ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

(0 votes)

Այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ

 Վնասվածքաբանությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է վնասվածքների բուժմամբ՝ ընդգրկելով կոտրվածքները, հոդախախտերը, ցնցումները, ձգումները, պատռվածքները, երկարատեւ ճնշման համախտանիշը, սալջարդերը, վերքերը։ Վնասվածքների հիմնական պատճառներն են՝ ավտովթարները, արտադրական վնասվածքները, բռնությունը եւ ահաբեկչությունը: Ժամանակակից վնասվածքաբանության բուժման եղանակները թերապեւտիկ եւ վիրաբուժական են: Հենաշարժիչ համակարգի վնասվածքների դեպքում հաճախ պահանջվում է ստացիոնար բուժում եւ պրոթեզավորում: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքում բուժօգնություն են ստանում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտով զբաղվող ու պարզապես ակտիվ կենսակերպ վարող մարդիկ: Կենտրոնը համալրված է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ինչը վնասվածքների բուժման գործում հնարավորություն է տալիս կիրառելու վիրաբուժության նորագույն մոտեցումներ: Որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար, բժշկի վարպետությունից զատ, նաեւ կազմակերպչական, նյութական այլ բազմաթիվ գործոններ են անհրաժեշտ: Սպորտային վնասվածքները մի շարք նրբություններով տարբերվում են ընդհանուր վնասվածքաբանության խնդիրներից: Ոչ գրագետ միջամտության դեպքում մարզիկը կարող է կորցնել իր սպորտային հմտություններն ու հրաժարվել սիրելի բնագավառից: Այդ իսկ պատճառով բուժական անձնակազմի նեղ մասնագիտացված կրթությունն ու համապատասխան տեխնիկական հագեցվածությունը պարտադիր պայմաններ են սպորտային վնասվածքի վերականգնման համար:

Բաժանմունքում բուժվում են սուր վնասվածքներ, օրթոպեդիկ տարբեր խնդիրներ, կատարվում են ախտահարված հոդերի վիրահատություններ, էնդոպրոթեզավորումներ եւ այլն: http://bestgroup.am/  կայքի  զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան  ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ , բժիշկ, ով բավականին բանիմաց եւ գիտակ մասնագետ է, աշխատանքին մոտենում է մեծ պատասխանատվությամբ, հոգատար է, ուշադիր բոլոր պացիենտների նկատմամբ, ինչի համար էլ վայելում է նրանց վստահությունը: Չնայած երիտասարդ տարիքին, մեր զրուցակիցն ունի բավականին լուրջ աշխատանքային փորձ եւ կատարյալ մարդկային որակներ:                  

-Ի՞նչ է օստեոպորոզը:                                                                                                                         

 -Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման եւ կոտրվածքների ռիսկի մեծացման: Ընդ որում, շատ հաճախ ոսկրերի կոտրվածքը տեղի է ունենում սեփական հասակի բարձրությունից ընկնելու դեպքում, որոնք կոչվում են, այսպես կոչված,  ցածր տրավմատիկ կոտրվածքներ:

-Ինչու՞ է օստեոպորոզը համարվում կարեւոր առողջապահական խնդիր:
-Օստեոպորոզը եւ դրա հետեւանքով առաջացած կոտրվածքներն առողջապահական կարեւոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության եւ ֆինանսական ծախսերի հետ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, իր նշանակելիությամբ ոչ վարակիչ հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններին եւ  շաքարախտին:
-Կա՞ն, արդյոք, օստեոպորոզին բնորոշ կոտրվածքներ:
-Օստեորոպոզին առավել բնորոշ են կմախքի երեք շրջանների կոտրվածքները՝ նախաբազկի ստորին երրորդի, ազդրի պարանոցի եւ ողնաշարի կոտրվածքները:

-Ինչու՞ է զարգանում օստեոպորոզը:

-Գիտության նվաճումները թույլ են տվել առանձնացնել գործոններ, որոնք նպաստում են օստեոպորոզի առաջացմանը: Դրանցից են՝ տարիքը, սեռը, ռասան, ժառանգականությունը, որոնք հնարավոր չէ վերահսկել: Օստեոպորոզն առավել հաճախ դիտվում է մեծահասակների եւ կանանց մոտ: Մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Օստեոպորոզի հսկվող ռիսկի գործոններից են աղեստամոքսային համակարգի մի շարք հիվանդությունները, որոնք նվազեցնում են կալցիումի, միկրոէլեմենտների ներծծումը: Կարեւոր դերակատարում ունեն վիտամին D-ի անբավարարությունը եւ կալցիումի ոչ բավարար օգտագործումը: Որոշ էնդոկրին հիվանդություններ, գլյուկոկորտիկոիդների եւ վահանագեղձի հորմոնների երկարատեւ օգտագործումն օստեոպորոզի զարգացման գործոններ են: Կարեւոր նշանակություն ունեն ծխելը, ալկոհոլի եւ կոֆեինի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը:

-Ինչպե՞ս ախտորոշել օստեոպորոզը:
-Դենսիտոմետրիան այսօր օստեոպորոզի ախտորոշման «ոսկե» ստանդարտն է, որը թույլ է տալիս   գնահատել անձի ոսկրերի հանքային խտությունը: Այն հնարավորություն է ընձեռում նաեւ ախտորոշել օստեոպորոզը մինչեւ կոտրվածքի առաջանալը, կանխատեսել կոտրվածքի ռիսկը, գնահատել ոսկրային հյուսվածքի կորուստը եւ իրականացված բուժման արդյունավետությունը:

-Կա՞ն, արդյոք, օստեոպորոզի բուժման արդյունավետ մեթոդներ:
-Այսօր մեր երկրում օստեոպորոզի արդյունավետ բուժման համար կան համապատասխան դեղեր: Մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել երկէներգետիկ դենսիտոմետրիա եւ ստանալ մասնագետի խորհրդատվություն՝ պարզելու ոսկրերի հանքային խտության վիճակը, ախտորոշելու օստեոպորոզի առկայությունը, ստանալ բուժում, ինչպես նաեւ գնահատել իրականացված բուժման արդյունավետությունը: Օստեոպորոզը մեծ տարիքի անխուսափելի ուղեկիցը չէ: Այն կարելի է կանխել: Այսօր հնարավոր է բարձր ճշգրտությամբ գնահատել ոսկրերի հանքային խտությունը: Հնարավոր է որոշել օստեոպորոզի ռիսկի խմբին պատկանող անձանց եւ իրականցնել բուժում: Այսօր կան օստեոպորոզի բուժման միջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված է: Պետք է իմանալ, որ նպատակաուղղված կանխարգելումը, ճիշտ ժամանակին իրականացված ախտորոշումը եւ բուժումը վերաբերում են ոչ միայն օստեոպորոզին, այլ նպաստում են հաշմանդամության կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը եւ ակտիվ երկարակեցությանը:

Օստեոպորոզի ռիսկի գործոն է դիտարկվում սեռը: Կանանց պարագայում երեք անգամ ավելի մեծ է հիվանդանալու հավանականությունը: Այն շատ հաճախ առաջանում է կանանց մոտ մանավանդ դաշտանադադարի ժամանակ, քանի որ գնում է լուրջ նյութափոխանակության խանգարում, եւ կանացի օրգան համակարգերի վիրահատություններից հետո, երբ որ արգանդը ամբողջությամբ հեռացնում են, արդյունքում նվազում է կալցիի ընկալունակությունը կամ լիարժեք չի գործում: Շատ տարածված է դենսիտոմետրիա հետազոտությունը եւ, անցնելով լուրջ հետազոտություններ, նոր կհասկանաք՝ լուրջ օստեոպորոզ կա՞ կնոջ մոտ, թե ոչ։ Ռենտգեն հետազոտությունների եւ հետվնասվածքային բարդությունների ֆոնի վրա տեսնում ենք օստեոպորոզի պատկերը իրականում։ Օստեոպորոզը քրոնիկական պրոգրեսիվող համակարգային հիվանդություն է: Այն հենաշարժողական համակարգի, կմախքի նյութափոխանակության խանգարման հիվանդություն է: Օստեոպորոզի ժամանակ նվազում է ոսկրերի խտության աստիճանը, խանգարվում է միկրոհյուսվածքային կազմը: Ոսկրերի փխրունության բարձր աստիճանը պայմանավորված է ոսկրային հյուսվածքի մետաբոլիզմի խանգարումով:

-Ո՞ր տարիքում պետք է ուշադրություն դարձնել հենաշարժական համակարգի ձեւավորմանը։

-Ութ տարեկանից սկսած՝ կտրուկ աճ է զարգանում երեխաների մոտ, համակարգի մի մասը մյուս մասից անհամաչափ է զարգանում, որի հետեւանքով առաջանում են ողնաշարային դեֆորմացիաներ, առավել շատ դա նեյրովիրաբույժների գործն է: Խորհրդային տարիներին դպրոցական նստարաններն այնպես էին նախատեսված, որպեսզի կեցվածքը միշտ ուղիղ լիներ, իսկ այժմյան նստարաններն ուրիշ են, եւ երեխան նստում է այնպես, ինչպես իրեն հարմար է, որի արդյունքում կարող են հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրներ ծագել։

-Հիմնականում ի՞նչ խնդիրների դեպքում կարող են ձեզ դիմել։

-Դիմում են ցավային սինդրոմի դեպքում, կամ ծնողները հետեւողական են լինում իրենց երեխաների կեցվածքի հարցում: Ընդհանրապես ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որովհետեւ կեցվածքի շեղումը նկատվում է մերկ ժամանակ, որն արտահայտվում է  ուսերի կամ կոնքային շրջանի դեֆորմացիաներով, ուսերի բարձ կամ ցածր լինելով, կրծքավանդակի դուրս ցցումով կամ կուզի առկայությամբ։

-Ի՞նչ կասեք կոտրվածքների մասին։

-Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից՝ կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էներգիայով հարուստ վնասվածք առաջացնող մեխանիզմների հետ, քան եղել է 20-30 տարի առաջ: Ավտոճանապարհային պատահարների ժամանակ ավելի մեծ արագություն ունեցող մեքենաները, բնականաբար, ավելի լուրջ վնասվածքների պատճառ են դառնում: Կոտրվածքները լինում են ախտաբանական, վնասվածքային:

Ախտաբանական կոտրվածքը ոսկրի ախտահարման հետեւանքով առաջացած կոտրվածք է, օրինակ, ոսկրերի ինֆեկցիոն ախտահարման (օստեոմիելիտ եւ այլն), օստեոպորոզի, ուռուցքային հիվանդությունների արդյունք:

Տրավմատիկ վնասվածքներն առաջանում են արտաքին ազդակի հետեւանքով եւ  բաժանվում են երկու խմբի` կենցաղային եւ ոչ կենցաղային: Նրանք միմյանցից խիստ տարբերվում են էներգետիկության մակարդակով: Դրանց բուժման ընթացակարգին եւ  վերականգնողական շրջաններին վերաբերող որոշումները եւ հերթականությունները տարբեր են:

-Ո՞ր կոտրվածքներն են առավել վտանգավոր:

-Չկան ոչ վտանգավոր կոտրվածքներ. անգամ մատի կոտրվածքը կարող է կոնկրետ պացիենտի դեպքում հետագա բարդություններ առաջացնել: Կոտրվածքների ժամանակ կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ինչպես, օրինակ, ցավային եւ առատ արյունահոսության հետեւանքով առաջացած շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան:

-Ո՞րն է կոտրվածքի եւ հոդախախտի տարբերությունը:

-Կոտրվածքը հոդախախտից տարբերակելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտական կրթություն: Առավել հաճախ հանդիպում են ուսահոդի եւ արմնկահոդի հոդախախտերը: Հոդախախտը կոտրվածքից տարբերակելու բարդության պատճառը նրա ժամանակ ի հայտ եկող տարաբնույթ ախտանշաններն են: Օրինակ, ուսահոդի հոդախախտի ժամանակ առաջանում է զսպանակաձեւ  դիմադրողականություն՝ կապված մկանային համակարգի հետ, որն էլ դժվարացնում է տարբերակումը: Կոտրվածքը հոդախախտից լիարժեք տարբերակելու համար իրականացվում են ռենտգեն հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ համակարգչային տոմոգրաֆիա: Խորհուրդ չի տրվում որեւէ միջամտություն իրականացնել հոդի շրջանում` լրացուցիչ վնասումներից խուսափելու համար: Եթե առկա է հոդախախտ, ապա ոչ մասնագետի կողմից այն ուղղելու փորձը կարող է բերել ավելի լուրջ բարդության՝ հոդախախտով կոտրվածքի:

-Ի՞նչ բարդություններ կարող են լինել ժամանակին առաջին օգնություն չցուցաբերելու դեպքում:

-Հիմնական բարդությունները կոտրվածքների ժամանակ, ինչպես նշեցի, արյունահոսությունն է, հետվնասվածքային շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում եւ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր