ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Այդ հիվանդությունների տարածվածությունը առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է։

 «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն այսօր  Հայաստանի բժշկագիտության զարգացվածության և բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկն է, որտեղ իրականացվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն, գործում են բուժսպասարկման որակյալ բոլոր ծառայությունները: Իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, միջազգային մասնագիտական կոնգրեսներում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժիշկ, ով,  չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն պաշարել է մասնագիտական գերազանց գիտելիքներ և մեծ վաստակ, Հայաստանի ինվազիվ սրտաբանության մեջ հասցրել է հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար:

-Պարոն Համբարձումյան, ի՞նչ է հոլտեր մոնիթորինգը:

-Հոլտեր մոնիթորինգը ԷՍԳ-ի երկարատև՝ 24-ժամյա անընդհատ գրանցումն է: Այն իրականացվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս, վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն, հասկանալ օրվա ընթացքում հիվանդի մոտ գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության և նմանատիպ այլ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Այն նպատակ ունի հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, այսինքն՝ մարդիկ, որոնք նշում են սրտի անկանոն աշխատանքի զգացումներ, սրտխփոց, կամ ընդհակառակը` սրտի դանդաղ աշխատանք, որը սկսում է իրենց անհանգստացնել, թե ինչ տիպի առիթմիաներ են դիտվում, կամ դիտվում են, թե չեն դիտվում, այսինքն` ինֆորմացիա է տալիս սրտի աշխատանքի վերաբերյալ, և այդ ցուցումներից է նաև, որ այս վերջերս լայն տարածում է ստացել ուշագնացությունների պատճառով կատարվող այդ հետազոտությունը։  Այդ սարքի միջոցով հայտնաբերվում է 10 վայրկյանի ինտերվալով գրանցվող առիթմիան, որը  ԷԿԳ-ով չի երևում, և հոլտերի իմաստն այն է, որ ֆիքսվի առիթմիան, քանզի 24 ժամում ավելի մեծ է դրա հավանականությունը, քան 10 վայրկյանում: Կա նաև 48-ժամյա մոնիթորինգ, որը վերաբերում է ծայրահեղ դեպքերին, երբ  պետք է երկու օրով գրանցել առկա խնդիրը հայտնաբերելու կամ բացառելու համար։

ԷՍԳ 24-ժամյա անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման (իշեմիայի) վերաբերյալ օգտակար տվյալներ:

- Իսկ ի՞նչ է  ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը:

-Ասեմ, որ տրեդմիլ թեստը սկսում է աստիճանաբար իր արդիականությունը կորցնել, որի զգայունությունը և  ինֆորմատիվությունն այնքան  էլ մեծ չէ. այն կազմում է մոտավորապես 70-75 տոկոս, որն ունի իր կատարման ցուցումները. արհեստական ծանրաբեռնվածություն ենք առաջացնում պացիենտի օրգանիզմում, համաչափ քայլելու ընթացքում սկսում է հարթակը թեքվել, աստիճաններ բարձրանալու տպավորություն է ստեղծվում, արագանում է շարժասանդուղքը, և արդյունքում ֆիզիկական լարման ժամանակ գնահատվում են հիվանդի գանգատները` ցավի, հևոցի և այլ արտահայտման ձևերով:  Միացվում է նաև ԷԿԳ-ն, և ֆիքսվում է` սնուցման խանգարում գրանցվեց, թե` ոչ։

-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:

-Առիթմիաների տեսակները բազմաթիվ են, դրանք հիմնականում արտահայտվում է սրտի անկանոն ռիթմի արդյունքում, ուղղակի պետք է հասկանալ դրա վտանգավորության աստիճանը, օրինակ, եթե կա նախասրտերի շողացող առիթմիա, դրա վտանգներից հիմնական այն է, որը կարող է հանգեցնել ինսուլտների, և եթե սիրտը անկանոն է կծկվում, տրոմբներ են գոյանում, և գոյացած տրոմբները կծկումների ժամանակ կարող են անջատվել և գնալ դեպի ուղեղ, երիկամներ կամ ոտքի անոթներ և այլն։ Այսինքն` շողացող առիթմիայի վտանգը իրեն հաջորդող վտանգավոր հետևանքներն են` տարբեր տեղերում տրոմբի տեղաշարժման և ինչ-որ մի սեգմենտի խցանման առումով։

Կան նաև առիթմիայի տեսակներ, որոնք գրանցում են ծայրահեղ դեպքեր, վիճակ, որն ի վերջո կարող է հանգեցնել մահվան։ Դրանք են սրտի ձախ փորոքի ֆիբրիլիզացիան, փորոքային հատվածի, այլ ոչ թե նախասրտերի, և փորոքների տախիկարդիան, որոնք հանդիպում են ավելի հաճախ մեր բժշկության մեջ հեմոդինամիկ նշանակալի, այսինքն` օրգանիզմի կենսագործունեությունը ապահովող պարամետրերի` ճնշման, պուլսի փոփոխության, որը բերում է ինքնազգացողության վատացման,  ճնշման անկման, ընդհուպ գիտակցության կորստի։ Կան ախտանշաններ, որոնք ահազանգում են, որ սրտամկանի ինֆարկտ է զարգանում։ Շատ դեպքերում մարդիկ ունենում են նախանշաններ, որոնց իրականում լուրջ չեն վերաբերվում: Մինչ ինֆարկտը, գոյություն ունի ստենոկարդիա հասկացություն, երբ մարդը ֆիզիկական և էմոցիոնալ լարման ժամանակ ունենում է ինֆարկտի բնորոշ գանգատներ, հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավ, որը ճառագայթում է երբեմն դեպի ձախ ձեռք, ստորին ծնոտ, և հազվադեպ դեպքերում՝ դեպի ստամոքս, և մարդիկ հաճախ դա շփոթում են ստամոքսի ցավի հետ և սկսում են ստամոքսի բուժում, այնինչ արդյունքում սկսում է բարդանալ վիճակը։ Իսկ եթե նշված գանգատը տևում է 25 րոպե և ավել, արդեն պետք է լուրջ վերաբերվել, որովհետև դա ստենոկարդիայից անցում է դեպի ինֆարկտի, այսինքն` անոթի սուր խցանման և սրտամկանի աստիճանաբար մեռուկացման։ Հետևաբար նման գանգատների դեպքում պետք է պարտադիր դիմել  սրտաբանի, և եթե գանգատը տևում է 20-25 րոպե, ապա անհապաղ պետք է շտապօգնություն ահազանգել, քանզի տվյալ գանգատը կարող է լինել որևէ լուրջ հիվանդության, խոշոր զարկերակի փակման նախանշան, որի ուշացումն էլ կարող է հանգեցնել մահացության:

-Հասարակության մեջ կա տարածված կարիք, որ ստենտը հարող է <<պոկվել>>.  դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։

-Նման բան գոյություն չունի, ես բազմիցս եմ խոսել դրա մասին: Երբ ստենտը  տեղադրվում է օղակաձև զարկերակի մեջ, այն ֆիքսվում է անոթի պատին, և  անհնար է ու բացառվում է, որ տեղաշարժվի։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում կարող է ստենտը վերանեղանալ, խցանվել,  և կրկին կարիք լինի դրա մեջ երկրորդ ստենտի տեղադրման։ Ասեմ, որ նման դեպքերում հին ստենտը չի հեռացվում, այլ տեղադրվում է նորը, որը 9 ամիս հետո դառնում է մարմնի, օրգանիզմի ամբողջություն։

-Անցյալ տարի դեկտեմբերին վիրահատական միջամտություն իրականացրեցիք աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիի հետ, մի փոքր կմանրամասնե՞ք համագործակցության արդյունքների մասին։

-Մենք նախկինում կատարում էինք  փակ անոթների վերաբացում,  որը ստանդարտ տեխնիկաներով հնարավոր չէ:  Մասնավորապես, եթե հետին պատի զարկերակը  խցանվել է, և ձախ համակարգից մանր մազանոթները սկսում են արյուն մատակարարել փակված սեգմենտում, և սրտամկանը ամբողջությամբ չի մահանում, բնականաբար բնական հոսքը մեծ տրամագծով անոթով  ավելի նախընտրելի է, քան մանր  մազանոթների կոլատերալ ցանցով, հետևաբար այդ դեպքերում առաջանում է  հին փակված անոթը բացելու անհրաժեշտություն։ Ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկայով քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատությունները ստանդարտ վիրահատություններ չեն, որովհետև երբեմն հնարավորություն չի լինում բնական ուղիով բացել փակ անոթը։ Այն հակադարձ ճանապարհով գործողություն է, որը, իմ կարծիքով, ստենտավորումների շղթայում բարդագույն վիրահատություններից է, որն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում, և, փառք Աստծո, մենք իրականացրել  ենք: Պրոֆեսորի 2-րդ կամ 3-րդ այցելություն էր մեզ մոտ, որը ոչ թե ինքն էր կատարում, այլ ավելի շատ ուսուցողական էր, քանի որ մենք կատարում էինք իր վերահսկողության ներքո և պրոֆեսորի գնալուց հետո, այսինքն` այս 1,5 ամսվա ընթացքում արձանագրել ենք 7 բարեհաջող այդպիսի վիրահական միջամտություն մեր մասնագետների մասնակցությամբ,  առանց արտերկրի մասնագետների օգնության։

-Բժիշկ, ստենտավորման նորարարական ի՞նչ մեթոդների կան այսօր։

-Ստենտավորման մեթոդները գրեթե ունեն 20-30 տարվա պատմություն, և՛ արդի, և՛ 10 նախորդ տարիների մոտեցումները էապես չեն փոփոխվել, ուղղակի այսօր սկսվել են որակապես ավելի լավ ստենտներ արտադրվել, փոխվել է աշխատանքի սկզբունքը, մոտեցումները փոխվել են, մենք ամենօրյա ռեժիմով առնչվում են նման դեպքերի  և քայլում ենք` այդ խնդիրների նորարարական բուժմոտեցումներին համընթաց և արդիական ուղեցույցային բժշկության ձեռքբերումներին հետևելով: Օրինակ` գոյություն ունի  խաչմերուկային քեշն քլաբ, խրոնիկ փակ անոթների քլաբ, այսինքն` այնքան է կարևորվում այդ խնդիրը, որ մեծ ասոցիացիաների ներսում առանձին ասոցիացիա են բացել, որովհետև նրբությունները բուժմոտեցումների մեջ լրիվ այլ են, և, փառք Աստծո, չկա ստենտավորման մի մեթոդ, որին մենք չենք տիրապետում, չկա ստենտավորման մեջ մի բարդություն, որից հրաժարվում ենք, և մեր աշխատանքային հետագծում արդյունքները խոսում են, որ մեր կողմից կատարված ստենտավորումները 1-1,5 տարի հետո վերազոնդավորում ենք իրականացնում` գնահատելու հեռակա արդյունքները։ Եվ փառք Աստծո, միջազգային բուժվիճակագրությամբ  դեռ ավելի բարվոք են մեր տվյալները։ Մեր պարագայում նման ռիսկերը 2-2,5 տոկոսը չեն գերազանցել, այնինչ,  ընդհանուր վիճակագրությամբ հանդիպում են դեպքեր, որոնք կազմում են մինչև 9 տոկոս։

Մեկ-երկու հիվանդ չեն, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիվանդների  հետազոտություների արդյունքները խոսում են դրա մասին, դա էլ տեղայնացնում է միջազգային փորձը։ Մեկ առանձնահատկություն կա, օրինակ` վերանեղացումների դեպքում ստենտ տեղադրե՞լ նորից, թե դեղապատ բալոն տեղադրել հարցին ի պատասխան` մետաղի տեղադրելը դրա վերանեղացման հավանականությունը մեծացնում է։ Եվ ցուցում կա, որ եթե առկա է կարճ հատվածում վերանեղացում և այլն, ավելի նախընտրելի է դեղապատ բալոն տեղադրել այն դեղը, որ ստենտն է պատում: Այդ բալոնի վրա ֆիքսված 40 վայրկյանում մեխանիկական սեղմմամբ լայնացվում է վերանեղացումը, դեղորայքը սկսում է բուժել ներսից դեղապատ բալոնների օգնությամբ։ Եվ դրա արդյունքները խոսուն են եվրոպական չափանիշներին հավասար։ Ցավոք սրտի, այս միջամտությունը պետական մակարդակով և ոչ էլ ապահովագրական ընկերությունների կողմից աջակցություն չունի։ Հարցը, որն ինձ համար մտահոգիչ է, որը ես արդեն 2-3 տարի բարձրացնում եմ տարբեր հարթակներում, այն է, որ դեռևս չկա բժշկի ցուցման դեղապատ բալոնների համար  աջակցություն: Դա իհարկե ինձ համար շատ մտահոգիչ  հարց է, որին պետք է ավելի լրջորեն մոտենալ և ավելի հետևողական լինել։

-Բժիշկ, սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Բոլոր հիվանդություններն էլ երիտասարդացում են ապրել, դրանց թվում նաև երիտասարդացման միտում ունեն սրտային հիվանդությունները: Եթե սրտային հիվանդությունների միջին տարիքը նախկինում 50 տարի և ավել տղամարդկանց մոտ տարիքային շեմն էր, ապա այսօր այդ տարիքանին շեմը բավականին և էապես երիտասարդացում է ապրել, և կարելի է այսօր միջին տարիքը նույնիսկ համարել 40 և ավելի տարիքային շեմը, որը մեզ համար բավականին մտահոգիչ է և ցավալի փաստ, քանզի մենք, ստենտը տեղադրելով, երբեք հիվանդին չենք առողջացնում, ուղղակի «վտանգավոր» հիվանդից դարձնում ենք «անվտանգ» հիվանդ։ Ցավոք սրտի, հիվանդությունը չի բուժվում, եթե այդ խնդիրը լուծում ունենար, միգուցե, մարդիկ հավերժ ապրեին։ Հասարակությանը հորդորում եմ ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ. հետևեն սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, կյանքի որակի փոփոխություններին, բացառեն ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:  Զերծ մնան շարունակական բնույթ կրող սովորույթներից, որոնց արդյունքում մարդը աստիճանաբար մտնում է արատավոր օղակի մեջ։

- Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։

-Մենք ունենք սրտաբանների, վիրաբույժների թիմ, վերապատրաստվում ենք` յուրաքանչյուրս ըստ մեր կենտրոնի առաջնահերթությունների, այսինքն` թերապևտ սրտաբանները ավելի շատ սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդությունների բուժման ուղեցույցների կոնգրեսների են մասնակցում, մենք` ավելի   նեղ մասնագիտացման ինտերվացիոն ակումբի կողմից կազմակերպած կոնգրեսների, որոնց մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է. թեկուզ վճարման հիմունքներով եթե ցանկանան մասնակցել, չեն կարող, պետք է ունենալ հատուկ հրավեր, եթե այլ  կոնգրեսներին 10.000-15.000 մասնակիցներ են լինում, ապա այդ մասնավոր կոնգրեսների դեպքում` 100 մասնակից, առավելագույնը` մինչև 400 մասնակից  բժիշկներ ամբողջ աշխարհից:

Այո, առանց վերապատրաստումների, հնարավոր չէ կայանալ նեղ մասնագիտացման մեջ, կլճանանք, չպետք է դոփել տեղում, մշտապես պետք է լինել նորարարությունների զարկերակի վրա։ Հետևաբար բազմազբաղ գրաֆիկից հատկացվում է ժամանակ նաև վերապատրաստումների համար։ Եվ իմ հաջորդ վերապատրաստումը նախատեսվում է մայիս ամսվա սկզբին Փարիզում։

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Սերնդափոխության առումով մի քիչ տեղաշարժ կա, ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, բայց մարզերն են իրականում խնդրահարույց: Մեծ տարածում ունի նաև ինքնաբուժությունը, ավանդական և հարևան- բարեկամի ցուցումով դեղորայքային բուժումը։ Բժշկությունը Հայաստանում հասանելի է, ինչքան էլ հասարակությունը միշտ բողոքական և պահանջատեր է, ֆինանսական ասպեկտը մի կողմ դնելով, առողջության համար, եթե կարիք կա, պետք է նաև ֆինանս հատկացնել։ Մեր ազգի կրթվածության մակարդակից է, որ միշտ վատ դեպքերն են քննարկում, լավագույն արդյունքների մասին երբեք չեն խոսում, որն ինձ համար շատ ցավալի է։

Եվ ասեմ ձեզ` սրտաբանությունը, մասնավորապես ինտերվացիոն սրտաբանությունը Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է, որի մասին փաստում են արտերկրից եկած բժիշկները, տեսնում են մեր աշխատանքը և գնահատում։ Ընդհանուր անապատի մեջ օազիս չորացնելը շատ սխալ է։ Հայաստանում ավելի հասանելի են բժիշկները, քան արտերկրում, որտեղ ամիսներ առաջ պետք է հերթագրվել: Մարդկանց մեջ թյուր կարծիք կա, երբեմն անգամ բամբասանքի նմանվող, որ ստենտ տեղադրելու կարիք չկար՝  տեղադրեցին։ Իրականում դա աբսուրդի հասնող և շրջանառվող կարծիք է, քանզի ինվազիվ սրտաբանությունը բժշկության եզակի ճյուղերից է, որի բուն գործունեության ընթացքը ձայնագրվում է սկավառակի վրա։ Եթե, օրինակ, լեղապարկ են վիրահատում կամ ներքին օրգաններ են հեռացնում,  այն չեն ձայնագրում, բայց ստենտավորման ամբողջ ընթացքը ձայնագրվում է, և պատկերում ի հայտ է գալիս, նեղացում կա, թե` ոչ, և եթե կան, ապա քանի տոկոս է այն կազմում։ Հետևաբար ոչ մի բժիշկ իր անցած այդ դժվարագույն ուղու վրա երբեք չի փորձի վտանգի կամ կասկածի տակ դնել իր վարկանիշը: Եվ  երկրորդը` քանի որ մենք խոսում ենք պետպատվերի շահառուների օգտվելու մասին, այդ սկավառակը նաև հասանելի է ապահովագրական ընկերությունների համար։ Իրենք պետք է հասկանան, թե ինչ պաթոլոգիաների համար պետք է փոխանցում կատարվի։ Եվ մի թյուր կարծիք կա, որ զոնդավորում եթե անեն, ապա պարտադիր պետք է ստենտավորում կատարվի։ Օրինակ` 85 տոկոս նեղացման դեպքում պարտադիր պայման է ստենտավորումը։ Իրականում այդպիսի բան չկա, հստակ ցուցումների դեպքում նոր իրակացվում են համապատասխան բուժմոտեցումները։

Չեմ կարծում, որ կգտնվի որևէ բժիշկ, որ սրտացավորեն չի վերաբերվի իրեն դիմած հիվանդին։ Ուղղակի պետք գնահատել բժշկի աշխատանքը։ Կցանկանամ մեր ընթերցողներն և հասարակությունը հասկանան մի բան, որը բժիշկները առհասարակ Հայաստանում դարձել են լիցքաթափման գործիք։ Ամեն հարցում միշտ բժիշկն է մեղավոր, չեն մտածում, որ ուշացած դեպքերում են հիմնականում դիմում բժիշկների օգնությանը։ Կովիդ 19-ի, պատերազմի ժամանակ  բժիշկները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածության և սրտացավության աստիճանը։ Մեր կյանքը կառուցվում է օրինաչափությունների վրա, ոչ թե` բացառությունների։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Հորդորս այն է, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող լինեն, սիրող, զիջող, քանզի այս լարված պայմաններում իրար վարկաբեկելը միանշանակ վնասում է բոլորիս։ Ես հավատում եմ, որ միաբանության մեջ կա միանշանակ հաղթանակ, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` արդեն մի բուռ դարձած հողը պահեն։ Իսկ մասնագիտական խորհուրդս կլինի վնասակար սովորություններից հրաժարվել, կտրականապես բացառել ծխելը, հետևել մարմնի քաշին և գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի` վաղ ժամկետներում առկա խնդիրները բացահայտելու համար։ Այս դարում զարգացած բժշկության մեջ ինֆարկտից մահանալ կամ հաշմանդամ դառնալը ամոթաբեր է, քանզի 99,9 դեպքերում բուժման գրագետ լուծումներ կան։ Սրտաբանության մեջ մենք ահռելի արդյունքներ կունենանք վաղ հայտնաբերման դեպքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց մեր բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք հստակ շարունակական բնույթ են կրելու:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր