ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Թող բժիշկներս լինենք գործազուրկ, բայց մեր ազգին տեսնենք առողջ 
 
Առողջությունը ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարեւոր են այցելուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը: http://bestgroup.am/  կայքի զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր բազմամյա փորձից գիտի՝ սա ճշմարտություն է, որ գործում է միշտ եւ անխափան:  «Բուժում ոչ միայն դեղորայքով, այլեւ ժպիտով ու բարի խոսքով: Պացիենտի առողջությունը կախված է ոչ միայն բժշկի պրոֆեսիոնալիզմից եւ փորձից, այլեւ այցելուի հաղթական տրամադրվածությունից:Միայն այդ դեպքում ոչ մի հիվանդություն չի կարող հաղթել»,- ընդգծում է բժիշկը:
 Իրեն առանց բժշկական խալաթի չի պատկերացնում: Դեպի անցյալ հետ հայացք ձգելով՝ նկատում է, որ երբեք էլ չի պատկերացրել:Բժշկի ուղին ինքնըստինքյան է ստացվել, քանի որ գիտեր` իր գործը մարդկային կյանքեր փրկելն է լինելու: Որոշումը՝ նպատակ, նպատակը իրականություն ու ապրելակերպ դարձավ: Ռազմական ոլորտում աշխատելը բազմապատկում է բժշկի դրական  հատկանիշները:Ռազմական  բժշկի համար խնդիրների լուծման ճանապարհներն  ավելի  մասշտաբային  են: Նրա  ուսերին պատասխանատվության ու զգոնության շատ մեծ  չափաբաժին կա: 
«Ավելի շուտ բժշկի մոտ, ավելի շուտ ու առողջ՝ բժշկի մոտից». ոսկե կանոն է, որը մշտապես գործում է անխափան»,- նկատում է նա: Վիրահատական սեղանին չհայտնվելու առաջին նախապայմաններից է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը: Խնդիրը, որ հնարավոր էր լուծել դեղորայքի միջոցով, ժամանակի ընթացքում լրջանում է, երբեմն դառնում նաեւ կյանքին սպառնացող վտանգ: Բժշկի խորհուրդն է բոլորին՝ հետեւողական լինել ու պահպանել  ի վերուստ տրված ամենամեծ պարգեւը՝ առողջությունը: «Չափազանց կարեւոր է նաեւ գտնել մասնագետի, որին կվստահես հարյուր տոկոսով: Պացիենտ-բժիշկ վստահությունը շատ մեծ նշանակություն ունի բուժման ամբողջ գործընթացի համար: Բուժման ընթացքը բարդ ճանապարհ է, որ հիվանդն ու բժիշկն անցնում են միասին, ձեռք ձեռքի տված: Վստահելով բժշկին՝ հիվանդը նպաստում է իր իսկ արագ ապաքինմանը»,- ընդգծում է բժիշկը:
Այսօր էլ բժշկագիտության բնագավառում երկար ճանապարհ անցած, փայլուն կրթություն ու փորձառություն ունեցող բժիշկը շարունակում է շատերի աչքերի լույսը վերականգնել: «Բժիշկը պետք է սիրի կյանքը, մարդուն եւ ժամանակի հետ համաքայլ գնա՝ անընդհատ  կատարելագործվի ու ապահովի շարունակական կրթություն»,- վստահ է նա: 
 -Բժիշկ,  խոսենք բաժանմունքի գործառույթների մասին, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:
-Իրականում բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեծ դերակատարություն ենք ունեցել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, եւ այսօր էլ, եթե հոսպիտալում լինում են ծանր դեպքեր, հիվանդներին մեզ մոտ են բերում:  
-Ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին:
-Իմ ուղին կարծես ինքնըստինքյան ստացվեց: Պատերազմի տարիներին բոլորս մեկ մարդու պես ծառայում էինք մեր հայրենիքին, օգնում մեր զինվորներին: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ից օգնության եկան մեր գործընկերները, իսկ արդեն 1993 թվականին ես մեկնեցի ԱՄՆ վերապատրաստման եւ բարդ վերահատություններ կատարելու փորձ ձեռք բերեցի: Եվ մինչ այսօր էլ այդ մեթոդները կիրառելի են մեզ մոտ: 
Ասեմ, որ իմ արմատներում չկան բժիշկներ, եւ իմ ընտրությունը եղավ ինքնըստինքյան: Տղաս է ընտրել իմ ճանապարհը, աշխատում է ինձ հետ, աղջիկս նույնպես ընտրել է բժշկական ճյուղը: 
-Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդ կադրերի մասին, մեր ակնաբուժությունը վստահելի՞ ձեռքերում է:
-Պետք է ասեմ, որ երկու ծայրահեղության կա: Կան մեր ոլորտի նվիրյալներ, բայց կան նաեւ բացարձակապես չհետաքրքրվողներ:Ցավալին այն է, որ նորավարտների թիվը շատ է, իսկ մեր հանրապետությունն էլ այդքան մեծ չէ, եւ նրանց մի մասը ստիպված սովորում է գերմաներեն, որպեսզի ապագայում գնա Գերմանիա աշխատելու: Տեղի է ունենում ուղեղների արտահոսք, որը լավ բանի չի հանգեցնի:  
-Մեր հասարակությունը բժշկության առաջնային օղակին կարեւորություն չի տալիս, որովհետեւ չի  վստահում, ի՞նչ կասեք այդ առումով:
-Ցավոք, պոլիկլինիկաներն աշխատում են ոչ բարվոք պայմաններում: Այս պահին տեղյակ չեմ, թե ինչպես են վարձատրվում, բայց կարծում եմ` պետք է շատ լավ վարձատրվեն: Պետք է կատարվի օրվա հիվանդների սահմանափակում, որ գոնե իրենց պացիենտները ստանան լիարժեք խորհրդատվություն, որ աշխատանքը լինի ոչ թե քանակական, այլ որակական: Ուրախալի փաստ է, որ մեր առողջապահության նախարարն այսօր շատ է կարեւորում առաջնային օղակի աշխատանքը: Դա մեր ոլորտի բարելավման ուղղությամբ մեծ քայլ է: 
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Արդեն հանգուցյալ Սերգեյ Վարդանիչին, ում հետ իմ աշխատանքը տեւեց մի քանի ամիս, չհասցրեցի նրա հետ երկար ճանապարհ անցնել, բայց ցանկանում եմ իմ մեծ երախտագիտությունը հայտնել նրան եւ մեր կլինիկայի ղեկավարին` Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, ով ինձ տվեց ոչ միայն գիտելիքների մեծ բազա, այլ նաեւ, այսպես ասած, աճելու հնարավորություն ընձեռեց: Իսկ մեր հարաբերությունները ոչ թե ղեկավար-ենթակա, այլ ամուր ընկերական մակարդակի են:
-Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ասոցիացիաները մեր բժիշկներին:
-Մենք ասոցիացիա ստեղծել ենք մոտավորոպես 3 տարի առաջ, բայց ցավոք, դրանք ստեղծվում եւ մարում են: Իմ կարծիքով, պետք է ասոցիացիաների մասին օրենք լինի, առանց ասոցիացիայի իմացության, նրա վերահսկողության ոչ մի գիտական թեզի պաշտպանություն, ոչ մի վերապատրաստում չպետք է լինի: Մենք այսօր այդ ճանապարհին ենք, փորձում ենք վերականգնել մեր գործունեությունը լիարժեքորեն եւ կատարյալ: 
-Կվերհիշե՞ք Ձեր առաջին վիրահատությունը, որով տպավորված եք մինչ օրս:
-Ես փորձում եմ ապրել իմ ամեն հաջողությամբ մինչ օրս եւ բնավորությամբ այնպիսին եմ, որ ինձ վրա շատ ծանր հետք է թողնում անհաջող դեպքը: Նման դեպքից հետո ուղեղումս շատ հարցեր են առաջանում, եւ ուզում եմ հասկանալ,  թե ինչու դա այդպես եղավ: Ես ապրում եմ ամեն մի հիվանդի խնդրով, փորձում դրան տալ վերջնական լուծում: 
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Կցանկանամ այս մթնոլորտը, որ ստեղծվել է պարոն Փաշինյանի շնորհիվ, բարի եւ լավ ավարտ ունենա մեր հասարակության համար: Կցանկանամ, որ մենք ապրենք եվրոպական եւ ամերիկյան երկրների պես խաղաղ ու անհոգ կյանքով, սակայն այսօր ագրեսիան եւ նեգատիվը մեզ մոտ, ցավոք, շատ-շատ են: Կցանկանամ մեր հասարակությանը տեսնել միշտ առողջ: Ոչինչ, թող մենք` բժշիկներս, լինենք գործազուրկ, բայց մեր ազգին տեսնենք առողջ եւ առանց հոգսերի: Առողջ եղեք, սիրեք ձեզ:
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր