Հրաչյա Հարությունյան

(0 votes)
There is no translation available.

Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ

Այսօր Հայաստանում վնասվածքաբանությունը և օրթոպեդիան համաշխարհային սանդղակով բավականաչափ բարձր դիրքերում է: Բնականաբար, նյութերի, սարքավորումների տեսանկյունից որոշակիորեն զիջում ենք աշխարհի առաջատար երկրներին: Բայց օրթոպեդիկ մտքի, կատարողական տեխնիկայի ու վարպետության, նախաձեռնող մտածելակերպի տեսանկյունից  մենք չենք զիջում  առաջատար երկրներին:

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Բժիշկ, ում համար բժշկությունն իր ապրելակերպն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը, բժիշկ, ով անգնահատելի հետք է թողել  մեր երկրի օրթոպեդիայի  զարգացման մեջ և մինչ օրս մեծ նվիրումով ու անմնացորդ անում է անհնարն ու հնարավորը` մարդկանց վերադարձնելով նրանց առողջությունը:

-Պարոն Հարությունյան,  բուժական  ի՞նչ մեթոդ է օրթոբիոլոգիան։

-Օրթոբիոլոգիայի մեթոդներին դիմում են այն դեպքում, երբ ցուցված չեն լինում վիրահատական մեթոդները, այսինքն` պաթոլոգիան վիրահատական չէ, և դիմում են հոդերի բուժման այլընտրանքային միջոցին: Օրթոբիոլոգիայում բուժումն իրականացվում է ներհոդային ներարկումներով, արյան միջոցով, որը կոչվում է պլազմոթերապիա: Իսկ ճարպի միջոցով մեթոդիկան ավելի հզոր է, քան արյան միջոցով մեթոդիկան: Օգտագործվում է վաղուց՝ հորմոնալ ներարկումների և հիալուրոնաթթվի ածանցյալների ներարկումների տեսքով։Մեզ մոտ կիրառվում է օրթոբիոլոգիայի մի քանի տեսակ՝ պլազմաթերապիան, որն արյան ածանցյալների ներարկումն է վնասված հոդի շրջակայք։ Այս պրոցեդուրան հոդի սնուցման, վերականգման զգալի էֆֆեկտ է ապահովում։ Մյուս տեսակը ցողունային բջիջների ներարկումն է։ Ցողունային բջիջներով հատկապես հարուստ է մարդու ճարպաբջջանքը։ Լիպոսակցիայի արդյունքում ստացված և ճիշտ մշակված ճարպաբջջանքից ստացվում է ցողունային բջիջների բարձր պարունակությամբ զանգված, որը ներարկվում է ոչ միայն ներհոդային շրջան, այլև` ներոսկրային։

- Օրթոպեդիայի մեջ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Կովիդից հետո բավականին երիտասարդացում է ապրել ասեպտիկ նեկրոզը, ոսկրի որակի վատթարացումը` ավելի հաճախ կոնքազդրային հոդի գլխիկի եռակի իջեցումը, որը բերում է նեկրոզի, նաև արտրոզի  և էնդոպրոթեզավորման։ Եթե արթրոզը նախկինում ավելի տարեց մարդկանց մոտ էր ի հայտ գալիս, ապա այսօր, ցավոք սրտի, այն երիտասարդացում է ապրել։  

-Ի՞նչ նորարարական բուժմոտեցումներ կան Ձեր ղեկավարած կլինիկայում։

- Իհարկե, էնդոպրոթեզավորման մեթոդիկան երբեք տեղում դոփել չի կարող, միշտ կան պրոթեզների նոր տարբերակներ` ավելի քիչ հետվիրահատական բարդություններով:  Օրինակ` մենք 1 տարուց ավելի է, ինչ առաջարկում ենք  զույգ հոդերի միաժամանակ էնդոպրոթեզավորում, որը բավականին լուրջ և մեծ առաջընթաց է մեր երկրի առողջապահական համակարգում։ Այժմ իրականացնում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում,  տիրապետում ենք դիմային կտրվածքով առանց մկանների հատման կարճ ոտիկի տեղադրմանը, որը շատ արագ է դուրս բերում հետվիրահատական վերականգնողական վիճակից, և արդյունքները շատ ավելի գոհացուցիչ են, քան ստանդարտ իրականացվող վիրահատությունները։ Շուտով մեր կլինիկան կգրանցի նոր առաջընթաց` մի քանի ամիս հետո կկատարենք ուսահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը։

-Փսորիատիկ արթրիտ։ Ի՞նչ պաթոլոգիա է այն:

- Փսորիատիկ արթրիտը զարգանում է չնահանջող սինովիտի ժամանակ, երբ ոչ մի կերպ բորբոքումը չի վերանում: Մենք աշխատում ենք ռևմատոլոգների հետ, և երբ բուժումից արդյունք չի լինում, դիմում են հոդի մեխանիկական եղանակով մաքրման: Այս հիվանդությամբ զբաղվում են ռևմատոլոգները,  և վերը նշեցի` որ դեպքում են անհրաժեշտ լինում մեր բուժական միջամտությունները։  Բարդ վիրահատությունների շարքում պետք է նշեմ զույգ հոդերի էնդոպրոթեզավորումը` զույգ կոնքերի,  արդեն ծնկան հոդերի շրջանում, որն ավելի շատ պատասխանատվություն է պահանջում, քան մյուսները, քանի որ կիրառվում են ծանր ռեսկտրուկցիանները` կոնտրաս,  մեծ հոդերի փոխպատվաստում: Մեզ դիմել էր Բուլղարիայից եկած 70 անց մի կին, որը  Իսրայելի, Գերմանիայի  հայտնի կլինիկաներում մերժում էր ստացել: Հուրախություն մեզ` իրականացրեցինք այդ վիրահատությունը: Երկու հոդն էլ 17-28 տարի տեղաշարժված հոդեր էին` բավականին լուրջ ուղեկցող հիվանդություններով, բայց փառք Աստծո, մենք բուժառուին վերադարձրինք իր առօրյա կյանքին։

- Ո՞րոնք են կոկարթրոզի առաջացման պատճառները։

- Կոկարթրոզի առաջացման պատճառները մինչ օրս բացահայտված չեն, առաջնահերթ պատճառագիտությունից մեկը գենետիկան է` գենետիկ արթրոզների հանդեպ հակումը։ Իրականում այդ խնդրին կարող են հանգեցնել նաև գիրությունը, ծանրաբեռնվածությունը, նախկինում կրած տրավմաները, վահանաձև գեղձի հիվանդությունը` խպիպը, շաքարային դիաբետը, ինչպես նաև ռևմատոիդ և ռևմատեիդ հակվածություն ունեցող հիվանդությունները։

-Բժիշկ, ո՞րոնք են վնասված մենիսկի ախտանիշները։

-Առաջինը, իհարկե, ցավային սինդրոմը, շարժումների սահմանափակումը, խորը կքանիստը վերանում է կամ սահմանափակվում, իսկ ավելի ցայտուն համախտանիշը  դիստանցիոն քլիկն է, ձայն, որը լսվում է ու ոչ միայն պացիենտը, այլ նաև իր շրջապատող մարդիկ, և բլոկավորումը:  Իսկ երբ մենիսկի կտորը վնասված է լինում այնքան մեծ, որ հոդի շարժունակությունը ոչ թե սահմանափակվում է, այլ տարանջատվում է՝ պոկվում, վիճակ, որն արդեն իսկ խոսում է բավականին լուրջ վնասման մասին։ Լինում է այտուց,  հեղուկի կուտակում, որը կրկին մենիսկի վնասման համախտանիշներից մեկն է։

-Բուրսիտ։ Կմանրամասե՞ք:

- Բուրսիտը, որը նաև անվանում են բարձիկաբորբ, իրենից ներկայացնում է հոդերի ձուսպապարկերի բորբոքում: Բուրսիտները լինում են այն դեպքում, երբ ոսկրի եզրերը շատ մոտ են մաշկին, այսինքն ծածկված չեն մկանային խմբերով: Իրականում բնությունը ստեղծել է պաշտպանային պարկեր, որոնք կարող են բորբոքվել, և ոսկորը բավականին շատ է մոտենում մաշկին։ Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական: Առավել հաճախ բուրսիտն առաջանում է արմունկային, ուսային, սրունքաթաթային, ինչպես նաև ծնկային հոդերում:
Սովորաբար սուր բուրսիտն առաջանում է որևէ վնասվածքի հետևանքով կամ էլ որպես առանձին հիվանդությունների բարդություն, իսկ քրոնիկականը, որպես կանոն, առաջանում է հոդերի հարակից ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով:
Սուր բուրսիտը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում, որտեղ նկատվում են մաշկի կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ, առաձգական ուռածություն: Դրանից հոդի շարժունակությունը սահմանափակվում է, երբեմն բարձրանում է նաև մարմնի ջերմաստիճանը: Եթե հիվանդությունը սաստկանում է, ապա առաջանում է թարախային բուրսիտ, որը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ֆլեգմոն:
Քրոնիկական բուրսիտից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանզի հիվանդությունը կարող է սրանալ, ինչը կհանգեցնի ժամանակավոր անաշխատունակության:

-Արթրոզի նախանշանները որո՞նք են:

-Արթրոզի առաջին նշանը ցավն է ու շարժումների սահմանափակումը հոդերում: Ենթաճառային համակարգում առաջանում է նյութափոխանակության խանգարում, որն էլ բերում է արթրոզի: Ենթաճառային համակարգում նյութափոխանակման խանգարման կարող են հանգեցնել, օրինակ, ինֆեկցիաները, հորմոնալ խանգարումները, նստակյաց կյանքը, տրավմաները և այլն: Հիվանդությունը, ցավոք,  լիարժեք չի բուժվում, բայց այսօր բժշկության մեջ տարբեր մեթոդներ կան, որոնց կիրառման շնորհիվ հնարավոր է մեղմացնել ցավը, դանդաղեցնել հիվանդության զարգացման տեմպը  և բարելավել կյանքի որակը: Արթրոզը կարող է բերել վերջույթի կարճացման, մկանների թուլացման և այլ հետևանքների: Սա հիվանդներին  ոչ թե պետք է վախեցնի, այլ սթափեցնի: Արթրոզի  առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

-Էնդոպրոթեզավորում, ո՞ր դեպքում եք դիմում այս մեթոդին:

-Այն ցուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանցից են հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններնը, օստեոարթրոզները, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նևրոզը, ազդոսկրի վզիկի կոտրվածքը, կեղծ հոդերը, որոնք առաջացել են կոտրվածքների չսերտաճման հետևանքով և այլն: Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, լինելով մի շարք ախտաբանությունների բուժման առավել արդյունավետ եղանակ, թույլ է տալիս շատ արագ վերականգնել փոփոխված հոդի աշխատանքը և բարելավել հիվանդի կյանքի որակը:

Էնդոպրոթեզավորման ուղղակի ցուցումներ են կոնքազդրային հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունները, դրանց շարքում ՝ կոքսարթրոզը, ազդրի գլխիկի ասեպտիկ մեռուկացումը, հոդի հետվնասվածքային դեֆորմացիաները, հատկապես կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում և հիվանդության 3-րդ և 4-րդ փուլերում: Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում  են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ: Առօրյա կենսակերպի մեջ սահմանափակումներ չեն լինում էնդոպրոթեզավորումից հետո. ամենաշատը 6 ամիս հետո մարդիկ մոռանում են արհեստական հոդի մասին, վերադառնում է շարժումների ազատությունը, և կյանքի որակն է բարելավվում: Ժամանակակից էնդոպրոթեզների կիրառման առավելությունն այն է, որ հիվանդի մոտ վերականգնվում է շարժումների ողջ ծավալը, նախկին ցավերն այլևս չեն անհանգստացնում: Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում  են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ` ոսկրի որակի և քացախափոսի տարբեր ձևախախտումների հետ կապված: Ոսկրի որակական փոփոխությունները կապ ունեն հաճախ կիրառվող հորմոնալ պատրաստուկների հետ: Քացախափոսի շրջանի ձևախախտումների դեպքում առաջնային պրոթեզավորման ժամանակ կարող են օգտագործվել ռևիզիոն պրոթեզներ:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

-Նախ մեր երիտասարդ կադրերին կհորդորեմ ինքնակրթվել:  Եթե քո ղեկավարը բազմիցս սովորել և վերապատրաստվել է  արտերկրի լավագույն կլինիկաներում և իր փորձը քեզ է փոխանցում, դրանով պետք չէ բավարարվել, քանզի այսօր բժշկությունը, մասնավորապես մեր ոլորտը շատ  արագ է զարգանում։ Երբ դոփեցիր տեղում, ուրեմն արդեն լճացել ես:

Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ, որոնք  մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունն իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ և հարկ եղած դեպքում  ժամանակին դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, և մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը  դեռ կծաղկի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր