ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Երջանկությունը անպայմանական է և ընտրւթյուն, պետք է ընտրել առողջ և երջանիկ լինելու ձեր բանաձևը

Ժամանանակիցսրտաբանությունը զարգացած տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն է տալիս իրականացնել բարձր ճշգրտության հետազոտություններ և  ունենալ որակյալ արդյունք:

Մեր զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին 8-րդ  հիվանդանոցի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ում հետ  քննարկեցինք Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցեր: Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Միևնույն ժամանակ հենց սրտաբանությունն է բժշկության այն ուղղությունը, որն առաջինն է պարբերաբար զարգացումներ ու ձեռքբերումներ  գրանցում: 

 Արամ Չիլինգարյանն այն եզակի անհատներից է, որն առանձնանում է մարդկային բարձր արժեքներով, իր գործին, իր հայրենիքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նա երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէ, միշտ հայրենիքի հոգսերին արձագանքող, այդ հոգսերով ապրող ու մտահոգ մարդ է։ 

 -Պարոն Չիլինգարյան,  մի փոքր պատմեք Ձեր ներկա գործունեությունից։

-Ներկայումս  աշխատում եմ 8-րդ բժշկական կենտրոնի` այժմյան Երևանի բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար: Աշխատանքիս ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է, քանի այցելուների թիվն է  զգալի ավելացել: Պատասխանատվությունը միշտ էլ մեծ է, քանի որ բժշկի մասնագիտությունն այդպիսին  է։

-Ինֆարկտ, ինսուլտ։ Կտարբերակե՞ք:

-Երկու դեպքում էլ խնդիրը անոթի փակման հետ է կապված, պատճարը աթերոսկլերոզն է` անոթների լուսանցքի անխուսափելի աստիճանաբար նեղացումը իսկ հիվանդությունը այդ պրոցեսի ծայրահեղ աստիճանն է. Այն է, որ անոթները փակվում են: Եթե այն փակվում է սրտում, պատկերում ունենք սրտամկանի ինֆարկտ, եթե անոթը փակվում է ուղեղում, դա կոչվում է ինսուլտ։ Այդ երկու անունները դրված են, որպեսզի տարանջատվի տեղակայումը, թե որ օրգանում է խնդիրն ի հայտ եկել։ Անոթը փակվելուց հետո գնում է այդ հատվածի մեռուկացումը։ Մեռուկացված օջախն էլ գտել է իր անվանումը` սրտի դեպքում` ինֆարկտ, ուղեղում` ինսուլտ։ Սրտի դեպքում սովորաբար ցավով է սկսվում, նաև արտահայտված շնչարգելությամբ, սեղմող, ճնշող կրծոսկրային ցավ, որը հաճախ չի անցնում տարբեր միջոցներից, միայն բժշկական անձնակազմի միջամտության դեպքում կարող է անցնել։ Իսկ ինսուլտի ժամանակ ոչ մի ցավ, կարելի է ասել, գրեթե չի գրանցվում, լինում է գլխապտույտ, դեմքի թեքվածություն, ձեռքի և ոտքի թուլություն, կլման ակտի խանգարում, աչքերի բիբերի շեղում։ Պաթոլոգիաներ, որոնք շատ հեշտ է տարբերակել, չնայած կան դեպքեր, որ ինֆարկտը անցնում է այնպես, որ անգամ ինֆարկտ տանող մարդը չի հասկանում` իր հետ ինչ է կատարվում։ Ուղղակի կարող է լինել գլխապտույտ, և պացինետը տանի սրտամկանի ինֆարկտ։ Վտանգավորության առումով գրեթե հավասար սանդղակի վրա են, քանզի և՛ ուղեղը, և՛ սիրտը կենսական շատ կարևոր օրգաններ են, և նրանց վնասվածքը կարող է բերել  հաշմանդամության: Ինսուլտի ժամանակ բերում է անշարժության, դժվարախոսության։ Ինֆարկտի դեպքում կարող է բերել սրտային անբավարարության, հևոցների, ոտքերի այտուցվածության։ Բայց երկուսն էլ սովորաբար հաշմանդամության հասցնող և կյանքին վտանգ սպառնացող  հիվանդություններ են։ Այնպես որ, կարևորը դրան չհասնի, քանի որ դրանց հետևանքներն արդեն անդառնալի են դառնում։ Պետք է հետևողական լինել և զերծ մնալ ռիսկի գործոններից: Իսկ  ռիսկի գործոններն են ծխելը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, անշարժությունը, բարձր ճնշումը, որն առաջին տեղում է: Քանզի երկուսն էլ անոթային հիվանդություններ են, և երկուստեք ռիսկային գործոնների դեպքում 5 անգամ մեծանում է այս կամ այն անոթի նեղացման հավանականությունը` արդյունքում ունենալով ինսուլտ կամ ինֆարկտ։

-Ո՞ր դեպքում են նշանակում <<Կարդիոմագնիլ>> դեղամիջոցը:

-<<Կարդիոմագնիլ>>` ասպիրին նշանակվում է երկուսի դեպքում էլ, որը արյունը <<ջրիկացնող>> է, որպեսզի նոր խցանումներ չառաջանան անոթներում։ Այն ուղղակի կանխարգելման միջոց է, բայց նրա ընդունումը առողջների մոտ հիվանդություն կանխարգելման համար (առաջնային կանխարգելում) առայժմ վիճելի է, քանի որ շատ կիրառելու դեպքում, եթե կան այլ ուղեկցող հիվանդություններ,  բերել արյունահոսության։ Անոթային հիվանդություն գրանցելուց հետո արդեն երկրորդային կանխարգելման համար, իհարկե, այս դեղամիջոցը ցուցված է անորոշ ժամկետով, եթե, իհարկե չկան հակացուցումներ։

-Ինչպե՞ս է արտահայտվում <<սրտային ցավը>>:

-Սրտային ցավը` ստենոկարդիան շատ տարբեր արտահայտման ձևեր ունի և հաճախ դժվար է տարբերակել այն նյարդային, թե ոսկրային բնույթի ցավեր են: Սովորաբար, այն արտահայտվում է ճնշող զգացումով կրծկավանդակի կենտրոնում, սակայն կարող է արտահայտվել որպես աջակողմյան ցավ, կամ լինել միայն ձեռքում կամ թիկունքում: Եթե խնդիրը նյարդային բնույթ է կրում, այն ցավը կարող է ճառագայթել, և հնարավոր է` ձեռքի 2 կամ 3 մատերը թմրեն։  Բայց եթե թմրածությունը ամբողջ թևի երկայնքով է, և այն առանց որևէ միջամտության վերանում է, հավանականությունը մեծ է, որ այն լինի սրտային խնդրից։ Բայց եթե նյարդը ընկճվի, ցավային սինդրոմը երկար է տևում` ժամերով, անգամ օրերով ցավ է լինում։

-Սրտի ռիթմի խանգարումները ինչի՞ հետևանք են։

- Հետևանքները բավականին շատ են` կարող են լինել և՛ ժառանգական, և՛ նյարդային, նաև` սրտի անատոմիական տարբեր փոփոխություններով պայմանավորված: Կարող է լինել ինֆարկտներից հետո, կամ եթե սիրտը ի սկզբանե լայնացած է։ Բայց նյարդային լարվածությունը նույնպես  կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, և գրեթե ամենից հաճախ այդպես էլ լինում է, որ հենց նյարդային խնդրից է զարգանում առիթմիան: Բայց եթե հիվանդն  ունի սրտային հիվանդություն և ունենում է առիթմիաներ, նախ պետք է հասկանալ, թե ինչ առիթմիա է, քանզի կան առիթմիաներ, որոնք բացարձակ անվտանգ են (իրականում նրանց մեծամասնությունը), բայց կան նաև առիթմիայի տեսակներ, որոնք բավականին վտանգավոր են, և  ցանկալի է դիմել բժշկի` պարզելու  համար դրա տեսակը։

 - Ի՞նչ է շողացող առիթմիան։

-Այն ավելի շատ հանդիպում է մեծահասակների մոտ` 75 տարեկանից հետո: Երիտասարդ տարիքում սովորաբար հազվադեպ է հանդիպում, բայց կարող է հանդիպել ալկոհոլի չարաշահումից, եթե իհարկե պատկերում չկան սրտի արատներ և սրտային հիվանդություններ: Ավելի հաճախ կարող է ի հայտ գալ տարբեր ռիսկի գործոններից, որոնք վերը նշվեցին։ Սովորաբար շողացող առիթմիան միայնակ չի լինում, այն ի հայտ է գալիս ուղեկցող այլ հիվանդությունների դեպքում։ Պետք է պարտադիր անցնել հետազոտություններ և խստիվ բացառել բոլոր ռիսկի գործոնները, քանզի շողացող առիթմիայի նոպաները հաճախանալով կարող են կրել մշտական բնույթ։ Այդ իսկ պատճառով ցանկացած հիվանդության դեպքում վաղ բուժումը կարող է բուժմանը տալ դրական արդյունք։

- Եղանակային փոփոխությունները կարո՞ղ են արդյոք ազդել զարկերակային ճնշման վրա:

-Եղանակային փոփոխությունները ևս կարող են ազդել ճնշման վրա, բայց խնդիրը հստակեցնելու համար պետք է անցնել ավելի խորը հետազոտման փուլեր։ Իրականում ճնշման բարձրացումը կապ ունի ճարպակալման, լարվածության, գերհոգնածության, աղի, ալյուրից պատրաստված ուտելիքների և քաղցրի շատ օգտագործման և իհարկե անքնության հետ։ Կարևոր է առողջ սնունդը. սննդակարգում լինեն  բանջարեղեն, մրգեր, համեմատաբար անյուղ սնունդ ընդունեն, միս, ձկնեղեն, աղանդեր, ձուն շատ օգտակար է, այն ունի հակաբորբոքիչ ազդեցություն, պետք չէ վախենալ նրա մեջ առկա խոլեստերինից։ Ավելի լավ է կարագ ուտել, քան` ձեթ, իսկ եթե ձեթ, ապա գերադասելի է ձիթապտղի  և ոչ ռաֆինացված: Այսօր վաճառվող ձեթերը` արևածաղկի, եգիպտացորենի,  ունեն բորբոքային պրոցեսների առաջացման ունակություն, արագ քայքայվում են ջերմությունից, առաջացնելով անցանկալի նյութեր, քանզի ձեթերի կալորիականությունը ավելի բարձր է, քան կարագինը։

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը, մեր ընթերցողներին:

-Մեր հասարակությունը, ցավոք,  առողջ ապրելակերպ չի վարում, մանավանդ` տղամարդիկ:  Պետք է գիտակից մոտենան ամեն հարցին,  բացառեն ռիսկի գործոնները: Առողջությունը մեր ամենամեծ հարստությունն  է, որը տրված է Աստծո կողմից, և պետք է այն պահպանել: Եթե հասարակությունը լինի առողջ, դա կլինի մեծ նվեր թե՛ բժիշկներիս, և թե՛ հասարակության համար։

Բոլորին մաղթում եմ  առողջություն,  երջանկություն, քանզի երկուսն էլ մեր ձեռքերում են։ Երջանկությունը դա սովորություն է, պետք չէ նյութականի մեջ երջանկություն փնտրել, պետք չե կապել երջանկությունը տարբեր պայմաններից, այդ դեպքում այն լինելու է փոփոխական։ Իսկ եթե ձեռք եք բերել երջանկության սովորություն, դուք, անկախ ամեն ինչից, երջանիկ եք։ Երջանկությունը անպայմանական է, պետք է ընտրել առողջ և երջանիկ լինելու ձեր բանաձևը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր