ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- Адрес: ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128
- Веб страница: www.asue.am
- Телефон: +374-10-521720
- График работы: .
- Адрес электронной почты: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից: Այդ տարիներից սկսած` հայ տնտեսագիտական մտքի, ինչպես նաև Հայաստանում տնտեսագիտական կրթության ձևավորման ու զարգացման երախտավորներ են եղել անվանի գիտնական մանկավարժներ, պրոֆեսորներ Ղևոնդ Շաքարյանը, Հովհաննես Թումանյանը, Կարպիս Կարագյանը, Վռամ Կոստանյանը, Սուրեն Միքայելյանը, այլք:
Հետագայում բուհն անցել է կազմավորման փուլեր: Հաջորդը ԵՊՀ-ի կազմում ավելի քան չորս տասնամյակ տևողությամբ գոյությունն էր` որպես տնտեսագիտական ֆակուլտետ, որի ընթացքում շնորհիվ Երևանի պետական համալսարանում ստեղծված բարենպաստ պայմանների և ֆակուլտետի անձնակազմի քրտնաջան աշխատանքի, հսկայական առաջընթաց էր ապրել գիտամանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում:
Հայաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Բավական է ասել, որ ԵրԺՏԻ կազմավորման նախօրյակին (1974 թ.) տնտեսագետ ուսանողների թվաքանակը 1934 թ. համեմատությամբ տասնապատկվել էր` 305-ից հասնելով շուրջ 3 հազարի, իսկ մասնագիտությունների թիվը` 4-ից 11-ի: Սակայն բարձրագույն կրթությամբ տնտեսագետների նկատմամբ պահանջարկն աճում էր առաջանցիկ տեմպերով, ինչով էլ պայմանավորված էր տնտեսագիտական ինքնուրույն բուհի կազմավորման անհրաժեշտությունը 70-ական թվականներին: ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում էին աշխատում, ապա ժողովրդական տնտեսության ինստիտուտ տեղափոխվեցին անվանի տնտեսագետներ Անուշավան Կիրակոսյանը, Ավագ Ավանեսյանը, Ռայա Քալանթարյանը, Վարազդատ Խլղաթյանը, Լիպարիտ Թամազյանը, Սերգեյ Մելիքյանը, Հովհաննես Ֆահրադյանը, Շավարշ Մանուկյանը և այլք:
ՀՀ Կառավարության 1999 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թ. հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Իր նորագույն պատմության 37 տարիների ընթացքում ՀՊՏՀ պրոֆեսորդասախոսական կազմը, աշխատակիցները, շնորհիվ համախմբված ու հետևողական աշխատանքի, ակնառու հաջողությունների են հասել ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների բնագավառում:
1995 թ. սեպտեմբերից ՀՀ Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը:
Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ:
Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններում դասախոսում են տասնյակ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ: Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող:
Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև` հեռակա) ուսուցում: Բակալավրիատի առկա ու հեռակա և մագիստրատուրայի առկա ուսուցումը իրականացվում է կրեդիտային համակարգով: Ասպիրանտուրայում կրթությունը և' առկա, և' հեռակա ուսուցմամբ է: 2010-2011 թթ. ուսումնական տարվանից ասպիրանտուրայում նույնպես անցում է կատարվել կրեդիտային համակարգին:
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
Այսօր տնտեսագիտական մայր համալսարանում բարեփոխումների շրջան է. կրթական նոր ծրագրեր, բուհ-գործատու կապի ամրապնդում, նոր ժամանակների պահանջով բացված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտություններ, ուսումնական գործընթացում տեսական գիտելիքի ամրապնդում փորձով և փորձառության արդյունավետ կազմակերպմանը միտված գործընթացներ, դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառում, նյութատեխնիկական բազայի վերազինում, վերակառուցում:
ՀՊՏՀ-ն ունի նաև իր կերպարի մատուցման արտաքին բաղադրիչները` դրոշը, պատկերանշանը (լոգո), կարգախոսը, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին: