Մարինե Դավթյան

(0 votes)
There is no translation available.

«Ես նոր սերնդի հետ շատ մեծ հույսեր եմ կապում»

Հայաստանի առողջապահական համակարգում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե՛ նորագույն սարքավորումների ձեռք բերման, թե՛ մասնագետների պատրաստման առումով: Ապացուցված է, որ ռադիոլոգիայի զարգացումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ շրջանում: Բժշկագիտության ոլորտում ռադիոլոգիան համարվում է երիտասարդ ուղղություն, բայց ուրախացնում է այն հանգամանքը, որ նորավարտ բժիշկները բավականին արագ են յուրացնում այս մասնագիտությունը: Դա, անշուշտ, պայմանավորված է նաեւ նորագույն համակարգչային տեխնոլոգիաներով: Հետազոտության մեջ շերտագրման սարքը թույլ է տալիս արագ եւ ճշգրիտ, կրճատելով ճառագայթման հնարավորությունը՝ ախտորոշել հիվանդին՝ խուսափելով այլ հետազոտությունների անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ժամանակին սկսել բուժման ընթացքը՝ կրճատելով հիվանդի գտնվելը ստացիոնար պայմաններում։ Մասնագետների գնահատմամբ, այն ոչ միայն նպաստում է բուժման մեթոդի ճշգրիտ ընտրությանը, այլեւ երբեմն էլ՝ հիվանդի կյանքը փրկելուն։ Առաջին անգամ գործարկվող այս սարքը հեղափոխել է ախտորոշման եւ բուժման համակարգը, քանի որ հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ հետազոտությունները կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում։

http://bestgroup.am/  կայքի հարցերին պատասխանում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Մարինե Դավթյանը, ում մասնագիտական հոգատար եւ պրոֆեսիոնալ մոտեցումները օգնում են պացիենտին հաղթահարել առողջական խնդիրները:

-Առհասարակ, գործիքային հետազոտության նշանակումը, առաջին հերթին, բխում է հենց հիվանդի շահերից, քանի որ դրանով է պայմանավորված նրա բուժման հետագա ճիշտ ընթացքը: Այլ հարց է  հետազոտության տեսակի ճիշտ ընտրությունը, որը շատ կարեւոր է, քանի որ ամեն մի հետազոտության մեթոդ ունի իր առանձնահատկությունները, եւ  բժշկի խնդիրն է, ելնելով հիվանդի ներկայացրած գանգատներից, նշանակել այնպիսի հետազոտություն, որը առավել շատ ինֆորմացիա կտա տվյալ հիվանդության հայտնաբերման համար: Ոչ մի կոմպետենտ բժիշկ առանց հիմնավոր պատճառների չի նշանակի հետազոտություն, եւ, եթե նշանակվել է, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն  առողջապահության ազգային ինստիտուտի ու Երեւանի բժշկական համալսարանի սրտաբանություն եւ սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատակազմի աշխատանքի հիմնական սկզբունքը թիմային մոտեցումն է:

Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ դիագնոստիկ սարքավորումներով, այստեղ իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային տոմոգրաֆիա, կորոնար անոթների եւ սրտի, այդ թվում՝ սրտի բնածին արատներով պացիենտների համակարգչային շերտագրում (ՀՇ): Իհարկե, իրականացվում են նաեւ մյուս օրգան-համակարգերի հետազոտություններ: Մեր սարքը նորագույններից է, եւ հետազոտությունների հնարավորությունները բավականին մեծ են. մենք կատարում ենք ԿՏ, կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա:

-Բժշկուհի՛, Ձեր արմատներում բժիշկներ կա՞ն:

-Իմ արմատներում բժիշկներ չկան, եւ ես առաջինն էի, որ բժիշկ դառնալու որոշում կայացրեցի, այնուհետեւ հորեղբորս աղջիկը բժիշկ դարձավ. նա սրտաբան է: Ես գինեկոլոգ դառնալու նպատակ ունեի, բայց մինչ համալսարանն ավարտելն ունեցա երկու երեխա եւ հասկացա, որ երկար աշխատաժամերով աշխատել չեմ կարող: Ու նաեւ սովորելու տարիներին տեսա, թե ինչքան կարեոր նախապայման է ճշգրիտ աշխտորոշումը բուժման համար, եւ վերջին  տարիներին որոշեցի, որ պետք է ընտրեմ աշխտորոշման ուղղությունը որպես նեղ մասնագիտացում: Ընդ որում, գնացի ճառագայթային ախտորոշման օրդինատուրա, որպեսզի դառնամ մամոգրաֆիայի մասնագետ: Մագդա Սահակի Բերբերյանի մոտ մեկ տարի ուսանելուց հետո նա ինձ հարցրեց, թե ինձ բժշկական որ ոլորտում եմ տեսնում: Պատասխանեցի, որ ցանկանում եմ դառնալ մամոգրաֆիայի մասնագետ: Նա ասաց, որ իմ աչքը շատ սուր է, եւ առաջարկեց, որպեսզի ընտրեմ ավելի լայն սպեկտրով ուղղվածություն: Ես լսեցի ռենտգենոլոգների մի քանի սերնդի կրթած հրաշալի մասնագետի, մանկավարժի, հիանալի մարդու խորհուրդը, եւ նա հավերժ որպես լեգենդ կապրի իր ուսանողների, պացիենտների հուշերում: 15 տարի աշխատեցի սոնոգրաֆիստ, որից հետո իմ ընկերներից մեկն առաջարկեց ընտրել ավելի լայն ընդգրկմամբ ճյուղ, եւ ես տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոցի դիագնոստիկայի բաժանմունք: Սկզբնական շրջանում սկսեցի հերթապահություններով, որոնք ինձ թույլ տվեցին 2 տարվա ընթացքում ավագ գործընկերներիս շնորհիվ ձեռք բերել անփոխարինելի փորձ շտապօգնության ծանր բաժանմունքում ու նաեւ միայնակ աշխատելու ռիսկ:

2018թ.-ին, երբ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնը ձեռք բերեց համակարգչային շերտագրման սարք, մասնակցեցի հարցազրույցի, եւ որոշում կայացվեց, որ ես եմ մնում որպես բժիշկ-ռադիոլոգ: Ինձ սիրտ-անոթային տոմոգրաֆիայի համար վերապատրաստման ուղարկեցին Ավստրիա՝ Վիեննա, եւ վերապատրաստումից անմիջապես հետո աշխատանքի անցա «Նորք-Մարաշ» բժշկական  կենտրոնում: Իմ կարծիքով, ինչքան ծանրաբեռնված պայմաններում աշխատես, այնքան մասնագիտորեն կհմտանաս:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Կյանքիս ուսուցիչ համարում եմ տատիկիս՝ շատ իմաստուն կնոջ, որն ինձ դեռ մանկահասակ տարիքից տալիս էր անփոխարինելի խորհուրդներ: Իսկ բժշկության մեջ, իհարկե, Մագդա Բերբերյանն էր: Նա որեւէ արդարացում չէր գտնում չպարապելու, չկարդալու համար՝ նշելով, որ ինքն էլ գիտական թեզը գրել է խոհանոցում, երբ ընտանիքի անդամներն արդեն քնած էին:

Իսկ օրդինատուրայում ուսուցանելու ընթացքում կարող եմ նշել Արմեն Կարպի Ղազարյանի անունը, ինձ օգնել են նաեւ Հանրապետական հիվանդանոցի իմ ավագ գործընկերները: Կարող եմ որպես ուսուցիչ նշել նաեւ Ուկրաինայի մանկական հիվանդանոցներից մեկի ռադիոլոգիայի բաժանմունքի առաջատար մասնագետներից մեկին, որին ցանկացած պահի կարող եմ դիմել անհրաժեշտ խորհրդի համար: Ինձ ուսուցիչ կարող եմ համարել նաեւ Հայաստանում սրտաբանության վիրաբուժության հիմնադիր Հրայր Սահակի Հովակիմյանին, ում հետ շփվելու եւ ումից ամեն օր դաս քաղելու պատիվն ունեմ:

-Ի՞նչ կասեք մասնագիտական ասոցիացիաների մասին:

-Մեր՝ ռադիոլոգների ասոցիացիան մի քանի տարի է, ինչ գործում է եւ բավականին դրական ազդեցություն ունի մեր ոլորտի զարգացման գործում: Առաջինը. մեր ոլորտի բոլոր մասնագետները համախմբվում են, իրականացվում է փորձի փոխանակություն, կազմակերպվում են բազմաթիվ կոնֆերանսներ, ինչպես նաեւ մեզ տեղեկացվում է, թե ինչ կոնֆերանսներ, դասընթացներ են անցկացվում դրսում, եւ ընդհանրապես բավականին ջերմ, բարեկամական մթնոլորտ է ստեղծել բժիշկների հարաբերություններում:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Այդ առումով մեր կենտրոնում մինչ օրս հիվանդների հետ որեւէ խնդրի չեմ բախվել: Իհարկե, տարբեր ինտելեկտի մարդկանց հետ ենք շփվում, բայց չեմ կարող ասել, որ դիմելիության կուլտուրան շատ ցածր է: Եթե, օրինակ, հետազոտման ընթացքում հայտնաբերվում է չարորակ գոյացություն, եւ, քանի որ չկա օրենք, որտեղ գրված է, թե ինչպես պետք է վարվենք նման դեպքերում, ես զգուշորեն ներկայացնում եմ իրավիճակը, որպեսզի հիվանդն ինձ հետ կարողանա հաղթահարել բարդությունները:

-Մեր բժշկության ապագան հուսալի՞ ձեռքերում է:

-Երիտասարդ կադրերն այսօր բավականին բարձր մակարդակ ունեն, ես հիանում եմ նրանց ձգտող, պրպտող տեսակով, իրենց նեղ մասնագիտացման հարցում մեծ հետաքրքրությամբ: Գնալով մեծանում է մրցակցությունը, եւ ամեն մեկը փորձում է գտնել իր ուրույն ձեռագիրը: Նրանք չեն սահմանափակվում իրենց ոլորտով, իսկ լեզուների իմացությունը տեղեկատվություն ստանալու իմաստով միջազգային գրականությունից եւ ինտերնետ պորտալից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Մի խոսքով, ես նոր սերնդի հետ շատ մեծ հույսեր եմ կապում, եւ մեր սերնդի բժիշկները նրանց են փոխանցում նաեւ իրենց գիտելիքները:

Ի դեպ, ես երեխաներիս չեմ ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում: Տղաս այլ մասնագիտություն է ընտրել, աղջիկս ցանկանում էր ընտրել բժշկի մասնագիտությունը, սակայն, անկեղծորեն ասեմ, ես խանգարեցի նրան ընտրության հարցում՝ շեղելով բժշկությունից:

Ես իրականում անսահման եմ սիրում իմ մասնագիտությունը, երբեւէ չեմ մտածել այլ մասնագիտության մասին, պարզապես չցանկացա, որ իմ աղջիկն անցնի այս հետաքրքիր եւ, միաժամանակ, ծանր ուղին:

-Որտե՞ղ եք  գտնում Ձեր հանգիստը օրվա գերլարված աշխատանքից հետո:

-Հանգիստս հիմնականում գտնում եմ տանը, բայց միաժամանակ սիրում եմ ակտիվ հանգիստը եւ ընկերական շրջապատս: Ի դեպ, ես արդեն թոռնիկ ունեմ, որի մեջ գտնում եմ իմ հոգեկան անդորրը, նա ինձ պարգեւում է էներգիայի մեծ աղբյուր:

-Ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը կհորդորեմ լինել առողջ եւ պահպանել առողջությունը, որը կորցնելուց հետո այն վերականգնելը բավականին դժվար է: Ուստի անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպ, ժամանակին դիմել բժշկի, որպեսզի կանխվի  հիվանդությունը, այն չբարդանա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր