Լիանա Գրիգորյան

(0 votes)
There is no translation available.

Բժշկի համար իր աշխատանքի ամենաբարձր գնահատականը ապաքինված և իր առողջությունը վերագտած  հիվանդի օրհնանքն է

Էնդոկրինոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, որը զբաղվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժմամբ: Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն։ Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական  հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա եւ կարիք ունեն մշտական հսկողության:

Տարեցտարի մարդկանց մոտ նկատվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների թվի կայուն աճ, ինչը կապված է շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական գործոնների, ինչպես նաև մշտական ​​սթրեսային իրավիճակներին, որոնց հետ ամեն օր բախվում են մարդիկ: Ժամանակակից էնդոկրինոլոգիան շատ առաջ է գնացել բազմաթիվ հիվանդությունների պաթոգենեզի, ինչպես նաև դրանց բուժման մեթոդների ուսումնասիրության մեջ, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել հիվանդությունը, այլև իրականացնել իրավասու կանխարգելում:

Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի  էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանը: Բավականին հաճելի զրուցակից, մարդ, որն իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:

Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ հենց ինքն է փոխելու այն աշխատանքային աշխարհը, որում ապրում է։ 

-Որո՞նք են Հայաստանում ամենատարածված էնդոկրին հիվանդությունները։

- Նշեմ, որ էնդոկրին հիվանդությունների շարքը բազմազան է, սակայն Հայաստանում ամենատարածվածներից են շաքարային դիաբետը՝ իր դասակարգումներով, աուտոիմուն թիրեոիդիտը, վահանաձև գեղձի թերֆունկցիան, ըստ բժշկական տերմինաբանության՝ հիպոթիրեոզը, գերֆունկցիան՝ թիրեոտոկսիկոզը, հանգույցավոր խպիպները, ճարպակալումը, ինչպես նաև մեր պրակտիկայում ոչ հաճախ հանդիպող մակերիկամի գոյացությունները:   

Ցավոք, պետք է նշեմ, որ այսօր շատ լայն տարածում ունեն նաև վահանաձև գեղձի չարորակ  գոյացությունները, որոնք նախորդ տարիների համեմատ զգալիորեն երիտասարդացել են: Հատկապես շատ է հանդիպում վահանաձև գեղձի պապիլյար կարցինոման, բայց նաև պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի մյուս չարորակ գոյացությունների համեմատ այն բարորակ ընթացք ունի և ժամանակին հայտնաբերելու դեպքում լիարժեք բուժվում է և կյանքի տևողության վրա չի ազդում:

-Ինչպե՞ս անել, որ շաքարային դիաբետը այլ հիվանդությունների առաջացման պատճառ չդառնա։ Ինչպե՞ս պաշտպանվել դրանից։

-Շաքարային դիաբետն ամբողջ օրգանիզմի հիվանդություն է, չնայած հիվանդության ընթացքում առաջին հերթին վնասվում են անոթների պատերը, և նյարդային բջիջների թաղանթները: Այստեղ պետք է ցավով նշեմ, որ դրանց ախտահարումը լինում է անդառնալի: Այդ  իսկ պատճառով առաջին պլան են մղվում անոթային բարդությունները՝ ինֆարկտը, ինսուլտը, ստորին վերջույթների անոթների ախատահարումները, գանգրենան՝ փտախտը, ընդհուպ մինչև վերջույթների ամպուտացիան՝ ծայրատումը: Ամբողջ աշխարհում տարեկան չորս միլիոն մարդ մահանում է շաքարային դիաբետի բարդություններից: Այն մահացության տեսանկյունից երրորդ տեղն է գրավում սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից հետո։ Հետևաբար, որպեսզի չախտահարվեն մյուս օրգան-համակարգները,  պետք  է առավելագույնս  պահպանել արյան մեջ գլյուկոզայի  մակարդակը: Ցանկալի է, որ առավոտյան քաղցած ժամանակ գլիկեմիայի մակարդակը չգերազանցի  6 մմոլ-ը, և ուտելուց երկու ժամ հետո, օրվա ընթացքում, այն չգերազանցի 8 մմոլ-ը, որը մենք կհամարենք արդեն բավարար կոմպենսացիա:

-Չափից ավելի քաղցրի գործածումը  կարո՞ղ է, արդյոք,  դիաբետի առաջացման պատճառ դառնալ:

-Իրականում շաքարային դիաբետի առաջացման պատճառները շատ ավելի լուրջ են,  քան մեծ քանակությամբ քաղցրի օգտագործումը: Օրինակ, տիպ մեկ շաքարային դիաբետի առաջացման հիմքում ընկած են այն աուտոիմուն գործընթացները, որոնց դեպքում դիտվում է իմունիտետի ագրեսիվ ռեակցիա օրգանիզմի սեփական բջիջների նկատմամբ: Դրա հետևանքով  վնասվում են ենթաստամոքսային գեղձի բջիջները,  և առաջանում է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Ցավոք սրտի,  այս երևույթի պատճառները մինչ  օրս անհայտ են: Տիպ երկու շաքարային դիաբետի առաջացման համար շատ կարևոր է գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև  նպաստող պայմանները: Հետևաբար՝ գենը ժառանգելը  չի նշանակում, որ դա հիվանդությունը զարգանալու  պարտադիր պայման է: Շատ կարևոր են նախատրամադրող պայմանները: Դրանք են՝ հաճախակի սթրեսները, քաշի ավելացումը, ճարպակալումը, պասիվ կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը, արագ սննդից հաճախակի օգտվելը:   

 - Դիաբետից խուսափելու ի՞նչ կանխարգելիչ ﬕջոցներ կան:  Եթե հիվանդությունը ժամանակին չկանխարգելվի և չվերահսկվի բժշկի կողմից, ապա  ի՞նչ վտանգներ կարելի է սպասել։

- Պարզապես պետք է վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել, հետևել ֆիզիկական ակտիվությանը, հրաժարվել ծխելուց: Քանի որ տիպ երկու շաքարային դիաբետի հիմքում ընկած է հիպերինսունիլիզմը և ճարպակալումը, հետևաբար, պետք  է խուսափել մեծ քանակությամբ յուղոտ, ճարպոտ սննդի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից, սահմանափակել հեշտ յուրացվող ածխաջրերի օգտագործումը, գազավորված ըմպելիքները, ավելի շատ օգտագործել միրգ, բանջարեղեն: Խորհուրդ է տրվում շաբաթը առնվազն  մեկ-երկու անգամ այցելել մարզասրահ, քանի որ ճիշտ և գրագետ մարզման դեպքում մեծանում է օրգանիզմի հյուսվածքների զգայնությունը ինսուլինի նկատմամբ, հետևաբար, քաշի նվազումը արյան մեջ բերում է ինսուլինի մակարդակի կարգավորմանը, և կանխարգելվում շաքարային դիաբետի առաջացումը:  Այստեղ  մի շատ կարևոր հանգամանք կա, այն է՝ հիվանդությունը պետք է վերահսկվի ինչպես բժշկի, այնպես էլ բուժառուի կողմից: Բուժառուները պետք է սովորեն  ինքնուրույն հսկել օրվա տարբեր ժամերին իրենց շաքարի մակարդակը և տվյալների մասին տեղեկացնել բժշկին: Ինչպես և պետք է հետևեն արյան ճնշմանը և խոլեստերինի մակարդակին: Հետևաբար,  շատ կարևոր է  բժիշկ-բուժառու փոխհարաբերությունը: Ժամանակին չվերահսկելու դեպքում կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ նեֆրոպաթիան՝ երիկամների անոթների ախտահարումը, որն ուղեկցվում է քրոնիկ երիկամային անբավարությամբ, ռետինոպաթիան ՝ աչքի անոթների ախտահարումը, որը բերում է ոչ միայն տեսողության իջեցման, այլև  կարող է հանգեցնել ընդհուպ մինչև կուրության: Դե իսկ սպասելի են դիաբետիկ ոտնաթաթը, դիաբետիկ նեյրոպաթիաները, ստորին վերջույթների անոթների ախտահարումները, գանգրենան, որը կարող է ավարտվել վերջույթների անդամահատմամբ: Տղամարդկանց մոտ կարող է մինչև իսկ զարգանալ իմպոտենցիա:

- Որոն՞ք են շաքարային դիաբետի նախանշանները:

- Շաքարային դիաբետի նախանշաններն են՝ բերանի չորություն, մշտապես ծարավի զգացում, հաճախամիզություն, հատկապես՝ գիշերային ժամերին, քաշի կտրուկ փոփոխություն, ընդհանուր թուլություն, էներգիայի պակաս, հոգնածության զգացում, տեսողության իջեցում, ճնշման տատանումներ, քոր, ոտնաթաթերի այրոց կամ սառնության զգացում, վերջույթների թմրածություն, ծակոցներ և ձգձգվող ընթացքով չլավացող վերքեր:  Այս ամենը ահազանգ է առ այն, որ կա խնդիր, և ցանկալի է, ավելին՝ հարկ է  հետազոտվել:

-Հնարավո՞ր է բուժել այս հիվանդությունը առանց ինսուլինի օգնության, և, առհասարակ, այս հիվանդությանը դիմագրավելու այլընտրանքային ի՞նչ ﬕջոցներ կան:

-Եթե խոսքը  վերաբերում է տիպ մեկ շաքարային դիաբետին, որի մասին  ես վերը նշեցի,  այդ դեպքում դիտվում է ինսուլինի բացարձակ անբավարարություն, հետևաբար, բուժումը պետք է լինի միայն ինսուլինով: Տիպ երկու շաքարային դիաբետի բուժման համար գոյություն ունեն հակադիաբետիկ մի շարք դեղամիջոցներ, որոնք բազմազան են և տարեցտարի նորացվում են: Յուրաքանչյուր բուժառուի համար դեղամիջոց ընտրելիս ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով որոշակի ցուցումներն ու հակացուցումները: Սակայն պետք է նշել, որ շաքարային դիաբետի բուժման մեջ դեղորայքային բուժումը երրորդ տեղում  է դիետայից և ֆիզիկական ակտիվությունից հետո: Այսինքն՝ եթե բուժառուն  չի հետևում ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, չի վարում առողջ ապրելակերպ, ապա նույնիսկ ամենաորակյալ դեղորայքը չի կարող ունենալ իր դրական ազդեցությունը  և լիարժեք նպաստել բուժառուի առողջական վիճակի էական բարելավմանը:  

  -Որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ հասարակությունը հնարավորինս առողջ լինի, որ մարդիկ որքան կարող են, հեռու մնան սթրեսներից, ինչքան էլ մերօրյա պայմաններում դա շատ դժվար է,  հետևեն ճիշտ սննդակարգին, պահպանեն ֆիզիկական ակտիվությանը, մի խոսքով՝ առողջ ապրելակերպ վարեն: Շատ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն,  որ յուրաքանչյուրիս կյանքն իր ձեռքում է, որ պետք է սիրել իր եսը, պետք է ապրել դրական լիցքերով՝ ներաշխարհը խաղաղ պահել, լինել բարի ու կամեցող: Չարն ու նախանձը կործանարար են: Կցանկանամ, որ ամենուրեք տիրի փոխադարձ  սերը։ Սիրեք միմյանց, մարդիկ, սիրեք ձեզ շրջապատող աշխարհը, գնահատեք՝ ինչ ունեք, եղեք  ավելի ներողամիտ ու զիջող: Ապրեք հոգեպես խաղաղ, բացասական մտքերից ու զգացողություններից ձեզ զերծ պահեք։

Իսկ բժշկի համար իր աշխատանքի ամենաբարձր գնահատականը, ինչ խոսք, ապաքինված և իր առողջությունը վերագտած  հիվանդի օրհնանքն է,  սրտից բխած նրա անսահման երախտիքի ու շնորհակալանքի ջերմ խոսքը:  Հավատացեք, դա մի ամբողջ աշխարհ արժի։ 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր