ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն

 Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար: Մեր սրտաբանների ջանքերի շնորհիվ սրտաբանությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մեր երկրում վերջին տարիներին  զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի՝ արձանագրելով սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր մեր հանրապետությունում ունենք սիրտ-անոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն օգնելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը սրտաբանության բնագավառի բազում մասնագետների համար նոր մոտեցումների ու գիտելիքների ձեռքբերման շտեմարան է դարձել, ունի տարածաշրջանային նշանակություն, հույս է պարգեւել, վտանգված կյանքի փրկօղակ դարձել հազարավոր հիվանդների համար: Կենտրոնն ապահովված է բարձր որակավորման մասնագետներով, հագեցած՝ նորագույն սարքավորումներով, իսկ ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն նաեւ առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի բժշկական համալսարանի սրտաբանություն ու սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: 

http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է սրտաբան-առիթմոլոգ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի (ՆՄԲԿ) առիթմոլոգիական ծառայության ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ով, չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի առողջապահության համակարգում անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ առիթմոլոգիայում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել է եւ գնահատվելու է հանրության կողմից:  Վստահ ենք, որ նա ոչ միայն կշարունակի բազմաթիվ մարդկանց առողջ սիրտ պարգեւել, այլեւ իր ղեկավարած բաժանմունքին ուրույն ձեռագիրը կթողնի՝ պահպանելով պատկառելի բժշկական կենտրոնի նախորդների ստեղծած ավանդույթները, բարձր պահելով  տարածաշրջանային սրտաբանական կենտրոնի վաստակած կոչումը:  

-Բժշկուհի, ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը: 

-«Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունն իրականացնում է առիթմոլոգիական ախտորոշիչ եւ բուժական տարատեսակ ծառայություններ։

Ախտորոշիչ ծառայություններից կատարվում են էլեկտրասրտագրություն, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն էրգոսպիրոմետրիայով, սթրես-էխոսրտագրություն (դեղորայքային եւ ոչ), հոլտեր հետազոտություն (17-72 ժամ տեւողությամբ), էվենթ հետազոտություն, արյան ճնշման ամբուլատոր մոնիտորինգ (20-24 ժամ տեւողությամբ), ռիթմ ձայնագրող սարքերի (Internal Loop Recorder) իմպլանտացիա, ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, տրանսէզոֆագեալ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն:

Առիթմոլոգիական միջամտություններից ՆՄԲԿ-ում կատարվում են սրտի բոլոր տեսակի էլեկտրական խթանող սարքերի իմպլանտացիաներ ու ռիթմի խանգարումների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն եւ աբլացիա՝ սրտի ռիթմավար սարքերի իմպլանտացիա, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա, փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքերի իմպլանտացիա, վերփորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային եւ նախասրտային էքստրասիստոլաների աբլացիա, նախասրտերի թրթռման աբլացիա, նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա, նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիա: Միջամտություններն իրականացվում են ամերիկյան արտադրության գերժամանակակից եռաչափ քարտեզագրման համակարգի օգնությամբ: 

Սրտի ռիթմի խանգարումները սրտային հիվանդությունների ամենից հաճախ հանդիպող բարդություններն են, կարող են հանդես գալ առանց սրտի կառուցվածքային հիվանդություն ունենալու, կարող են արտահայտված լինել համակարգային տարբեր խնդիրների եւ հիվանդությունների ձեւով: 

-Ո՞ր դեպքում է կատարվում վիրահատական միջամտություն: 

-Լինում են անվնաս, անմեղ տեսակի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում շատ մեծ միջամտություններ չեն պահանջվում, պարզապես այդ պացիենտներին վերցնում ենք մեր հսկողության տակ: Լինում են նաեւ խնդրահարույց ռիթմի խանգարումներ, որոնք կարող են առաջացնել պացիենտի ինքազգացողության վատացումից մինչեւ կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ, որոնց դեպքում պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, երբեմն նաեւ՝ հրատապ կարգով: Ու, ցավոք, ժամանակին բուժօգնություն չստացած պացիենտները կարող են մահանալ, ռիթմի խանգարումները կարող են հանդիսանալ սրտային հանկարծամահության գլխավոր պատճառ: Այդ իսկ պատճառով առաջնային օղակում ռիթմի խանգարում նկատելիս պետք է պացիենտին ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ, որպեսզի նա կարողանա գնահատել ու տարանջատել անվնաս խանգարումը կյանքին վտանգ սպառնացող խանգարումից: Ինչպես արդեն նշեցի, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական կլինիկան սպասարկում է բազմատեսակ ռիթմի խանգարումներով հիվանդների, եւ ցանկացած տեսակի առիթմիայով պացիենտ կարող է դիմել մեզ: Ընդ որում, չկա տարիքային սահմանափակում, եւ բուժօգնության համար մեզ դիմում են հանրապետությունից, Արցախից եւ արտերկրից նույնպես: 

Մենք ունենք ամբուլատոր եւ ստացիոնար տարատեսակ ծառայություններ: Անչափ կարեւոր է հիվանդության ժամանակին ախտորոշումը եւ գրագետ բուժման ուղեցույց կազմելը: Օրինակ, նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ մարմնի մեծ զանգված ունեցող, զարկերակային գերճնշմամբ եւ շաքարային դիաբետով տառապող պացիենտների, այսինքն՝ ոչ ակտիվ մարդկանց շրջանում: Տարիքն էլ նշանակություն ունի. որքան մեծ է պացիենտը, այնքան մեծանում է հիվանդանալու հավանականությունը: Այդ մարդկանց խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես ակտիվ, աշխատել մարմնի զանգվածի իջեցման վրա, ինչպես նաեւ  վերահսկել զարկերակային ճնշումն ու գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, այսինքն՝ առնվազն շաբաթական երեք օր պետք է զբաղվել սպորտով: Երկրորդ ճանապարհը 6 ամիսը մեկ հետազոտություն անցնելն է, ինսուլտի առաջացման հավանականությունը գնահատելը: Մենք դա անում ենք հատուկ սանդղակների օգնությամբ, եւ դրանցով ստացած միավորների արդյունքում պացինտին կարող է նշանակվել արյունը ջրիկացնող՝ հակամակարդիչ դեղորայք, որը թույլ չի տա առաջացնել թրոմբներ: Եվ երրորդ ճանապարհը միջամտական՝ նախասրտի աբուլյացիայի ճանապարհն է: Դրանք ոչ թե փոխարինում են մեկը մյուսին, այլ համակցված են կիրառվում: 

-Ի՞նչ հետեւանքներ է թողնում COVID 19-ը ձեր բնագավառում:

-Ցավոք, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ ավելի մեծ է ծանր ընթացքի եւ մահացու ելքի հավանականությունը: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ խնդրահարույց դեպքեր մեր պացիետների հետ, ականատես եղանք սրտի խանգարումների, միոկարդիտների, սրտային անբավարարությունների, ինֆարկտների ու մահացություն դեպքերի՝ նույնպես: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր եմ համարում սիրտ-անոթային քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների (սրտամկանի ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություններ, սրտի վիրահատություններ տարած, զարկերակային հիպերտենզիա, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարում ունեցող) պատվաստվելը COVID-19-ի դեմ, որպեսզի, եթե նույնիսկ հիվանդանան, հիվանդությունը թեթեւ ընթացք ունենա, չվնասի, հաշմանդամ չդարձնի պացիենտներին:  

-Բժշկուհի՛, երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել մեր առողջապահական համակարգի ապագայի մասին:

- Բավականին բանիմաց եւ խելացի երիտասարդներ ունենք, կան նաեւ մասնագետներ, որոնք սկսել են վերադառնալ Եվրոպայից: Ուրախալի փաստ է նաեւ այն, որ նրանք ոչ միայն աշխատելու, այլ նաեւ գիտության մեջ արարելու ցանկություն ունեն: Ընդհանրապես ես չեմ դադարում հիանալ, զարմանալ երիտասարդ սերնդով. նրանք իսկապես շատ ավելի խելացի են, շատ ավելի ճկուն, ավելի նպատակասլաց, եւ մեզ մնում է նրանց մեջ արթնացնել սեր դեպի սրտաբանությունն ու առիթմոլոգիան, փոխանցել մեր փորձը, ինչպես նաեւ խորը համոզմունքը, որ բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ մեր առողջապահական համակարգը ապագայում վստահելի ձեռքերում կլինի: 

-Ըստ Ձեզ, Հայաստանում ձեւավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:

-Այդ ուղղությամբ բավականին դրական տեղաշարժ կա: Դիմելու կուլտուրան բավականին բարձրացել է, կարող եմ ասել՝ շատ քչերն են միայն ծայրահեղ վիճակի հասնելուց հետո դիմում բժշկի: Բավականին աճ է գրանցվել նաեւ ամբուլատոր ծառայությունների դիմելիության հարցում: Դրանում մեծ դեր կարող է խաղալ ինչպես պետական աջակցությունը, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող առողջապահական ապահովագրությունը, եթե այն ներգրավի մեծ թվով մարդկանց:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, որը նաեւ պատերազմ տեսավ: 

-Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված սրտաբանական հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Առկա է որոշակի (հնարավորության սահմաններում) պետական աջակցություն թե՛ սոցիալական որոշ խմբերին պատկանող հիվանդներին, թե՛ վերջիններիս մասնագիտական օգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին: Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ: Արցախյան վերջին պատերազմից անցել է մեկ տարի, մեկ տարի է, ինչ ավարտվել է այդ 44-օրյա մղձավանջը։ Սակայն չի անցել կսկիծն ու ցավը, այն դեռ երկար տարիներ մխալու է, չի անցնելու, չի մոռացվելու։ Մեր հերոս տղաները կենաց-մահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին, զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Սիրելի՛ մայրեր եւ հայրեր, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ հայրենասիրական ոգով ձեր որդիներին դաստիարակելու եւ նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար: Նրանց արյամբ պահված մեր հայրենիքի գարունները պիտի գան ու չգնան: Մենք պիտի փայփայենք այդ գարունները՝ ի հիշատակ նրանց չապրած գարունների ու հանուն նրանց երազանքների: Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն եւ հայրենանվիրումի ոգի, համախմբում ու միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբման, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման ուղղությամբ։  

Իսկ մեր հայրենակիցներին կոչ եմ անում. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր