ԼԱՈՒՐԱ ԱՎՈՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

ԼԱՈՒՐԱ ԱՎՈՅԱՆ. <<Դժվարություններն ամեն քայլափոխի էին, բայց ես երբեք չեմ դժգոհել դժվարություններից, քանի որ ինքս եմ ինձ համար ընտրել այս ճանապարհը>>

Գեղեցիկ ժպիտ, սպիտակ և փայլուն ատամնաշար ունենալը համարվում է առաջնային, իսկ դա ոչ միայն բնության պարգև է, այլ նաև անհատի կողմից անձնական հիգիենայի ամենօրյա իրականացման արդյունք, որը էսթետիկ հմայք է հաղորդում յուրաքանչյուրիս: Մանկական ստոմատոլոգիան բժշկագիտության առավել երիտասարդ ճյուղերից է: Այն միաձուլում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը և վերջին տասնամյակներում բուռն զարգացում է ապրել: Այն ուսումնասիրում է ստոմատոլոգիական հիվանդությունները` հիմնվելով երեխայի կազմաբանական և ֆիզիոլոգիական տարիքային առանձնահատկությունների: Մանկական ստոմատոլոգիան նորարարությունների և յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցման զուգակցումն է: Այսօր, ստոմատոլոգիան «իր դռներն է բացել» երեխաների առջև, և ամեն ինչ լիակատար իրականացվում է երեխաների ատամների արագ ու որակյալ բուժման համար: Արդի ստոմատոլոգիական կենտրոններում կենտրոնացված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներն և տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մանկական հասակում ստոմատոլոգիական բուժում կազմակերպել բարձր մակարդակի վրա, և ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ բուժման ու երեխաների հուզական լարվածության նվազեցման համար: Բնականաբար, բոլորին է պարզ է, որ փոքրերի նկատմամբ ավելի զգուշ պետք է լինել, քանզի ցանկացած վախ, ստիպողական գործողություն կարող է ստիպել երեխային վախենալ ստոմատոլոգից, և ցանկացած վրիպում կարող է հոգեբանորեն նրան ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում:

Երեխաների ատամնաշարի և բերանի խոռոչի հիգիենային հետևելու և մեզ հետաքրքրող այլ հարցերի սպառիչ պատասխանները ստացանք մանկական ատամնաբույժ Լաուրա Ավոյանից: Բժշկուհին անցել է մի շարք վերապատրաստումներ, որոնք ուղղված են եղել մանկական ստոմատոլոգիային և մանկական հոգեբանության ստոմատոլոգիայի մեջ թեմաների շուրջ: Նա աշխատում է Արմավիրի <<ԴենտաՄեդ>> և Երևանի <> կլինիկաներում: Բժշկուհու կարևորագույն և գերագույն նպատակներից է Արմավիր քաղաքում է՛լ ավելի զարգացնել մանկական ստոմատոլոգիան: Նա առանձնանում է իր սրտացավ և հոգատար մոտեցմամբ, բարեհամբույր է իր փոքրիկ պացիենտների նկատմամբ և ամեն մեկին յուրովի մոտեցում է ցուցաբերում: Նա լինելով բավականին համակրելի, երիտասարդ մասնագետ, արդեն մեծ համբավ է ձեռք է բերել, մեծ վստահություն ու ճանաչում մանկական ստոմատոլոգիայի ոլորտում: Մարդու, առավել ևս բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես մանուկների վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե երեխայի և բժշկի միջև ստեղծվում է անմիջական կապ, աստիճանաբար լուծում են ստանում առկա խնդիր¬ները: Հետևաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:

-Բժշկուհի, ինչո՞ւ բուժել երեխայի կաթնատամները, եթե նրանք ամեն դեպքում, ի վերջո, ընկնելու են:

-Չնայած այն հանգամանքին, որ կաթնատամներն իրենց բնույթով ժամանակավոր են, դրանք կատարում են մի շարք շատ կարևոր գործառույթներ։ Ամենակարևորներից մեկը սննդի ծամումն է։ Կաթնատամների վաղաժամ կորուստը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային խանգարումների։ Կաթնատամները մասնակցում են հնչյունների ճիշտ արտասանությանը։ Չմոռանանք նաև էսթետիկայի մասին։ Մեր փոքրիկ մարդուկները ( ի դեպ, ես մեր բալիկներին հենց այդպես եմ կոչում), ինչպես մեծահասակները, կաշկանդվում են դիմացի ատամների բացակայության դեպքում։ Իսկ ահա թե ինչ կարող է լինել, եթե չբուժենք կաթնատամները։ Կարիես և նրա բարդությունները։ Սա առաջին հերթին վարակ է՝ ինֆեկցիա։ Եթե կաթնատամները չբուժվեն ճիշտ ժամանակին, ինֆեկցիան կարող է անցնել մշտական ատամի սաղմին։ Մշտական ատամն իր հերթին կծկթի դեֆեկտով, իսկ վատագույն դեպքում սաղմը կարող է մահանալ։ Այսպես կունենանք սխալ կծվացք։ Կաթնատամները զբաղեցնում են ապագա մշտական ատամի տեղը։ Նրանց վաղ հեռացումը կբերի նրան, որ կողքը գտնվող ատամը կտեղափոխվի հեռացված ատամի տեղը, և այդ դեպքում մշտական ատամը կծկթի ոչ իր տեղում։ Եվ, իհարկե, կառաջանա ցավ և անհանգստություն։ Կաթնատամները, ինչպես նաև մշտական ատամները, ունեն նյարդ, և երբ ատամի խոռոչը խորանում է, այն սկսում է ցավել՝ երեխայի մոտ առաջացնելով անհանգստություն։

-Ե՞րբ սկսել լվանալ երեխաների ատամները։

-Որպես մանկական բժիշկ-ստոմատոլոգ, ես ասում եմ, որ պետք է լվանալ առաջին ատամիկից, օգտագորձելով փափուկ խոզանակ փոքր գլխիկով, քանի որ ատամնափառը հնարավոր է հեռացնել միայն ատամի խոզանակով։ Խորհուրդ եմ տալիս օգտագորձել նաև դենտալ անձեռոցիկներ (дентальные салфетки) և սիլիկոնե մատնակալ (силиконовый напалечник)։ Դրանք շատ լավ միջոց են լնդերի մերսման համար, երբ ատամները նոր սկսում են ծկթել։ Այսպիսով` երեխան մանկուց կվարժվի բերանի խորոչի խնամքին։ Երեխային կողմնակի սննդով կերակրելու պահից պետք է ատամները լվանալ ֆտոր պարունակող մածուկով, որն անհրաժեշտ է կարիեսի կանխարգելման համար։ Պետք չէ վախենալ, որ երեխան կուլ կտա մածուկը, քանի որ դրա քանակությունը ատամի խոզանակի վրա շատ ու շատ քիչ է, ընդամենը մի փոքր քսուք։ Ես կասեմ մի քանի հիմնական կետեր երեխայի ատամները խոզանակելու վերաբերյալ: Դուք պետք է խոզանակեք ատամները լնդից դեպի ատամ ավելանման շարժումներով: Բավական կլինի մեկ-երկու ավելանման շարժում։ Մաքրումը պետք է լինի օրական 2 անգամ, առավոտյան և քնելուց առաջ: Երբ բոլոր կաթնատամները կծկթեն, բացի ատամի խոզանակից և ատամի մածուկից, անհրաժեշտ է նաև օգտագործել ատամնաթել՝ ատամների միջև կարիեսից խուսափելու համար։

-Ինչո՞ւ են հիմա ավելի վաղ տարիքում փչանում երեխաների ատամները, և ինչի՞ց կարող են փչանալ կաթնատամները, եթե բացառենք քաղցրը։

-Ատամների հետ կապված խնդիրները կարող են առաջանալ շատ վաղ տարիքից։ Նույնիսկ նոր ծկթած առաջին ատամները կարող են կարիեսով աղտահարվել։ Բացի քաղցրվենիքի օգտագործումից կան նաև մի շարք գործոններ,որոնք նպաստում են երեխաների ատամների աղտահարմանը։ Կխոսեմ ամենատարածվածների մասին։ Ատամների վրա բավականին մեծ ազդեցություն են թողնում նաև տարբեր գործոններ, նույնիսկ ներարգանդային զարգացման շրջանում, դա կարող է լինել ծանր տոքսիկոզը, մոր թերսնուցումը, որոշակի դեղամիջոցների անորակությունը և չափից ավելի ընդունումը։ Մինչև մեկ տարեկան երեխայի կողմից հակաբիոտիկներ ընդունելու հետևանքով կարող է առաջանալ ատամի նստվածք, որը դժվարությամբ կհեռացվի տնային պայմաններում։ Կրկին չմոռանանք երեխայի ատամների պատշաճ խնամքի բացակայության մասին։ Երեխայի մոտ կարիեսի առաջացման հարցում իրենց դերն են խաղում նաև ժառանգական գործոնը և չափազանց թույլ թքարտադրությունը։ Եվս մեկ շատ կարևոր հանգամանք, որի մասին ես շատ հաճախ եմ խոսում ծնողների հետ, դա մանրէների փոխանցումն է ծնողից բալիկին, որը տեղի է ունենում միաժամանակ նույն սպասքից օգտվելիս։ Մանրէները կարող են փոխանցվել նաև երեխայի շուրթերը համբուրելու և մեծահասակի կողմից երեխայի ծծակը բերանով մաքրելու միջոցով։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս երեխային կերակրել առանձին սպասքով և երեխային սիրելիս համբուրել նրա թաթիկները, տոտիկները, գլուխը, բայց ոչ՝ շուրթերը։

-Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակից շուտ հեռացնել կաթնատամը։ Եվ ի՞նչ անել, եթե կաթնատամը ընկել կամ հեռացվել է, բայց մշտականը դեռ դուրս չի եկել։

-Ես արդեն խոսեցի այն մասին, որ կաթնատամների վաղաժամ կորուստը կբերի նրան, որ մշտական ատամի ծկթելու համար բավարար տեղ չի լինի: Բայց լինում են դեպքեր, որ որոշ հանգամանքներից ելնելով՝ կաթնատամը պետք է հեռացվի։ Այստեղ պետք է հիշել, որ յուրաքանչյուր մշտական ատամ ունի իր ծկթման ժամանակը։ Այսպիսով, եթե ատամի ծկթմանը կա երկու և ավելի տարի ժամանակ, ապա բացակայող կաթնատամի տեղը տեղադրվում է հատուկ հարմարանք` այսպես ասած՝ տեղի պահպանիչ, որպեսզի հարևան ատամը չտեղափոխվի դեռ չծկթած մշտական ատամի տեղը։ Իսկ այն դեպքում, երբ մշտական ատամը պատրաստվում է ծկթել, ոչինչ պետք չի ձեռնարկել և սպասել ատամի ծկթմանը։

- Ընտանիքն ազգի հենասյունն է, և յուրաքանչյուր ոք հարուստ է իր ընտանիքով։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Սիրով։ Ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում՝ Սանկտ-֊Պետերբուրգում։ Այնտեղ հաճախել եմ դպրոց, զբաղվել եմ երաժշտությամբ և պարով։ Ունեցել եմ երջանիկ ու անհոգ մանկություն։ Ես բժիշկների ընտանիքում չեմ մեծացել։ Մեր ընտանիքի միակ բժիշկը ես եմ։ Եվ ասեմ, որ մինչև 10-֊րդ դասարան երբեք չեմ մտածել, որ իմ կյանքը կկապեմ բժշկության գեղեցիկ և հրաշագեղ աշխարհի հետ։ Դա կտրուկ ու անփոփոխ որոշում էր, որի համար երբեք չեմ զղջացել։ Ցավոք, հայրս հիմա մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ նա հպարտ կլիներ իր բժշկուհի աղջկա համար։ Ես անչափ շնորհակալ եմ իմ մայրիկին` միակ մարդուն, որ միշտ իմ կողքին է եղել`իմ դժվար ճանապարհի սկզբից, այն մարդուն` որ երբեք չի կասկածել իմ ուժերին, որ միշտ աջակցել և աջակցում է ինձ։

-Եթե հետադարձ հայացք նետենք Ձեր անցած ուղուն, ապա ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ճանապարհը, և ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել մինչ օրս։

-Ինչպես բոլոր բժիշկները, ես էլ շատ դժվար ու երկար ճանապարհ եմ անցել։ Դժվարություններն ամեն քայլափոխի էին, բայց ես երբեք չեմ դժգոհել դժվարություններից, քանի որ ինքս եմ ինձ համար ընտրել այս ճանապարհը։ Այս պահին ապրում եմ Արմավիր քաղաքում, սովորել եմ Երևանում, բայց աշխատել և աշխատում եմ միաժամանակ երկու քաղաքներում։ Սկսեցի ամենափոքրից՝ պրակտիկանտ լինելով, բայց անմիջապես ընդունվեցի որպես բուժքույր, այն ժամանակ բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող էի։ Այդ կլինիկայում մի բժիշկ կար, որն աշխատում էր երեխաների հետ, ես էլ նրա հետ էի աշխատում։ Ես պատկերացնում էի, որ եթե ես աշխատեի երեխաների հետ, ավելի խաղային տեսքով կանցկացնեի երեխայի ատամի բուժումը՝ նրա հետ խոսելով, միասին ծիծաղելով, մուլտֆիլմեր դիտելով և այլն։ Հենց այդ պահից սկսվեց իմ սերը երեխաների հանդեպ, և ես վճռականորեն որոշեցի, որ ընտրելու եմ մանկական ստոմատոլոգիան և միայն նրանց հետ եմ աշխատելու։ Հիմա հենց այդպես էլ անցնում է երեխայի այցը ինձ մոտ։ Ես փորձում եմ նրանց համար ստեղծել ամենահարմարավետ ու հետաքրքիր պայմանները, որպեսզի նրանք միայն լավ հիշողություններ ունենան ատամները բուժելուց հետո, որպեսզի նրանք տուն գնան ժպիտը դեմքներին, և իհարկե, նվերներով։ Ինձ համար հենց սա է ամենամեծ ձեռքբերումը։ Մենք երջանիկ ենք այն ժամանակ, երբ մեր բալիկները առողջ են և ապրում են խաղաղ երկնքի տակ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր