Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը
Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում, ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Կատարվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն: Դիմածնոտային վիրաբուժությունը բժշկության ամենաբարդ, միևնույն ժամանակ՝ պահանջված ուղղություններից է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է դիմածնոտային վիրաբույժ, օրթոդոնտ, «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի (CMS), Artcosmed էսթետիկ բժշկության եւ Մասիսի բժշկական կենտրոնների դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային վիրաբույժների և օրթոդոնտների ասոցիացիաների անդամ ՄԵՍՐՈՊ ՄԱՆԱՍՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, իր ընտրած ասպարեզում առաջ է գնում հաստատուն քայլերով, ամենայն պատասխանատվությամբ՝ իր կատարած բարձրորակ վիրահատություններով հարստացնելով պլաստիկ վիրաբույժի իր կենսագրությունը, հանրության շրջանում իր պրոֆեսիոնալիզմով ավելացնելով իր հեղինակությունը և բարի համբավը առ իր մարդկային կերպարը: Բժիշկ, որ իր գործն անում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի խնդրի նկատմամբ` ցուցաբերելով իսկական բժշկին վայել մարդկայնություն ու հոգատարություն:
- Պարոն Մանասյան, ներկայումս կա՞ն այլ նորամուծություններ քթի պլաստիկայի ոլորտում:
-Այսօր քթի պլաստիկան՝ ռինոպլաստիկան, կատարում ենք պահպանողական մեթոդով հիմնականում՝ փակ եղանակով, արտաքին կտրվածք չի կատարվում, արտաքին սպի չի առաջանում, զարկերակները չեն վնասվում, որի հաշվին հետվիրահատական շրջանում սնուցումն ավելի լավ է կատարվում, ապաքինման ընթացքն ավելի կարճ է տևում, դեմքն՝ ավելի քիչ է այտուցվում: Իհարկե, բնականաբար, բժշկի համար հեշտ է բաց եղանակով վիրահատություն կատարելը, քանի որ տեսադաշտը ավելի ապահովված է, իսկ փակ վիրահատությունների դեպքում, անշուշտ, պացիենտի համար շահավետ է, պակաս՝ տրավմատիկ: Ի դեպ, փակ վիրահատությունների առավել արդյունավետությունն ապահովելու համար բժիշկները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում: Ընդ որում, բժիշկներին ցուցվում է 80-100 բաց վիրահատություններ անելուց հետո, նոր միայն անցնել փակ վիրահատությունների:
-Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
-Ասեմ, որ ես նաև օրթոդոնտ եմ, անցել եմ Օրթոդոնտիա մասնագիտական կլինիկական օրդինատուրա՝ ակտիվորեն զբաղվել օրթոգնատիկ միջամտություններով և նման վիրահատությունների մեծ փորձ ունեմ: Իրականում նմանատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ինչպես կլման ակտի, այնպես էլ ծամիչ համակարգի խնդիրները, խոսքի հետ կապված խնդիրները, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան: Կատարված միջամտությունների շնորհիվ հնարավոր է լուծել նաև որոշ հոգեբանական և գործառութային խնդիրներ` կապված կծվածքի անոմալիայի հետ:
-Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:
-Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի` երեխաների վատ սովորությունները. մատը ծծել, երկարատև ծծակ օգտագործել, լեզուն ծամել եւ մի շարք այլ վատ սովորություններ, որոնք հանդիպում են հիմնականում մանկահասակ երեխաների շրջանում:
-Թքաքարային հիվանդություններից խոսենք:
- Թքաքարային հիվանդությունները հանդիպում է բավականին հաճախ: Հիվանդությունը բնութագրվում է քարի առաջացումով թքագեղձի հաստության(պարենխիմայի)կամ նրա ծորանի մեջ։ Թքաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ արյան պլազմայում հայտնաբերվում են կալցիումի քանակության բարձրացում, ինչը վկայում է նրանց օրգանիզմում հանքային փոխանակության խանգարման մասին: Առավել հաճախ թքաքարային հիվանդությամբ ախտահարվում են ենթածնոտային թքագեղձը, հազվադեպ՝ հարականջայինը: Թքագեղձի քարի չափերը լինում են տարբեր՝ կախված նրանց տեղակայությունից: Առաջանում են սուր ծակող ցավեր, որոնք սաստկանում են սնունդ ընդունելիս, դրան զուգահեռ նկատվում է նաև գեղձի մեծացում: Թքարտադրության խանգարումը բերում է ծորանում թքի խցանման, բերանում չորության և բորբոքային գործընթացի զարգացման:
-Նշեք, խնդրեմ, ատամների իմպլանտացիայի առավելությունները:
- Իմպլանտացիան ատամների վերականգման ամենաժամանակից եւ լավագույն եղանակն է։ Ատամների իմպլանտացիայի դրական կողմերը հետևյալն են՝ վերացնում է ատամնաշարի թերությունները՝ առանց հարևան ատամները հղկելու, չեն նյարդազրկվում, կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից, այն ուղղակի լրացնում է բացակա ատամները: Իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում: Իսկ ամբողջական ատամնաշարի իմպլանտացիան ուղղակի փրկություն է, քանի որ պրոթեզներ կրելը շատ ժամանակ բարդությունների առաջ է կանգնեցնում, մարդիկ դժվար են հարմարվում շարժականին, իսկ իմպլանտացիայի դեպքում՝ հավաքվում է անշարժ կոնստրուկցիա:
-Տեղյակ ենք, որ «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրենն եք, ի՞նչ նպատակ էիք հետապնդում՝ ստեղծելով այս կլինիկան:
-«Մանասյան» դենտալ կլինիկայի ստեղծման հիմքում մեր հասարակությանը գրագետ և հասանելի բուժօգնություն մատուցելն է: Մեր կլինիկան համալրված է իր նեղ մասնագիտացման մեջ առաջատար և փորձառու աշխատանքային թիմով և առանձնանում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ մոտ կա պորտատիվ ռենտգեն սարք, որի տուբուսը կապարապատ է, այն ճառագայթում չի տալիս պացիենտին և առանց պացիենտի տեղաշարժման, տեղում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Այս սարքի օգնությամբ հետազոտությունը ցուցված է նաև երեխաներին և հղիներին: Ունենք նաև ռադիովիզիոգրաֆ սարք, որը եկել է փոխարինելու նախկին ժապավեններին, որի շնորհիվ համակարգչի էկրանին երևում է պատկերը, և դա էլ իր հերթին բավականին հեշտացնում է ախտորոշման ընթացքը: Ունենք նաև ատամնաշարի սպիտակեցման նորագույն սարք, ինչպես նաև իմպլանտացիայում կիրառելի սարքավորումներ, արմատախողովակների մշակման հատուկ սարքավորումներ, ապեքսլոկատոր, որի միջոցով որոշվում է ատամի արմատի չափը, որպեսզի հետագայում չկանգնեն շատ ու քիչ լիցք անելու խնդրի առջև. խնդիր, որ բերում է բորբոքման և թարախակալման:
Մեր կլինիկան համալրված է նեղ մասնագետներով. ունենք մանկական ստոմատոլոգ, թերապևտ, օրթոպեդ, իսկ օրթոդոնտայով և վիրաբուժությամբ զբաղվում եմ ինքս: Իհարկե, կլինիկայում կան նաեւ վիրաբույժներ, ովքեր նույնպես ակտիվորեն զբաղվում են վիրաբուժությամբ: Այո, վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում ստոմատոլոգիայի հետ կապված ամբուլատոր ցանկացած բուժում իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան:
-Ի՞նչ է քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիան:
- Հոդի դիսֆունկցիան առաջանում է ծամիչ մկանների հավասարակշռված աշխատանքի և երկու հոդերի համաձայնեցված շարժման խանգարման դեպքում:
Հոդը ունի բարդ կառուցվածք, նրա մեջ կա սկավառակ: Կապանային համակարգի թուլանալու հետևանքով հոդագլխիկը փոսիկից դուրս է գալիս, որի արդյունքում կտկտոցներ են լսվում: «Շրխկոցների» առկայությունը հետագայում առաջացնում է այլ խնդիրներ, նույնիսկ եղել է դեպք, երբ հոդափոսիկի ոսկորի մաշվածությունից հոդագլխիկը մտել է գանգի մեջ: Պատճառագիտությունը` մկանային համակարգի ախտաբանական պրոցեսներ (բորբոքային, դեգեներատիվ, հետտրավմատիկ), ատամնածնոտային համակարգի փոփոխություններ (ծամիչ ատամների կորուստ, իմաստության ատամների ծկթում և այլն):
Գանգատները` մշտական բութ գլխացավեր, ցավերի ճառագայթումը դեպի ականջ, քունքային, գագաթային և ծոծրակային շրջաններ, լեզու, ըմպան, պարանոցի կողմնային հատված և ձեռք, լսողության նվազեցում, ականջների փակվածության զգացում և աղմուկ, արցունքահոսություն և լուսավախություն, ծնոտների միաբերման զգացում քնից հետո, այրոցի զգացում բերանի խոռոչում:
Օբյեկտիվ տվյալներն են`շրխկոց, բերանը բացելու սահմանափակում, բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է կողմ: Ակնաճեղքը նեղացած է, իսկ բերանի անկյունը բարձրացած է ախտահարման կողմում: Առկա է ցավոտ և ձգված մասեր մկանների առանձին հատվածներում (ծամիչ, բերանի հատակի, պարանոցի հետին մկաններ և կրծոսկրաանրակապտկաձեւ մկան): Ռենտգենաբանորեն ոսկրային կառուցվածքը փոփոխված չէ, նկատվում է հոդագլխիկների և հոդաճեղքերի անհամաչափություն:
Պետք է խիստ հետևողական լինել: Սկզբնական շրջանում կատարվում է կոնսերվատիվ բուժում. սպրինտ թերապիա և միոռելակսիացիոն թերապիա, նյարդամկանային ստոմատոլոգիայի ճյուղին պատկանող հիվանդություն է, ծնոտի դիրքը բերելով պացիենտի համար հարմար դիրքի՝ հոդը կսկսի ճիշտ աշխատել, մկանային լարվածությունը կվերանա: Մինչ բուժումը պացիենտը անցնում է մի շարք հատուկ հետազոտություններ, որին հաջորդում է բուժումը: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ՝ ռենտգենաբանական (զույգ հոդերի շերտագրում` ստորին ծնոտի ֆունկցիոնալ հանգստի և առավելագույն իջեցված դիրքերում), ՄՌՏ, ֆունկցիոնալ էլեկտրամիոգրաֆիա, ֆոնոգրաֆիա, աքսիոնոգրաֆիա:
-Իսկ ի՞նչ կասեիք մեր հասարակությանը, ի՞նչ կցանկանայիք ավելացնեիք մեր զրույցին:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, սովորի գնահատել իր թանկագին առողջությունը, ավելի հաճախ անցնի կանխարգելիչ զննումներ: Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը: Հարգենք մեզ, մեր կյանքը և պահպանենք մեր առողջությունը: Բժիշկներս էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ. ջանում ենք ընթանալ առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց, փորձում ետ չմնալ եվրոպական առաջադեմ երկրներից