Նարինե Բեգլարյան

(0 votes)
There is no translation available.

Առողջ եղեք, սիրեք ձեզ և ձեր մարմինը

Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժիշկ անհատի ներդրումը: Իհարկե, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չխամրի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունն ու մարդասիրությունը: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության և անհաջողության փորձություն: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, մարդկային տեսակից, և, ի վերջո, բարոյական նկարագրից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն  հիվանդության ախտորոշումն ու բուժումը,  այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանով է արտահայտվում բժշկի մարդասիրությունը:

Մեր զրուցակիցն է «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը: Բժշկուհի, ում համար բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, մարդկանց առողջություն պարգևելը՝ ամենաբարձր մարդկային առաքելությունը, որին իր բնույթով պիտի կոչված լինի բժիշկը: Նրանք եզակի անհատներ են, որոնք առանձնանում են ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր արժեքներով: Իսկ մեր  զրուցակցի պարագայում այդ արժեքներին գումարվում է անսահման նվիրումն իր գործին, ինչն անում է նույնքան  համեստորեն: Բարեհամբույր և հետևողական լինելու, ընդգծված համեստության, ազնվության, բուժառուների նկատմամբ ճիշտ մոտեցման, անձնվեր աշխատանքի, ինչպես նաև գերազանց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նա սիրված է թե՛ գործընկերների, թե՛ այցելուների կողմից:

-Բժշկուհի, ի՞նչ է  Ադիսոնի հիվանդությունը:

 -Ադիսոնի հիվանդությունը մակերիկամների կեղևային շերտի հորմոնների անբավարար արտադրությունն է՝ մակերիկամային անբավարարությունը։ Իրականում այդ հիվանդության տարածվածությունը մեծ չէ։ Հիմնական գանգատները՝ հոգնածություն, թուլություն, սրտխփոց, քաշի անկում, սրտխառնոց, փորլուծություն։ Նախկինում այն ավելի շատ էր հանդիպում, քանի որ առկա էր տուբերկուլյոզը, որի ժամանակ ախտահարվում էին նաև մակերիկամները։ Այս հիվանդությունը առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարման արդյունքում: Հիվանդության ողջ ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների կեղևային շերտի հորմոնների (կորտիզոլ, ալդոստերոն) արտազատումը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն սիրտ-անոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման համար: Այս հիվանդության մասին առաջին անգամ խոսել է ծագումով անգլիացի բժիշկ Թ. Ադիսոնը 1849 թվականին, որի անունն էլ կրում է հիվանդությունը: Այսօր հիվանդության հիմնական պատճառը աուտոիմուն խնդիրներն են, այսինքն` հակամարմիններ են առաջանում մակերիկամների նկատմամբ, և մակերիկամները ժամանակի ընթացքում իրենց գործունեությունը կորցնում են։ Սա առաջնային մակերիկամային անբավարարություն է։ Այսօր մեր պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում է երկրորդային մակերիկամային անբավարարությունը, որի պատճառագիտությունը  ոչ թե հենց մակերիկամի գործունեության անկումն  է, այլ հիպոֆիզից եկող ազդակի նվազումը, քանի որ մակերիկամները կառավարվում են հիպոֆիզից եկող ազդակով, ուստի, երբ ազդակ՝ հրահանգ չի լինում հիպոֆիզից, մակերիկամները չեն արտադրում կորտիզոլ։  Այսպես՝ հիպոֆիզի խնդիրների դեպքում ընկճվում է ACTH հորմոնի արտադրությունը, որը կառավարում է մակերիկամը, և այդ մեխանիզմով առաջացնում է ստիմուլի ընկճում, և հետևաբար, երբ վերևից հրահանգը չկա, մակերիկամների գործունեությունը հանգչում է: Դա կարող է լինել հիպոֆիզի ուռուցքների դեպքում, որպես ուռուցքի մեխանիկական ճնշման հետևանք հիպոֆիզի վրա,ինչը բերում է ACTH հորմոնի սինթեզի նվազմանը, և երկրորդը կարող է լինել հիպոֆիզի ուռուցքի վիրահատության հետվիրահատական բարդություն, երբ վիրահատության ժամանակ վնասվում է հիպոֆիզի ACTH արտադրող շերտը։ Բուժումն իրականացվում է փոխարինող թերապիայով, այսինքն` նշանակվում են մակերիկամային հորմոնի սինթետիկ փոխարինողներ՝ մասնավորապես սինթետիկ գլյուկոկորտիկոիդներ։ Ամենամոտը բնական գլյուկոկորտիկոիդներին <<Հիդրոկորտիզոնն>> է, որը մեր շուկայում կարելի է գտնել <<Կորտեֆ>> անվան տակ։ Եթե միայն <<Կորտեֆ>>-ը բավարար չի լինում, ավելացվում է նաև <<Մեթիլպրեդնիզոլոն>>:

-Հարվահանաձև գեղձի հիվանդություններից որո՞նք են ավելի հաճախ հանդիպում Ձեր պրակտիկայում։

-Հարվահանաձև գեղձի հիվանդություններից են հիպոպարաթիրեոզը և հիպերպարաթիրեոզը։ Երկուսն էլ բավական հաճախ հանդիպող պաթոլոգիաներ են։ Հիպոպարաթիրեոզը՝ այսինքն՝ գեղձի թերֆունկցիան, լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային հիպոպարաթիրեոզը՝ հարվահանաձև գեղձի գործունեության անկումը, սովորաբար աուտոիմուն բնույթ է կրում, երբ իմուն համակարգը հարվահանաձև գեղձը դիտարկում է որպես օտար մարմին և, հակամարմիններ, ընկճում է նրա գործունեությունը: Այդ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպող է իմ պրակտիկայում, քան Ադիսոնի հիվանդությունը։ Սակայն ավելի հաճախ է հանդիպում երկրորդային հիպոպարաթիրեոզը, որը վահանաձև գեղձի վիրահատության հետվիրահատական բարդություն է, երբ վիրահատության ժամանակ վնասվում են մեկ, կամ մի քանի հարվահանագեղձեր: Որպեսզի վիրահատությունից հետո չլինի այս բարդությունը, նախ շատ կարևոր է վիրաբույժի փորձառությունը, որը պետք է շատ ուշադիր և զգոն լինի, որպեսզի վիրահատության ժամանակ չվնասի հարվահանաձև գեղձերը, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ փորձառու վիրաբույժի միջամտությունից կարող է զարգանալ այս բարդությունը վիրահատության բարդ լինելու պատճառով։  Հիվանդության ախտանիշներն են՝ մկանային ձգվածություն, մատներում թմրածություն, առատ քրտնարտադրություն, սրտխփոց, գլխացավեր, բարդ դեպքերում ՝ ցնցում։ Այս հիվանդության բուժումը երկարատև է. ըստ ուղեցույցների՝ ամբողջ կյանքի ընթացքում հիվանդները ստանում են կալցիում զուգակցված վիտամին D-ի ակտիվ ձևով, որը մեր շուկայում կարելի է գտնել <<Ռոկալտրոլ>> կամ <<Ալֆակալցիդով>> անվանմամբ։ Մշակվում է նաև հենց սինթետիկ պարատհորմոնի օգտագործումը, այսինքն՝ հորմոնալ փոխարինող թերապիան, որը, սակայն, առայժմ ուղեցույցներում չի գտել իր տեղը և լայնորեն չի կիրառվում։ Մյուս հիվանդությունը  հարվահանաձև գեղձի գերֆունկցիան է` հիպերպարաթիրեոզը, որը կրկին բավականին հաճախ է հանդիպում մեր պրակտիկայում, հատկապես` երկրորդայինը։ Առաջնային հիպերպարաթիրեոզը հարվահանաձև գեղձերից (որոնք չորսն են) որևէ մեկում, կամ միաժամանակ մի քանիսում ուռուցքի առաջացումն է, որը կարող է լինել պատահական կամ կրել ժառանգական բնույթ: Բուժումը վիրահատական է. հեռացվում է ախտահարված՝ ուռուցքային փոփոխված հարվահանաձև գեղձը։ Սակայն ավելի հաճախ հանդիպում են երկրորդային և երրորդային հիպերպարաթիրեոզները։ Երկրորդայինը լինում է արյան մեջ կալցիումի դեֆիցիտի հետևանքով, ինչը բերում է հարվահանաձև գեղձերի կոմպենսատոր ավելացած աշխատանքի՝ պարատհորմոնի ավելացած արտադրությանը։ Սրա հիմնական պատճառներն են՝ վիտամին D-ի դեֆիցիտը, աղիների լուրջ խնդիրների դեպքում Ca-ի ներծծման նվազումը, երիկամների ախտահարված աշխատանքը: Մեր պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում է վիտամին D դեֆիցիտի հետևանքով առաջած հիպերպարաթիրեոզը, որը կարելի է շփոթել առաջնայինի հետ, այդ իսկ պատճառով ճշգրիտ ախտորոշումը դնելու համար առաջին հերթին պետք է վերականգնել վիտամին D-ի մակարդակը արյան մեջ, և եթե դրանից հետո չի կարգավորվում հարվահանաձև գեղձի հորմոնը արյան մեջ, նոր դրվում է առաջնային հիպերպարաթիրեոզ ախտորոշումը: Լինում է նաև երրորդային հիպերպարաթիրեոզ, որը դիտվում է քրոնիկ երիկամային անբավարարություն, մասնավորապես հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ։ Հիպերպարաթիրեոզը սկզբում լինում է երկրորդային, քանի որ հեմոդիալիզի հետևանքով կալցիումի կորստի հետևանքով հարվահանագեղձերը սկսում են արտադրել ավել քանակի պարատհորմոն: Դիալիզով անընդհատ կալցիումի կորստի հետևանքով անընդհատ նորմայից շատ հորմոն արտադրող հարվահանաձև գեղձերը սկսում են կոմպենսատոր մեծանալ, այնուհետև դրանք այնքան են մեծանում, որ ուռուցքանման փոփոխվում են և սկսում են մշտապես շատ արտադրել հորմոն, այդ իսկ պատճառով հիիպերպարաթիրեոզը կոչվում է երրորդային։ Բնականաբար, այստեղ ավելի խորքային բուժում է անհրաժեշտ։ Պետք է անընդհատ լրացնել կալցիումի պակասը, նշանակել  վիտամին D-ի ակտիվ ձևեր՝ ռոկալտրոլ: Եթե այս ամենը դրական արդյունք չի տալիս, ծայրահեղ դեպքերում մեծացած հարվահանաձև գեղձերից որևէ մեկի հեռացմամբ է գրագետ բուժման լուծման ելքը գտնվում, այսինքն` վիրահատությամբ։

 -Բժշկուհի, արդյո՞ք քրոնիկ հոգնածության զգացումն  ունի  ավելի խորքային պատճառ:

-Որոշ հրապարակումներ կան, որտեղ խոսվում է քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին, բայց եթե գլոբալ առումով և բնակչության բավարար միտումով դիտարկենք, դա ուղղակի գերհոգնածություն է, որի պատճառագիտությունը բազմաբնույթ է: Եթե նման խնդրով բուժառուն դիմում է էնդոկրինոլոգի, հետազոտվում է այն ամենը, ինչ պահանջվում է, քանզի ցանկացած շեղում կարող է հանգեցնել այդ խնդրին։ Առաջին հերթին ժխտում ենք վահանաձև գեղձի խնդիրները, շաքարախտի առկայությունը, մակերիկամների ախտահարումները, բայց ավելի հաճախ հոգնածության պատճառը ինչ-որ վիտամինի դիֆիցիտն է արյան մեջ։ Ամենատարածվածը վիամին D-ի դեֆիցիտն է, ինչը կարող է բերել հոգնածության։ Աղջիկների մոտ շատ տարածված է երկաթի դիֆիցիտը, քանզի առատ դաշտան են տեսնում, հաճախ սուրճն են չարաշահում, մսի ընդունումն իրենց ռացիոնում բավարար չէ։ Ընդ որում արյան ընդհանուր քննությունը կարող է չբացահայտել երկաթի դեֆիցիտը, պետք է որոշել ֆերրիտինի և երկաթի մակարդակը արյան մեջ։ Հաջորդ հաճախակի տարածված դեֆիցիտը վիտամին B12-ի պակասն է։ Կա այսպիսի ամինաթթու՝ հոմոցիստեին, որը հանդիսանում է նյութափոխանակության արգասիք: Երբ դրա քանակը նորմայից ավել է, ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ՝ նույնպես հոգնածություն, հևոց, գլխապտույտ։ Մեր բնակչության մեջ մեծ տարածվածություն ունի հիպերհոմեցիստեմիա կոչվող երևույթը,  քանի որ մեր ազգի գեների մեջ կա այսպիսի գենետիկ մուտացիա` ֆոլաթթվի փոխանակության խանգարում, որի հետևանքով հոմոցիստեինը նորմայից շատ է առաջանում անգամ արյան մեջ ֆոլաթթվի բավարար քանակի դեպքում։ Սրա բուժմանը հասնում ենք` նշանակելով ֆոլաթթվի հավելումներ։ Եվ իհարկե հոգնածությունը կարող է առաջանալ ինչ-որ թաքնված վիրուսներից, ինֆեկցիաներից, կարող է առաջանալ հեպատիտ C-ի, թաքնված ուռուցքային գոյացությունների առկայությունից,  արյան խնդիրներից։ Այդ ամենը պետք է ժխտել։ Երբ վերը նշված բոլոր խնդիրները ժխտվում են, նոր դրվում է նյարդաբանական ախտորոշում, և անգամ վիճելի է գիտնականների կողմից, թե արդյո՞ք կա նման համախտանիշ, թե` ոչ։ Քանզի հոգնածություն կարող է լինել նաև դեպրեսիաների ժամանակ։

-Ինչի՞ հետևանք է անքնությունը:

-Անքնությունը բավականին կոմպլեքսային սիմպտոմ է, որը կարող է ուղեկցել տարբեր հիվանդությունների, դեպրեսիաների, տագնապային ինչ-որ սինդրոմների, սթրեսային վիճակների, կամ երբ գերլարված հոգսաշատ օրվանից գիշերը ուղեղը չի անջատվում։ Վահանաձև գեղձի գերֆունկցիայի ժամանակ էլ է լինում անքնություն, բուժման ընթացքում էլ՝ դեղորայքից նույնպես կարող է լինել անքնություն: Անքնության  բուժումը տարբեր է. սկզբում խորհուրդ է տրվում կենսակերպի փոփոխություն, հետո նշանակվում տարբեր հանգստացնող թուրմեր, նաև մագնեզիում, մելատոնին, որը շատ նուրբ հորմոն է և ոչ միշտ է օգնում, և եթե այս միջոցները չեն օգնում, ապա արդեն նյարդաբանները անտիդեպրեսանտներ են նշանակում, որպեսզի քունը կարգավորվի։

-Շաքարային դիաբետի ժամանակ, երբ  վերջույթները ամպուտացվում են, կարո՞ղ ենք դա համարել  դատավճիռ:

-Երբ վերջույթներն ամպուտացվում են, նշանակում է` ունենք ծանր դիաբետիկ ոտնաթաթ համախտանիշը։ Դիաբետիկ ոտնաթաթը բավականին բարդ համախտանիշ է, որը տարիների ընթացքում նյարդաթելերի և անոթների  ախտահարման արդյունք է, ինչը բերում է ոտնաթաթերի դեֆորմացիաների և սնուցման խանգարման: Ոտնաթաթերի այդպիսի դեֆորմացիայի առկայության պայմաններում մի փոքր վնասող գործոնը, ինչպիսին է քիչ սեղմող կոշիկի կրումը, կամ ոտքի աննշան վնասումը բոբիկ ման գալու հետևանքով առաջացնում է կոշտուկներ, ասեպտիկ չբուժվող վերքեր։ Հետագայում պրոցեսը խորանում է, և առաջանում են նեկրոզի օջախներ, և հարկ է լինում հեռացնել ախտահարված հատվածը՝ սկզբում մատը, հետագայում ոտնաթաթը։ Իրականում` այո, երբ ունենում ենք վերջույթների ամպուտացիա, նշանակում է արդեն առկա են շաքարախտի բավականին լուրջ բարդություններ. հետազոտությունները ցույց են տալիս, որ ամպուտացիաներից հետո  հիվանդների ապրելիությունը հետագայում ավելի քիչ է։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Կհորդորեմ մեր հասարությանը վարել առողջ ապրելակերպ, առողջ սննդակարգ։ Ես ամեն դեպքում մնում եմ մի համոզման, որ բոլոր հիվանդությունները, սկսած զարկերակային գերճնշումից, շաքարային դիաբետից, ճարպակալումից, ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խնդիրներից գալիս են անառողջ սնունդից: Արագ սննդի կետերը, ինչպես նաև գազավորված ըմպելիքները, չիպսերը, որոնք ծնողները, երբեմն երեխաների քմահաճույքին ընդառաջ գնալով, թույլ են տալիս օգտագործել, իրենց մեջ պարունակում են օրգանիզմը վնասող գործոններ, որոնք հետագայում կարող են վնասել երեխաների առողջությունը։ Ինչպես նաև կանանց եղունգների գելաքը, որի ժամանակ կիրառվում է միկրոդոզայով ճառագայթում, չի կարող իր վնասակար ազդեցությունը չթողնել օրգանիզմի վրա: Ինչպես նաև մազահեռացման որոշ միջոցներ կարող են  վնասել առողջությունը, և ընդհանրապես առօրյա կենցաղում կիրառվող քիմիական մաքրող միջոցները, ինչն ամեն օր կիրառելիս նեշնչում ենք փոքր դոզաներով, նույնպես տալիս են իրենց վնասակար ազդեցությունը մեր օրգանիզմի վրա։ Բոլորս լավ գիտակցում ենք, որ պետք է առողջ ապրելակերպ վարել, ֆիզիկապես ակտիվ լինել, ժամանակին քնել, և այս դեպքում վստահաբար կլինենք ավելի առողջ, անգամ  ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդությունները ավելի քիչ և ավելի ուշ ի հայտ կգան: Առողջ եղեք, սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր