ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Բժշկությունը կոչում է, որը երևի թե մարդուն տրվում է ի սկզբանե

Չնայած նոր և առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ և արագությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հիվանդների հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Հիվանդների համար պակաս կարևոր չէ նաև տվյալ ախտորոշիչ մեթոդի հասանելիությունը՝ վերջինիս բարձր տեղեկատվության և ցածր արժեքի պարագայում: Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել դրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը:
Ճառագայթային ախտորոշումը կլինիկական բժշկության անքակտելի մասն է, այն ունի տասնամյակների պատմություն և հետազոտական ձևավորված ավանդույթներ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լևոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան, համալսարանական կլինիկաների ճառագայթային անվտանգության պատասխանատու ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ, որի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հաճելի կին է, նույնպիսի զրուցակից, ազնիվ ու սկզբունքային մարդ, իր գործի գիտակ: Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համամարդկային սիրո կրողներն են: Բուժառուների վստահությունը, սերն ու հարգանքը համարում է բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականը և նրանց փոխադարձաբար սեր տալով ու սեր ստանալով՝ անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում ռենտգենոգրաֆիան, ո՞ր դեպքերում է այն ցուցված և ո՞ր դեպքերում հակացուցված:

-Ռենտգենոգրաֆիան ռադիոլոգիայի մի ենթաճյուղն է, ես կասեի՝ ռադիոլոգիայի հիմնաքարը, քանի որ ռենտգեն ճառագայթային ախտորոշումը, որպես բժշկության բաժին, գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, և հետագայում այն կոչվեց նրա անունով։ Տարիների ընթացքում առիթ է եղել այն կատարելագործել, ստեղծել ռադիոլոգիան:​ Ռենտգեն հետազոտության մեջ կիրառվում են իոնիզացիոն ճառագայթներ, որոնք բացի ցուցումներից, ունեն նաև հակացուցումներ, այդ թվում՝ մի շարք բացասական ազդեցություններ օրգանիզմի վրա: Ռենտգենյան ճառագայթներով հետազոտություններն ունեն հակացուցումներ՝ կապված տարիքային շեմի հետ. մեծահասակներ, մանկական տարիքի երեխաներ, ինչպես նաև հղիներ: Ռենտգեն հետազոտությունը թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության, օրինակ՝ կոտրվածքների դեպքում. իրավիճակ, որը պարտադիր թելադրում է հետազոտում, որպեսզի հետագայում բուժմոտեցումները լինեն ճշգրիտ և գրագետ: Իսկ ցուցումները կիրառվում են շնչառական, ոսկրային համակարգի հիվանդությունների և տրավմատիկ խնդիրների դեպքում։ Աղեստամոքսային տրակտի հետազոտությունները լինում են բավականին ինֆորմատիվ, քանի որ աղեստամոքսային տրակտի անատոմիայից բացի, դրանք թույլ են տալիս պարզել օրգանիզմի ֆունկցիայի վիճակը: Միաժամանակ ակնհայտ է դառնում բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերումը կոնտրաստային նյութի կիրառմամբ: ​
Այս մեթոդը կիրառելի է նաև կնոջ անպտղության ախտորոշման ժամանակ։ Քանի որ ռենտգեն հետազոտությունն ունի իր մատչելիությունը (կատարվում է արագ, և պատկերները հնարավորինս արագ են արտահայտվում), բնականաբար, այն մեծ և լայնածավալ կիրառելիություն ունի։ Կարծում եմ, որ հետազոտության այս մեթոդը երբևիցէ դուրս չի գա գործածությունից, որքան էլ այսօր արդիական են առավել նորագույն և կատերարելագործված հետազոտական մեթոդներ: -Ըստ Ձեզ՝ նորագույն մեթոդները եկան լրացնելու՞, թե՞ փոխարինելու առկա ախտորոշման մեթոդներին:

-Պետք է նշել, որ նորագույն մեթոդները միանշանակ եկան լրացնելու, ոչ թե փոխարինելու մինչ այդ գործողներին: Եվ, ընդհանրապես, դիագնոստիկայում մի մեթոդը չի կարող փոխարինել մյուսին, դրանք որպես կանոն լրացնում են միմյանց: Առաջինն ի հայտ է եկել ռենտգեն հետազոտությունը, այնուհետև ուլտրաձայնային հետազոտությունը, որից հետո, էլ ավելի կատարելագործվելով, ի հայտ է եկել համակարգչային շերտագրությունը, ՄՌՏ քննությունը։ Այսօր արդեն էլ ավելի կատարելագործված մեթոդ կա՝ ՊէՏ (Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա): Դա համակցված համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունն է, որն այսօր համարվում է հետազոտական մեթոդներից ամենակատարելագործվածը: Սակայն ախտորոշման լավագույն պատկեր ստանալու համար դրանք բոլորը հարկավոր է մեկը մյուսով լրացնել՝ ստանալու վերջնական գրագետ պատկեր, ինչպես և լավագույն արդյունք:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ մակարդակի վրա է մեր ժամանակներում ռադիոլոգիան:

-Շատ կարճ ժամանակաշրջանում ռադիոլոգիան հասավ բավականին բարձր մակարդակի։ Վերջին տարիներին, իսկ ավելի ստույգ՝ վերջին հինգ տարիներին այն թռիչքաձև զարգացում ապրեց։ Այս հետազոտությունը մեծապես կիրառելի էր Քովիդի, ինչպես նաև պատերազմի ժամանակաշրջանում՝ արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու, գրագետ ախտորոշելու առումով։ Վերջին տարիներին մեր երիտասարդ կադրերը ակտիվ համագործակցում են արտերկրի առաջնակարգ մի շարք համալսարանների ու դպրոցների հետ՝մեզանում ապահովելով ժամանակակից բուժմոտեցումների ակտիվ արդիականացում։ Իհարկե, անելիք ներ շատ կան և դեռ կլինեն, պարզապես մշտապես պետք է լինել գիտության նոր նվաճումներին հետամուտ:

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին:​ Եվ առհասարակ, ապագա բժշկությունն ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-Ես կխոսեմ ռադիոլոգիայի մասին՝ ավելացնելով հետևյալը: Դասախոսում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատորիայում, պատրաստում ռադիոլոգներ, և շատ ուրախ եմ, որ մենք այսօր ունենք բավականին լավ պատրաստված հուսալի կադրեր: Մեր երիտասարդ մասնագետները պրպտող են, նպատակասլաց, ձգտող, ակտիվորեն հետաքրքրված են համացանցում առկա բժշկական տեղեկատվությամբ, ուսումնասիրում են արտասահմանյան բժշկական գրականություն, առաջնորդվում են արդի բժշկության նորարական մեթոդներով, արագ յուրացնեւմ դրանք, ուղղորդվում համաշխարհային առողջապահության նորագույն ուղեցույցներով։​ Սա է, որ մեզ հիմք է տալիս հավատալու՝ այո՜, ապագայում մեր բժշկությունը հուսալի ձեռքերում է, և դրանում, իհարկե, մեծ պետք է լինի ավագ սերնդի դերը։ Մեր փորձը փոխանցելով նրանց՝ սերտ կապ կհաստատվի փորձված մասնագետների և ռադիոլոգիայում իր առաջին քայլերն անող երիտասարդ կադրերի միջև: Շատ դեպքերում արդի նորարական մեթոդների շուրջ երիտասարդներն իրենց քաղած նոր տեղեկությունները կիսում են ավագ սերնդի հետ, որոնց մասին, հնարավոր է, մենք՝ ավագներս դեռևս տեղյակ չենք: Ուրախությամբ պետք է փաստել, որ երիտասարդ կադրերի շարքում առանձնանում են իրենց մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով փայլող և անվերջ նորը որոնող - պրպտողի իրենց տեսակով առանձնացող կադրեր, որոնք հուրախություն մեզ՝ նկատելիորեն կարող են գերազանցել մինչև իսկ ավագներիս: Չմոռանանք՝ ժամանակները փոխվել են, մեր սերունդը նման լայնածավալ տեղեկատվության հնարավորություններ չուներ, ինչ այսօր վիճակված է մեր ապագա մասնագետներին: Բժշկագիտությունն այսօր՝ օրավուր զարգացման նոր թափ առնող տեխնոլոգիաների դարաշրջանում, հսկայական առաջընթաց է ապրել, անկասելի զարգացում, որին հրաշալիորեն հաղորդակից են մեր երիտասարդ բժիշկները: -Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ո՞վ է նա Ձեզ համար: -Եթե սկսեմ կլինիկական օրիդինատուրայից, ապա պետք է նշեմ, որ իմ առաջին քայլերի մեջ իր անգնահատելի ավանդով առանձնանում է, ցավոք սրտի, արդեն հանգուցյալ Մովսես Հայրապետի Մովսիսյանը: Չեմ կարող չհիշատակել նաև Արմեն Կարպի Ղազարյանի անունը. երկուսն էլ փորձառու բժիշկներ, որոնք իրենց փորձն ուսուցանելու առումով անգնահատելի դեր են ունեցել իմ՝ որպես մասնագետի կայացման մեջ: Արմեն Ղազարյանն ինձ ուղղորդեց խորանալու ուլտրաձայնային հետազոտության և համակարգչային տոմոգրաֆիայի հիմունքների մեջ, իսկ աշխատանքային տարիներին իմ կյանքում եղան բժիշկներ, որոնցից ես կրկին սովորելու շատ բան ունեցա։ Ընդամենը մեկ տարի աշխատելով հանրաճանաչ, իր նեղ մասնագիտացման մեջ յուրովի փայլ ունեցող Աննա Ալեքսանդրի Համբարձումյանի հետ (ցավոք՝ արդեն հանգուցյալ)՝ տիրապետեցի գերինֆորմատիվ գիտելիքների: Ախտորոշման նրա եզրակացություններն անքննելի էին։ Պարզ, բայց տպավորիչ մի օրինակ: Նախկինում ընդունված էր՝ շատերը մեկնում էին ՌԴ՝ Մոսկվա քաղաք, հետազոտման կամ բուժման, (կամ դրանք կրկնելու նպատակով), ու երբ հետազոտող բժիշկներն հիվանդի հետազոտման պատմության մեջ կարդում էին Աննա Ալեքսանդրյանի անունը, գալիս էին մի համոզման՝ կարիք չկա կատարել կրկնակի հետազոտություն, եթե ախտորոշման եզրակացության տակ դրված էր Աննա Ալեքսանդրյանի ստորագրությունը: Բոլորի համար նրա եզրակացությունը հիմնավոր էր և վերջնական:

-Ընդհանրապես ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է։

-Հուրախություն ինձ՝ տղաս գնաց իմ ճանապարհով. նա ընտրել է բժշկության հետաքրքիր աշխարհը: Գերազանցությամբ ավարտելով բժշկական քոլեջը՝ նա այժմ սովորում է Մխթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Թեև ես որդուս չեմ ուղղորդել բժշկության ասպարեզ, դա նա ինքն է ընտրել սեփական կամքով և, սակայն, հակված չէ խորանալու իմ նեղ մասնագիտության մեջ: Նա ավելի շատ հակված է դեպի նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն: Ակնհայտորեն տարված է բժշկությամբ, սովորում է գերազանց, դեռևս առաջին կուրսից լսում է առցանց դասախոսություններ: Փոքրուց նրան դաստիարակել եմ որպես անհատականություն, հաշվի եմ նստել նրա կարծիքի հետ՝ հորդորելով առաջնորդվել սեփական նախասիրություններով: Տեսնելով նրա ունակությունները և գիտելիքների պաշարը (սա, խնդրեմ, չհամարեք գովեստի խոսքեր)՝ խորապես ցանկանում էի, որ որդիս ընտրեր բժշկությունը: Ես ինքս պաշտում եմ բժշկությունը, և եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրելու, ապա առանց վարանելու նորից ու նորից կընտրեի բժշկությունը։ Ի դեպ, իմ արմատներում բժիշկներ չկան: Պապիկս հեքիմ է եղել, իսկ իմ նեղ մասնագիտական ընտրության մեջ ինձ ուղղություն է տվել Գրիգորի Օկոևը, որին ես շատ երախտապարտ եմ: Այդ նա ինձ տեղեկացրեց ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատուրա բացվելու մասին: Նրա խորհրդով ես դարձա բժիշկ-ռադիոլոգ` ճառագայթային ախտորոշման մասնագետ:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:

-Ասոցիացիաներն այսօր բավականին լուրջ կառույցներ են։ Նախկինում մենք՝ նույն մասնագիտության տեր բժիշկներս, հնարավորություն չունեինք միմյանց ճանաչելու, միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները, տարբերակներ գտնելու և լուծումներ տալու, փորձի փոխանակություն կատարելու: Այսօր ես աշխատում եմ ասոցիացիաների կողմից կազմակերպված բոլոր կոնֆերասներին ներկա գտնվել, քանզի դա շատ անհրաժեշտ է՝ հաղորդակից լինելու համար ոլորտի առաջընթացին:

-Ըստ Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ցավոք սրտի, այսօր բավականին երիտասարդացել են, մինչև իսկ կարելի է ասել, որ առաջին տեղում են ուռուցքային, հիվանդությունները: Դրան զուգահեռ կատարելագործվել են և ախտորոշիչ մեթոդները, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդությունների վաղ են հայտնաբերումը, և հիվանդներին հաջողվում է արագ հրաժեշտ տալ քաղցկեղին կամ այն դարձնել կյանքի հետ համատեղելի:

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում​ անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:

-Հուրախություն ինձ՝ վերջին ժամանակները դիմելիության մշակույթը մեզանում զգալիորեն դրական միտում է ձեռք բերել՝ կամաց-կամաց արմատավորվելով բնակչության գիտակցության մեջ: Այսօր անգամ կարող են դիմել հոգեբանի և հոգեբույժի, բայց, ցավոք սրտի, պետք է նշել, որ հասարակության վերաբերմունքը, հարգանքը բժշկի հանդեպ մի տեսակ նվազել է։ Շատ դեպքերում հիվանդները չարդարացված պահանջկոտ են, շատ անհամբեր են, չեն սպասում, որ հետազոտությամբ ստացված պատկերը լիարժեք և գրագետ վերծանվի, չեն գիտակցում՝ միգուցե կարիք կա այլ մասնագետի հետ քննարկելու առկա խնդիրը: Այս հարցերում երբեմն տարրական ըմբռնումը բացակայում է. պահվածք, որն ինձ շատ խորը ցավ է պատճառում, բայց լիահույս եմ, որ այդ օրն էլ կգա, երբ մարդիկ ավելի գիտակից մոտեցում կցուցաբերեն:

-Ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում:

-Երևի կդժվարանամ իրականում դրանք միմյանցից տարանջատել: Բժշկությունը կոչում է, որը երևի թե մարդուն տրվում է ի սկզբանե: Սերմը պետք է լինի, որ հետո այն ծլարձակի ու տա իր ցանկալի պտուղները: Կարծում եմ՝ ինձ համար այն առաջնահերթ կոչում է:

-Որտե՞ղ, ինչո՞ւմ եք գտնում Ձեր անդորրը աշխատանքից դուրս:

-Միանշանակ՝ իմ ընտանիքում, ընկերներիս և իմ հարազատների շրջապատում։ Առավոտյան շտապում եմ աշխատանքի, իսկ աշխատանքից հետո էլ շտապում եմ տուն գնալ։ Աշխատանքային առօրյա լարվածությունը և հոգնածությունը աշխատում եմ երբեք ընտանիք չտանել, անկախ ամեն ինչից, ամեն օր ուրախ տրամադրությամբ եմ գալիս իմ սիրած աշխատանքին:

-Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններով հարուստ ու հագեցած զրույցի համար: Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Ցանկանում եմ մեր երկրին և ոչ միայն մեր երկրին, խաղաղություն: Թող այնքան ցանկալի խաղաղությունը թևածի ամբողջ աշխարհում, բոլորիս ընտանիքներում: Իսկ որպես բժիշկ, կցանկանամ, որ մեր հիվանդները լինեն ավելի համբերատար և հավատով լցվեն բժիշկների հանդեպ։ Այսօր կամ երբևէ թող քննարկման նյութ չդառնա երկար տարիների փորձառու բժշկի մեկ վրիպումը՝ մոռանալով նրա երկար տարիների անմնացորդ նվիրումն ու անձնվեր աշխատանքը։ Ցանկալի է նաև, որ մարդիկ չզբաղվեն ինքնաբուժությամբ, համոզված լինեն, որ հաստատ կգտնեն իրենց սրտի բժշկին, որին անվերապահորեն կվստահեն ու կհավատան: Իսկ հավատը բուժման կեսն է:
Պետք է ամեն պահը գնահատել՝ երջանիկ լինելու համար, և այդ պահը իրենց կյանքում դարձնել տոն: Կցանկանամ նաև, որ մարդիկ դժվարին պահերին ոչ թե հուսահատվեն, այլ որոշակի դասեր քաղելով՝ ամրանան: Դժվարին պահերը չեն, որ պետք է մեզ հուշեն կյանքը գնահատելու անհրաժեշտության մասին․ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ անհարկիորեն շատ ենք կարևորում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պահպանենք այն, ջանանք սիրել և լինել սիրված:​ Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի օրհնանքն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր