Կարապետ Մոմջյան Featured

(0 votes)
There is no translation available.

Կարապետ Մոմջյան․ «Փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք»

Վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության ճյուղ են, որ իրականացնում են ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ՝ զարգացող տարբեր հիվանդությունների դեպքում: Վնասվածքաբանությունն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարդու մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները և վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են մեխանիկական, ջերմային (բարձր և ցածր ջերմաստիճան), քիմիական, էլեկտրական ու ճառագայթային գործոնները: Վնասվածքաբանությունը մշակում է վնասվածքների և դրանց բարդությունների կանխարգելման ու բուժման մեթոդները:

Մեր զրուցակիցն է  վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ․ հրաշալի և վաղուց արդեն մեծ ճանաչում ձեռք բերած բժիշկ, որի պատկառելի վաստակը, աշխատանքային բազմամյա փորձը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդը մշտապես բարձր են գնահատվել հիվանդների կողմից և այսօր էլ արժանիորեն մեծ համարում ունեն հանրության շրջանում: 

Փորձառու բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի նրա գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են ազատվել տանջող հիվանդությունից, առողջացել, վերադարձել իրենց բնականոն կյանք։  Բժիշկ Մոմջյանի նախաձեռնությամբ ու շարունակական ջանքերով ներդրվել են ողնաշարի ախտաբանության ու բուժման ժամանակակից առավել արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, կարողանում է հիվանդին հավատ ու վստահություն հաղորդել իր ապաքինման, ինչպես և իր՝ բժշկի նկատմամբ, և ահա թե ինչու հիվանդները հեռանում են իրենց կյանքի նորմալ ու բնականոն շարունակության նկատմամբ հավատը վերագտած, և, իհարկե, անսահմանորեն երախտապարտ առ իրենց առողջություն պարգևած բժիշկը։ Եվ մինչ բժիշկը շարունակում է էլի ու էլի մարդկանց ազատել ողնաշարային տառապալի  հիվանդություններից, նրա հրաշագործ ձեռքերով ապաքինված հիվանդները երկար ժամանակ չեն դադարում իրենց շրջապատում խոսել նրա մարդկային ու մասնագիտական արժեքների մասին:

Դիտված է նրբորեն՝ յուրաքանչյուր մարդ, ամեն մի մասնագետ իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում փորձում է վերագնահատել իր աշխատանքը, իր անցած ճանապարհը: Եվ գալիս է մի պահ, երբ նա զգում է, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել է ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունի: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ասպարեզներում զբաղված իրենց բնույթով ստեղծագործ մարդկանց։ Ավելին` նմանների համար այն պարզապես կենսական անհրաժեշտություն է: Այդպիսին է ինքը՝ մեր զրույցի հերոսը՝ Կարապետ Մոմջյանը։ Փորձենք անվանի մասնագետի ու հարգված մարդու մասնագիտական ու մարդկային որակների մասին կարծիք կազմել, այլ խոսքով՝  ճանաչել նրան մեր հարցերին տված իր իսկ պատասխաններում։

-Ի՞նչ է կիֆոսկոլիոզը:

 -Կիֆոսկոլիոզը ողնաշարի համակցված ձևախեղումն է, երբ սկոլիոզը (կողային ծռություն) և կիֆոզը (կրծքային և սրբոսկրային մասերում կորություն) ի հայտ են գալիս միասին: Այս հիվանդությունը կարող է լինել թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի: Պայմանավորված կողային ծռվածության ուղղությամբ՝ տարբերում են ձախակողմյան և աջակողմյան կիֆոսկոլիոզ: Այն դասվում է ամենածանր պաթոլոգիաների դասին, բազմապրոֆիլային դեֆորմացիա է, մեծամասամբ դրանք ավելի ֆիքսված են, ամուր են և դժվարությամբ են շտկվում։ Այդ իսկ պատճառով կիֆոսկոլիոզը պահանջում է երկարատև բուժում, որպեսզի լիարժեք և բավարար արդյունք լինի թե՛ բժշկի, և թե՛ բուժառուի համար, սակայն, այնուամենայնիվ, կիֆոսկոլիոզը լիովին շտկման ենթակա չէ։

-Ի՞նչ կասեք նեյրոֆիբրոմատոզի մասին:    

-Նեյրոֆիբրոմատոզը նյարդային համակարգի բնածին ձևախախտումներից է։ Հիվանդության պատճառը որոշ գեների մուտացիաներն են։ Դրանց գրեթե կեսը ծնողներից ժառանգվող մուտացիաներ են, իսկ մնացած դեպքերում առաջանում են զարգացման վաղ ժամկետներում: Դա գենետիկ ուղղվածությամբ բնածին վիճակ է, երբ  նյարդարմատների նյարդերի մոտ առաջանում են նեյրոհանգույցներ: Դրանք լիմֆատիկ հանգույցների նման գոյացություններ են, որոնք, պայմանավորված տեղակայման տեղով, կարող են խանգարել կամ  չխանգարել։ Այն հատկապես վտանգավոր է, երբ աճում է նյարդի վրա և սեղմում այն: Իսկ ամենավտանգավորը այն դեպքն է, երբ գոյացությունն առաջանում է ողնաշարի կանալում,  ողնաշարի ներսում և ստեղծում է աճի թերություններ: Նման հիվանդների մոտ երբեմն լինում են ոսկորների թերություններ, երբեմն՝ բավականին կոպիտ արտահայտված ողնաշարի թեքումներ, որոնք իրենց ծռման օրենքներն ունեն, այսպես ասած, ագրեսիվ են, հաճախ՝ շատ ճկուն, երբեմն էլ  հակառակը՝ շատ ամուր։ Ահա այն նշանները, որոնք կարող են վկայել այդ հիվանդության առկայության մասին. վեց և ավելի բաց շագանակագույն մաշկային կետեր (կաթնասրճագույն կետեր), առնվազն երկու նեյրոֆիբրոմաներ, առնվազն երկու աճակալումներ աչքի ծիածանաթաղանթի վրա, ողնաշարի ոչ նորմալ զարգացում (սկոլիոզ):

-Ո՞ր դեպքերում են անհանգստացնում զստասրբանային հոդի ցավերը:

-Զստասրբանային հոդը գտնվում է կողային մասերում, ողնաշարի ստորին հատվածում։ Եվ ասեմ, թե ինչու եմ ցանկանում առանձնացնել դրանց ցավերը։ Որովհետև այս վերջին տարիներին նման հոդացավեր ավելի շատ եմ ախտորոշում, քանի որ ժամանակակից հետազոտման մեթոդների կիրառումը մեզ թույլ տվեց հասկանալ, որ հաճախ  ճառագայթող, ողնաշարին բնորոշ ցավերը ողնաշարի ցավեր չեն, այլ զստասրբանային հոդի։ Բացի այդ, կլինիկորեն հետազոտելով՝ պատկերում տեսնում ենք, որ կա ցավային սինդրոմ, որին շատ հաճախ բժիշկներն էլ առանձնապես ուշադրություն չեն դարձնում՝ դա համարելով գոտկային ցավեր, մինչդեռ  իրականում դրանք հոդի ցավերն են: Դրա արագ բուժման միջոցը հիմնականում այդ հոդի բլոկադան է, որի 1-2 ներարկումից հետո ցավերը մեծամասամբ անցնում են։ Երբեմն այդ ցավը գալիս է կանացի ներքին օրգանների խնդրից, ուղղակի այդ դեպքերում առաջին հերթին պետք է կանանց ուղղորդել գինեկոլոգի մոտ հետազոտման՝ տեսնելու, թե կա՞,  արդյոք, գինեկոլոգիական խնդիր, թե՞ ոչ։ Եթե չկա, ապա նոր միայն պետք անցնել հոդի բուժմանը։ Իսկ եթե խնդիրը գինեկոլոգիական է, պետք է իրականացնել տվյալ հիվանդության  բուժումը:  

-Հարգարժան բժիշկ, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան մեզանում բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա։ Կուզենամ, որ մարդիկ միշտ հիշեն՝ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն,  չմոռանան, որ բժիշկը գործ ունի ամենաթանկի՝ մարդու կյանքի հետ: Կցանկանամ բոլորին առողջություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան ու, բնականաբար, հիվանդի ապաքինման և վերականգնման մակարդակի բարձրացումը։ Եվ հենց այդ պատճառով տասնապատիկ մեծանում է բժշկի պատասխանատվությունը: Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու սեփական ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք  է  փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա  համար դառնում է ճակատագրական: Ահա այստեղ է, որ մեր բուժառուներից մի փոքր ներողամտություն և ըմբռնումով մոտեցում է ակնկալվում։ Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարևորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում և չմտածել հայրենիքից հեռանալու մասին։ Եվ թող ձեր մեջ երբեք չմարի ձգտումն ու հավատը։ Հավատացեք, այս ամենի գիտակցմամբ ապրելու,  ձգտումն ու հավատը ձեր մեջ ամուր պահելու դեպքում  հաջողությունը մշտապես ժպիտով ընդառաջ կգա ձեզ:

Բարին ընդ մեզ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր