Սրբուհի Բաբաջանյան

(0 votes)
There is no translation available.

Բժշկի մասնագիտությունը, ըստ էության, սահմաններ չի ճանաչում, և այս մասնագիտությունն ընտրած մարդը պիտի որդեգրի համամարդկային սերը

Հայ բժիշկ­նե­րը թե´ Հա­յաս­տա­նում, թե´ ար­տերկ­րում աչ­քի են ընկ­նում ի­րենց մաս­նա­գի­տա­կան բարձր հմտութ­յուն­նե­րով,  հա­մաշ­խար­հա­յին բժշկութ­յան մեջ բազ­մա­թիվ նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­ր ու տեխնո­լո­գիա­նե­ր հե­ղի­նակած բժիշկներ են, և  նրանցից յուրաքանչյուրն ­ իր ո­լոր­տում ա­պա­հո­վում է եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան բարձր մա­կար­դակ: 

Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժութ­յու­նը հա­մար­վում է բժշկութ­յան ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից մեկը: Այստեղ պրո­ֆե­սիո­նալ բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վում են աշխարհում ընդունված ակ­նա­բու­ժա­կան բո­լոր միջամտությունները:

Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է:  Դրան զուգահեռ տարեցտարի կատա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժման մեթոդները:  

Հայկական ակնաբուժության խնդիր­նե­րի ու զարգացման մի­տում­նե­րի մա­սին զրուցեցինք Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանի հետ։ Բժշկուհին մեծագույն պատասխանատվությամբ և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ է կատարում իր աշխատանքը՝ իր գիտելիքներն ու ունակությունները ներդնելով  հայրենի բժշկագիտության զարգացման գործում:  Իր բազմաթիվ պարգևներից և կոչումներից, տարիների ընթացքում վաստակած բարձր հեղինակությունից բժշկուհին  երբեք չի մեծամտանում։  Նա պարզապես բժշկությանն  իր ամբողջ էությամբ սիրահարված մարդ է, իր ընտրած ասպարեզը լավ պեղած, դրանում հնարավորինս խորացած  մասնագետ: 

Մեր զրույցի ընթացքում նրան ուղղեցինք ակնաբուժության ոլորտին վերաբերող մի քանի հարց։

-Բժշկուհի, ի՞նչ է շլությունը:

-Շլությունը աչքի  մշտական կամ պարբերաբար  շեղումն է ճիշտ դիրքից, որի դեպքում  մեկ աչքը ֆիքսում է, մյուսը թեքվում այս կամ այն կողմ:  Այն կարող է լինել  բնածին կամ ձեռքբերովի, համամիտվող՝ երբ աչքը նայում է քթին, տարամիտվող՝ երբ աչքը նայում է դուրս: Աչքի շարժունակության հետ կապված` շլությունը լինում է համագործական, երբ աչքերը շարժվում են միաժամանակ, աչքերի շարժունակությունը սահմանափակ չէ, և պարալիտիկ, երբ աչքերի շարժունակությունը կարող է լինել սահմանափակ, կամ լրիվ բացակայել մեկ կամ մի քանի ուղղություններով: Շլությունը ոչ միայն կոսմետիկ թերություն է, քանի որ գրավում է շրջապատի ուշադրությունը, կարող են զարգանալ հոգեբանական կոմպլեքսներ, նաև ամենավտանգավորը` շլությունը բերում է շլող աչքի  տեսողության նվազման և բինոկուլյար տեսողության կորստի: Բինոկուլյար տեսողությունը միաժամանակ երկու աչքերով տեսնելու ունակությունն է, որը հնարավորություն է տալիս ընկալել, գնահատել առարկաների ծավալը, խորությունը  տարածությունում, բինոկուլյար տեսողության կորուստը դժվարացնում է տեսողական աշխատանքը: Շլության ժամանակ աչքերը միասին չեն կարող աշխատել, միացնել երկու պատկերները մեկ պայծառ պատկերի: Շլության ժամանակ երեխայի աչքերը նայում են տարբեր ուղղությամբ, ուղեղն ընկալում է երկու պատկեր, ու իրավիճակին հարմարվելով` ուղեղը ընկալում է միայն մեկ պատկեր` երկրորդը անտեսելով: Բինոկուլյար տեսողության համար պատասխանատու բջիջները չեն զարգանում, և եթե երեխայի մոտ  շլությունը ժամանակին`  վաղ հասակում չբուժվի, ապա այդ բջիջների ֆունկցիան չենք կարող վերականգնել ավելի մեծ հասակում,  և կարող է զարգանալ «ծույլ աչք»,  ու ժամանակակից  լազերային   բուժումները՝ աչքը դարձնելով նույնիսկ «իդեալական աչք», միևնույնն է, տեսողության լիարժեք վերականգնում կարող են չապահովել: 

Շլության առաջացման պատճառները տարբեր են՝ ամետրոպիայի (հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ) առկայությունը, վնասվածքները, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, ակնաշարժ մկանների զարգացման և ամրացման շեղումները, դրանց կաթվածահարումը և պարեզները, մի աչքի տեսողության սրության կտրուկ նվազումը, երեխայի ինֆեկցիոն կամ սոմատիկ հիվանդությունները, սթրեսները:

Շլությունը  պահանջում է համալիր և երկարատև բուժում: Կարևոր է ժամանակին բուժել շլությունը, քանի որ շլող աչքի տեսողության վերականգնումը և բինոկուլյար տեսողության ձևավորումը հնարավոր է մինչ 8-9 տարեկան հասակը: Հնարավոր է շլության ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժում: Ախտորոշումից հետո որոշվում է, որ  ակնոցներ պետք է կրի երեխան, փակի աչքը կամ  ապարատային բուժում ստանա, սկսում են եղած տեսողական խանգարումների՝ կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի շտկումից: Երեխային վաղ տարիքից ակնոց է նշանակվում: Այն պետք է երկար ժամանակ մշտապես կրել՝ մինչև շլության ախտանշանները նվազեն: Բուժման մյուս կարևոր մասը հատուկ վարժությունների կատարումն է, որոնք ուղղված են շիլ աչքի մկանների թուլացած խմբի համար աշխատանքային ծանրաբեռնվածություն ստեղծելուն: Եթե շլության թերապևտիկ բուժումը քիչ էֆեկտիվ  է, անցնում են վիրահատական բուժման: Առաջին մի քանի ամիսների ընթացքում երեխային դժվար է ֆոկուսավորել աչքերը մեկ առարկայի վրա աչքի թույլ մկանների պատճառով: Այդ պատճառով որոշ երեխաների մոտ աքերը սկսում են շլել, շլության այս տեսակը կոչվում է ֆունկցիոնալ, սովորաբար անցնում է մինչ 6 ամիսը: Եթե շլությունը չի վերանում մոտ 6-7 ամսականից, հարկ է դիմել բժշկի:

 -Ի՞նչ հիվանդություն է գլաուկոման։ Կմանրամասնե՞ք:

- Գլաուկոմա բառը հին հունարենից կարելի է թարգմանել «աչքի կապույտ պղտորում»: Գլաուկոման աչքի հիվանդություն է, որը բերում է տեսանյարդի ատրոֆիայի, մահվան  և հանգեցնում  մինչ անդառնալի կուրության: Այս հիվանդության հիմնական ախտանիշները ներակնային  բարձր ճնշումն է, որը բերում է պերիֆերիկ տեսողության, հետագայում նաև կենտրոնական տեսողության կորստի: Հիվանդության վաղ շրջանում մարդը կարող է չնկատել տեսադաշտի նեղացում, երբ արդեն տեսանյարդը ախտահարվում է, և վատանում է կենտրոնական տեսողությունը, նա դիմում է բժշկի, այսինքն` գլաուկոման հաճախ անսիմպտոմ է ընթանում, այդ պատճառով կարևոր է կանխարգելումը, հիսուն տարեկանից հետո անհրաժեշտ է դիմել ակնաբույժի`կանխարգելման համար և պարբերաբար չափել ներակնային ճնշումը, հատկապես նրանք, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն, գլաուկոմա ախտորոշմամբ մոտ բարեկամներ: Ինչպես ասացինք, գլաուկոմայի գլխավոր ախտանիշը աչքի բարձր ճնշումն է: Իսկ վերջինս առաջանում է աչքի հեղուկի դժվարացած արտահոսքի պատճառով: Գլաուկոմայի առաջացման ռիսկային գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը,  հեռատեսությունը, կատարակտը, 50 բարձր տարիքի շաքարային դիաբետով մարդիկ, զարկերակային շատ բարձր կամ շատ ցածր ճնշումով տառապող հիվանդները, աչքի վնասվածք կամ բորբոքային խնդիրներ ունեցող մարդիկ: Սա դանդաղ զարգացող հիվանդություն է, որն աննկատ հանգեցնում է կուրացման: Այդ իսկ պատճառով գլաուկոման անվանում են «տեսողության գող»:  Հնարավոր է՝ օրինակ` փակ  անկյուն գլաուկոմայի դեպքում լինեն աչքի սուր ցավեր, կարմրություն, արցունքահոսություն,  լամպերին նայելիս  ծիածանի օղեր աչքի դիմաց, գլխացավ, սրտխառնոց և փսխում, աչքի բարձր ճնշում և տեսողության վատացում:

Ինչպես բոլոր հիվանդությունների, այնպես էլ  գլաուկոմայի ժամանակ բժշկին ժամանակին դիմելու դեպքերում այն բուժման ենթակա է։ Եթե ժամանակին են դիմում, ժամանակին են հայտնաբերում հիվանդությունը  ապա այն պատճառները, որոնք կարող են բերել  տեսողական նյարդի փոփոխությունների, կարող ենք դրանք ժամանակին վերացնել, և տեսողության վատթարացում ինքնին տեղի չի ունենա։  Այս դեպքում էլ ինչքան վաղ դիմեն ակնաբույժի օգնությանը, հնարավոր կլինի  գրանցել բուժման դրական պատկեր, պետք է նշել, որ գլաուկոմայի բուժումը կատարվում է եղածը պահպանելու համար, և տեսողության ու տեսադաշտի լավացում տեղի չի ունենում, քանզի գիտենք, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում։

-Ի՞նչ  է գունակուրությունը կամ դալտոնիզմը։  Մանրամասնեք,  խնդրեմ:

Դալտոնիզմը գունազգացողության խանգարում է, երբ մարդը չի տարբերակում  որոշ գույներ կամ երանգներ: Դալտոնիզմը XVIII  դարի վերջին առաջին անգամ նկարագրել է անգլիացի գիտնական  Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա պատահաբար նկատել է  միայն 26 տարեկանում, որ որոշ գույներ ընկալում է ոչ այնպես, ինչպես մյուսները, ինչից հետո էլ սկսել է ուսումնասիրել այս թեման: Դալտոնիզմը համարվում է ոչ թե հիվանդություն, այլ` տեսողական դեֆեկտ, սովորական մարդկանցից նրանց տարբերությունն այն է, որ նրանք որոշ գույներ և շրջապատի ընդհանուր պատկերը ընկալում են այլ կերպ: Դալտոնիզմի տարբեր տեսակներ կան` կախված, թե որ գույնը (գույները)  չի տարբերակում մարդը:

Դալտոնիզմը կարող է լինել  բնածին (ժառանգական)  կամ ձեռքբերովի, վերջիս կապված է տարած վնասվածքների (աչքի կամ գլխի), տեսանյարդի հիվանդությունների, շաքարային դիաբետի հետ, այս դեպքում գունախանգարումը լինում է միայն ախտահարված աչքում։ Դալտոնիզմը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց  մոտ: Ախտորոշումը կատարվում է հատուկ աղյուսակների օգնությամբ: Դալտոնիկների համար դժվարություն են ներկայացնում որոշ մասնագիտություններ:

-Նշեք, խնդրեմ,  թե ի՞նչ  հետևանք է թողնում  շաքարային դիաբետն  աչքերի վրա։

-Այսօր շաքարային դիաբետի լիարժեք բուժում պրակտիկորեն հնարավոր չէ, այդ պատճառով շաքարային դիաբետը համարում են ապրելակերպ: Քանի որ  շաքարային դիաբետը նաև անոթային հիվանդություն է, խնդիրներն առաջանում են աչքի ցանցաթաղանթում, Չնայած դիաբետով հիվանդները գտնվում են էնդոկրինոլոգի դինամիկ հսկողության տակ, բայց և այնպես ախտորոշումից մոտ տասը-տասնհինգ  տարի անց  հիվանդների  մոտ հայտնաբերվում են տեսողության խանգարումներ, ընդհուպ կուրություն: Ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի բարձր տոկոսը քայքայում են ցանցենու անոթները, բերում են դիաբետիկ ռետինոպատիայի, ներակնային արյունազեղումների, մակուլյար այտուցի, գլաուկոմայի, կատարակտի զարգացման, ցանցենու շերտազատման: Դիաբետիկ ռետինոպատիայի ժամանակ ցանցենու վրա առաջանում են մանր արյունազեղումներ, այս մանր կաթիլները կարող են անցնել ապակենման մարմին, որը նորմայում թափանցիկ է, գրավում է աչքի ամբողջ խոռոչը, երբ արյան կաթիլները անցնում են ապակենման մարմին տարածվում են, «պղտորում են» ապակենման մարմինը, սկզբնական շրջանում դրանք կարող են ինքնուրույն ներծծվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության հետագա զարգացման շամանակ անոթների պատերի վիճակը վատանում է , արյունազեղումները հաճախանում են, ավելի ուշ են ներծծվում, իսկ վերջիններիս մեծ քանակի դեպքում չեն կարողանում ներծծվել, կուտակված արյունից ձևավորվում են ձգաններ, որոնք «ձգում» են ցանցենին` բերելով վերջինիս շերտազատման, տեսողությունը կտրուկ ընկնում է: Ընդհանրապես շաքարային դիաբետով ամեն անձ  յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ պետք է դիմի ակնաբույժի, նույնիսկ եթե գանգատներ չունի, քանի որ որքան վաղ ստանա մասնագիտական բուժում, այնքան անվերադարձ բարդությունների ռիսկը ցածր կլինի:

-Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը կրկին մեծապես պայմանավորված  է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է  այդ խնդրին: 

 -Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը, որ կառաջարկեիք մեր ընթերցողներին:

-Տեսողությունը յուրահատուկ բնածին պարգև է, որի արժեքը  հասկանում ես, երբ այն սկսում ես կորցնել, տեսողության շնորհիվ մենք ստանում ենք արտաքին աշխարհից մոտ 90 տոկոս տեղեկությունը, ուստի  տեսողության խանգարումը բերում է ինֆորմացիայի կորստի և կյանքի որակի իջեցման: Ամենալավ բուժումը կանխարգելումն է: Այդ պատճառով, եթե նույնիսկ ձեզ ոչինչ չի անհանգստացնում պարբերաբար պետք է դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումը թույլ է տալիս կանխարգելել հիվանդությունների զարգացումը, բարդությունները: Ինչպես ասում են` «աչքի լույսի» պես պահեք- պահպանեք ձեր տեսողությունը:  Աչքերը շատ կարևոր և խոցելի օրգան են, նրբորեն ու զգույշ վերաբերվեք նրանց:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր