Սրբուհի Բաբաջանյան

(0 votes)
There is no translation available.

«Երբ  չտեսնող մարդուն  լույսի նշույլ ես տալիս, նա արդեն երջանիկ է, ու նրա շնորհակալությունը բժշկի համար օրհնանք է»

Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, սակայն ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք միմյանցից ու ճիշտ մասնագետի մոտ ուղղորդվել: Այսօր ակնաբուժությունը նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացնում է աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և բուժման լայն սպեկտր` համաձայն միջազգային ուղեցույցների: Այս հիվանդությունների ախտանշանները կարող են շատ նման լինել, ուստի խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանը։ Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ է տեղայնացվում միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը:​ Մեծ է բժշկուհու ավանդը Հայաստանում ակնաբուժության կայացման և զարգացման մեջ: Նրա երկար  տարիների նվիրյալ աշխատանքը իսկապես  մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ հրաշք: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատ-շատերի համար: 

Հավելենք, որ վերջերս Սրբուհի Բաբաջանյանը <<Նվիրյալ ակնաբույժ, միկրովիրաբույժ>> անվանակարգում <<Որակի նշան>> ընկերության կողմից արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր ձեռքբերում ու նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:

https://t.me/malayanvisioncenter

- Բժշկուհի, ի՞նչ է կոնյունկտիվիտը, ինչպե՞ս է այն արտահայտվում:

-Կոնյուկտիվիտը կամ շաղկապենաբորբը աչքի լորձաթաղանթի բորբոքումն է: Կոնյուկտիվան աչքի այն թաղանթն է, որը ծածկում է կոպերի ներքին մակերեսը  և ակնագնդի  սպիտակ հատվածը: Նորմայում շաղկապենին թափանցիկ է, սակայն վերջինիս բորբոքման ժամանակ անոթները լայնանում են, արյունալեցուն են դառնում, որը բերում է աչքի կարմրության: Կոնյուկտիվիտի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր՝ բակտերիալ, վիրուսային, սնկային և ալերգիկ: Կոնյուկտիվիտի կլինիկական ախտանիշներն են աչքի կարմրությունը, արտադրությունը (բակտերիալ կոնյուկտիվիտների դեպքում արտադրությունը լինում է թարախային՝ կոպերը կարծես սոսնձվում են, կպնում, վիրուսայինի դեպքում՝  ջրային), առաջանում է նաև արցունքահոսություն, լուսավախություն: Ալերգիկ կոնյուկտիվիտներին առաջին հերթին  բնորոշ է երկու աչքերի արտահայտված քորը, կոպերի այտուցը:

Ինֆեկցիոն կոնյուկտիվիտները կարող են լինել  վարակիչ, ուստի հիվանդության ընթացքում անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները (աչքերը ձեռքերով չտրորել, ձեռքերը հաճախ լվանալ, օգտագործել անհատական հիգիենայի պարագաներ և այլն ), հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում չօգտագործել կոնտակտային լինզաներ: Լինզաները, հեղուկը, լինզաների տարան պետք է փոխարինել նորով և օգտագործել լիարժեք լավացումից հետո: Աչքի կարմրությունը միշտ չէ, որ խոսում է կոնյուկտիվիտի մասին. աչքի լորձաթաղանթը կարող է կարմրել նաև այլ, ավելի լուրջ պատճառներից՝ գլաուկոմա, ուվեիտ, եղջրենու վնասում և այլն, ուստի նմանատիպ գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

Կախված բորբոքում առաջացնող պատճառից` կոնյուկտիվիտի բուժումը կարող է լինել հակաբիոտիկային, հակահիստամինային, հակաալերգիկ, հակավիրուսային դեղամիջոցների՝ կաթիլների ձևով:

- Ի՞նչ է ուվեիտը:

-Ուվեիտը  աչքի միջին թաղանթի՝ անոթաթաղանթի բորբոքումն է: Անոթաթաղանթը բաղկացած է 3 հատվածներից՝  ծիածանաթաղանթ, ցիլիար մարմին, բուն անոթենի կամ խորիոիդեա, ըստ որի, տարբերում են առաջնային, միջին և հետին ուվեիտ կամ խորիոիդիտ:

Ըստ առաջացման պատճառի` լինում են ինֆեկցիոն բնույթի՝ վիրուսային, բակտերիալ, սնկային, ալերգիկ բնույթի, հետտրավմատիկ, ինչպես նաև որպես պատճառ կարող է լինել  գենետիկ նախատրամադրվածությունը: Ուվեիտները հաճախ հանդիպում են նաև զանազան համախտանիշների կազմում  (Բեխչետ, Ռեյտեր և այլն ): Ըստ ընթացքի` լինում են սուր ընթացող , ենթասուր  և խրոնիկ:

Սուր ուվեիտները զարգանում են հանկարծակի, բնորոշվում են կտրուկ ցավով: Աչքը կարմրում է, ցավն ուժեղանում է երեկոյան ժամերին, ընկնում է տեսողությունը:

Խրոնիկ ուվեիտների ժամանակ ցավն այդքան ուժեղ չի լինում,  հիմնականում նվազում է  տեսողության սրությունը, կարող է ընթանալ նաև առանց կլինիկական ախտանիշների արտահայտման:

Հիմնականում առաջնային ուվեիտների կամ իրիդոցիկլիտների կլինիկան արտահայտվում է աչքի կարմրությամբ, ցավով, երբեմն` արցունքահոսությամբ, բլեֆարոսպազմով, ցավը կարող է ճառագայթել քունքային շրջան և ճակատային հատված: Առաջնային ուվեիտները հաճախ ուղեկցվում են հետին կամ առաջային սինեխիաներով, այսինքն առաջանում են ծիածանաթաղանթի կպումներ ոսպնյակի առաջային պատիճին, որի պատճառով բիբը ունենում է տձև տեսք, անկանոն ձև կամ կպումներ եղջրենու հետ, որի արդյունքում կարող է զարգանալ երկրորդային գլաուկոմա:

Հետին ուվեիտները՝ խորիոիդիտները լինում են կենտրոնական, պերիֆերիկ: Կենտրոնականի դեպքում տուժում է տեսողության սրությունը, իջնում է նաև մթնային ադապտացիան ( մթնշաղին ավելի վատ են տեսնում), կարող են առաջանալ ֆոտոպսիաներ՝ լուսարձակումներ աչքի առջև, մետամորֆոպսիա՝ ծռմռվում են առարկաները, ցավը բնորոշ չէ, իսկ պերիֆերիկ խորիոռետինիտների դեպքում հիվանդությունը ընթանում է աննկատ, հայտնաբերվում է պատահական այլ նպատակով ակնահատակի զննման ժամանակ: Ախտանշաններից  կարող են լինել ֆոտոպսիաներ (կայծեր աչքի առջև), մթնշաղային տեսողության իջեցում: Այսպիսի գանգատների դեպքում ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, քանի որ կլինիկական պատկերը կարող է փոխվել, և բժշկի համար ախտորոշում դնելը  դժվարություններ կառաջացնի:  Ուվեիտների ախտորոշման դեպքում անհրաժեշտ է հոսպիտալացում, արյան համապատասխան անալիզների ստուգում,  հակաբիոտիկային, հակաբորբոքային բուժում (տեղային, ընդհանուր): Ժամանակին, ճիշտ բուժման դեպքում արդյունքը կարող է լինել բարենպաստ, սակայն չբուժվելու դեպքում հիվանդությունը կարող է բերել տեսողության անվերադարձ կորստի:

-Ի՞նչ է կատարակտան և կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիան:

- Նախ նշեմ, որ կատարակտը հիվանդություն է, որի ժամանակ ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ  ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ  պղտորվում  է, իսկ  այդ թափանցիկ բնական ոսպնյակը  թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի, և տարիների ընթացքում, տարբեր պատճառների հետ կապված, այն կարող է պղտորվել,  խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ` լուսազգացողության, տեսողության կորստի: Կատարակտը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Կատարակտի միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով: Ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Վիրահատական բուժումը կատարվում է հատուկ ուլտրաձայնային ապարատով, որի ծայրակալը աչքի մեջ մտնում է մոտ 2-3 մմ կտրվածքով, ուլտրաձայնային տատանումներով բնական ոսպնյակը կիսվում է մանր կտորների և վերածվում էմուլսիայի: Այդ էմուլսիֆիկացված ոսպնյակային մասսաները դուրս են գալիս աչքից բարակ խողովակով, աչքի մեջ հատուկ ինժեկտորի օգնությամբ տեղադրվում է տվյալ աչքին համապատասխան օպտիկական ուժով ներակնային արհեստական ոսպնյակ /IOL/։ Վիրահատության այս մեթոդի առավելությունը հետվիրահատական շրջանի արագ վերականգնումն է, որի դեպքում բացակայում են կարերը, հետվիրահատական աստիգմատիզմի առաջացման հնարավոր նվազումը կամ գրեթե բացակայությունը, վիրահատությունն անցավ է։ Կան արհեստական ոսպնյակների տարբեր տեսակներ՝ «ստանդարտ» կամ «շարքային», մուլտիֆոկալ, տորիկ, տորիկ-մուլտիֆոկալ, որոնք կարող են շտկել ինչպես եղջրենու աստիգմատիզմը, այնպես էլ ապահովել բարձր տեսողության սրություն տարբեր տարածություններում։

-Իսկ  մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը կրկին մեծապես պայմանավորված  է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է  այդ խնդրին: 

-Բժշկուհի, ըստ Ձեր աշխատանքային փորձի, որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

-Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն: Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշմանը, որը մեծապես պայմանավորված է մեր առօրյա կենսակերպով՝ գաջետների, համակարգիչների, մոնիտորների հետ երկար աշխատելը (մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում), սենյակներում օդորակիչները, տաքացուցիչները, որոնք բերում են օդի չորացմանը:

-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է  կուրությունը:

-Կուրությունը տեսողության ամբողջովին կորուստն է կամ կրիտիկական իջեցումը: Կուրության որոշ դեպքեր  կարելի է բուժել, օրինակ՝ հասուն և գերհասուն կատարակտաները բերում են տեսողության իջեցման, ընդուպ` լուսազգացողության, այսինքն մարդը կարող է այդ աչքով զգալ միայն  լույսի առկայությունը, սակայն վիրահատական միջամտությունից հետո տեսողության սրությունը կարող է բարձրանալ մինչ 100%,  ցանցենու շերտազատումը, որի դեպքում տեսողությունը նույնատիպ կարող է նվազել,  թարմ դեպքերում վիրահատությունը կարող է տեսողությունը բավական բարձրացնել, սակայն ուշացած դեպքերում, ցավոք, վիրահատական կամ կոնսերվատիվ բուժումները արդյունք չեն տա, տեսաներվի ախտահարումները՝ ատրոֆիա, սուբատրոֆիա, ցանցենու պիգմենտային, ոչ պիգմենտային դիստրոֆիաները, տերմինալ, բացարձակ գլաուկոման և որոշ այլ ակնային հիվանդություններ ներկայումս ցավոք բուժելի չեն:

Նշեմ  նաև որ տեսողական ուղին իր մեջ է ներառում  ակնագնդերը, տեսողական նյարդերը, խիազման, հետխիազմալ փունջը, գլխուղեղի ծոծրակային բլթերի կեղևը, և այս ուղու ցանկացած հատվածի վնասում բերում է կուրության, քանի որ մենք տեսնում ենք ոչ թե աչքերով, այլ` ուղեղով: Ուղեղի վնասվածքների դեպքում (տրավմա, ուռուցք, կիստա, արյունազեղում), նույնիսկ առողջ ակնագնդերի դեպքում մարդը կարող է մեկ կամ երկու աչքով կուրանալ:

Երբ չտեսնող մարդուն լույսի նշույլ ես տալիս, նա արդեն երջանիկ է, ու նրա շնորհակալությունը բժշկի համար օրհնանք է։

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Մեր կյանքում առաջին ուսուցիչները մեր ծնողներն են, որոնք ոչ միայն մեզ կյանք են տալիս, այլև կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ են մեզ հաղորդում: Ծնողներս  են  ձևավորել  իմ աշխարհահայացքը, վերաբերունքը կյանքի և մարդկանց նկատմամբ: Մեր կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ՝ ընտանիքում թե դպրոցում, մեր շրջապատում թե աշխատավայրում: Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել Հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել, հինգերորդը… Նրանք բոլորը սովորաբար ամբողջանում են մեկ՝ Ուսուցչի կերպարի մեջ:

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Ունենք շատ բարձր մակարդակի երիտասարդ կադրեր, բավականին խելացի են, արագ կողմնորոշվելու և ընկալելու ունակություն ունեն, պրպտող են, իրենք սիրահարված են իրենց ընտրած մասնագիտությանը, ձգտում ունեն հասնելու լավագույն արդյունքների, այդ նորարարությունների զարկերակի վրա ինֆորմացիայի հասանելիության հետ միաժամանակ, քան մեր դեպքում էր, երբ դժվար էինք գրականություն ձեռք բերում, ակնաբուժությունը ապագայում նվիրյալների ձեռքերում է. ես վստահ եմ իրենց ներուժի և ցանկությունների համընկնման մեջ, ավելի ժամանակակից են մտածում, և իրենց ուսանող ավագ սերունդը երբեմն իրենցից բան ունի ուսանելու։

- Որպես մեր զրույցի  վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

-Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր կամ խնդրա՞նք գուցե, դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մենք` բժիշկներս, 24 ժամ աշխատում ենք, որ մեր բուժառուների համար անենք լավագույնը, առավելագույնը:  Կմաղթեմ մեր երկրին խաղաղություն, մարդկանց հոգիներին` ներդաշնակություն, երբեք չխամրեն նրանց հոգիների և աչքերի լույսը։ Ժամանակին դիմեն բժշկի` խուսափելու  բարդացած դեպքերից։ Մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: Իսկ որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին` սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր