ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ

 Վնասվածքաբանությունը ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումն է, բուժումը և կանխարգելումը` ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ` տարբեր հիվանդությունների ընթացքում զարգացող: Այն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները և վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցությունից:

Այս հիվանդությունների բուժման վիրահատական և բուժական մեթոդներին ու եղանակներին է անդրադառնում օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

 -Պարոն Մոմջյան, ո՞ր դեպքերում են ցուցվում ողնաշարի ռեկոնստրուկտիվ և ֆիքսացիոն վիրահատությունները:

- Ռեկոնստրուկտիվ և ֆիքսակցիոն վիրահատությունները ցուցված են ողնաշարի այն ուռուցքների դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ գործառույթի զգալի խանգարումներ: Նշյալները ցուցված են նաև պրոգրեսիվող սպոնդիլոլիստեզի դեպքում, երբ ողի մարմինը տեղաշարժված է լինում իր առանցքից առաջ կամ հետ: Կարևոր է իմանալ, որ հիվանդության ի հայտ գալուց հետո բուժառուն որքան շուտ է դիմում մասնագիտացված բուժօգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:

 Կան նաև բուժման այլընտրանքային միջոցներ:

-Իսկ ի՞նչ կասեք միջողային սկավառակի ճողվածքի մասին:

- Ճողվածքը շատ դեպքերում հանդիպում է հիմնականում փոքր չափով,  և եթե փորձենք 10 մարդու հետազոտել, ապա նրանցից 9 մոտ հաստատ ճողվածք կհայտնաբերվի: Նման դեպքերում վիրահատության կարիք չի լինում։ Պետք է ուղղակի բուժառուին բացատրել, որ դա  վտանգ չի ներկայացնում, միայն թե հնարավոր է, որ այն մեծանա սխալ կենսակերպի հետևանքով, սակայն ճողվածքներն հիմնականում առաջանում են կախված որոշ չափով  օրգանիզմի կառուցվածքից, այսինքն՝ ելնելով հյուսվածքների որակից։ Եթե հյուսվածքներն էլաստիկ են, հեշտ պատռվող, այդ հյուսվածքները պարտադրում են ժամանակի ընթացքում տարիքային դեգեներացիա, որի հետևանքով դրանք թուլանում են և հեշտությամբ պատռվում։ Ունենք պատռման տիպիկ տեղեր, և դրանք ավելի շատ լինում են կողային հատվածներում,  այսինքն՝ մեջտեղում չի պատռվում, այլ կողքից, մեջտեղում հյուսվածքներն ավելի ամուր են լինում, դրանք ավելի հեշտ կողքից են պատռվում, և ճողվածք է դուրս գալիս: Կախված իր մեծությունից՝ ճողվածքը կարող է սեղմել կամ չսեղմել նյարդին, որից հնարավոր է՝ ճառագայթի և առաջանա ոտքի և մեջքի ցավ: Հանդիպում են նաև ճողվածքի պարանոցային տեսակներ,  դրանք շատ անգամ արտահայտվում են կողմնային, ավելի քիչ՝ միջային,  և կրկին առաջացնում են նյարդարմատային ցավեր ձեռքերում, ուսագոտում։ Իսկ երբ դրանք միջկողային են, ավելի մեծ վտանգ են ներկայացնում, որովհետև սեղմում են ողնուղեղին, քայքայման ենթարկում բուն ողնուղեղը։ Այն կոչվում է միելոպաթիա, որի պատճառով ընդհանուր ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև ընդհանուր մարմինը սկսում են  տուժել։ Միելոպաթիան կարող է բերել տետրապարեզ կոչված վիճակին: Պարանոցային հատվածում կատարվում են ողնաշարի սկավառակների հեռացում և փոխարինում «քեյջով»` (դիսկի փոխարինող իմպլանտ):

 - Ի՞նչ է հեմանգիոման։

-Հեմանգիոման հաճախ հանդիպող երևույթ է, դժվար է բնորոշել, թե որտեղից է այն ի հայտ գալիս։ Հավանաբար, մեծ մասամբ դրանք բնածին են լինում, իրենցից ներկայացնում են բարորակ ուռուցքներ, որոնք ունեն շատ դանդաղ աճի տեմպ: Եթե ցանկանում ենք հետևել դրա աճին, ապա հետազոտությունները պետք է իրականացնել 2-3 տարին մեկ և ոչ թե հաճախակի։ Դրանք գտնվում են ոսկորի մեջ, բայց երբեմն արագ աճի հետևանքով, օրինակ, կարող են դուրս գալ ողի մարմնի սահմաններից դեպի ողնուղեղային կանալ։ Այդ ժամանակ սկսում են ի հայտ գալ նյարդաբանական ախտանիշներ,  որոնք կարող են առաջացնել բավականին մեծածավալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ Մեծ hեմանգիոմաների դեպքում, երբ այն գրավում է  ողի մարմնում մեծ տարածություն  և դրա կոտրվելու վտանգ է  ներկայացնում, ցուցված է կատարել այդ հատվածի ամրացում ոսկրային ցեմենտով (վերտեբրոպլաստիկա):  

 -Բժիշկ, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:

-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձևավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաև գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է և շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:

Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին և ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձևավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչև 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում և բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռևս աճ ունի, սակայն եթե հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվ ձևն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն կատարվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության և այլ պատճառերից է առաջանում, ու երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ և այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:

Դրանք տարբեր հարթություններում գտնվող ծռվածության աստիճաններ են։ Կիֆոզը բնականից ծռվածության աստիճանը կրծքային հատվածում է, կիֆոզը պետք է շատ մեծ լինի, որպեսզի միջամտության կարիք լինի։ 

 -Բժիշկ, ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:

-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, և Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները և որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաև սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, և Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի և կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:

-Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս բուժական մերսումներն և ձգումները:

-Ձգումները փոքր ճողվածքների դեպքում օգնում են, շատ դեպքերում բավականին արդյունավետ բուժմոտեցման ձև է, բայց վատն այն է, որ նրանք բոլորին հավասարաչափ առաջարկում են այդ մեթոդները` առանց տարբերակելու իրավիճակը։ Վատագույն դեպքում պոկվում է ճողվածքը, առաջացնելով սուր ցավեր: Պետք է կատարել ՄՌՏ և դրական պատասխանի դեպքում շտապ վիրահատություն, որը պետք է շատ արագ կազմակերպել, քանի դեռ այն չի տեղաշարժվել այլ ուղղություններով։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:

 -Իրականում այսօր կան լավագույն երիտասարդ կադրեր, որոնք ձգտող են, պրպտող, մենք՝ ավագ սերունդս իրենց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Մեր ստեղծած հիմքերը  երիտասարդ կադրերին հնարավորություն են տալիս ավելի շատ վերելք ապրել ոլորտում։ Իմ ասիստենտները բավականին վիրահություններ են անում. 15-20 տարի առաջ միայն ես էի Երևանում այս վիրահությունները կատարում։ Հիմա Հայաստանում բավականին մեծ քանակով մարդիկ աշխատում են իմ բուժմոտեցումներին համապատասխան:

 -Որպես վերջաբան Ձեր հորդորը հասարակությանը:

-Խորհուրդ կտամ, որպեսզի առավել ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հետևեն ֆիզիկական վիճակին, խուսափեն սթրեսներից, թեկուզ չնչին անհանգստությունների դեպքում դիմեն մասնագետի, որպեսզի հետագայում չառաջանան  բարդություններ:

Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն և լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, և մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ և լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր