարցումներից: Հիվանդները հիմնականում նշում են, որ իրենց մոր, մորաքրոջ, հորաքրոջ կամ տատիկի մոտ նույնպես եղել է այդ հիվանդությունը: Բայց ժառանգականությունը միակ պատճառը չէ, ու ցավալի փաստ է, որ երիտասարդ աղջիկների մոտ է արդեն առաջանում միոմա, փաստորեն, հիվանդությունը «երիտասարդանում է»: Որպես կանոն, ուռուցքի փոքր չափերի դեպքում հիվանդը ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում, քանի որ վաղ շրջանում ախտանշաններ չեն լինում: Այս դեպքում խնդիրը կարելի է հայտնաբերել միայն բուժզննման միջոցով: Սակայն հիվանդության զարգացման հետ մեկտեղ առաջանում են որոշ ախտանշաններ, որոնք նման են էնդոմետրիոզի կամ կանանց սեռական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների ախտանշաններին: Հստակ ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ եւ անցնել բուժզննում:

-Ի՞նչ ախտանշաններ են նկատվում:

-Դա արտահայտվում է դաշտանային ցիկլի խանգարմամբ, ցիկլի մեջտեղում արնախառն արտադրությամբ, առատ միզարձակությամբ ու փորկապությամբ, դաշտանից առաջ որովայնի ստորին հատվածի ձգող ցավով, երկարատեւ կամ առատ դաշտանով, կայուն անպտղությամբ, գոտկատեղի եւ որովայնի ստորին հատվածի չափերի մեծացմամբ՝ առանց մարմնի քաշի ավելացման: Եթե ախտանշաններ չկան, սակայն հանգույցներն արդեն առաջացել են, ապա դրանք կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական հետազոտության միջոցով: Հիվանդի մոտ ուռուցքների հայտնաբերման դեպքում բժիշկն ուղարկում է նրան ուլտրաձայնային հետազոտության, որի միջոցով էլ որոշվում են հանգույցների չափերն ու քանակը: Բարդ դեպքերում կարող է լինել հավելյալ ախտորոշման անհրաժեշտություն, երբ իրականացվում է հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա: Առաջինի դեպքում բժիշկը հատուկ օպտիկական սարքի միջոցով հետազոտում է հեշտոցն ու արգանդի վզիկը, իսկ երկրորդի դեպքում հատուկ արված անցքերի միջոցով հետազոտվում է արգանդի խոռոչը:

-Եթե մեծ չափերի է, ինչպե՞ս են կատարում վիրահատությունը, որպեսզի արգանդը չվնասեն:

-Ելնելով միոմայի չափից, տեսակից ու տեղակայման հատվածից՝ գինեկոլոգը ընտրում է վիրահատության տեսակը: Այդ տեսակները երեքն են: Լապարոսկոպիա. հանգույցները հեռացվում են որովայնի հատվածում արված փոքրիկ անցքերի միջոցով: Հիստերոսկոպիա. հեշտոցի միջով արգանդի խոռոչ է մտցվում տեսախցիկով հատուկ սարք, որի միջոցով հստակ որոշվում է հանգույցի տեղն ու հեռացվում այն: Որովայնային վիրահատություն. այս պրոցեդուրան կիրառվում է շատ հազվադեպ եւ իրականացվում է որովայնի ստորին հատվածում արված կտրվածքի միջոցով: Հանգույցների հեռացման համար առավել հաճախ կիրառվում են լապարոսկոպիկ ու հիստերոսկոպիկ մեթոդները, քանի որ դրանք ունեն մի շարք առավելություններ (արագ վերականգնում, վերարտադրողական գործառույթի պահպանում եւ հետքերի բացակայություն):

 Առավել ծանր դեպքերում, երբ չի հաջողվում ճնշել ուռուցքի աճը հորմոնաթերապիայի միջոցով, իսկ վիրահատություններն այդքան էլ արդյունավետ չեն լինի, նշանակվում է հիստերէկտոմիա՝ արգանդի ամբողջական հեռացում:

 -Ի՞նչ կասեք պոլիկիստոզի մասին:

-Պոլիկիստոզը շատ տարածված է, այն արտահայտվում է ձվարանների մեջ մանր կիստաների առկայությամբ, հիմնականում հիվանդ կանանց մոտ խախտված է լինում ձվազատումը, եւ դրանով է պայմանավորված անպտղության մեծ տոկոսը: Վերջնական բուժում՝ որպես այդպիսին, այդ հիվանդությունը չունի, եւ սովորաբար ամուսնացած կանանց դեպքում մեր նպատակը ձվազատում ստեղծելը, ստանալն է: Ու, եթե ձվազատումից հետո կինը հղիանում է, մեծամասնության մոտ խնդիրը վերանում է: Իսկ չամուսնացած երիտասարդ աղջիկների դեպքում անշնորհակալ գործ է նրանց հետ զբաղվելը. այդ խնդիրը չի վերանում, մենք պարզապես արհեստական դեղորայք ենք տալիս, որը, կարծես թե, փոխարինում է ցիկլը, տպավորություն է թողնում, որ դաշտան է: Բայց դա դաշտան չէ, ուղղակի դեղորայքի ազդեցությամբ առաջացած ցիկլեր են, որոնք, իհարկե, բացասական ազդեցություն են թողնում ձվարանների պաշարի վրա: Այդ աղջիկներին սովորաբար խորհուրդ ենք տալիս ամուսնանալ, որ կարողանանք նորմալ աշխատանք կատարել ձվազատում ստեղծելու ուղղությամբ, որպեսզի հղիանան, մայրանան:

-Իսկ գեստոզն ի՞նչ վտանգներ է պարունակում:

-Գեստոզը շատ լայն պատկերացում է մանկաբարձության մեջ, հիմնականում լինում է առաջին եւ երկրորդ կեսի: Առաջին կեսի գեստոզն արտահայտվում է կնոջ մոտ սրտխառնոցով, փսխումով, ճնշման անկումով, թուլությամբ, սնունդ ընդունելու խանգարումներով: Փաստորեն,կինը չի կարողանում նորմալ սնվել, եւ այդ ամենը տեւում է մինչեւ 14 շաբաթ: Կան հիվանդության ծանրության երեք տեսակներ՝ թեթեւ, միջին, ծանր, վերջինի դեպքում արդեն կինը փսխում է օրը հինգ-վեց անգամ, եւ պետք է անպայման հիվանդանոց պառկի, որովհետեւ հյուծվում է, իրեն սնունդ է անհրաժեշտ, խնդիրը մի քիչ կարգավորել է պետք, որ շատ չխորանա:

Երկրորդ կեսի գեստոզը շատ ծանր տարբերակ է, հիմնականում արտահայտվում է ճնշման բարձրացմամբ, այտուցներով, սպիտակուցի կորուստով, ընդ որում, տուժում են ե՛ւ մայրը, ե՛ւ պտուղը, որովհետեւ սպիտակուցը չի հասնում պտղին, երիկամներն են  տուժում, որովհետեւ սպիտակուցը մեզի հետ կորչում է: Ծանրագույն տեսակների ժամանակ ուղեղի այտուցներ են առաջանում, եւ այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել շուտ ծննդալուծում, որը թույլ կտա փրկել ե՛ւ երեխային, ե՛ւ մորը: Իհարկե, առաջնահերթ պիտի մորը փրկես:

-Ինչպիսի՞ ժամանակակից ներարգանդային պարույրներ կան:

-Եթե կինը մեկ պարտնյոր ունի, ներարգանդային պարույրը իդեալական տարբերակ է, որովհետեւ թույլ է տալիս պաշտպանվել հղիությունից առանց մտածելու որոշակի ժամի դեղ խմելու կամ ուրիշ մեթոդների մասին: Կուզենայի նշել հատկապես «Միրենա» կոչվող պարույրը, որն ընդհանրապես ե՛ւ պաշտպանվելու, ե՛ւ բուժման առումով շատ լավ միջոց է: 

-Ի՞նչ կմաղթեք հանրությանը:

-Կցանկանամ, որպեսզի կանայք ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, նույնիսկ փոքր խնդրի դեպքում դիմեն մասնագետի, որովհետեւ պատասխանատու են ոչ միայն իրենց, այլ նաեւ հետագայում լույս աշխարհ եկող երեխայի համար:

Դե, իսկ մենք ընդհանրապես առաջ նայենք, լավատես լինենք ու չլքենք հայրենիքը:           

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր