Վադիմ Ֆրոլով

(0 votes)
There is no translation available.

Կանանց մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը

Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարևոր առանձնահատկություն ունի, որով  տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ կանխարգելման, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր  փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչև ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան իր հարազատներից շատերը:  

Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վադիմ Ֆրոլովը, ում մասնագիտական ճանապարհն արդեն տասնամյակների պատմություն ունի: 

Ի դեպ, պարոն Ֆրոլովը  «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-Ի կողմից «Բազմամյա փորձ և բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող վստահելի մանկաբարձ-գինեկոլոգ»  անվանակարգում արժանացել է «ՈՍԿԵ ԴԱՓՆԻ» մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր ձեռքբերում ու նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:

- Պարոն Ֆրոլով,  ի՞նչ է էնդոմետրիալ պոլիպը։

-Էնդոմետրիումի պոլիպը այսօր բավականին տարածված պաթոլոգիա է, այն նորագոյացություն է, որը մեծ վտանգ է ներկայացնում` հաշվի առնելով նաև տարիքային շեմը, կլիմատրիկ տարիքում այն ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Այն բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում։ Էնդոմետրիումի պոլիպի ձևավորումը հիպերպլաստիկ պրոցես է, այսինքն՝ հավելուրդային գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիալ շերտից։ Բազմաթիվ պոլիպների առաջացման կամ կրկնման դեպքում խոսքն արդեն հիվանդության՝ պոլիպոզի մասին է։ Դրանք էնդրիոմետրիումից ծագած էկզոֆիտ գոյացություններ են՝ հստակ սահմաններով, տոտիկի կամ լայն հիմքի վրա։ Ավելի հաճախ դրանք տեղակայվում են արգանդի հատակում, անկյուններում, հազվադեպ՝ վզիկում: Կախված գեղձային և ֆիբրոզ հյուսվածքի գերակշռությունից` տարբերում են գեղձային և գեղձաֆիբրոզ պոլիպներ։ Այն արդեն հյուսվածքաբանական ախտորոշում է, ամեն դեպքում, կախված տարիքից, բուժման հետագա տակտիկան որոշվում է։ Հեռացվում է հետագայում` կախված ընթացքից և  կնոջ տարիքից ու նրա հետագա պլաններից։ Բուժումը միայն վիրահատական միջամտությամբ է կատարվում, հեռացվում է հիստերոսկոպիայի միջոցով, վիրահատությունից մի քանի ժամ հետո բուժառուն կարող է գնալ տուն։ Վերջնական պատկերը հասկանալու համար հյուսվածքաբանական քննության եզրակացությունից հետո հստակեցվում են հաջորդ բուժմոտեցման քայլերը։ Չարորակ լինելու վտանգը մեծահասակների մոտ մեծ է, որը կարող է բերել դաշտանային ցիկլի խանգարում, արյունահոսություն, և կարող է անպտղության պատճառ դառնալ։

- Ի՞նչ է էնդոմետրիումի հիպերպլազիան։

-Էնդոմետրիումի հիպերպլազիան էնդոմետրիումի (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով: Արգանդում կա լորձաթաղանթ, ֆունկցիոն շերտ, որը դաշտանի  արյան հետ դուրս է գալիս։ Տարբերակվում է պրոֆերացիա և սեկրեցիա, այսինքն՝ լորձաթաղանթը հաստանում է հորմոնալ ազդեցության տակ, երբ այդ հորմոնալ համակարգը խախտվում է, սկսում է լորձաթաղանթի գերաճ։ Կախված կնոջ տարիքից`մեր կողմից մշակվում է բուժման ընթացակարգը։ Կարող է նույնիսկ արգանդի  հեռացման կարիք լինել։ Կա նաև ուղղակի լորձաթաղանթի հեռացում: Իսկ եթե կինը երիտասարդ է, հետագա պլաններից կախված՝ նշանակվում է հորմոնալ բուժում։

-Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում սեռավարակները:

-Սեռավարակները հարուցվում են վիրուսների, բակտերիաների և մանրէների մոտ 30 տարբեր տեսակներից, որոնք գերակշիռ դեպքերում փոխանցվում են սեռական կոնտակտի (շփման) ճանապարհով, ինչպես նաև արյան և կրծքի կաթի միջոցով: Դրանք կարող են անպտղության պատճառ դառնալ, քանի որ առաջացնում են բորբոքային պրոցեսներ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ։ Տղամարդու մոտ կարող է նաև սերմի հետ կապված խնդիր առաջանալ: Իսկ կանանց մոտ, երբ փողերը ենթարկվում են պաթոլոգիկ փոփոխությունների, արդեն ստիպված ենք լինում դիմել կա՛մ վիրահատական միջամտության, կա՛մ արհեստական բեղմնավորման: Գիտակից և փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները կարող են հաճույք պատճառել ու նպաստել Ձեր և Ձեր զուգընկերոջ միջև ինտիմ հարաբերությունների հաստատմանը: Բայց, միևնույն ժամանակ, դրանք կարող են սեռավարակների փոխանցման, ինչպես նաև անցանկալի հղիության պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալուց առաջ շատ կարևոր է լինել տեղեկացված, պատրաստ լինել ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանված սեռական հարաբերություն: Իրազեկման նպատակով պետք է դասընթացներ կազմակերպվեն, որպեսզի մարդիկ իրենց ապահով և պաշտպանված զգան, լինեն տեղեկացված, պատասխանատու իրենց կյանքի և սերունդների համար։

Կարևոր է հավելել, որ սեռավարակների մեծ մասը բուժվում է, և վարակվելը չի նշանակում մահանալ։ Այսօր սեռավարակները զարգանում են կայծակնային արագությամբ։ Արտերկրի կապի մեծացման հետ կապված`  սեռական կյանքի ազատություն կա։ Ցավոք սրտի, մանավանդ երիտասարդների շրջանում սեռավարակների պաշտպանվելու համար իրենց գիտելիքները շատ քիչ են։ Պետք է գիտակցեն, որ ուղղակի պահպանակների ու ապահովիչների կիրառումով կձերբազատվեն հետագա սեռավարակներից։

-Վաղաժամ ծննդաբերությունն ինչի՞ հետևանք է։

- Պատճառագիտությունը բավականին մեծ է. պատճառ կարող են հանդիսանալ էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները, ստրեսը, ֆիզիկական լարվածությունը, արգանդի զարգացման արատները, բորբոքային պրոցեսները, որից հետո կարող է զարգանալ պտղաջրերի վաղաժամ արտահոսք։

-Արհեստական ընդհատումներ:

-Նախկինում այլ մոտեցում էր, որը, հուրախություն մեզ, մեր կենտրոնում չի կատարվում:

Այսօր բավականին կիրառելի է դեղորայքային ընդհատումը։ Տարածվածության աստիճանը այնքան մեծ է, որ ոմանք ընկերուհու, բարեկամուհու ուղղորդմամբ օգտվում են այդ դեղորայքներից: Կհորդորեմ գրագետ մոտենալ խնդրին, քանի որ դրանց կիրառման համար։  Այն շատ վտանգածին է։ Կանայք տեստը դնելուց հետո դրական պատասխանի դեպքում, առանց ճշտելու ժամկետները, խմում եմ այդ դեղամիջոցները։ Եվ շատ են մեզ դիմում արյունահոսող կանայք: Դրանք կիրառելուց առաջ պետք է պարտադիր ճշտել` արդյո՞ք պտղաձուն հասել է արգանդի խոռոչ, նոր կարելի է կիրառել այդ դեղամիջոցները։ 

- Արգանդի կպումները՝ սինեխիաները, ի՞նչ խնդրի հետևանք են:

- Պաթոլոգիան, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է: Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։ Եթե կպումների պատճառը վարակն է եղել, քսուքի մանրէաբանական հետազոտություն է կատարվում, և հակամանրէային թերապիա նշանակվում։ Կպումների հեռացումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում, և ժամեր անց հնարավոր է դուրս գալ կլինիկայից։ Միջամտության բարդությունից և բուժառուի վիճակից կախված՝ հնարավոր է, որ ցավազրկող, անհրաժեշտության դեպքում՝ հակամանրէային թերապիա նշանակվի։ Վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական հարաբերությունները։ Արգանդի կպումների՝ սինեխիաների հիմնական պատճառը արհեստական ընդհատումներն են, երբ որ պտղի արհեստական ընդհատման ժամանակ հատուկ գործիքով կատարվում է արգանդի պատերի քերում` բառացի` շատ  մաքրելով` պատը կպնում է պատին։ Բուժումը կրկին միմիայն վիրահատական միջամտությունն է հիստերոսկոպիայի միջոցով, որը կարող է բերել և դաշտանային ցիկլի խանգարման, անգամ` անպտղության։

- Ֆոլիկուլյար կիստա: Կմանրամանե՞ք:

-Բոլորս էլ գիտենք, որ կնոջ մոտ ամեն ամիս դաշտանային ցիկլի ժամանակ կատարվում է ձվազատում, հասունանում է ֆոլիկուլը, որի չափը նորմայում լինում է 18-22մլ ու հորմոնալ պիկի ժամանակ, մոտավորապես 14-րդ օրը ֆոլիկուլը պայթում է։ Կատարվում է ձվազատում, և կինը պատրաստ է լինում բեղմնավորման։ Որոշ դեպքերում, պայմանավորված հորմոնալ խախտման հետ, ձվազատումը չի կատարվում, ֆոլիկուլը շարունակում է աճ գրանցել, որը կարող է հասնել բավականին մեծ չափերի։ Բուժումը կատարվում է այսպես` 3 դաշտանային ցիկլի ընթացքում պետք է հետևել ընթացքին, ֆոլեկուլի չափերին։ Բավականին շատ դեպքերում այն վիրահատական միջամտության չի պահանջում և դաշտանային ցիկլից հետո այն կարող է ներծծվել։ Եթե վերը նշված 3 ամիսների ընթացքում այն չի ներծծվում և  շարունակաբար աճում է, այդ դեպքում կարելի է դիմել  վիրահատական միջամտության։

-Պտղի հետույքային առաջադրությունը ինչի՞ հետևանք է։

-Հիմնականում կարող է դա լինել արգանդի զարգացման արատների կամ արգանդի միոմայի դեպքում: Իրավիճակներ, որոնք խանգարում են պտղին ընդունել իր ճիշտ դիրքը։ Եթե առաջնածին կնոջ մոտ է լինում այդ խնդիրը, այդ դեպքում ցուցվում է կեսարյան հատումը։ Եթե ծննդկանի մոտ արդեն 2-3-րդ ծննդաբերությունն է, հաշվի առնելով նաև պտղի քաշը, ապա ցուցվում է ծննդաբերությունը իրականացնել բնական ճանապարհով։ Իսկ  տոտիկային առաջադրության դեպքում արդեն հաշվի չի առնվում, թե ծննդկանի մոտ որերորդ ծննդաբերությունն է, բոլոր դեպքերում ցուցումը միայն կեսարյան հատումն է։

-Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։

-Այն բավականին լայն սպեկտր է ընդգրկում` հորմոնալ դիսբալանսը, բորբոքային պրոցեսները, պտղի զարգացման արատները։ Եթե գրանցվեց վիժում, կինը պետք է անցնի մի շարք հետազոտություններ, լաբորատոր ստուգումներ պարզելու համար բուն պատճառագիտությունը։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բավականին շատ են հանդիպում վիժման տարատեսակ դեպքերը, բոլոր պաթոլոգիաներին էլ բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքային պրակտիկայում։

 -Ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:
- Որպես վերջաբան կանանց կմաղթեմ քիչ ստրեսային վերաբերվեն իրեն շուրջ կատարվող իրադարձություններին, ավելի թեթև նայեն խնդիրերին: Գիտեմ` բարդ բան եմ ասում, բայց փորձեն իրենց սիրել առաջինը։  Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի վաղ ախտորոշվեն հիվանդությունները և հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, միշտ գեղեցիկի հետ շփվեն, լինեն կյանքով լի, հեռու պահեն իրենց սթրեսային իրավիճակներից: Ցանկացած դժվարին իրավիճակում պետք է շարունակել ապրել` Աստծո ներկայությունը զգալով մեր ամենուրեք:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը          

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր