Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ

(0 votes)
  • Адрес: ՀՀ, ք. Գյումրի, Ղ. Ղուկասյան 30
  • Телефон: +374-312-5-13-12, +374/-98-35-45-93/բջջ./
There is no translation available.

82 տարի առաջ` 1934 թվականին արհեստների և արվեստների քաղաք Լենինականում հիմնադրվեց միջնակարգ մասնագիտական երաժշտական առաջին կրթօջախը` ուսումնարանը, որին վիճակված էր արժանավայել էջեր գրել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ: Լենինականի երաժշտական ուսումնարանը Հայաստանի երաժիշտ-մասնագետների կռման և կոփման անդրանիկ դարբնոցն է եղել:

1954 թվականին ուսումնարանի 20 ամյակի կապակցությամբ ՀՍՍՌ Մինիստրների Սովետը որոշեց երաժշտական ուսումնարանը կոչել հայ ականավոր կոմպոզիտոր Քրիստաֆոր Կարա-Մուրզայի անվան: Ութ տասնամյակից ավել տարեգրություն ունեցող կրթօջախը անցել է կայացման հստակ ճանապարհ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից ուսումնարանում /ներկայիս քոլեջում/ գործել են դաշնամուրային, լարային, փողային, երգեցողության իսկ ավելի ուշ նաև տեսական և ժողգործիքների բաժինները: Այսօր քոլեջը համալրվել է ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան նոր բաժիններով` էստրադային երաժշտարվեստ, դիզայն, պարարվեստ և դերասանական արվեստ:

Ի սկզբանե երաժիշտ-մանկավարժները անմնացորդ նվիրվեցին իրենց գործին և ջանք չխնայեցին նորաստեղծ կրթօջախի և մեր քաղաքի մշակութային կյանքի կայացանն ու զարգացմանը: Նշենք նրանցից մի քանիսին` Մինաս Քրիշչյան /ուսումնարանի առաջին տնօրենը/ Ա. Դոլուխանյան, Ե. Խունունց, Ա և Բ Չալդրանյաններ, Մ. Ծատուրյան, Գ. Գևորգյան ինչպես նաև Մոսկվայից և Լենինգրադից հրավիրված մասնագետներ  Օ. Գոլուբևա, Լ. Մոլևա, Ե. Կրանց, Ա. Յաննովսկայա: Ուսումնարանի առաջին շրջանավարտներից են Սեդա Տաշչյանը, Մարգարիտ և Ցիցիլիա Բրուտյանները, Գուրգեն Նալբանդյանը, Կարա Գևորգյանը, Մնացական Չախոյանը, Աննա Բարսամյան-Ծառուկյանը, Ֆելուշ Մկրտչյանը, Ելենա Աբաջյանը և այլք: Նրանցից շատերը հետագայում դարձան հանրապետության հայտնի երաժիշտներ, երաժշտագետներ, վաստակաշատ մանկավարժներ:

Շրջանավարտներից շատերը իրենց հետագա կրթությունը շարունակել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և վերադարձել հարազատ կրթօջախ շարունակելու մեծերից ժառանգած մանկավարժի վեհ առաքելությունը: Տարբեր սերունդների լավագույն շրջանավարտները միշտ մասնակցել են բազմաթիվ և բազմաբնույթ մրցույթների արժանանալով բարձր պարգևների` նվաճելով ՀՀ և աշխարհի մեծ բեմերը.

  • Կարլեն Թոփչյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
  • Ռոզա Թանդիլյան – Դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • Հմայակ Դուրգարյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Իսպանիայի Օվյեդի համալսարանի պրոֆեսոր
  • Երվանդ Երկանյան – ջութակահար, կոմպոզիտոր
  • Սեդրակ Երկանյան -  Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժոր
  • Մարտուն Իսրայելյան – Կոմպոզիտոր
  • Նարինե Սիմոնյան – Մենակատար, երգեհոնահար
  • Ծովինար Հովհաննիսյան – ստեղծագործող քանոնահար
  • Իրինա Զաքյան – Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի
  • Հրանտ Մարտիրոսյան – Լոնդոնի նվագախմբի արտիստ, ջութակահար
  • Վլադիկ Օթարյան  - Գերմանիայի Համբուրգի նվագախմբի արտիստ:

Իրենց գործունեությունը ծավալել են Երևանի պետ. Կոնսերվատորիայում հայտնի երաժշտագետներ Աննա Բարսամյան–Ծառուկյանը, Մարգարիտա և Ցիցիլիա Բրուտյանները, Արաքսի Սարյանը, Սուսաննա Ամատունին:

Ուսումնարանի երաժշտագետ և կոմպոզիտոր շրջանավարտները կրթվել են արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր-տեսաբան Լենինականի երգչախմբային ընկերության հիմնադիր Ազատ Շիշյանի դասարանում: Առանձնակի տեղ են գրավել ուսումնարանի փողային և ժող գործիքների բաժիննեը: Փողային բաժնի ուսանողներից լավագույնները համալրել են Երևանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերը:

Ուսումնարանի փողային բաժնի մանկավարժներից և նրանց հետնորդներից բաղկացած նվագախմբի Գեորգի Ձամուկաշվիլու ղեկավարությամբ 90-ական թվականներին մասնակցել են Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած «Ոսկե շեփոր» մրցույթին և արժանացել Գրան-Պրի մրցանակին:

Արհեստների և արվեստների քաղաք Լենինականին միշտ հոգեհարազատ է եղել ժող նվագարանների գունեղ հնչողությունը: Եվ ահա 1951 թվականին բացվում է ժողգործիքների բաժինը, որը աննախադեպ հնարավորություն տվեց լենինականցուն մասնագիտորեն տիրապետելու տարբեր ժող նվագարաններ:

1987 թվականին Լենինականում ստեղծվում է ժող գործիքների համույթ /ղեկավար Ջիվան Խաչատրյան/, որի գրեթե բոլոր անդամները կարամուրզացիներ էին: Համույթը այսօր էլ շարունակում է իր համերգային գործունեությունը:

Տարիներ շարունակ ուսումնարանի դաշնամուրային և լարային բաժինները աչքի են ընկել ուսանղների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակով: Մեր օրերում ևս այդ ավանդույթը պատվով շարունակում են

Վարդան Գյոդակյան դաշնակահար /դասախոս Մարիա Կարապետյան/ ազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, մրցույթ-փառատոների դափնեկիր, կրկնակի ոսկե մեդալակիր, ՀՀ և ԼՂՀ «Տաղանդավոր, պատանի երաժիշտ- կատարողների կայացման և կատարելագործման» նպատակային ծրագրի մասնակից

Դիանա Սարգսյան ջութակահարուհի / միջազգային մրցույթի դափնեկիր և Արուսյակ Ղևոնդյան Ջութակահարուհի դասախոս պարգև Չոլախյան/:

Ի դեպ Պարգև Չոլախյանը արհեստավարժ երաժիշտ լինելուց զատ 1984 թվականից մինչ օրս վարում է ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

Քոլեջում այսօր գործում են.

Ջութակահարների համույթ – ղեկավար Երվանդ Վարոսյան

Ժող. գործիքների համույթ – ղեկավար Ալվարդ Երեմյան

Երգչախումբ – ղեկավար Աննա Հովհաննիսյան

2013 թվականին քոլեջի երգչախմբին վստահվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի  100-ամյա հոբելյանին նվիրված նոր բեմադրության երգչխմբային կատարումները և արժանացան բարձր գնահատականի:

Այսօր էլ շարունակվում են հարուստ ավանդույթներ ունեցող Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի բազմաշերտ և բազմաբովանդակ աշխատանքները տնօրեն Մարիա Կարապետյանի շնորհիվ: Նրա ղեկավարության առաջին իսկ օրվանից նոր շունչ և եռանդ հաղորդվեց քոլեջի ստեղծագործական և մշակութային կյանքին, ինչը կնպաստի քոլեջի փառահեղ պատմության էջերում նորանոր նվաճումների գրառմանը:

Հանդիպում Հմայակ Դուրգարյանի հետ

Ապրիլի 15-ին մենք` կարամուրզացինես, մեծագույն սիրով ու հպարտությամբ հյուրընկալեցինք Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի լավագույն շրջանավարտներից մեկին` ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ իսպանաբնակ Հմայակ Դուրգարյանին:

Ուսանողների և քոլեջի աշխատանքային հանրույթի հետ հանդիպման սկիզբն ազդարարեց երրորդ կուրսի ուսանողներ Վարդան Գյոդակյանի (դաշնամուր – դասախոս Մարիա Կարապետյան) և Դիանա Սարգսյանի (ջութակ – դասախոս Պարգև Չոլախյան) ողջույնի ելույթներով:

Այնուհետև Հ. Դուրգարյանը մեծ կարոտով ու հպարտությամբ կիսվեց իր հուշերով և մասնագիտական փորձառությամբ:

Ցուցադրվեցին մի շարք լուսանկարներ, որոնք ջութակահարին հնարավորություն ընձեռեցին շրջագայել իր անցյալովև հասնել ներկա: 

«Դաշնամուրային երաժշտության երեկո» 

Ապրիլի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Դաշնամուրային երաժշտության երեկո» խորագրով համերգ՝ դաշնակահարներ ՌՈՆԱ ՌԱՀԲԱՐԻԻ եւ ՎԱՐԴԱՆ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ մասնակցությամբ:

13-ամյա Ռոնա Ռահբարին միջազգային մրցույթների դափնեկիր է (2-րդ եւ 1-ին մրցանակ), սովորում է Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, դասատու՝ Լուսինե Գրիգորյան:

16-ամյա Վարդան Գյոդակյանը ևս  միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր է (2-րդ և 1-ին մրցանակ), սովորում է Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում` Մարիա Կարապետյանի դասարանում:

2013 թվականից «ՀՀ և ԼՂՀ պատանի տաղանդների կատարելագործման և զարգացման նպատակային ծրագիր» խմբի անդամ է:

«Դաշնամուրային երաժշտության երեկոյի» ընթացքում հնչեցին Կոմիտաս, Հարո Ստեփանյան, Բելա Բարտոկ, Ֆրեդերիկ Շոպեն, Լյուդվիգ վան Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Յոհաննես Բրամս:

Նրանց գեղեցիկ և արհեստավարժ կատարումները հիացրեցին հանդիսատեսին և մեծ բավականություն պատճառեցին նրանց:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը վերջին երկու տարիներին մասնագիտական օգնություն է ցուցաբերում  Շիրակի մարզի երաժշտական դպրոցներին: Քոլեջը ունենալով ՙԴաշնամուր՚, ՙԼարային գործիքներ՚, ՙՓողային և հարվածային գործիքներ՚, ՙԺողովրդական գործիքներ՚, ՙԵրգեցողություն՚, ՙԷստրադային երաժշտարվեստ՚, ինչպես նաև ՙԴիզայն՚, ՙՊարարվեստ՚, ՙԴերասանական արվեստ՚ մասնագիտությունները, խնդիր դրեց մարզում բացահայտել նաև շնորհալի արվեստասեր երեխաների, որոնք նույնպես կարող են հետագայում ստանալ պրոֆեսիոնալ կրթություն: 2016 թվականին քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի նախաձեռնությամբ հայտարարվեց մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոն ՙՀրաշքների մոլորակ՚ անվանումով: 2016 թվականի մայիսի 3-ից 5-ը հաջողությամբ անցկացվեց մրցույթ-փառատոնը, որը նվիրվեց Հայոց բանակի զինվորին: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի երաժշտական և հանրակրթական դպրոցների մոտ  երկու հարյուր քառասուն աշակերտ, ովքեր ցուցաբերեցին իրենց ունակությունները երաժշտական տարբեր ուղղությունների, դիզայնի, պարարվեստի և դերասանական արվեստի ոլորտներում: Մրցութային հանձնաժողովը` կազմված քոլեջի լավագույն մասնագետներից, բացահայտեց շատ օժտված երեխաների և պատանիների, որոնք այսօրվանից կապված կլինեն քոլեջի հետ: Մայիսի 12-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ դափնեկիրներին և խրախուսանքի արժանացած մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, պատվոգրեր և նվերներ: Լավագույն կրտսեր մասնակիցներն արժանացան փառատոնի ՙԱրամիկ՚ հատուկ մրցանակին: Մրցանակաբաշխությունը ավարտվեց առաջին մրցանակակիրների գալա համերգով: Մայիսի 19-ին Երևանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում նախատեսված է համերգ,  որպես կայացած ՙՀրաշքների մոլորակ՚ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի  հաշվետվություն:

Նվիրվում է Խաչատուր Ավետիսյանի 90 ամյակին

Յուրաքանչյուր մարդ կարող է սիրել արվեստը:

Բայց արվեստն արարել կարող է միայն ընտրյալը:

Նվիրվում է մեր հողից սերված ընտրյալներից մեկին` փայլուն քանոնահար, մանկավարժ, ժողովրդական նվագարաններ բաժնի հիմնադիր, կոմպոզիտոր Խ. Ավետիսյանի ծննդյան 90 ամյակին, ով պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն արվեստի` կյանքը իրենց խայթի հետ տվող մեղուների նման:

Նա լծեց աստղը իր սայլին: Գեղեցիկը կրելով իր մեջ` այն ձուլեց իր ստեղծագործություններին և իբրև գոհարներ սփռեց աշխարհով մեկ: Նրան ճանաչեցին ու սիրեցին և´ հայրենիքում, և´ սփյուռքում:

Տիրապետելով մի քանի գործիքների` թառ, քամանչա, ջութակ, դաշնամուր, քանոն, կոմպոզիտորը կատարելագործեց վերջինիս կատարման տեխնիկան, ստեղծեց քանոնի ուսումնական ձեռնարկներ, ծրագրեր և հիմնեց «ժողովրդական նվագարաններ» բաժինը դպրոցներում, ուսումնարաններում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա մարմնավորեց միտքը երաժշտության միջոցով՝  մշտապես ներհյուսելով երևակայության արծաթե թելը տքնանքների ու զրկանքների թևերով: Բացահայտեց ճշմարտությունը զգայական ձևով և վարպետությամբ:

Ասում են` մարդ մահանում է այն ժամանակ, երբ դադարում են իրեն հիշել:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը Խ. Ավետիսյանին հիշում է միշտ, քանի որ մեր «ժողովրդական նվագարաններ» բաժնի ուսումնական ծրագրի հիմնական մասը կազմված է կոմպոզիտորի բազմաբնույթ, ազգային ելևէջներով համեմված մեղեդային ստեղծագործություններից, որտեղ թագուհին մեղեդին է, իսկ թագավորը` ներդաշնակությունը:

Կոմպոզիտորի հետնորդների շնորհիվ, որոնց շարքերն են համալրում նաև մեր ուսումնարանի շրջանավարտներ Վազգանուշ Պարմինը, Ծովինար Հովհաննիսյանը, Անահիտ Վալեսյանը, պահպանելով իրենց ուսուցչի ստեղծած «ժողովրդական նվագարանների» ավանդույթները` նոր շունչ են տալիս դրանց և փոխանցում ապագա սերունդներին, ինչով էլ ավելի է կարևորվում վարպետի անմահ գործը:

Խ. Ավետիսյանի անունը ոսկե տառերով գրվեց «ժողովրդական նվագարանների» պատմության էջերի մեջ` որպես ի վերուստ նշմարված ազգանվեր գործի փայլուն դերակատար:

Հեղինակ` Մ. Կարապետյան

«ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ»

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ

ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ

2016թ.

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի կողմից նախաձեռնվեց «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը, որի կազմակերպչական աշխատանքները մեկնարկեցին փետրվար ամսից` քոլեջի երաժշտա-տեսական բաժնի վարիչ Դոնարա Իսահակյանի ղեկավարությամբ: Նախապես հայտարարված մեկամսյա ժամկետում հավաքագրվեց մրցույթի մասնակցության մոտ 240 հայտ ինչպես Գյումրու, այնպես էլ Շիրակի մարզի համայնքների երաժշտական և հանրակրթական դպրոցի սաներից:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները բաժանվեցին և դասակարգվեցին ըստ նախապես սահմանված տարիքային խմբերի (I խումբ-5-7տ..  II խումբ 8-10տ..,  III խումբ 11-13 տ.,  IV խումբ 14-17 տ.) և մասնագիտությունների (երաժշտա-կատարողական, դիզայն, պար և ասմունք):

Սույն թվականի ապրիլի 28-ին մրցույթ-փառատոնի մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում պարզաբանվեցին մրցույթ-փառատոնի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող բոլոր մանրամասները::

Մրցույթի մեկնարկը տրվեց 2016թ. մայիսի 3-ին և անցկացվեց եռօրյա ժամկետում:

Մրցութային երեք օրերը լուսաբանվեցին ինֆորմացիոն հովանավոր «Շիրակ» հանրային հեռուստաընկերության կողմից, ինչը շարժեց շատերի հետաքրքրությունը:

Մրցութային 3 օրերի ընթացքում ժյուրին հայտնաբերեց մոտ 150 շնորհալի, տաղանդավոր երեխաների և պատանիների: Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումը, մրցանակների և պատվոգրերի հանձնումը: Ձեռնունայն չմնացին նաև այն մասնակիցները, ովքեր որևէ մարցանակային տեղ չէին զբաղեցրել, սակայն ստացան խրախուսական հուշանվերներ և շնորհակալագրեր մրցույթին մասնակցելու համար: Մրցանակների հանձնման արարողությանը հետևեց գալա-համերգ մրցույթի դափնեկիրների մասնակցությամբ: Ապա մայիսի 19-ին «Հրաշքների մոլորակ»-ի հրաշքները իրենց գեղեցիկ կատարումներով փայլեցին նաև Երևանի Կոմիտասի ինստիտուտի-թանգարան բեմում:

Ելնելով «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի արձանագրած հաջողություններից նոր գաղափար հղացավ անցկացնել ամառային դպրոց, որտեղ ընդգրկել փառատոնի լավագույն մասնակիցներին:

Ամառային դպրոցի մեկնարկն ազդարարվեց հունիսի 28-ին «Ազգային պատկերասրահ» XII միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանի և մասնակիցների հետ հանդիպմամբ: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հյուրընկալ կամարներն այս անգամ ընդունեց Սոֆյա Մելիքյանին /դաշնամուր, Ֆրանսիա/, Ջեմմա Աբրահամյանին /ջութակ, Շվեյցարիա/, Գուրգեն Կակոյանին /կլարնետ, Շվեյցարիա/ և Անդերս Միոլինին /կիթառ, Շվեյցարիա/:

Փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանը ներկայացրեց վերոհիշյալ երաժիշտներին, ապա հանգամանորեն պատմեց փառատոնի և նրա անցած ուղու մասին, ցուցադրվեց հակիճ պատմող տեսանյութ: Երաժիշտները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, ներկայացրեցին իրենց երաժշտական գործիքների առավելություններն ու առանձնահատկությունները: Հանդիպման ավարտին անցկացվեցին վարպետության դասեր քոլեջի լավագույն ուսանողների հետ:

Այժմ համառոտ կներկայացնենք ամառային դպրոցի միջոցառումների շարքը.

  • Հուլիսի 6 - դաս «Հայ երգչախմբային արվեստի զարգացման պատմությունը» խորագրով, /քոլեջի երգչախմբի ղեկավար Աննա Հովհաննիսյան/:
  • Հուլիսի 7 - քոլեջի լարային բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարգսյանի մենահամերգը (դասախոս` Պարգև Չոլախյան):
  • Հուլիսի 8 -` դասախոսություն «Սիրենք մեր լեզուն» /քոլեջի հանրակրթական ցիկլի նախագահ Մարիետտա Հովհաննիսյանը և դասախոս Արմենուհի Սիրունյան/
  • Հուլիսի 9 - հանդիպում Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:
  • Հուլիսի 13 - զեկույց նվիրված Վ. Ա. Մոցարտին /քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս Մանյա Հովհաննիսյանը/
  • Հուլիսի 15 - դաս «Նկարչություն ազատ թեմայով» /քոլեջի «Դիզայն» բաժնի դասախոս Նարինե Սնխչյան/
  • Հուլիսի 20 – զեկույց «Չարի և բարու գոյամարտը» /հանրակրթական ցիկլի դասախոս Արմենուհի Սիրունյան/
  • Հուլիսի 22 – Հանդիպում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի, դերասաններ` Հովհաննես  Հովհաննիսյանի, Տիգրան Գաբոյանի և քոլեջի նորաբաց «Դերասանական արվեստ» բաժնի դասախոս, դերասան Վաղարշակ Ասատրյանի հետ: Նրանք կիսվեցին ներկաների հետ:

Բացի «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունից մրցույթ-փառատոնը լուսաբանվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից` «Առավոտ լուսո» և «Հայլուր» ծրագրերի շրջանակներում: «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի հաջողություններից ելնելով տնօրեն Մարիյա Կարապետյանը և կազմակերպչական կազմը որոշեցին այն դարձնել շարունակական և ամենամյա:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ 2016-2017 ՈՒՍ ՏԱՐԻ

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը կրկին իր հյուրընկալ դռներն է բացել ուսանողների առջև: Մեկնարկեց 2016-2017 նոր ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս տարի ևս, կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն տնօրինության և աշխատանքնային ողջ հանրույթի կողմից:

Քոլեջում տիրում էր աշխույժ և ուրախ մթնոլորտ: Ապա տնօրենն ու փոխտնօրենը իրենց խրատական ողջույնի խոսքով բարի գալուստ մաղթեցին առաջին կուրսեցիներին:

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ

Այս տարի մեր երիտասարդ, նորանկախ ՀՀ-ն սեպտեմբերի 21-ին նշեց անկախության 25 ամյակը: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը ևս այս կարևորագույն տոնին ընդառաջ` սեպտեմբերի 20-ին իրականացրեց զեկույց-դաս, որը վարեց քոլեջի պատմության դասախոս Կարեն Մարտիրոսյանը: Նա մանրակրկտորեն պատմեց ՀՀ անկախության կայացման ողջ գործընթացը` պատմական, քաղաքական, իրավական և մշակութային տեսանկյուններից:

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տարիներ շարունակ կազմակերպվում և իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Սակայն դրանց շարքում առանձնացվում են մի քանիսը, որոնք ավանդաբար բայց յուրաքանչյուր անգամ նորովի մեկնաբանությամբ հանձնվում է ներկաների դատին: Այդպիսի միջոցառոմ է նաև ուսուցչի տոնը, որն այս տարի նվիրված է քոլեջի «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասախոս Մարիետա Հովհաննիսյանին, ով այս տարի անցավ վաստակած հանգստի:

Ներկաներին իրենց ողջույնի ելույթներով շնորհավորեցին ինչպես քոլեջի ուսանողները, այնպես էլ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի կրտսեր մասնակիցները:

Ավարտին` իրենց փոխադարձ բարեմաղթանքներով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, տնօրեն` Մ. Կարապետյանը և փոխտնօրեն` Պ. Չոլախյանը:

 

Հիմնադրման տարի 1934թ.
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր