ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Այսօր մեր հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանությունը բարձր մակարդակի վրա է գտնվում

Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը վերաբերող բոլոր միջոցառումները: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Հիվանդության բուժման գործում, իհարկե, կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության բժշկության այս ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը (ծավալը): Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը ստեղծվել է դեռևս Հայաստանի համար դժվարին տարիներին,  ունի հաստատուն և լայն միջազգային կապեր արտերկրի առաջատար բժշկական կենտրոնների հետ: Բաժանմունքի գլխավոր ձեռքբերումներից է նաև խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերի ներդրումը, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կլինիկաներում և այդ երկրների մասնագետների հետ համատեղ իրականացնում մի շարք գիտահետազոտական նախագծեր: 

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկաներով, որն էլ հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝  նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում քիթ-կոկորդ-ականջաբանության  ախտաբանությունների  համալիր  ֆունկցիոնալ ախտորոշմանը: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար ԳԵՂԱՄ  ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է, բժիշկ, ում ուսերին դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական շատ մեծ ծանրաբեռնվածություն:

Պարոն Խանդանյանի պես բժիշկների կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնել եւ օգնում է մեր ժողովրդին համավարակի ծանր ու լարված օրերին:

Բժիշկների անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը նպաստեցին հազարավոր հայորդիների ապաքինմանը դաժան պատերազմական օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում: Բարեխղճորեն կատարելով իրենց ամենօրյա աշխատանքը՝ նրանք մարդկանց վերադարձնում են հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանն ու վերաիմաստավորմանը:   

Ցանկացած իրավիճակում արժևորվել և բարձր են գնահատվել բուժաշխատողների աշխատանքն ու դերը, բազում անքուն գիշերների, ծանր հերթապահությունների, գերլարված աշխատանքային օրերի լավագույն արդյունքն ապաքինված քաղաքացիներն են, փրկված մարդկային կյանքերը:  

- Պարո՛ն Խանդանյան, Ձեր մասնագիտությունը, իհարկե, ունի  որոշակի յուրահատկություններ, Դուք գործ եք ունենում անատոմիապես երեք  փոխկապակցված օրգանների հետ, դժվար չէ՞  տարբերակալել, թե հատկապես որտեղ է գտնվում բորբոբոքային կամ խնդրահարույց օջախը:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ դրանք իրապես միմյանց հետ կապված օրգաններ են, որոնք համակցված են մի մասնագիտության մեջ: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաև բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձևով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու երբ հիվանդը դիմում է մեզ որևէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաև համակցված բուժում:  Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում գերակա խնդիրներ միշտ էլ եղել են եւ կան, քանի որ այն հանդիսանում է երեք օրգան համակարգերի փոխհամակցվածություն եւ եթե տարանջատենք դրանք, կարծում եմ սխալ կլինի, քանզի նրանցից յուրաքանչյուրի ֆունկցիայի խանգարումը բերում է մյուս օրգան համաակարգերի  խանգարման:

Այսօր, արդի գերակա խնդիր կարող ենք համարել վիրուսային ինֆեկցիաները, որոնք սկսվում են վերին շնչառական ուղիների ախտահարմամբ, քանզի, վերջին տարիներին, մեր ազգաբնակչության 90 տոկոսից ավելին   առնչվեց կովիդ 19 համավարակի հետ։ Վերջերս նաեւ օմիկրոն վիրուսը՝ ի հայտ եկավ իր դրսեւորումներով, որի զարգացման տենդենցը նույնն է, ինչպես կովիդինն է։ Հիվանդությունը ընթանում է նույն ախտանիշներով՝ վերին շնչուղիների ախտահարմամբ։ Վիրուսային խնդրով դիմողների քանակը շատացել է, բայց, բարեբախտաբար, այն ավելի թեթեւ է ընթանում, քան՝  նախկինում էր, եւ մահացության դեպքերի հետ էլ, Փառք Աստծո չենք առնչվում:

Վերը նշված վիրուսների դեպքում, բացի վերին շնչուղիների ախտահարումից, կարող են ի հայտ գալ նաեւ այլ օրգան-համակարգերի ախտահարումներ։ Ասեմ, որ շատացել են ռինոսինուսիտների դեպքերը, որն էլ իր հերթին ունի իր սյուբեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, որն էլ կրկին պայմանավորված է վիրուսային հիվանդությունների տարածվածությամբ․ թե շրջակա միջավայրի ախտոտվածության, թե այլ վիրուսային հիվանդությունների շատացման հետ։ Իհարկե, բնականաբար, դրանց շատացումը սեզոնային բնույթ է կրում, եւ հանդիպում են աշնան, ձմռան եւ գարնան ամիսներին, բայց առավել խնդրահարույց է դրանց բուժումը, քանզի  բժշկին դիմում են արդեն բարդացած դեպքերում։ Իհարկե, բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ վաղ դիմելու դեպքում կխուսախենք բարդություներից, եւ բուժման ընթացքը կանցնի ավելի դյուրին եւ խոստումնալից։

- Բժի՛շկ, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը Հայաստանում բարձր դիրքերում է, և կարող է համաչափ քայլել եվրոպական ստանդարտներով։

- Մեր հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը տարածաշրջանում  միակ երկիրն է, որտեղ կատարվում է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան), որը 2004 թվականից ներդրվեց  «Էրեբունի» կենտրոնում։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի,  Հայկական Միջազգային Բժշկական Հիմնադրամի նախագահ Սալբի Ագարակյանի, Կալիֆորնիայի UCLA համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման եւ բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի համագործակցության արդյունքում:

Անցկացվող սկրինինգայինի ծրագրի արդյունքում նորածիների մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում են: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանկապարտեզ, դպրոց և այլն): Արդյունքում նրանք դառնում են հասարակության լիիրավ անդամ:
Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:
Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Վիրահատությունը հանդիսանում է այդ ամբողջ գործընթացի միայն առաջին փուլը: Խոսքի լիարժեք ձևավորման համար, հետագայում, շատ մեծ աշխատանք ունեն կատարելու սուրդոմանկավարժները: Նրանք սովորեցնում են երեխաներին ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները: Հետվիրահատական շրջանում մեծ է նաեւ ծնողների դերը: Նրանք պետք է սերտ համագործակցեն սուրդոմանկավարժների հետ: 

- Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ` կարո՞ղ եք ասել,  այսօր ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

- Պետք է  նշեմ, որ ականջի քրոնիկ հիվանդությունները`օտիտները, բավականին շատացել են եւ դրանք սեզոնային բնույթ են կրում, ինչպես նաեւ ծանրալսության դեպքերը, մանավանդ` հանկարծակի ծանրալսությունները, որոնք, ցավոք սրտի, վերջին շրջանում ի հայտ են գալիս հատկապես երիտասարդների մոտ: Լինում են նաեւ ծանրալսության դեպքեր, որոնց առաջացման պատճառները դեռեւս լիովին բացահայտված չեն: Պատճառներից կարող ենք նշել սթրեսային  իրավիճակները, անոթային խնդիրները, միգուցե նրանց թիվը բավականին շատացել է, ի հաշիվ վաղ դիմելիության, որը հնարավորություն է տալիս ավելի շատ հիվանդներ հայտնաբերել և պետք է նշել, որ մեր հասարակությունը սկսել է ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ լինում են դեպքեր, որ հիվանդները մեզ այցելում են արդեն բարձիթողի վիճակում: Որքան վաղ դիմեն, այնքան ավելի շուտ եւ արդյունավետ կլինի վերականգնողական բուժումը: Ախտորոշիչ հնարավորությունների մեծացումը, տեխնիկապես գերհագեցվածությունը մեր բժշկական կենտրոնում մեծ հնարավորություններ են ընձեռում արդիական եւ ժամանակակից մոտեցումներով իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտման եւ բուժման մեթոդները:

Ծանրալսության ախտորոշումը եւ բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտոռինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական առումով: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին եւ գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը մնում է բավականին բարձր, հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում: Շատ հաճախ հիվանդները լսողության իջեցում կամ ականջի փակվածության զգացողություն ունենալիս մտածում են, որ դա պարզապես մրսածության հետեւանք է եւ շուտով կանցնի: Եվ այսպիսով կորցնում են այն թանկ ժամանակաշրջանը, որն անհրաժեշտ է լսողական նյարդի արդյունավետ բուժման և նրա ֆունկցիայի վերականգնման համար: Մինչդեռ, մեկ ամիս հետո, հիվանդությունը վերածվում է քրոնիկականի եւ գործնականում դառնում արդեն դժվար բուժվող: Այս դեպքում օգնում են միայն լսողական սարքերը, իսկ երկկողմանի 4-րդ աստիճանի սենսոնեվրալ ծանրալսության կամ պրակտիկ խլության դեպքում՝ միայն հակացուցումների բացակայության դեպքում, իրականացվում է կոխլեար իմպլանտացիա (խխունջային ներպատվաստում): Ցավով պետք է նշեմ նաեւ, որ բուժառուների զգալի մասն ականջի բորբոքումների դեպքում զբաղվում են ինքնաբուժությամբ, ժամանակին չդիմելով, սուր խնդիրները վերածվում են քրոնիկականի եւ երբեմն ունենում են բավականին լուրջ խնդիրներ, այդ թվում նաեւ ներգանգային բարդություններ, որի արդյունքում բուժման ընթացքը ավելի է բարդանում:

- Քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:

- Իրականում այո, քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությունը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: ժամանակին չդիմելու դեպքում դուրս են մնում հետազոտություններից, չստանալով համապատասխան բուժում, որի արդյունքում էլ կանգնում ենք մի շարք խնդիրների առջեւ։

-Պարո՛ն Խանդանյան, ըստ Ձեզ` որքանո՞վ է այսօր հանրությունը տեղեկացված ԼՕՌ հիվանդությունների մասին և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն:

-Շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք: Իմ կարծիքով այսօր հասարակության մեջ պետք է բարձրացնել տեղեկատվության մակարդակը: Մենք փորձում ենք տարբեր ինֆորմացիոն աղբյուրների միջոցով տեղեկացնել հասարակությանը ԼՕՌ հիվանդությունների ախտանիշերի, նրանց բարդությունների մասին և ծանոթացնել բուժման ընթացքին: Իմ կարծիքով շատ կարևոր է նաև առաջնային օղակի` պոլիկլինիկայի բժիշկների աշխատանքը, քանի որ առաջինը հենց իրենցից են մարդիկ ստանում տեղեկատվություն: Մենք ցանկացած քայլ կատարում ենք, որպեսզի մարդիկ լինեն էլ ավելի տեղեկացված, սակայն իրենք էլ իրենց հերթին պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և չպետք է խորհուրդ հարցնեն հարևանից, բարեկամից այլ դիմեն բժշկի:

 -«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունում վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:

-«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի և ֆրանսիական UMAF բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով:

Պետք է նշեմ, որ որպես բաժանմունքի ղեկավար, այս պաշտոնը ինձ համար պարտավորեցնող է, քանզի բաժանմունքում ծառացած յուրաքանչյուր խնդրին, իմ լիազորությունների սահմաններում, պետք է տալ դրական լուծում։ Թիմային աշխատանքի շնորհիվ փորձում ենք խնդիրներին տալ լիրաժեք լուծումներ, միասին քննարկում ենք ամբողջ ընթացակարգը, բաժանմունքի աշխատանքների բարելավման հետ կապված  կազմում ենք ծրագրեր, որպեսզի հետագայում նպաստենք բուժման ավելի արդյունավետ մեթոդների եւ վիրահատական նորագույն եղանակների ներդրմանը ։

Շնորհիվ պրոֆեսոր Քուշկյանի վարած ճկուն քաղաքականության եւ գրագետ մոտեցման, ձեռք են բերվում նոր սարքավորումներ, որոնք բարձրացնում են ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետությունը։

Նշեմ նաեւ, որ <<էրեբունի>> բժշկական կենտոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հանդիսանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազա եւ ունենք խելացի, երիտասարդ կադրեր, որոնք բավականին խոստումնալից են, առաջադեմ, նպատակասլաց, ձգտող եւ պրպտող։ Տիրապետում են օտար լեզուների, ինչը ինձ համար շատ ողջունելի է։ Մեր բուժանձնակազմն աշխատում է քայլել միջազգային չափանիշներին համընթաց, ժամանակ առ ժամանակ մեկնում են վերապատրաստումների Եվրոպայի եւ ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներ, եւ վերադառնալով իրանց գիտելիքներն ու փորձը ներդնում են մեր բուժկենտրոնում։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։

-Ոչ, երեխաներս չընտրեցինք բժշկությունը, քանի որ, ըստ իրենց, առողջապահության ոլորտը իրենցը չէր։ Ի դեպ, կինս էլ՝ Իրինա Կիրակոսյանը նույնպես բժիշկ է, եւ, որպես ճառագայթաբան-ռադիոլոգ աշխատում է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում։ Մենք երբեք չենք պարտադրել մեր երեխաներին, քանզի բժիշկ լինելը առաջին հերթին կոչում է, հետո նոր՝ մասնագիտություն, պետք է սիրես քո մասնագիտությունը, պետք է տիրապետես էմոցիոնալ դաշտը, գիտակցելով, որ ամեն օր ինչ-ինչ դեպքերի հետ հնարավոր է առնչվել։ 

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք եւ հորդոր ունեք մեր ընթերցողներին:

- Կցանկանայի մեր հայրենակիցներին, հորդորել, ինչու է նաեւ խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում՝ խնայում, մինչդեռ առողջությունը ամենաթանկ պարգեւն է։ Այո, իրականում լինում են դեպքեր, երբ բժշկությունը արդեն անզոր է դառնում անդառնալի իրավիճակներում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, բայց, պետք է ավելի լրջագույնս վերաբերվել առողջությանը։

Չեմ կարող չնշել եւս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողներին, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են եւ դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։ Մյուս բացասական երեւույթը, այսպես կոչված, «հարեւանային» բուժումն է. հիվանդը համարում է, որ, եթե իր հարեւանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի:

Կցանկանամ տեսնել ազատ երկիր, որպեսզի մեր հայությունը երբեք չմտածի արտագաղթելու մասին, լինի երջանիկ, հոգեպես խաղաղ: Կմաղթեմ, առաջին հերթին որպես բժիշկ, առողջություն, համբերություն այսօրվա մեր իրականության մեջ: Թող չհիասթափվեն հայրենիքից, մարդկանցից: Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ունենալու ենք հարուստ,  չկոռումպացված երկիր, չենք ունենալու սոցիալապես ցածր խավ: Հիշե՛ք, ոչ մի բժիշկ, երբեք չի ցանկանա վնասել իր հիվանդին:

Առողջ եղեք, սիրեք ձեզ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր