ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Ամեն ոք պետք է լինի իր տեղում, զբաղվի իր գործով, և այդ դեպքում միայն կունենանք հիանալի արդյունք

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են ​անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակները: Այսօր անհերքելի իրողություն են բժշկության​ ոլորտում իրականացված և իրականացվող անօրինակ նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի համարվող բազմաթիվ հիվանդություններ հնարավոր է ոչ միայն հիմնովին բուժել, այլև կանխարգելել:

Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ միասին կատարելագործվում են նաև ուլտրաձայնային տեխնոլոգիաները և դրան զուգահեռ՝ դրանք գործարկող մասնագետների որակը: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) հարաբերականորեն պարզ և շատ ինֆորմատիվ​ է և իր բարձր տեղեկատվության, ոչ ինվազիվության, արագ իրականացման, հիվանդի առողջությանն առանց վնաս պատճառելու բազմակի կրկնելու հնարավորության շնորհիվ հետազոտության մեթոդների շարքում այսօր առաջատարներից մեկն է: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ուլտրաձայնային հետազոտության ախտորոշման և վիզուալիզացիայի հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն ախտորոշման նպատակներով և անցկացվող բուժման արդյունավետության վերահսկման համար (սքրինինգային վերահսկողություն, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդների հետագա հետազոտման և բուժման անհրաժեշտությունը), այլև, որպես վիզուալիզացիայի մեթոդ, որոշ բուժական ընթացակարգերի և միջամտությունների անցկացման համար: Մարդու ամենաթանկ ու անդառնալի արժեքն առողջությունն է, և ցանկացած հիվանդության ճիշտ պատկերն ունենալու և բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ախտորոշել:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ռադիոլոգ-սոնոգրաֆիստ, «Դալիմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն​ ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. երկար տարիների մասնագիտական հիանալի ճանապարհ անցած, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն և փորձ ամբարած բժշկուհի, որը, այս ամենի հետ մեկտեղ, ​յուրօրինակ անձնվիրումի չափանիշ է շատ ու շատ հիվանդների համար: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից հիվանդը հուսադրվում է, լցվում լավատեսությամբ իր բուժման դրական ելքի նկատմամբ: Իսկ դա, ինչպես ասում են, բուժման կեսն է: Փորձառու բժշկուհին իր նկատմամբ նման վստահությանն հասնում է առ հիվանդը իր բարեհամբույր վերաբերմունքի, հիվանդի​ գանգատները համբերատար լսելու և նրա խնդիրների մեջ հետևողականորեն խորանալու շնորհիվ՝ միաժամանակ ի հայտ ​ բերելով ​ մասնագիտական գերազանց գիտելիքները, և պատրաստ՝ ամենայն մանրամասնությամբ և հիվանդի համար մատչելի ներկայացնելու հիվանդության սկզբնաղբյուրներն ու բուժման ընթացքը`իրենց բոլոր նրբություններով:

- Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ուղին:
-Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում: Կարծում եմ՝ դա մասնագիտություն ընտրելու և դրան լավագույնս տիրապետելու առաջին և պարտադիր պայմանն է: Մասնագիտության ընտրությանս նպաստող մեկ այլ հանգամանք ևս. ծնողներս բժիշկներ են եղել, ​ և, մեծանալով բժիշկների միջավայրում՝ դեռ փոքրուց, այսպես ասած, ամբողջ էությամբ ապրել եմ բժշկությամբ ու մինչ օրս էլ ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Առհասարակ այդպես է՝ նվիրումդ ու ավանդդ արդյունք են տալիս, եթե սիրում ես մասնագիտությունդ: Ավարտելով բժշկական համալսարանը, ստանացա ընտանեկան բժշկի՝ թերապևտի որակավորում։ Որոշ դադարից հետո որոշեցի փոխել նեղ մասնագիտացումս և մասնագիտանալ դիագնոստիկայի մեջ: Ընտրեցի ռադիոլոգիան՝ օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքի անցնելով <<ԱրմաՄեդ>> բժշկական կենտրոնում: Աշխատել եմ նաև <<Նաիրի>>, <<Իզմիրլյան>>, «Աջափնյակ» բժշկական կենտրոններում։ ​ Ասեմ, սակայն, որ վաղուց ցանկություն ունեի ստեղծել իմ սեփական կենտրոնը, և սկսեցինք աստիճանաբար իրագործել նպատակս՝ քայլ առ քայլ առաջ տանելով բուժհաստատության կազմավորման նախապատրաստական աշխատանքները։ Այդպես, հիմնադրեցինք «Դալիմեդ» բժշկական կենտրոնը՝ ի սկզբանե ​ գլխավոր նպատակ համարելով թե՛ մասնագիտական, թե՛ բուժառայությունների մատուցման ու սպասարկման ուղղություններում վստահություն ձեռք բերել՝ ուղեցույց ունենալով առաջադեմ երկրների հարուստ փորձն ու համաշխարհային առողջապահական համակարգի նորագույն նվաճումները: Եվ, կարծում եմ, կարճ ժամանակամիջոցում մեզ դա հաջողվեց: Մեր բուժկենտրոնն ապահովված է բարձր ​ որակավորում ունեցող մասնագետներով և հագեցած է նորագույն սարքավորումներով, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մեզ մոտ մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ ներառված են՝ բժշկական խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, ինպես նաև <<տնային կանչ>> ծառայություն. ծառայություններ, որոնց նպատակն է ապահովել եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ ու բարձրակարգ բուժօգնություն, այցելուների սպասարկման բարձր որակ: Այս պահին էլ շարունակում եմ իմ աշխատանքային գործունեությունը մեր կենտրոնում որպես ռադիոլոգ-սոնոգրաֆիստ։ Մշտապես մասնակցել եմ վերապատրաստումների՝ ​ իրազեկ ու հաղորդակից լինելու մեր ասպարեզում իրար հաջորդող նորարարություններին:

Ես երբեք տեղում չեմ դոփում, պետք է միշտ նայել առաջ, մատը պահել նորի զարկերակի վրա, կարողանալ հասնել ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Դա է քո ասպարեզում քո ոտնատեղը գտնելու, քո իսկ ձեռագիրն ունենալու, առողջ մրցակցության մեջ քո դեմքը, քո տեղն ու դերը ունենալու, ասել է թե՝ պահանջարկված լինելու միջոցն ու կերպը: Ահավասիկ, արդեն իսկ կնքված պայմանագիր ունեմ Փարիզի լավագույն կլինիկաներից մեկում վերապատրաստվելու՝ վակուումային պունկցիոն բիոպսիայի կիրառելիության մեջ հմտանալու համար. մեթոդ, որի ​ կիրառությունը թույլ է տալիս չդիպչել ոչ մի հյուսվածքի, և որը այդուհետ կկիրառվի մեր կլինիկայում։ Մեր կլինիկայի ստեղծման նպատակն է ունենալ բուժհաստատություն ոչ թե զուտ որպես բիզնեսի միջոց, այլ առաջին հերթին ստեղծել բժիշկ-բուժառու դրական և վստահելի հարաբերություններ՝ մասնագիտական գործունեությունն իրականացնելով մարդկային լիարժեք հարաբերություններ կառուցելու, հիվանդի համար ոչ միայն բուժական, այլև հոգեբանական առումով առավել նպաստավոր ու վստահելի միջավայր ու պայմաններ ապահովելու հիմքերի վրա։

Ավելի քան համոզված եմ, որ մեր կենտրոնը կունենա իր ուրույն ձեռագիրը, որ ինձ ​ կհաջողվի ​ իմ բոլոր պատկերացումները կիրառելի դարձնել բժշկության հետաքրքիր աշխարհում: Ես հավատում եմ, որ մեր կլինիկային ապավինող հիվանդները այստեղ իրենց լիարժեք ապահով կզգան: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և դա լինելու է ձեռքբերումների ամրապնդման, մասնագիտական հմտությունների հարստացման, բուժսարքավորումների բազայի պարբերաբար համալրման, բժիշկ-բուժառու փոխվստահություն երկարատև, բայց ​ հուսալի​ ճանապարհ՝ ի շահ մեր բուժառուների։ Մի բան ինձ համար անառարկելի է՝ երբեք չպետք է ընկճվես դժվարություններից, պետք է ձգտես հասնել կատարյալին, չդոփես տեղում և քո աշխատանքով ապացուցես, որ աշխատանքի մեջ նպատակասլացության արդյունքը չի ուշանա, և, ուրեմն, միշտ հայացքդ առաջ՝ նպատակդ ի գործ կարգախոսով։ Ամեն ոք պետք է լինի իր տեղում, զբաղվի իր գործով, և աներկբայորեն կունենանք հիանալի արդյունքներ: Բժիշկը պետք է ունենա ստույգ ու հիմնավոր գիտելիքներ և մարդկային գերվերաբերմունք, որոնք չպետք է զիջեն միմյանց և բուժման գործընթացում ունենան հավասար դերակատարում։

-Ընդհանրապես ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է։

-Այո, մեզանում կա նման ավանդույթ՝ երեխաները գնում են իրենց ծնողների ​ոտնահետքերով, բայց իմ երեխաների դեպքում այդպես չեղավ, երկու դուստրերս բժշկությամբ չզբաղվեցին` ընտրելով​ այլ մասնագիտություններ: Եվ ես որոշեցի այդ հարցում չմիջամտել` ճիշտ համարելով, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որն ​ իրենց հոգեհարազատ է:

-Վերադառնանք մեր բուն թեմային: ​ ​ Ըստ Ձեզ՝ հիմնականում ո՞ր հիվանդություններն են մեզանում երիտասարդացում ապրել:

- Աշխատանքային փորձը գալիս է հաստատելու, որ մեր ժամանակներում երիտասարդացում են ապրել վահանաձև գեղձի հիվանդությունները. խնդիրներ, որոնք բավականին շատ են հանդիպում, և որոնց առաջացմանը նպաստող պայմաններից են մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները, նյարդային գերլարվածությունը։ Հաճախադեպ են միզաքարային, լեղաքարային հիվանդությունները, կրծքագեղձի մաստոպաթիաները, ինչպես նաև այլ տարբեր օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունները։

Որպես մասնագետ հետազոտելով հիվանդին՝ հասկանում ես և նախնական պատկերացում ես կազմում, թե ի՞նչ խնդիր է առկա, գոյացությունը չարորա՞կ է, թե ոչ: Եթե բուժառուն հրաժարվում է բիոպսիայից, այդ դեպքում մեզ որոշ չափով օգնության է գալիս էլաստոգրաֆիան՝ պարզելու համար գոյացության բնույթը։ Բայց, ըստ իս, ամեն դեպքում հիմնովին և սպառիչ պատկերի պատասխանը տալիս է բիոպսիան՝ չնայած հանրության մեջ տարածված է այն թյուր կարծիքը, թե բիոպսիան ավելի է նպաստում մետաստազների տարածմանը: Իրականում դա միֆ է, թյուր կարծիք, պունկցիոն բիոպսիան բջջաբանական հետազոտություն է, որը բացահայտում է գոյացության չարորակ կամ բարորակ լինելը՝ այն ​ ենթարկելով հյուսվածքաբանական վերլուծության:

Չարորակ գոյացության դեպքում բուժումն հիմնականում վիրահատական է, բարորակ գոյացության դեպքում՝ նույնպես վիրահատական, եթե գոյացության չափերը բավականին մեծ են և անհանգստություն են պատճառում հիվանդին: Ընդ որում, վիրահատությունից հետո էլ պետք է շարունակել համապատասխան դեղորայքի ընդունումը։ Եզրակացությունը գրելիս բժիշկն իրավունք ունի արձանագրել, որ կա կասկածելի պատկեր, բայց հիվանդներ կան, որոնք ​ զգացմունքային են, և պատասխանն իմանալը հնարավոր է բացասական ներգործություն ունենա նրանց ինքնազգացողության վրա: Եվ ահա թե ինչու հաճախ հիվանդի հարազատները խնդրում են, որ մենք նրան չտեղեկացնենք իր ախտորոշման մասին։ Իսկ եթե գիտակցորեն մոտենանք հարցին, ապա հիվանդը պետք է տեղյակ լինի իր հիվանդությանը, որպեսզի հասկանալով իր խնդրի լրջությունը՝ գիտակցաբար վերաբերվի դրան և տրամադրվի բժշկի հետ անցնելու բուժման գործընթացի երկար ու դժվարին ուղին։ Իսկ բժշկին, այսպես թե այնպես, մնում է հարազատի հետ ճշտելով՝ մարդկայնորեն հասկանալ, թե տվյալ դեպքում ինչպիսի՞ մտածողության տեր մարդու ​ հետ գործ ունի, և նոր միայն որոշել՝ ախտորոշումն հայտնե՞լ հիվանդին, թե ոչ։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում​ անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:

-Հուրախություն մեզ՝ դիմելիության մշակույթի մեջ դրական դինամիկա եմ տեսնում: Եթե ​ նախկինում, ըստ մեր հայկական մենթալիտետի կամ պատկերավոր ասած՝ դանակը ոսկորին էր հասնում, և նոր միայն դիմում էին բժշկի, ապա այսօր մարդիկ ավելի հետևողական են ու​ բավականին գիտակցաբար են մոտենում իրենց խնդրին՝ մինչև իսկ փոքր-ինչ գանգատի դեպքում​ ​ ապավինելով բժշկի օգնությանը։ Մեր հասարակությունն այս առումով, բարեբախտաբար, ​ անհամեմատ ավելի քաղաքակիրթ է դարձել, այսպես ասած՝ նախկին մենթալիտետի երկաթե վարագույրները բացվել են։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:​ Ապագայում բժշկությունը ու՞մ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-Կարող եմ ասել, որ նրանք՝ մեր երիտասարդ կադրերը, գերակշիռ մասով ​ հրաշալի պատրաստված են և դրա հետ մեկտեղ մեծ ձգտում ունեն էլ ավելիին տիրապետելու: Ընդհանուր առմամբ, ​ հրաշալի հերթափոխ ունենք:​ Ուղղակի պետք է երիտասարդ կադրերին թիկունք լինել, նրանց տեղ տալ, հնարավորություն տալ զարգանալու, պետք է ոգևորել երիտասարդներին, հավատով լցնել իրենց իսկ հանդեպ, իրենց կարողությունների ու հնարավորությունների հանդեպ, որպեսզի առաջին հերթին իրենք իրենց վստահեն, իրենց գիտելիքները ներդնեն, ի ցույց դնեն սեփական ձեռագիրը։ Եթե երիտասարդ կադրը գիտելիք ունի, հիմք ունի և ունակ է անվերջ կրթվելու ու առաջ գնալու, ու բացի այդ, հիվանդի հետ վերաբերվելու մեջ էլ բարեկիրթ է, ուշադիր ու հոգատար, ապա առանց վարանելու կարող ենք փաստել, որ մեր բժշկությունը ապագայում վստահելի ձեռքերում է լինելու։

- Որպես զրույցի վերջաբան՝ Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:

- Մեր հասարակությանը կհորդորեմ՝ եթե իրենց անհանգստացնող առողջական խնդիր կա, ապա անհապաղ դիմեն բժշկի: Չէ՞ որ միայն ժամանակին և գրագետ ​ կերպով ձեռնարկված քայլերը կարող են դրական արդյունք տալ: Կուզենայի, որ մեր քաղաքացիները ​ հավատով լցվեն և վստահեն բժիշկներին։ Մեր հասարակությունը պետք է մեծ կարևորություն տա ​ կանխարգելիչ բուժմանը, պետք է խնամքով հետևի իր ապրելակերպին, սննդակարգին, իր առօրյայում տեղ հատկացնի սպորտին, հաղթահարի նստակյաց կյանք վարելը: Բայց, ցավոք սրտի, հայ հասարակությունը հաճախ բժշկի օգնությանն է դիմում այն ժամանակ, երբ արդեն բանն հասել է վիրահատական միջամտությանը: Ավելի տխուր է, երբ ոմանք ​ զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է վատ և անգամ անդառնալի հետևանքներ ունենալ:

Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանն հետևելու մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի ​ իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել, բժշկության մեջ այսօր, ամենքիս ի տես, հրաշքներ են գործվում, և ուրեմն՝ ցանկացած հիվանդություն այժմ բազմապատիկ անգամ հեշտ է բուժել, քան ոչ վաղ անցյալում էր: Կանխարգելելը՝ առավել ևս: Կոչ է մեր հայրենակիցներին՝ սիրելիներս, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ջանացեք պահպանել այն և մի զլացեք պարբերաբար հետաքրքրվել ձեր առողջությամբ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր