ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Գլաուկոմա. վաղ  եւ ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք

Ս․ Վ․ Մալայանի   անվան  ակնաբուժական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով հագեցած ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է: Կենտրոնը իրականացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:

Այն կազմավորվել է 1978թ.-ին` կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում:

Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

Այսօր Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նոր շունչ ստացած գլաուկոմայի բաժանմունքում, որը համալրված է նորագույն տեխհագեցվածությամբ և հարմարավետ բուզննման սենյակներով, մեծ հաջողությամբ կիրառվում են գլաուկոմայի առաջխաղացումը կանխարգելող հեղափոխական մեթոդներ։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար  ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։

 Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Նա բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝  նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:

Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:

Վերջերս գլակոմայի բաժանմունքը վերազինվեց, կատարվեց հիմնային բարելավումներ։ Վերանորոգվեցին բոլոր բուժզննման սենյակներն և հիվանդասենյակները, փոփոխվեց թե հետազոտման սենյակների կարգավիճակը, թե դիրքը եւ թե հիվանդասենյակները։ Այժմ կա հետազոտման 9 սենյակ,  նախկին՝ երկուսի փոխարեն։

Բժիշկները հետազոտությունները իրականացնում են վերջին սերնդի վերազինված սարքավորումներով։

Ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը համալրվել է YAG Laser ARCLASER Q գերմանական արտադրության գերժամանակակից նոր սարքավորմամբ։
Q-Laser-ը հնարավորություն է տալիս բուժել երկրորդային կատարակտը, նեղ և փակ անկյան գլաուկոման: Դինամիկ ֆոկուսի համակարգը հնարավորություն է տալիս ապահովել գերազանց ֆոկուսացում լազերի երեք կետիկների միջոցով։ Սարքը ունի կոաքսիալ լուսավորում, և հնարավոր է կոմբինացնել կլասիկ YAG Laser-ի հետ։
Լազերի ալիքի երկարությունը-1064nm է:

Հետազոտությունների համար ձեռք է բերվել ամենավերջին սերնդի  նոր ճեղքային լամպեր, ներակնային ճնշման չափման ամենահարմարավետ ստուգման մեթոդներն են ներգավվել հետազոտությունների մեջ, և հետազոտման մեթոդներից հանվել են նախկինում կիրառվող այն մեթոդները, որոնք անհարմարություն էին ստեղծում պացինտների համար։

Ներակնային տարբեր ներարկումների համար ստեղծվել է ախտահարված սենյակ։ Լազերային սենյակը համալրվել է ամբողջությամբ նոր սարքավորումներով։ Կա գլակոմայի հետազոտման սպեցիֆիկ ստուգումների սենյակ, որի  սարքավորումները միակն են տարածաշրջանում: 

-Բժշկուհի, գլաուկոման, ըստ ծագման, քանի՞ տեսակի է լինում:

-Գլաուկոման, ըստ ծագման, լինում է առաջնային, երկրորդային եւ բնածին:

Բնածին գլաուկոման երեխաների մոտ զարգանում է ծնված օրվանից մինչեւ 35 տարեկանի շեմը, ինֆանտիլ գլաուկոմա, երբ 3-4 տարեկանից հետո երեխայի մոտ զարգանում է հիվանդությունը, եւ յուվենիլ` երիտասարդական, որը զարգանում է մինչեւ 35 տարեկանը: 

Պացիենտներին հավանաբար ավելի շատ կհետաքրքրի առաջնային եւ  երկրորդային գլաուկոման, մեկ բառով` սովորական գլաուկոման, որը զարգանում է 50 տարեկանից հետո եւ համարվում է առաջնային: 

Կհետաքրքրի նաեւ առաջնային գլաուկոման, որը զարգանում է աչքում առանց որեւէ այլ ներակնային հիվանդության առկայության: Այսինքն՝ զարգանում է ինքն իրեն, քանի որ մարդն ունի այդ գենը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման համար։  Այս դեպքում տեսողական նյարդը սկսում է սպեցիֆիկ փոխվել, վնասվել:

Երկրորդային համարվում է այն գլաուկոման, որը զարգանում է աչքում` որպես այլ ներակնային հիվանդության, օրինակ, չբուժված կատարակտի, շաքարային դիաբետի հետեւանք: Երբ ոչ թե ընդհանուր, այլ շաքարային դիաբետը թերի է բուժված, բուժումը լիարժեք չէ, ապա աչքում զարգանում են տարբեր խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել գլաուկոմայի, օրինակ` ներակնային ուռուցքները, բորբոքումները: Եթե առաջնային գլաուկոման բուժելու համար արդի բժշկության մեջ բազմաթիվ մոտեցումներ ունենք, ապա երկրորդային գլաուկոմայի բարդությունն այն է, որ պետք է բուժվի նաեւ բուն հիվանդությունը, որպեսզի հիմնական պատճառը չզարգանա:

Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչեւ նպատակային ճնշման մակարդակ և  եղած տեսողության հնարավորինս պահպանմանը: 

Դրանք են՝ դեղորայքային, լազերային եւ վիրահատական: Լազերային բուժման տեսակներից լազերային իրիդէկտոմիայի դեպքում ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձեւավորվում է փոքր անցք: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն եւ նեղանկյուն գլաուկոմաների դեպքում։ 

Իսկ լազերային տրաբեկուլոպլաստիկայի ժամանակ տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով՝ լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:

Եվ վերջապես, դիոդլազերային ցիկլոկոագուլյացիայի ժամանակ լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա եւ առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրառվում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:

Վիրահատությունները բազմազան են և ուղղված են արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով` հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն:

-Եթե աչքերից մեկը բնածին գլաուկոմայով է տառապում, հավանականությունը մե՞ծ է, որ մյուս աչքն էլ կկրի այդ հիվանդությունը:

-Բնածին գլաուկոմայի տեսակները տարբեր են: Կան դեպքեր, երբ ախտահարվում է միայն մեկ աչքը, եւ եթե բժիշկը հետազոտելիս հայտնաբերում է հենց այդ տեսակը, պացիենտին զգուշացնում է, որ երկրորդ աչքը վտանգված չէ: Բայց կա բնածին գլաուկոմայի տեսակ, երբ երկու աչքը միաժամանակ են ախտահարվում, ու նման դեպքերում մի աչքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո պացիենտին զգուշացնում ենք, որ մյուս աչքում էլ շուտով գլաուկոմա կլինի, քանի որ կան նախանշաններ, (օրինակ, տարբեր փոփոխություններ) աչքի կառուցվածքում:

 Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ 14 տարեկանի մոտ է հայտնաբերվում զարգացած գլաուկոմա, քանի որ կարող է տեսողությունը նորմայում լինել, եւ չնկատվի, որ աչքում կան փոփոխություններ, որոնք կբերեն գլաուկոմայի զարգացման։

Այսօր բնածին գլակոման բավականին նահանջել և հետզարգացում է ապրել։ Պետության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրի շնորհիվ մեր մանկական բաժանմունքի և բոլոր բուժկենտրոնների հետ համատեղ անցկացվում է սկրինինգային ծրագրեր։

Մանկաբույժները, նինատոլոգները արդեն տեղեկացված են բնածին գլակոմայի նշաններից եւ առաջին իսկ կասկածելի նշանների դեպքում ուղղորդում են մեր կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ ցուցաբերում ենք անհրաժեշտ բուժօգնությունը։

 Բնածին գլակոման դատավճիռ չէ, եւ վաղ կատարվող ցանկացած միջամտություն լավագույն գրավականն է երեխայի տեսողությունը բարձր սանդղակում պահպանելու համար:

-Գլաուկոմայի բուժման ոսկե միջինը Դուք ո՞րն եք համարում:

-Կատարյալ, լիարժեք եւ վերջնական բուժում հնարավոր է իրականացնել վիրաբուժական միջամտության միջոցով: Այն դեպքերում, երբ տեսողական նյարդը մեծ վնասվածք է ստացել, ինձ համար ոսկե միջինը միմիայն վիրահատական միջամտությունն է, իսկ եթե նյարդը դեռ պահպանված է, ապա կարող ենք դիմել դեղորայքային բուժման: Ավելի վաղ փուլում առավել արդյունավետ է շունտավորումը:

-Գլաուկոմայի դեպքում մե՞ծ է կրկնակի վիրահատության հավանականությունը:

-Մեծ չէ, բայց լինում են դեպքեր, որ պետք է կատարվի երկրորդ, երրորդ վիրահատական միջամտությունը: Առաջնային գլաուկոմայի դեպքում մեկ վիրահատությունը բավականին արդյունավետ է: Ընդհանրապես, վիրահատությունը պետք է կատարվի այն դեպքում, երբ մարդը տարիներ շարունակ դեղորայքային բուժում է ստանում, երբ վնասվում է լորձաթաղանթը, որի վրա հետագայում պետք է աշխատես: Կրկնակի վիրահատման կարիք լինում է գլակոմայի այն դեպքերում, երբ գլակոման ինքն իրենից ներկայացնում է խրոնիկ հիվանդություն, երբ ոչ մի ցավային սինդրոմ չեն ունենում, խրոնիկ է ընթացքը, բայց սուր տեսակների դեպքերում էլ ընթանում է սուր ցավերով։ Դրանց հանդիպման հավականությունը շատ նվազել է` կազմելով փոքր տոկոս, արդի լազերային միջամտությունների շնորհիվ։ 

Մարդիկ հիմնականում ցավային նոպաներ չեն ունենում։ Լինում են դեպքեր, երբ վիրահատված աչքը սպիանում է և պացիենտի`  շաքարային դիաբետ, բորբոքային հիվանդություններ, ներակնային այլ բնույթի հիվանդություններ ունենալու դեպքում, դրանց բորբոքային պատճառագիտությունը այնպիսի պատկեր է ունենում, որը վիրահատված հատվածը խցանվում է, փակվում։ Այս դեպքում պահանջվում է կրկնակի վիրահատական միջամտության կարիք։

Բայց այսօր մենք գլակոմայի դեպքում ունենք մեծ ծավալով վիրահատությունների հնարավորություն։

Այսօր կիրառվում է զարգացած շունտավորումը, որը 15 տարի առաջ առաջին անգամ  ներդրվեց մեր կենտրոնում։ Եվ այժմ  ի ուրախություն մեզ ամբողջ աշխարհը կիրառում է մեր փորձը։  Կիրառվում է խողովակների տեղադրումը, կան լազերային այլ վիրահատություններ, ինչպես նաեւ ներարկումներ` բացարձակ չտեսնող աչքերի համար։ 

 Սարքավորումի կիրառումը ինքնին շատ ավելի թանկարժեք է, ծախսաշատ։ Այն կիրառվում է այն դեպքերում, երբ պարզ վիրահատությունը չի տվել իր արդյունքը։ Այսինքն` սարքավորումը միանգամից տեղադրելն անիմաստ է, այդ իսկ պատճառով սկզբական փուլում կիրառում ենք ավելի օպտիմալ մեթոդները, հետո, եթե  նախկինում կիրառվող մեթոդը չի տվել իր ցանկալի արդյունքը, նոր անցնում ենք սարքի տեղադրմանը:

-Ակնային վիրահատությունների համար պետության կողմից աջակցություն կա՞:

-Այո՛, սոցիալապես անապահով խավի, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների գլաուկոմայի վիրահատությունները Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով: Բացառություն են կազմում ամենաժամանակակից մեթոդներով արվող վիրահատությունները: 

Այսօր պետությունը լիարժեք փոխհատուցում է գլակոմայի վիրահություններր(բացի իմպլանտներից), սոցփաթեթի շահառումերի համար: 

Կարծում եմ` մոտ ապագայում իմպլանտերի ձեռքբերումն էլ կընդգրկվի պետպատվերի շրջանակներում։ Մեր կողմից կառավարությանն արդեն ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում պետք է աջակցություն լինի նաև գլակոմայի փոխպատվաստման դեպքում: Հուսամ, որ այդ շրջանակներում էլ կհասնենք մեր նպատակների ի կատար ածմանը:

-Գլաուկոմայի բուժման համար կա՞ն գիտական արդի մոտեցումներ:

-Իհարկե, կան վիրահատական միջամտությունների ավելի արագ եւ արդյունավետ նորարարական մոտեցումներ:

Սովորական շունտավորմամբ բացվում է արտահոսքը։ Կան տարբեր շունտավորման ձեւեր, որոնք ուղղում են դեպի վնասված հատվածները։ Կան նաեւ դեղապատ շունտեր, որոնց օգնությամբ դեղն է ազդեցություն գործում: Բոլորն էլ գիտեն, որ գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն, գլաուկոման կատարակտայի հետ զուգորդվելու դեպքում էլ ավելի լավ արդյունքներ է տալիս միջամտությունից հետո:

Մարդիկ հարյուր տոկոսանոց տեսողությամբ ցանկանում են լազերային կորեկցիայի դիմել, բայց լավ կլինի, որ այդպես հանգիստ դիմեն նաեւ մինիմալ ինվազիվ ակնային վիրահատության: 

Անընդմեջ կատարելագործվում են գիտական մոտեցումները եւ այն վերելքը, որ եղավ վերջին 10-15 տարվա ընթացքում, գլակոման չէր ապրել մեկ դարվա ընթացքում` թե դեղամիջոցների, թե վիրահատությունների տեսանկյունից։

Նորագույն մեթոդները ներկայացնում ենք կոնֆերանսների ԱՄՆ-ում, Միլանում, Եվրոպական կոնգրեսին։ Մեր ամենանորագույն միջամտությունների  արդյունքները, որոնք կիրառում ենք մեր արտերկրի կոլեգաների հետ համատեղ, նորամուծություններ են, որոնց   կիրառելիության եւ մոտեցումների մեջ մենք ևս ներգրավված ենք։

Այսօր ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց սկիզբը դրվել է դեռեւս 90-ականներից։

Այսօր մեր նորանշանակ ղեկավար Հովսեփ Միրոյանը կենտրոնն ավելի վերազինեց նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ էլ բարեգործական ծրագրերն ունեցան շարունակաան բնույթ։

 -Բժշկուհի, այսօր գլակոման ապրու՞մ է երիտասարդացում։ 

-Այո, ցավոք սրտի, կտրուկ աճ է նկատվում։ Այն նույն տոկոսային հարաբերությամբ բավականին հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ եւ նույն էֆեկտիվությամբ էլ բուժվում։

Այսօր մեծ է ԶԼՄ-ների դերը, որոնց օգնությամբ առաջին իսկ նկատելի գանգատների դեպքում դիմում են բժշկի։ Բժիշկներն էլ բավականին գրագետ մոտեցում ցուցաբերելով`կիրառում են համապատասխան դեղամիջոցները և բարեհաջող ընթացք տալիս բուժմանը։

Մեզ բավականին  հաճելի է, երբ հիվանդը հավատում է իր բժշկին եւ հետեւողական է բժշկի տված ցուցումներին`
եղած վիճակը նույն սանդղակի վրա պահելու կամ որոշ չափով բարելավելու համար։

-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի ձեռքերում է:       

 -Նշեմ, որ սույն թվականի հունիս ամիս ես ստանձնում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը, որի արդյունքում էլ ուսանողները էլ ավելի ներգրավվեցին  Մալայան կենտրոնում։

 Բոլորս էլ քաջ գիտենք, որ մեր կենտրոնը մշտապես եղել է կադրերի պատրաստման դարբնոց։  Այն միշտ ձգտել է պատրաստել  որակյալ կադրեր։ Ի ուրախություն մեզ` այսօր  ակնաբուժական հիվանդանոցների ղեկավարների գրեթե 99 տոկոսը վերապատրաստում անցել է հենց մեր կենտրոնում։  Այս ավանդույթը կրում է շարունակական բնույթ եւ  ավելի մեծ թափ է ստացել  մեր նորանշանակ տնօրենի շնորհիվ։

Մեր ուսանողները ականատես են լինում վիրահատարանում անցկացվող վիրահատություններին, ուղիղ միացմամբ  տեսնում են  վիրահատության ընթացքը։ 

Տեսական պարապմունքների եւ հարցուպատասխանի շնորհիվ մենք ունենք մոտ 53 կլինիկական օրդիանատոր, 53 պատրատվող ակնաբույժ, ովքեր պետք է իրենց ուրույն ձեռագիրն ունենան ակնաբուժության մեջ:

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք դառը պարտություն ենք կրել, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա։

Ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Մենք դեռ պիտի հասնենք մեր երազանքների երկրին: Մենք այսօր բավականին լուրջ զարգացումներ ենք ապրում տարբեր ոլորտներում, բայց ունենք ցավոտ տեղ. դա պատերազմն է, որը կարծես թույլ չի տալիս լիարժեք ապրել։

Հույս ունեմ, որ այս կորուստները մեզ կմիավորեն, և մենք միահամուռ ուժերով կծաղկեցնենք մեր երկիրը, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր